Ալիեւը չի շտապում ու ժամանակ է շահում - Mediamax.am

1103 դիտում

Ալիեւը չի շտապում ու ժամանակ է շահում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք Carnegie հիմնադրամի կայքում հրապարակված Թոմաս դե Վաալի Armenia and Azerbaijan: A Fragile Peace Process հոդվածի հայերեն թարգմանությունը:

Թոմաս դե Վաալ

Մեկ տարի առաջ Ադրբեջանը գրավեց երկար ժամանակ վիճելի Լեռնային Ղարաբաղը՝ վտարելով ողջ հայ բնակչությունը, եւ այժմ Երեւանի հետ հարաբերություններում գրեթե բոլոր խաղաքարտերը Բաքվի ձեռքում են: Այդպես է 2020 թվականի պատերազմից ի վեր:

Ղարաբաղի երկար ու ողբերգական պատմությունը բազմաթիվ բաց վերքեր է թողել: Ադրբեջանը բացահայտ ագրեսորն էր 2023 թվականին, սակայն երկարատեւ հակամարտության ընթացքում Բաքվի ռազմական գործողությունը երկու կողմերի կողմից իրականացված էթնիկ զտումների ցիկլի վերջին փուլն էր:

Հարց է մնում է, թե արդյո՞ք այսքան դառնություններից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կարող են կարգավորել հարաբերությունները։ Ադրբեջանը հմտորեն օգտվեց ուկրաինական տարածք ներխուժելուց հետո ի հայտ եկած բազմաբեւեռ աշխարհի դինամիկայից՝ քաղելով Ղարաբաղում իր ռազմական հաղթանակի եւ Հայաստանից Ռուսաստանի ռազմավարական նահանջի օգուտները: Բաքուն գրեթե չի վճարել իր ռազմական գործողությունների համար, փոխարենը ստացել նոյեմբերին կայանալիք կլիմայի COP-29 համաժողովում տասնյակ երկրների հյուրընկալելու պատիվը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է մնալ հիմնական դատավորն ու որոշում կայացնողը, եւ նա մի շարք տարբերակներ ունի: Նա կարծես չի շտապում ու ժամանակ է շահում: Նա չի մեղմացրել իր հռետորաբանությունը հայերի նկատմամբ. շարունակում է խոսել 1990-ականների Ադրբեջանի տառապանքների մասին եւ կրկնել այն պնդումը, որ Հայաստանն իրականում «Արեւմտյան Ադրբեջան» է:

Հայերի համար Լեռնային Ղարաբաղի վերջը մարդասիրական աղետ էր, որի ժամանակ 100,000 մարդ կորցրեց իր տունը, եւ նշանավորեց հայաբնակ հողի կորուստ, որը հետեւանքները կզգան բազում սերունդներ: Այնուամենայնիվ, այն միջազգային մակարդակով պակաս ուշադրության արժանացավ, քան պետք էր՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի եւ Իսրայել-Գազայի պատերազմի պատճառով: Աշխարհը բավականին արագ անցավ այլ հարցերի:

Անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ չի բարձրացնում Ղարաբաղի հարցը: Նա հասկացնում է, որ իր թիվ մեկ առաջնահերթությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորող համաձայնագրի ձեռքբերումն է: Նրա հաշվարկով՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյատեւել եւ ազատվել Ռուսաստանից վտանգավոր գերկախվածությունից, եթե առաջնահերթությունը չտա «իրական», այլ ոչ «պատմական» Հայաստանին եւ գործարք չկնքի իր հակառակորդների հետ: Ուստի վերջին տարում նա մի շարք զիջումներ արեց Ադրբեջանին՝ գործարք ապահովելու նպատակով:

Խաղաղության բանակցություններում առայժմ լռություն է: Առաջիկա մի քանի ամիսներին Ալիեւը կսպասի, թե ինչպես կանցնի Բաքվում COP-ի գագաթնաժողովը, ինչպիսին կլինի ԱՄՆ ընտրությունների արդյունքը եւ ինչ կարող է ակնկալել Ռուսաստանից, Թուրքիայից եւ ԵՄ-ից:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ալիեւը բարձրացրել է նոր խնդիր. նա Հայաստանից պահանջում է փոխել Սահմանադրությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի 1990 թվականի Անկախության հռչակագիրը, որն իր հերթին վերաբերում է 1989-ին ընդունված բանաձեւին, որը հռչակում է Հայաստանի եւ Ղարաբաղի միությունը: Անկախ նրանից, թե ինչ հիմք ունի այս պնդումը, Հայաստանի որեւէ ղեկավարի համար շատ դժվար կլինի անցկացնել սահմանադրական հանրաքվե, որը թելադրված է Ադրբեջանի կողմից:

Միջազգային դիվանագիտությունը նույնպես բավականին անաղմուկ է: 1990-ականներից ի վեր արեւմտյան դիվանագետների երկու սերունդ է չարչարվել՝ փորձելով միջնորդել հակամարտության կարգավորումը: Բայց արդեն մեկ տարուց ավելի բանակցությունները երկկողմանի են: 2023-ի ամառվանից սկսած ԵՄ-ն ուղղակիորեն չի միջնորդել կողմերի միջեւ, հիմնականում այն պատճառով, որ Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է հայկական կողմին սատարելու մեջ:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ոչ մի պատճառ չկա, որ Արեւմուտքի ներկայացուցիչները ներկա լինեն սեղանի շուրջ. խաղաղության կատարյալ գործընթացն անցնում է առանց միջնորդների: Բայց կան լուրջ մտահոգիչ հարցեր, թե որքանով է կայուն բանակցվող համաձայնագիրը:

Մեկ հարցն այն է, որ տեքստի նախագիծը, ինչպես հայտնում են, հիշեցնում է մի քանի էջից բաղկացած շրջանակային փաստաթուղթ՝ մոտ տասնյոթ հոդվածով: Կարեւորագույն հարցերից մի քանիսը հանվել են եւ հետաձգվել հետագա քննարկման համար: Մասնավորապես՝ տեքստում չկա այսպես կոչված ամենակարեւոր հարցը Զանգեզուրի միջանցքի եւ դրա պայմանների մասին՝ ճանապարհային եւ երկաթուղային ճանապարհի, որը Հայաստանի հարավով կապում է Ադրբեջանը իր էքսկլավի՝ Նախիջեւանի հետ:

Լայն իմաստով դժվար է այս փաստաթուղթը խաղաղության համաձայնագիր անվանել, երբ հասարակությունը այդքան քիչ է ներգրավված եւ ոչ մի ջանք չկա հաղթահարելու տրավմաները, առասպելները եւ պատմական խեղաթյուրումները, որոնք բորբոքել են հակամարտությունը: Իրականում Ադրբեջանն անում է հակառակը. անխնա ճնշում է անկախ ձայներին եւ ռեժիմի քննադատներին, որոնք երկխոսում են հայերի հետ:

Անհանգստացնող է, որ օգոստոսին ադրբեջանական իշխանությունները ձերբակալեցին Պրահայում բնակվող ադրբեջանցի ասպիրանտ Բահրուզ Սամադովին, որն ակտիվորեն մասնակցել է հայերի հետ երկխոսության նախագծերին եւ քննադատել է իր կառավարության ավտորիտար գործելաոճը:

Երրորդ խնդիրն այն է, որ Ռուսաստանը դեռ ունի իր օրակարգը: Օգոստոսին Վլադիմիր Պուտինը կատարեց վերջին վեց տարվա մեջ իր առաջին պետական այցը Բաքու՝ ընդգծելով Ադրբեջանի կարեւորությունը: Նա կրկին շեշտեց Ադրբեջանի նշանակությունը Ռուսաստանի Հյուսիս-Հարավ կապի ծրագրերի համար: Այդ ծրագրերը սերտորեն կապված են Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի աշխարհագրության հետ: Պուտինը չի հրաժարվել ռուսական անվտանգության ուժերով միջանցքը վերահսկելու նպատակից, իսկ Ադրբեջանը առայժմ հրապարակավ չի ընդդիմանում դրան:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Նույնիսկ եթե եվրոպական երկրները չլինեն Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանի շուրջ, նրանք առանցքային դեր կունենան ցանկացած համաձայնագրի իրագործման հարցում։

Երկար տարիներ արեւմտյան ռազմավարության թերությունն էր անտեսել կամ մասնատել հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ այն թողնելով դիվանագետների փոքր խմբին, մինչդեռ մյուս պաշտոնյաները Բաքվի ու Երեւանի հետ ավելի հեշտ խնդիրներ էին լուծում:

Տարածաշրջանում Արեւմուտքի ներգրավվածության հիմքում պետք է լինի հայ-ադրբեջանական կայուն կարգավորումը, որում կարող են ներդրում ունենալ հասարակությունները, եւ որը կսկսի «թունացերծել» երկու կողմերի ժառանգությունը: COP-ը կարող է առիթ հանդիսանալ այս օրակարգն իրականացնելու համար: Փաշինյանը գուցե նույնիսկ զարմացնի բոլորին ու որոշի մասնակցել գագաթնաժողովին:

Առանց արեւմտյան դերակատարների նախաձեռնողական քաղաքականության, որի նպատակն է զսպել հետագա բռնությունը եւ կողմերին խրախուսել համաձայնության հասնել, չլուծված հակամարտությունը կարող է ինքնահոս շարունակվել եւ շատ հավանական է, որ ապագայում վերադառնա նոր ուժով:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին