«Երազողները» Վրաստանը տանում են դեպի նոր հեղափոխություն - Mediamax.am

471 դիտում

«Երազողները» Վրաստանը տանում են դեպի նոր հեղափոխություն


Լուսանկարը` REUTERS

Բիձինա Իվանիշվիլին եւ Իրակլի Կոբախիձեն
Բիձինա Իվանիշվիլին եւ Իրակլի Կոբախիձեն

Լուսանկարը` REUTERS

Իրակլի Կոբախիձեն
Իրակլի Կոբախիձեն

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Ալեքսանդր Աթասունցեւի Лавина обещаний. Почему Грузия опять движется к революции հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ալեքսանդր Աթասունցեւ

Հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են պատմական դառնալ: Որքան մոտենում է քվեարկության օրը, այնքան անիրական են դառնում իշխող «Վրացական երազանքի» նախընտրական խոստումները։ 12 տարի իշխանության ղեկին մնացող կուսակցությունը միաժամանակ խոստանում է ե՛ւ անդամակցել Եվրոմիությանը, ե՛ւ  վերականգնել տարածքային ամբողջականությունը, ե՛ւ նույնիսկ արգելել ընդդիմությունը։

Այս հռետորաբանությունը ցույց է տալիս, որ կուսակցությունը բոլորովին համոզված չէ քվեարկության արդյունքների մեջ եւ շատ բանի է պատրաստ՝ պարտությունից խուսափելու համար։ Սակայն սպառնալով ընդդիմությանը զրկել իշխանության համար պայքարելու լեգիտիմ ուղիներից՝ «Վրացական երազանքն» ինքն է երկրում նախահեղափոխական իրավիճակ ստեղծում։

Ռեպրեսիաների խոստումը

«Վրացական երազանքն» իր նախընտրական քարոզարշավում երբեք չափավորություն չի ցուցաբերել, սակայն ներկայիս քարոզարշավը գերազանցեց բոլոր նախորդները: Օգոստոսի կեսերին իշխող կուսակցությունը հայտարարեց, որ եթե խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանա, ապա կարգելի «հավաքական Ազգային շարժումը»:

Ավելի ուշ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պարզաբանել էր, որ իշխանության այս հայեցակարգը ներառում է ոչ միայն Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը, այլեւ, ըստ էության, երկրի բոլոր հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ «Ախալին» եւ «Լելոն», որոնք «Միացյալ Ազգային շարժման» հետ կոալիցիա չեն կազմում։ Կոբախիձեի խոսքերով, «Երազանքը» միանգամայն կբավարարի, եթե արգելքի սահմանումից հետո Վրաստանում միակուսակցական խորհրդարան լինի։

Իրակլի Կոբախիձեն Իրակլի Կոբախիձեն

Լուսանկարը` REUTERS


Վրաստանի նախկին իշխանությունների քննադատությամբ եւ դատաստանի սպառնալիքներով լի են նաեւ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ելույթները։ Միլիարդատերը արդեն մեկ ամիս է, ինչ նախընտրական շրջագայության մեջ է եւ ելույթներ է ունենում երկրի տարբեր շրջաններում։ Իվանիշվիլին անխոնջ քննադատում է «Ազգային շարժումը»՝ մեղադրելով նրան 2008 թվականի օգոստոսի պատերազմը «հրահրելու» մեջ, ինչպես նաեւ Վրաստանին Ռուսաստանի հետ նոր հակամարտության մեջ ներքաշելու փորձերի համար։ Նա ընդդիմությանն անվանում է «գլոբալ պատերազմի կուսակցություն», «ֆաշիստներ» եւ խոստանում «Նյուրնբերգյան դատավարություն» ապահովել նրա համար։

Տարածքային ամբողջականությունը

Ռեպրեսիաների սպառնալիքները «Վրացական երազանքը» համատեղում է Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանին վերադարձնելու անորոշ խոստումներով։ Այս թեման առաջին անգամ իշխող կուսակցության նախընտրական թեզերի շարքում հայտնվեց 2024թ. գարնանը։ Դա տեղի ունեցավ «օտարերկրյա գործակալների մասին օրենքը» ընդունելու քարոզարշավի ժամանակ, որը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձավ:

Այս անգամ էլ իշխող կուսակցությունը փորձում է բալանսավորել ռեպրեսիաների հեռանկարը հայտարարություններով, թե երկիրը պետք է պատրաստ լինի փոխել Սահմանադրությունը տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման դեպքում։ Այսինքն, «Երազանքը» փաստացի համաձայնում է նվազագույնը դաշնության կամ նույնիսկ համադաշնության ստեղծմանը՝ ինքնավար Աբխազիայով եւ Հարավային Օսիայով իր կազմում: Իսկ սեպտեմբերի կեսերին, ելույթ ունենալով Գորիում, Իվանիշվիլին նույնիսկ ասել էր, որ ընտրություններից հետո «մենք մեր մեջ հաստատ ուժ կգտնենք» 2008 թվականի պատերազմի համար Հարավային Օսիայից  ներողություն խնդրելու համար։

Նման հռետորաբանությունն անհրաժեշտ է ոչ միայն ընտրողներին ցույց տալու համար, որ իշխանություններն իսկապես ցանկանում է հաշտության հասնել ապստամբ հանրապետությունների հետ։ «Երազանքը» նաեւ ցանկանում է տպավորություն ստեղծել, որ Մոսկվայի հետ արդեն ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն ունի, որն ուժի մեջ կմտնի ընտրություններից անմիջապես հետո։
Բիձինա Իվանիշվիլին եւ Իրակլի Կոբախիձեն Բիձինա Իվանիշվիլին եւ Իրակլի Կոբախիձեն

Լուսանկարը` REUTERS


Դա «Վրացական երազանքի» գիտակցված քաղաքականությունն է։ 2022 թվականից ի վեր նա իր հեղինակությունը կառուցում է տարբեր «անհայտների» վրա՝ լինի դա նոր պատերազմի վախը, թե երկրի վերամիավորման անորոշ հույսերը:

Այս ամենը պարադոքսալ կերպով զուգորդվում է եվրաինտեգրման ուղղությունը պահպանելու խոստումներով։ Չնայած Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ կտրուկ վատթարացած հարաբերություններին, Իվանիշվիլին վստահ է, որ դրանք սոսկ ժամանակավոր տարաձայնություններ են, եւ հենց որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, Թբիլիսիի եւ Արեւմուտքի միջեւ բոլոր վեճերը «անցյալում կմնան»։

Ընդհանուր առմամբ, նախընտրական առաջնահերթությունների այս փաթեթը կարող է իրարամերժ եւ անհեթեթ թվալ, բայց այս հակասական կառուցվածքը լիովին համապատասխանում է վրացական հասարակության մի զգալի մասի նկրտումներին, որոնք կցանկանային թե՛ անդամակցել ԵՄ-ին, թե՛ վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսիան: Ավելին, 2021 թվականին անցկացված հարցումը ցույց էր տվել, որ եթե ստիպված լինեն երկուսից մեկն ընտրել, ապա վրացիների ավելի քան երեք քառորդը կգերադասի տարածքային ամբողջականության վերականգնումը։

Երազողների խնդիրները

Առայժմ Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ անջատողական հանրապետությունների վերաբերյալ ինչ-որ գաղտնի պայմանավորվածության առկայությանը հավատալու առաջարկը բլեֆ է հիշեցնում։

Ոչ մի նախանշան չկա, որ Աբխազիայում կամ Հարավային Օսիայում հնարավոր վերաինտեգրման նախապատրաստություններ են սկսվել։ Չկան նոր մարդասիրական ծրագրեր, առեւտրի սահմանափակումների վերացում, սահմանային ռեժիմների թուլացում։ Նույնիսկ ինքը՝ Իվանիշվիլին, ուղղակիորեն ասել է, որ «սեփական սխալների ընդունումը» կլինի միայն «ճանապարհի սկիզբը, որը բաժանարար գծի երկու կողմերում գտնվող մարդկանց միջեւ վստահությունը վերականգնելու ցանկություն կառաջացնի»։

Շատ դժվար է պատկերացնել երկրի միավորումը առանց որեւէ նախնական քայլերի։ Եվ նույնիսկ Մոսկվայի կամքը կարող է բավարար չլինել, որ ապստամբ հանրապետությունները համաձայնեն վերադառնալ Վրաստանի կազմ։ Այո, Աբխազիան եւ Հարավային Օսիան մեծապես կախված են Ռուսաստանից եւ մեծամասամբ ենթարկվում են նրան, բայց ոչ այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է նրանց անկախությանը:

Երազողների ռիսկերը

«Երազանքի» մյուս նախընտրական նարատիվների հետ նույնպես ամեն ինչ հարթ չէ: Քաղաքական ռեպրեսիաների նման բացահայտ սպառնալիքը անսպասելի քայլ է, որն արմատապես փոխում է գալիք ընտրությունների իմաստը։ Անգամ եթե կուսակցությունը սխալվել էր, ասելով, որ կարգելի ընդդիմությունը միայն սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում, ինչը, դատելով հարցումներից, դժվար թե տեղի ունենա, բոլոր մասնակիցների համար խաղադրույքների ավելացումը միեւնույն է ցնցող է դարձել։ Այժմ խոսքը գնում է ոչ միայն առաջիկա չորս տարիների խորհրդարանում ուժերի հարաբերակցության, այլ, ըստ էության, վրացական ընդդիմության գոյության մասին:

«Երազանքի» նախորդ գործողությունները միայն մեծացնում են վախերը Վրաստանում ժողովրդավարության ապագայի նկատմամբ։ Խորհրդարանի ներկայիս գումարման ժամանակ ձերբակալվել եւ բանտ էր ուղարկվել «Միացյալ Ազգային շարժման» հիմնադիր եւ խորհրդանիշ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Ընդունվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը կտրուկ բարդացրել է քաղաքացիական հասարակության ինստիտուտների աշխատանքը։

Լուսանկարը` REUTERS


Մոտ ապագայում Վրաստանի Սահմանադրական դատարանը պետք է պատասխանի «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ ներկայացված հայցերին։ Եթե դատարանը մերժի դրանք, Վրաստանի իշխանությունները կկարողանան սահմանափակել հազարավոր ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատանքը։ Եթե հավատանք վրացական լրատվամիջոցների գնահատականներին, կազմակերպությունների միայն 1,5%-ն է կամավոր գրանցվում որպես «արտաքին ուժի շահերը սպասարկող»։ Հասկանալի է, որ դա օտարերկրյա ֆինանսավորում ստացողների միայն չնչին մասն է, ինչը նշանակում է, որ բոլորին սպառնում են խոշոր տուգանքներ։

Այժմ «Վրացական երազանքը» փաստացի ասում է, որ եթե ընդդիմությունը պարտվի ընտրություններում, հետագայում կարող է զրկվել իշխանության համար պայքարելու օրինական ուղիներից։ Եվ, ի տարբերություն երկրի հնարավոր միավորման մասին ակնարկների, առայժմ հիմքեր չկան ենթադրելու, որ դա բլեֆ է։ Այսինքն՝ իշխանություններն իրենք են ընդդիմությանը դնում մի իրավիճակի մեջ, երբ փողոցային պայքարը գոյատեւման գրավական է դառնում։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին