Զուգահեռներ Բաքվի COP29-ի եւ Բեռլինի 1936-ի Օլիմպիական խաղերի միջեւ - Mediamax.am

1380 դիտում

Զուգահեռներ Բաքվի COP29-ի եւ Բեռլինի 1936-ի Օլիմպիական խաղերի միջեւ


Ադոլֆ Հիտլերը Բեռլինի 1936 թվականի Օլիմպիական խաղերի բացմանը
Ադոլֆ Հիտլերը Բեռլինի 1936 թվականի Օլիմպիական խաղերի բացմանը

Լուսանկարը` REUTERS

Ադոլֆ Հիտլերը հետեւում է Բեռլինի Օլիմպիական խաղերին
Ադոլֆ Հիտլերը հետեւում է Բեռլինի Օլիմպիական խաղերին

Ներկայացնում ենք American Enterprise Institute վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի Is COP29 Berlin 1936? Հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մայքլ Ռուբին

Հաջորդ ամիս տասնյակ պետությունների ղեկավարներ, հարյուրավոր դիվանագետներ եւ հազարավոր ակտիվիստներ կհավաքվեն Բաքվում՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ ամենամյա համաժողովին (COP29): Հյուրընկալող երկիրն ընտրվում է ռոտացիոն սկզբունքով, ըստ աշխարհագրական դիրքի: Այս տարի եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը ձգտում էին դառնալ հյուրընկալող երկիր։ Բաքվին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների համար մերժելու փոխարեն, Բայդենի վարչակազմը Հայաստանին կոչ էր արել հրաժարվել իր հայտից: Նախագահ Իլհամ Ալիեւն ազատ է արձակել մի քանի հայ պատանդների ու ռազմագերիների, բայց ոչ բոլորին։ Սպիտակ տան ու Պետդեպարտամենտի տրամաբանությամբ, եթե Ադրբեջանը երջանիկ լինի, դա կարող է Ալիեւին խրախուսել ճկունություն ցուցաբերել խաղաղ բանակցություններում։

Սա բավականին միամիտ մոտեցում էր։ Թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական վարչակազմերում դիվանագետները հակված են ահաբեկչության եւ ագրեսիայի դրդապատճառները դիտարկել ոչ թե գաղափարախոսության, այլ դժգոհությունների պրիզմայի ներքո: Սա էլ իր հերթին դիվանագետներին ստիպում է իրենց ռազմավարությունը հիմնել զիջումների վրա: Եթե Հայաստանի հետ Ալիեւի վեճի արմատը Լեռնային Ղարաբաղն էր, ապա այս հայկական տարածքի վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը պետք է խաղաղության հանգեցնի։ Բայց խաղաղությունը երբեք Ալիեւի նպատակը չի եղել, ուստի նա բերում է դժգոհությունների անընդհատ աճող ցուցակը՝ իր թշնամանքը արդարացնելու համար: Այսօր դա կարող է լինել էքսկլավների վերադարձը, վաղը՝ հայերի կողմից Արարատի ընկալումը որպես խորհրդանիշ։ Այնուհետեւ պետքարտուղարությունը խնդրում է Երեւանին զիջել՝ զրկելու Ալիեւին անզիջողականության բոլոր պատրվակներից: Խնդիրն այն է, որ նման վեճերը երբեք խնդիր չեն եղել: Խնդիրը Ալիեւի գաղափարախոսությունն է: Նա հայերի դեմ արմատացած ռասիզմի կրող է, նա մերժում է հայկական մշակութային, կրոնական եւ քաղաքական լեգիտիմությունը։

Լուսանկարը` REUTERS


Ահա թե ինչու Ալիեւին COP29 նախագահելու իրավունք տալը սխալ է։ Խաղաղություն քարոզելու փոխարեն այս տոնակատարությունները նորմալացնում ու սպիտակեցնում են ռեժիմը։ Սա չպետք է զարմացնի: Հաճախ նրանք, ովքեր ընդունում են սպորտային դիվանագիտության տրամաբանությունը, մատնանշում են 1936 թվականի Բեռլինի Օլիմպիական խաղերը՝ ցուցադրելու դրա ներուժը: Նրանց կարծիքով, Բեռլինի սրտում չորս ոսկե մեդալ նվաճելով՝ աֆրոամերիկացի վազորդ Ջեսսի Օուենսը վարկաբեկեց նացիստներին իրենց հայրենիքում։ Օուենսի հաղթանակը, հնարավոր է, ժամանակավոր խայտառակություն էր, բայց նրա ոսկե մեդալները գերմանացիների աչքում չվարկաբեկեցին Հիտլերի արիական սուպրեմատիզմը: Հոլոքոստը միեւնույն է տեղի ունեցավ։ Միջազգային սպորտային իրադարձության անցկացումը պարզապես լեգիտիմացրեց Հիտլերի իշխանությունը համաշխարհային ասպարեզում:
Ադոլֆ Հիտլերը Բեռլինի 1936 թվականի Օլիմպիական խաղերի բացմանը Ադոլֆ Հիտլերը Բեռլինի 1936 թվականի Օլիմպիական խաղերի բացմանը


Շատերը հուսով են, որ Ադրբեջանի ընտրությունը որպես հյուրընկալող երկիր կարող է պյուրոսյան հաղթանակ լինել. ի վերջո, Ադրբեջանի համար լավ չի լինի, եթե միջազգային ուշադրությունը կենտրոնանա իր արարքների վրա։ Սակայն սա ցանկալին որպես իրականություն ներկայացնել է։ 2012 թվականին Ադրբեջանը հյուրընկալել էր Եվրատեսիլը: Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խթանման փոխարեն, միջոցառման անցկացումը Ալիեւին համոզեց, որ աշխարհը նրան պատասխանատվության չի ենթարկի բռնաճնշումների համար: Դեսպոտիզմը խորացավ, կոռուպցիան աճեց: Նմանապես, այն բանից հետո, երբ Քաթարը ստացավ 2022 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի անցկացման իրավունքը, աշխատանքային ակտիվիստները, ովքեր քննադատում էին Կատարում աշխատող միգրանտների վիճակը, փորձեցին ուշադրությունը կենտրոնացնել դրանց վրա՝ ստիպելու Պարսից ծոցի պետությանը պահպանել միջազգային նորմերը: Այն օգուտները, որոնք Կատարը ստացավ որպես հյուրընկալող երկիր ավելի քան փոխհատուցեցին քննադատությունը մի քանի բրիտանական ու ամերիկյան պարբերականներում:

Մինչ որոշ օտարերկրյա պաշտոնյաներ, օրինակ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, չեն ցանկանում ադրբեջանական քարոզչության պատանդը դառնալ եւ բոյկոտում են միջոցառումը, շատ այլ պաշտոնյաներ իրենց համոզել են, որ շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության խնդիրները չափազանց կարեւոր են ու, հետեւաբար, իրենք Ալիեւի հետ նույն բեմահարթակին կլինեն: Դա այնքան էլ վատ չէ, հատկապես, եթե դա օգտագործեն այնպես, որ Ալիեւը ստիպված լինի անդրադառնալ սեփական արարքներին: Ամերիկացի դիվանագետները, օրինակ, կարող են կրել հայ պատանդների անուններով թեւկապեր։ Բաքվում բեմականացված շրջայցերին մասնակցելու փոխարեն, որտեղ ադրբեջանցի հրեաները կամ քրիստոնյաները ցուցադրվելու են որպես թանգարանային ցուցանմուշներ, նրանք կարող են պնդել այցելել Ռուբեն Վարդանյանին, Արցախի նախկին պետնախարարին կամ հարյուրավոր ադրբեջանցի քաղբանտարկյալներին, ովքեր տանջվում են Ալիեւի բանտերում:
Ադոլֆ Հիտլերը հետեւում է Բեռլինի Օլիմպիական խաղերին Ադոլֆ Հիտլերը հետեւում է Բեռլինի Օլիմպիական խաղերին


Առանց հետեւողական քարոզչության տոնակատարություններին մասնակցելը COP29-ը վերածելու է նոր 1936 թվականի Բեռլինի: Նացիստական Գերմանիայի վատագույն ագրեսիան ծավալվեց Բեռլինի օլիմպիական խաղերից հետո։ Այժմ հարցն այն է, թե արդյո՞ք Ալիեւը բացարձակ ագրեսիայի կվերածի COP29-ից ակնկալվող լեգիտիմությունը, երբ իր VIP հյուրերը տուն կվերադառնան:

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին