Արեւմուտքը պետք է աջակցի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը - Mediamax.am

2775 դիտում

Արեւմուտքը պետք է աջակցի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք ՄԱԿ-ի ավագ իրավախորհրդատու Շեյլա Փայլանի How Armenia’s ‘Crossroads for Peace’ plan could transform the South Caucasus հոդվածի հայերեն թարգմանությունը։

Շեյլա Փայլան

Հայաստանի «Խաղաղության խաչմերուկներ» նախաձեռնությունը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին ներկայացրել էր  Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ ֆորումում, հավակնոտ տարածաշրջանային տրանսպորտային առաջարկ է, որի նպատակն է Հայաստանը կապելու իր հարեւան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի եւ Վրաստանի հետ:

Նախաձեռնությունը նպատակ ունի վերակենդանացնել եւ զարգացնել կարեւոր ենթակառուցվածքները՝ ճանապարհները, երկաթուղիները, խողովակաշարերը, մալուխներն ու էլեկտրական գծերը, որպեսզի դյուրանա ապրանքների, էներգիայի եւ մարդկանց հոսքը այս երկրներով՝ ավելի պարզ եւ արդյունավետ տրանսպորտային կապերի օգնությամբ միացնելով Կասպից ծովը Միջերկրական ծովին եւ Պարսից ծոցը՝ Սեւ ծովին:

Հայաստանի այս նախաձեռնությունը Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի էական մասն է՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ֆոնին: Հայաստանի ղեկավարները պատկերացնում են այս վերանորոգված եւ նորակառույց երթուղիները որպես ներգրավված երկրների միջեւ տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապեր զարգացնելու եղանակ, որը կնպաստի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը: Արեւմուտքը պետք է աջակցի տարածաշրջանին տնտեսական օգուտ բերելու, Հարավային Կովկասում խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու եւ Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնելու ներուժ ունեցող «Խաղաղության խաչմերուկներ» ծրագրին ավելի ամուր դիվանագիտական աջակցությամբ եւ ենթակառուցվածքային ներդրումներով:

Միջանցքներ եւ խաչմերուկներ

Անդրկասպյան միջանցքը, որը հայտնի է նաեւ որպես «Միջին միջանցք», տրանսպորտային եւ միջսահմանային առեւտրի համար կարեւոր ուղի է։ Այն կապում է Կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպային: Այն ենթադրում է ապրանքների եւ ռեսուրսների փոխադրում Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպիսիք են Ղազախստանը եւ Թուրքմենստանը՝ ծովային ուղիներով կամրջելով դրանք Ադրբեջանի հետ: Ադրբեջանից ապրանքներն այնուհետեւ տեղափոխվում են Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով եւ հասնում եվրոպական շուկաներ: Թեեւ առեւտրի ծավալներն ու հզորությունները դեռեւս համեմատաբար ցածր են, միջանցքն ունի հսկայական ռազմավարական հնարավորություններ, քանի որ իրական այլընտրանք է Ռուսաստանի միջով ավանդական երկար ուղիներին կամ Սուեզի ջրանցքով անցնող հարավային ծովային ուղիներին՝ զգալիորեն նվազեցնելով տարանցման ժամանակը եւ շրջանցելով աշխարհառազմավարական թեժ կետերը:

Եվրասիական Հյուսիսային միջանցքը, որն առաջարկում է ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային տարբերակներ, ներկայում անդրմայրցամաքային տրանսպորտի հիմնական երթուղին է, բայց հիմնականում անցնում է Ռուսաստանի տարածքով: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ կապված արեւմտյան պատժամիջոցները, ներդրումների կանխարգելումը եւ ֆինանսական սահմանափակումները բարդացնում են այս միջանցքի օգտագործումը, իսկ Ռուսաստանում հնարավոր անկայունությունը կարող է ի վերջո թուլացնել այս երթուղու հուսալիությունը: Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջով ավելի կարճ երթուղիները կարող են նվազեցնել Եվրասիական Հյուսիսային միջանցքի արժեքը, ինչը համահունչ է Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ԱՄՆ-ի եւ Եվրամիության ջանքերին: Անդրկասպյան միջանցքի ստեղծումը նման ռազմավարական այլընտրանք է, որը դիվերսիֆիկացնում է էներգակիրների մատակարարումը Եվրոպա եւ ընդլայնում առեւտրային կապը Ասիայի եւ Եվրոպայի միջեւ՝ շրջանցելով ռուսական ազդեցությունը։

«Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, հետեւաբար, կստեղծի կենսական, փոխլրացնող երթուղիներ՝ բարձրացնելով Անդրկասպյան միջանցքի ռազմավարական կարեւորությունն ու օգտակարությունը:

Զարգացնելով ենթակառուցվածքները, օրինակ՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը, Երեւանը կառաջարկի նոր լոգիստիկ ուղիներ, որոնք Կասպից տարածաշրջանը Հայաստանի տարածքով կկապեն Միջերկրական եւ Սեւ ծովերի հետ: Սա ոչ միայն կնվազեցնի Ասիայի եւ Եվրոպայի միջեւ տրանզիտի ժամանակն ու հեռավորություննը, այլեւ հուսալի այլընտրանքային ուղիներ կտրամադրի:

Բացի այդ, Հայաստանի ինտեգրումը Տրանսկասպյան միջանցքին կարող է խթանել տարածաշրջանի տնտեսական աճը եւ օտարերկրյա ներդրումներ՝ ուղղված լոգիստիկայի եւ ենթակառուցվածքների զարգացմանը: Հայաստանը կարող է դառնալ եվրասիական առեւտրի կենտրոնական հանգույց՝ բարձրացնելով միջանցքի կարողությունները եւ անվտանգությունը: Այս ռազմավարական ընդլայնումը խոշոր առեւտրային տերությունների համար կդիվերսիֆիկացնի հասանելի տրանսպորտային ուղիները եւ կնպաստի Հայաստանի եւ նրա հարեւան երկրների տնտեսական անկախությանը՝ նվազեցնելով նրանց կախվածությունը Ռուսաստանից:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ավելին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հիմնված է ինքնիշխանության եւ իրավասության սկզբունքների վրա՝ ապահովելով, որ ենթակառուցվածքները յուրաքանչյուր երկրի սահմաններում մնան երկրի վերահսկողության տակ: Գաղափարն է հարեւան երկրների միջեւ խթանել փոխադարձ հարգանքն ու համագործակցությունը՝ հեշտացնելով սահմանային եւ մաքսային հսկողության հավասար եւ փոխադարձ կառավարումը: Սա երաշխավորում է, որ յուրաքանչյուր երկիր կպաշտպանի իր շահերը եւ միաժամանակ կնպաստի ընդհանուր տնտեսական աճին:

Խոչընդոտներ ճանապարհին

«Խաղաղության խաչմերուկը», այնուամենայնիվ, բախվում է լուրջ աշխարհաքաղաքական խոչընդոտների: Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվում է աջակցել Հայաստանի նախաձեռնությանը, իսկ վերլուծաբանները նշում են, որ ո՛չ Բաքվի, ո՛չ Անկարայի հետ խորհրդակցություն չի եղել: Հայաստանի կառավարությունը պետք է ակտիվորեն խթանի «Խաղաղության խաչմերուկ»-ը, իսկ հարեւանները պետք է բարեխղճորեն գնահատեն նախաձեռնությունը՝ ելնելով առեւտրային կենսունակությունից, ոչ թե աշխարհաքաղաքական նկատառումներից:

Իրագործման դեպքում «Խաղաղության խաչմերուկ»-ից կարող են զգալի օգուտ քաղել եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Թուրքիան՝ խթանելով տարածաշրջանային առեւտուրը եւ բացելով նոր շուկաներ: Ադրբեջանի համար այն կարող է ավելի ուղիղ ճանապարհ դառնալ դեպի եվրոպական շուկաներ, իսկ Թուրքիան կարող է ստանալ ավելի լայն առեւտրային միջանցքներ, որոնք շրջանցում են ոչ կայուն տարածաշրջանները: Բացի այդ՝ նախագիծը կարող է դիվանագիտական կամուրջ ծառայել՝ թուլացնելով երկարատեւ լարվածությունը եւ պատմական հակամարտությունը վերածել միջազգային առեւտրի կենտրոնի: Հատկապես Թուրքիայի համար այս նախաձեռնությանն աջակցելը կարող է նրան ռազմավարական տեսանկյունից դարձնել տարածաշրջանի խաղաղության միջնորդ, ինչը կամրապնդի նրա դիվանագիտական հարաբերությունները ոչ միայն անմիջական հարեւանների, այլեւ Եվրոպայի եւ Ասիայի հետ:

Փոխարենը Բաքուն կոչ է արել զարգացնել «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի ամենահարավային Սյունիքի մարզով ուղիղ կապելու է Ադրբեջանը Նախիջեւանի էքսկլավի հետ։ Զանգեզուրի մասին Ադրբեջանի հայեցակարգը նախատեսում է ոչ միայն երկաթուղային կապ, այլ նաեւ ավտոմայրուղի Ադրբեջանի երկու տարածքների միջեւ: Ադրբեջանը պահանջում է նաեւ, որ այն ունենա արտատարածքային կարգավիճակ, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է զիջի վերահսկողությունը իր տարածքի նկատմամբ: Շատ կարեւոր է, որ Զանգեզուրի միջանցքը նախատեսում է Ադրբեջանի հետ մեկ տարանցիկ ճանապարհ բացել, մինչդեռ «Խաղաղության խաչմերուկներ»-ը նպատակ ունի բացել մի քանի սահմանային անցումներ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ:

Հայաստանը հաստատապես հայտարարել է, որ ցանկացած քննարկում, որը կապված է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կորստի կամ երրորդ կողմից իր տարածքի վերահսկողության հետ անսակարկելի «կարմիր գծեր» են: Բաքուն նույնիսկ պնդել է, որ Զանգեզուրի միջանցքը հսկի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը: Հայաստանը վերջերս է վռնդել ռուս սահմանապահներին երկրից (իրականում ռուս սահմանապահները լքել են միայն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը -Մեդիամաքս), ուստի հասկանալի է, թե ինչու է Հայաստանը հրաժարվում իր տարածքում ավելի շատ ռուսական գործակալների տեղակայումից:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ադրբեջանի Զանգեզուրի ծրագիրը վնասում է նաեւ Արեւմուտքի շահերին մի քանի առումներով: Նախ, այն կխոչընդոտի Արեւմուտքի լայն ռազմավարական նպատակին, այն է՝ կայունացնել եւ տնտեսապես զարգացնել Հարավային Կովկասը, որը կարեւոր է Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ էներգետիկ ուղիների եւ աշխարհաքաղաքական հավասարակշռության առումով: Կասեցնելով ավելի լայն տարածաշրջանային ինտեգրման նախաձեռնությունները՝ Ադրբեջանի դիրքորոշումը հավերժացնում է կախվածությունը Վրաստանի միջով անցնող ուղիներից, որոնք ունեն նյութատեխնիկական եւ թողունակության խնդիրներ եւ կարող են խափանվել արտաքին աշխարհաքաղաքական ազդեցություններից:

Այս շարունակական լարվածությունը եւ դրա հետեւանքով համապարփակ խաղաղության եւ համագործակցության բացակայությունը Հարավային Կովկասում թույլ են տալիս Ռուսաստանին եւ Իրանին գործադրել իրենց ազդեցությունը: Հայաստանի մեկուսացումը ստիպում է նրան կախված մնալ Ռուսաստանից՝ հակազդելով տարածաշրջանում ժողովրդավարական կառավարման եւ շուկայի ազատականացմանն ուղղված Արեւմուտքի ջանքերին: Իրավիճակն ավելի վտանգավոր է դառնում, քանի որ անձնիշխան Ադրբեջանը խորացնում է իր կապերը Ռուսաստանի հետ: Իրանն իր հերթին շահում է՝ հանդես գալով որպես Հայաստանի կարեւոր գործընկեր էներգետիկայի եւ առեւտրի ոլորտում եւ դիվանագիտական աջակցություն ցուցաբերում՝ մերժելով Զանգեզուրի ծրագիրը, որպեսզի պահպանի Հարավային Կովկասում իր ազդեցությունը:

Փակ պահելով Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա սահմանները՝ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանի տնտեսական եւ կապի հնարավորություններին՝ սահմանափակելով տարածաշրջանում արեւմտյան ներգրավվածությունն ու ներդրումները: Հայաստանն այսպիսով կախված է մնում Ռուսաստանի հետ առեւտրից: Բաքուն երկար ժամանակ դժգոհում էր Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ կապերից եւ պետք է ողջունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առեւտուր սկսելու Երեւանի ցանկությունը, ինչպես նաեւ Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալը:

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, հետեւաբար, ավելի խոստումնալից ճանապարհ է: Բացելով տարածաշրջանը եւ ճանապարհ հարթելով Հարավային Կովկասում փոխադարձ տնտեսական աճի եւ համագործակցության նոր դարաշրջանի համար՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է տարածաշրջանային կայունության եւ բարգավաճման կատալիզատոր դառնալ: Այս նախաձեռնությունը ոչ միայն հակազդում է Զանգեզուրի ծրագրի սահմանափակող բնույթին, այլեւ տնտեսական խթանները համապատասխանեցնում է աշխարհաքաղաքական հնարավորություններին:

Ինչպես կարող է օգնել Արեւմուտքը

«Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն արժանի է ավելի մեծ աջակցության եւ ներգրավվածության արեւմտյան երկրների կողմից: Աջակցելով Անդրկասպյան միջանցքին ինտեգրվելու եւ Հարավային Կովկասում համագործակցությանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ արեւմտյան երկրները կօգնեն տարածաշրջանին վերածվել աշխույժ տնտեսական հանգույցի, որը պակաս կախված է Ռուսաստանից: Ենթակառուցվածքներում ներդրումների ավելացումը, հստակ դիվանագիտական աջակցությունը եւ ռազմավարական գործընկերությունները, ինչպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների վերջին թարմացումը, կարող են ամրապնդել Արեւմուտքի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում ավելի մեծ աշխարհաքաղաքական հավասարակշռությանը:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Սա պետք է սկսել Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա դիվանագիտական ճնշում գործադրելուց, որպեսզի նրանք կառուցողականորեն ներգրավվեն նախաձեռնությանը եւ Հայաստանի հետ անվտանգության պայմանագրեր կնքեն, որոնք կօգնեն զսպել ագրեսիան եւ առեւտրային ուղիները պահպանել բաց ու անվտանգ: Հետագայում արեւմտյան երկրները պետք է տարածաշրջանի ենթակառուցվածքների կառուցման եւ արդիականացման համար գործարկեն նպատակային ֆինանսավորում եւ ֆինանսական խթաններ, ինչպես նաեւ տեխնիկական աջակցություն: Հնարավոր նոր առեւտրային համաձայնագրերը եւ մասնավոր հատվածի ներգրավվածության խթանումը, որոնք կխրախուսեն արեւմտյան բիզնեսներին ներդրումներ կատարել եւ համագործակցել տեղական ընկերությունների հետ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում նույնպես կօգնի նախաձեռնությունն ավելի կենսունակ դարձնել:

Արեւմուտքի ընդլայնված աջակցությունը Հայաստանին կարող է նաեւ խթան հանդիսանալ ավելի լայն տարածաշրջանային համագործակցության եւ բարգավաճման համար՝ նախադեպ ստեղծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ համագործակցային զարգացման ջանքերի համար: Արեւմտյան քաղաքականություն մշակողները, հետեւաբար, պետք է օգնեն ինտեգրել «Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանային կապի ծրագրերին, որոնք խթանում են բաց, կայուն եւ համագործակցող միջազգային համակարգերը եւ կարող են Հայաստանը դարձնել Եվրասիայի տարածքով տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացման հիմնական խաղացող:

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին