Ինչո՞ւ է Հին Հռոմը կարեւոր մնում մեր օրերում - Mediamax.am

exclusive
1523 դիտում

Ինչո՞ւ է Հին Հռոմը կարեւոր մնում մեր օրերում


Կարակալայի կիսանդրին
Կարակալայի կիսանդրին
Սիմոն բար Կոխբայի գլխավորած ապստամբությունը
Սիմոն բար Կոխբայի գլխավորած ապստամբությունը

Ներկայացնում ենք Իսրայելի նախկին արտգործնախարար Շլոմո Բեն-Ամի Why Rome Still Matters հոդվածի հայերեն թարգմանությունը:

Շլոմո Բեն-Ամի

Անցյալ տարի սոցիալական մեդիայում տեսանյութեր տարածվեցին, որտեղ կանայք տղամարդկանց հարցնում էին, թե որքան հաճախ են մտածում Հռոմեական կայսրության մասին: Պատասխանը «շատ հաճախ» էր. բազում տղամարդիկ պնդում էին, որ հնագույն կայսրությունն իրենց մտքով անցնում է ամեն շաբաթ կամ նույնիսկ ամեն օր:

Դա չզարմացրեց Մայք Դանքանին՝ «Հռոմի պատմություն» հայտնի փոդքաստի հաղորդավարին, եւ հավանաբար՝ ոչ էլ Թոմ Հոլանդին, որն այս թեմայով բազմաթիվ բեսթսելերներ է գրել: Մերի Բիըրդը անշուշտ նույնպես հասկանում է այս երեւույթի հմայքը: Հին Հռոմի նրա ուսումնասիրությունը՝ իր անպաճույճ ոճով եւ վառ խարիզմայով, նրան դարձրին, մի քննադատի խոսքերով, «ազգային հարստություն եւ գուցե աշխարհի ամենահայտնի կլասիցիստը»:

Ի՞նչու Հռոմն այդքան գրավիչ է ժամանակակից լսարանի համար: Ինչպես բացատրում է Բիըրդը, Հռոմեական հանրապետությունը արեւմտյան քաղաքականության եւ մշակույթի հիմքն է: Ավելին, Հռոմի պատմությունը կարծես այնքան բազմաշերտ է, որ այն կարելի է բաժանել տարրերի, վերադասավորել եւ մեկնաբանել՝ համապատասխանեցնելով տարատեսակ պատումներին կամ համոզմունքներին:

Հռոմը ժամանակակից լիբերալ ժողովրդավարության հիմնական ոգեշնչումն էր: Ամերիկայի «հիմնադիր հայրերի» գաղափարներն ու գործողությունները տոգորված էին հռոմեական իդեալներով, իսկ ԱՄՆ-ը ներկայացվում էր որպես հանրապետական ազատության նոր դրոշակակիր: Բայց իտալացի ֆաշիստները՝ հատկապես Մուսոլինին, իրենց ձեւով նույնպես փորձեցին «ներկայանալ որպես Հռոմեական կայսրության օրինական ժառանգորդներ»:

Հռոմը նաեւ պատմություն է այն մասին, թե ինչպես է ժողովրդավարական հանրապետությունը դառնում անձնիշխանություն, երբ զոհ է գնում ժողովրդական հիասթափությանը, ոտնահարված քաղաքական նորմերի եւ «ուժեղ» առաջնորդի ձգտումին: Դոնալդ Թրամփի չարակամները հաճախ նմանեցնում են նրան Հուլիոս Կեսարին՝ մատնանշելով նրա ամբոխավարությունը, իշխանության անողոք ձգտումը եւ կանոններն ու նորմերը խախտելու պատրաստակամությունը: Բայց նրա ծայրահեղ աջ հետեւորդները հաճախ նույն համեմատությունն են անում՝ ներկայացնելով նրան որպես մեծ կայսերական նվաճողի:

Թրամփի հետեւորդները կարծում են նաեւ (սխալմամբ), որ ներգաղթը կործանեց Հռոմեական կայսրությունը: Ավելի լայն առումով՝ ծայրահեղ աջ ուժերը համարում են, որ Հին Հռոմը ստեղծել է «սպիտակ մշակույթի» հիմքերը։

Բիըրդը վիճարկում է սպիտակ լինելու այս առասպելաբանությունը 2016-ին հրատարակված իր «SPQR. Հին Հռոմի պատմություն» գրքում՝ ասելով, որ Հռոմեական կայսրության պատմությունը, որը անպայմանորեն էթնիկապես բազմազան էր, «գունավոր մարդկանց պատմություն է»։ Գիրքը ավարտվում է նրանով, որ կայսր Կարակալան կայսրության բոլոր հպատակներին քաղաքացիություն է շնորհում: Հին հռոմեական արիստոկրատիան կորցրեց իր արտոնությունները, քանի որ չկիսվեց այդ արտոնություններով:

Կարակալայի կիսանդրին Կարակալայի կիսանդրին


Հռոմի պատմությունը դարձավ նաեւ հայրիշխանության մասին երազողների համար հարթակ: Հռոմը ուներ իր հերոսուհիներին, բայց նրանք սովորաբար կայսրերի մայրերն ու կանայք էին: Ի վերջո, Հռոմը սկզբունքորեն պրետորական հասարակություն էր, որտեղ գնահատում էին քաջությունը, պատիվը եւ առնականությունը կամ առաքինությունը: Միեւնույն ժամանակ կամովին միասեռական սեքսը օրինական էր, ուստի Հին Հռոմը կարող է դիտվել որպես միասեռականների իրավունքների օրինականացման վաղ օրինակ:

Իսրայելցիների համար Հռոմը բոլորովին այլ բան է. Հռոմեական կայսրության պատմությունը արթնացնում է աքսորի հուշերը եւ ընդգծում իրատեսականորեն մտածել չկարողանալու աղետալի հետեւանքները: Հիշենք Հռոմեական կայսրության դեմ Սիմոն բար Կոխբայի գլխավորած ապստամբությունը, որը սկսվեց մ.թ. 132 թվականին (հրեա-հռոմեական պատերազմների վերջնական սրումը) եւ հանգեցրեց սարսափելի պարտության եւ հրեական կյանքի ոչնչացմանը Հրեաստանում, որի անունը Ադրիանոս կայսրը ընդմիշտ փոխեց Պաղեստինի:



Եվ այնուամենայնիվ, ինչպես Իսրայելի ռազմական հետախուզության հանգուցյալ ղեկավար, գեներալ Յեհոշաֆաթ Հարքաբին է գրել իր «Բար Կոխբայի համախտանիշ. ռիսկն ու իրատեսությունը միջազգային հարաբերություններում», Բար Կոխբայի «ազգային ինքնասպանության անպատասխանատու քայլը» հրեաների մեջ սերմանեց «հիացմունք ապստամբության եւ հերոսության նկատմամբ՝ առանց դրանց հետեւանքների համար պատասխանատվության»։

Բարեբախտաբար, Դավիդ Բեն-Գուրիոնը՝ ժամանակակից Իսրայել պետության հիմնադիրը, այլ մտածելակերպ ուներ. երբեք չընդդիմանալ գերտերությանը կամ չգնալ պատերազմի առանց գերտերության աջակցության: Ավաղ, հրեա մեսիական նախանձախնդիրները պաղեստինյան հողերում (որոնք կրկին վերանվանվել են Հրեաստանի եւ Սամարիայի) ձգտում են կրկնել Բար Կոխբայի ինքնասպան հիմարությունը:
Սիմոն բար Կոխբայի գլխավորած ապստամբությունը Սիմոն բար Կոխբայի գլխավորած ապստամբությունը


Ամերիկյան հեգեմոնիան նկարագրելիս հաճախ հիշատակում են Հռոմը: Pax Romana-ն՝ հարաբերական խաղաղության եւ բարգավաճման «ոսկե դարը», որի հիմքում հզոր կայսրություն է, օրինակ ծառայեց Pax Americana-ի համար, որն ի հայտ եկավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ճիշտ այնպես, ինչպես Պելոպոնեսյան պատերազմից հետո հունական քաղաք-պետությունների միջեւ «ընդհանուր խաղաղության» համար պայքարը ի վերջո էթիկական հիմքեր տվեց Հռոմին՝ ամեն ինչ իր վերահսկողության տակ վերցնելու համար, Եվրոպայում անողոք պատերազմն ի վերջո դրդեց ԱՄՆ-ին հանդես գալ որպես անվտանգության ու կարգուկանոնի արտաքին երաշխավոր: Խաղաղությունը հաճախ անհամատեղելի է լիակատար քաղաքական ազատության հետ:

Բայց Pax Americana-ն այժմ կարծես թուլանոմ է. միտում, որը դարձել է ամերիկյան «կայսրության» մոտալուտ «անկման» մասին շահարկումների առիթ: Նման շահարկումների հիմքը դրվեց 18-րդ դարում, երբ Էդվարդ Գիբոնի եւ Մոնտեսքյեի նմանները գրեցին Հռոմեական կայսրության ճակատագրի մասին:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը դեռ սովորելու շատ բան ունի՝ սեփական անկումից խուսափելու համար:


Թերեւս ամենակարեւոր դասն այն է, որ նույնիսկ հեգեմոնները չափի զգացում պետք է ունենան: Հռոմը տուժեց Գիբոնի նկարագրած «անզուսպ վեհության բնական եւ անխուսափելի հետեւանքից»։ ԱՄՆ-ը նույնպես չունի համեստություն, հատկապես Սառը պատերազմին հետեւած իր անվիճելի հեգեմոնիայի տարիներին: Ամերիկան պետք է զզույշ լինի, որ ամբարտավանությունը չդառնա իր անկման պատճառը:

Թեեւ պատմական համեմատությունները կարող են օգնել լուսավորելու ներկայի եւ ապագայի մեր պատկերացումը, դրանք երաշխիքներ չեն տալիս: Նույնիսկ այսպես կոչված Թուկիդիդյան ծուղակը՝ «անխուսափելի» բախումը կայացած հեգեմոնի (օրինակ՝ ԱՄՆ-ի) եւ վերելք ապրող տերության (օրինակ՝ Չինաստանի) միջեւ չպետք է դիտարկվի որպես երկաթյա պատմական օրենք, թեկուզ միայն ժամանակակից պատերազմի անթույլատրելի բարձր գնի պատճառով:

Այսպիսով հանգում ենք այսօրվա Արեւմուտքի եւ ծաղկման դարաշրջանի Հռոմի միջեւ կարեւորագույն տարբերությանը. հռոմեացիներն ակնկալում էին, որ ապագան կլինի անցյալի փառքի կրկնություն, իսկ հետլուսավորչական արեւմտյան աշխարհայացքում հիմնարար է հավատը առաջընթացի եւ նորացման նկատմամբ: Զինված այդ հավատքով՝ մենք դեռ կարող ենք սովորել պատմության դասերից եւ հուսալ, որ կխուսափենք նախնիների ամենամեծ սխալներից:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին