Ներկայացնում ենք American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի Ethnic cleansing cannot be the price for lasting Armenia-Azerbaijan peace հոդվածի հայերեն թարգմանությունը:
Մայքլ Ռուբին
Մեկ տարի էլ չի անցել, ինչ ադրբեջանական ուժերը լցվել են Լեռնային Ղարաբաղ՝ հին հայկական նահանգ, որը Իոսիֆ Ստալինը տվել էր Ադրբեջանին՝ Կովկասում վերափոխումների շրջանակներում: Լեռնային Ղարաբաղը պատմականորեն նշանակալի է երկու պատճառով. առաջինը, այն Հայաստանի՝ քրիստոնեությունը առաջինը որպես իր պաշտոնական կրոն ընդունած երկրի ավանդական կենտրոնն է:
Երկրորդ՝ այն ժողովրդավարության ինկուբատոր է։ Ժողովրդավարական շարժումը, որը հասավ իր գագաթնակետին եւ ի վերջո տապալեց Խորհրդային Միությունը, սկսվեց Ստեփանակերտից՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքից:
Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, շրջանի հայ բնակիչները իրացրեցին ինքնավարության իրենց սահմանադրական իրավունքը՝ նախ խնդրագրի, ապա հանրաքվեի միջոցով: Ադրբեջանը մերժեց այս ինքնավարությունը եւ փորձեց ճնշել այն բիրտ ուժով, սակայն հաջողության չհասավ։ Ադրբեջանական բանակի նահանջից հետո, Լեռնային Ղարաբաղը գրեթե երեք տասնամյակ վայելում էր իրական խորհրդարանական ժողովրդավարություն մի տարածաշրջանում, որտեղ առնվազն մինչեւ 2018 թվականը ժողովրդավարություն կամ չկար, կամ անցողիկ բնույթ ուներ:
Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարումն ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զորքերը մտան տարածաշրջան՝ ոչնչացնելով աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը տեղի խորհրդարանի շենքը պայթեցնելու մասին ընդգծեց նրա թշնամությունը ժողովրդավարության հանդեպ։ Ադրբեջանական զորքերի ներխուժումը տեղի ունեցավ ընդամենը չորս օր այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտի բյուրոկրատ Յուրի Քիմը սենատորներին հավաստիացրեց, որ Միացյալ Նահանգները չեն հանդուրժի Լեռնային Ղարաբաղից հայերի «էթնիկ զտման» փորձերը:
Նա ստեց, բայց նա միակը չէր: Նույնիսկ երբ Ալիեւը նվաստացնում էր ամերիկացի բանագնացներին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում էր օգնություն ու ռազմական տեխնիկա մատակարարել Բաքվին։ Freedom House-ն այս շաբաթ հայտարարեց, որ «Ադրբեջանի փաստագրված գործողությունները համապատասխանում են նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում սահմանված էթնիկ զտումների չափանիշներին» եւ դրան պետք է վերջ դրվի:
Այդ դեպքում ինչո՞ւ են Բլինքենը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը երկակիություն ցուցաբերում:
Կասկած չկա, որ Ադրբեջանին սիրաշահելու ԱՄՆ որոշումը գալիս է հենց վերեւից։ Մայիսի 4-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին ասաց, որ պատճառ չի տեսնում գնալ Շուշի՝ պատմական հայկական քաղաք, որն Ադրբեջանը վերածել է դիվանագետների, վճարովի լրագրողների եւ կոռումպացված վերլուծական կենտրոնների մեքքայի։ Վաշինգտոնում ինչ-որ մեկը Լիբիին խիստ նախազգուշացում արեց եւ երկու օր անց նա ոչ միայն այցելեց Շուշի, այլեւ ոչինչ չասաց էթնիկ զտումների ու եկեղեցիների ու քրիստոնեական հուշարձանների ավերման մասին:
Միայն Պետդեպարտամենտը չէ, որ հարգանք է ցուցաբերում Ալիեւի հանդեպ: Հունիսի 26-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը շնորհավորեց ադրբեջանական բանակին՝ կրկին չհիշատակելով գերի ընկած հայ զինվորների եւ խաղաղ բնակիչների բռնաբարությունները, անդամահատումները ու մահապատիժների տեսանյութերը։
Միգուցե նախագահ Ջո Բայդենի թիմը հավատում է, որ դա արդարացված է, եթե ԱՄՆ-ն կարողանա վերջնական խաղաղության համաձայնագրի հասնել՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը մշտապես լուծելու համար: Բլինքենը, Փաուերը ու Սալիվանը կարող են նույնիսկ հավատալ, որ կարող են ստիպել Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին համաձայնության գալ հուլիսի 9-ից 11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում:
Երեք օգնականներն էլ թաքցնում են Բայդենի թուլությունները՝ իրենց սեփական իշխանությունը ուժեղացնելու համար։ Բոլոր երեք պաշտոնյաների աշխատանքային հեռանկարները կապված են Բայդենի քաղաքական երկարակեցության հետ ու նրանք հույս ունեն, որ խաղաղ համաձայնագիրը կարող է վերջ դնել Բայդենի՝ այս պաշտոնին չհամապատասխանության մասին խոսակցություններին:
Լուսանկարը` Trend
Զավեշտն այն է, որ չնայած Բայդենի օգնականները կարծում են, որ կարող են խաբել Ալիեւին, նրանք չեն գիտակցում, որ Ալիեւն է «ֆռռացնում» նրանց: Ալիեւը դադար կտա, խոչընդոտներ կստեղծի եւ կսպասի ԱՄՆ ընտրություններին նախքան որեւէ կայուն խաղաղության համաձայնագիր կնքելը:
Սակայն Բլինքենի, Փաուերի եւ Սալիվանի հավակնությունները ավելի քիչ հավանական են դարձրել ցանկացած խաղաղություն, քանի որ նրանք կորցրել են բարոյական հիմքերը՝ անտեսելով էթնիկ զտումները հօգուտ անիմաստ եւ դատարկ ստորագրման արարողության:
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել էթնիկ զտումը։ Ալիեւի հանցագործությունները սպիտակեցնելը ոչ բարդ դիվանագիտություն է, ոչ էլ խաղաղության տանող ճանապարհ։ Ընդհակառակը, դա ավելի է խորացնում մարդասիրական ողբերգությունը, որի համար նոր սերունդը վճարելու է արյամբ։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: