Հայաստանը դիվերսիֆիկացնում է սպառազինության մատակարարներին - Mediamax.am

1015 դիտում

Հայաստանը դիվերսիֆիկացնում է սպառազինության մատակարարներին


Ֆրանսիական Caesar ինքնագնաց հաուբիցը
Ֆրանսիական Caesar ինքնագնաց հաուբիցը

Լուսանկարը` REUTERS

Ֆրանսիական Caesar ինքնագնաց հաուբիցը
Ֆրանսիական Caesar ինքնագնաց հաուբիցը

Լուսանկարը` REUTERS

Հնդկական Akash հրթիռները
Հնդկական Akash հրթիռները

Լուսանկարը` REUTERS

Սու-30ՍՄ կործանիչները
Սու-30ՍՄ կործանիչները

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք Forbes.com կայքում հրապարակված Փոլ Իդոնի Armenia Continues French And Indian Arms Acquisitions հոդվածի հայերեն թարգմանությունը:

Փոլ Իդոն

Ռազմական դիվերսիֆիկացիայի եւ վերակազմավորման վերջին փուլում Հայաստանը Ֆրանսիայից պատվիրել է Caesar ինքնագնաց հաուբիցներ, ինչը դատապարտվել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն հայտարարեց պայմանագրի մասին՝ այն բնութագրելով որպես «նոր կարեւոր հանգրվան» Փարիզի եւ Երեւանի «պաշտպանական հարաբերություններում»:

Բաքուն եւ Մոսկվան արագ դատապարտեցին գործարքը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ դա տարածաշրջանում «Ֆրանսիայի սադրիչ գործունեության լրացուցիչ ապացույցն է»: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նույն կերպ Ֆրանսիային մեղադրեց «Հարավային Կովկասում զինված առճակատման հերթական փուլը հրահրելու մեջ»:

2020 թվականի պատերազմից եւ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկլավի գրավումից հետո Հայաստանը ստիպված էր ցավով եզրակացնել, որ իր ավանդական աջակիցը՝ Ռուսաստանը, որի հետ նա ունի պաշտպանական պայմանագիր, անվստահելի է կամ, ավելի վատ՝ բացահայտ երեսպաշտ: Երեւանը վերջերս հայտարարեց, որ մտադիր է դուրս գալ Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: Երկիրը նաեւ ձգտում է աստիճանաբար նվազեցնել մեծ կախվածությունը Ռուսաստանից ռազմական տեխնիկայի առումով:

Այդ նպատակին հասնելու համար հավանաբար զգալի ժամանակ կպահանջվի: 2011-2020 թվականներին Հայաստանի սպառազինության ներմուծման 94%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, որը հաճախ զինամթերքը վաճառում էր Երեւանին զեղչված գներով: Դեռեւս 2019-ին Երեւանը ձեռք բերեց չորս Սու-30ՍՄ կործանիչներ՝ Երեւանի կողմից երբեւէ շահագործված ամենաառաջադեմ ինքնաթիռները։

Սու-30ՍՄ կործանիչները Սու-30ՍՄ կործանիչները

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ռուսաստանից հեռանալու նպատակով Հայաստանի դիվերսիֆիկացման ջանքերը համեստ սկիզբ ունեին. 2020-ին Երեւանը Հնդկաստանից պատվիրեց չորս Swathi շարժական հրետանային տեղորոշող հակամարտկոցային ռադարներ: 2020-ի պատերազմից եւ 2021-ի մայիսին սահմանային բախումներից հետո Հայաստանն ավելացրեց Հնդկաստանից եւ Ֆրանսիայից գնումների ծավալները:

Հաղորդվում է, որ 2023-ին Հայաստանը ստացավ Pinaka բազմակի արձակման հրթիռային համակարգեր, որոնք պատվիրել էր Հնդկաստանից նախորդ տարի. քայլ, որն Ադրբեջանը նույնպես ժամանակին դատապարտեց:

Իսրայելի եւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին մատակարարված անօդաչու սարքերը հնարավորություն տվեցին վերջինիս 2020-ի պատերազմում ոչնչացնել առնվազն 240 հայկական տանկ: Իսրայելական Harop մեկանգամյա օգտագործման պայթուցիկ անօդաչու թռչող սարքերը գրոհել էին Հայաստանի տարածքում գտնվող խորհրդային ժամանակաշրջանի S-300 հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերը: Ուստի զարմանալի չէ, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր հակաօդային պաշտպանության հնարավորությունները ֆրանսիական եւ հնդկական համակարգերով:

2023-ի հոկտեմբերին՝ ընդամենը շաբաթներ անց այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրավեց ամբողջ Ղարաբաղը, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Լեկորնյուն հայտարարեց, որ Ֆրանսիան կտրամադրի երեք Ground Master-200 ռադարներ եւ փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության Mistral համակարգեր՝ հայտարարելով, որ «երկնքի պաշտպանությունը բացարձակապես կարեւոր է»:

Նույն թվականին հայտնի դարձավ, որ Հայաստանը Հնդկաստանից պատվիրել է Zen հակաօդային պաշտպանության համակարգեր եւ միջին հեռահարության Akash հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր:
Հնդկական Akash հրթիռները Հնդկական Akash հրթիռները

Լուսանկարը` REUTERS


Հաղորդվում է, որ Հայաստանը դիտարկում է ավելի առաջադեմ Akash NG համակարգի եւ, հնարավոր է, նույնիսկ հնդկա-իսրայելական MR-SAM-ի գնումը, որը հայտնի է որպես Barak 8: Ադրբեջանն արդեն շահագործում է այդ համակարգը եւ, ըստ տեղեկությունների, օգտագործել է այն 2020-ի պատերազմում հայկական «Իսկանդեր» հրթիռը խոցելու համար: Երեւանը գուցե տեսնում է դա որպես հակակշիռ Ադրբեջանի իսրայելական արտադրության LORA քվազիբալիստիկ հրթիռներին:

Այնուամենայնիվ, այս ձեռքբերումներից եւ ոչ մեկը, հավանաբար, չի փոխի ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, որը, ըստ երեւույթին, տեսանելի ապագայում կմնա Ադրբեջանի օգտին: Թեեւ հրետանու վաճառքի համար Ադրբեջանը մեղադրում էր Ֆրանսիային երեսպաշտության մեջ՝ մեջբերելով անցած հոկտեմբերին Ֆրանսիայի հայտարարությունը, որ Հայաստանին զենք վաճառելը «պաշտպանական բնույթ է կրում», Երեւանը, ամենայն հավանականությամբ, նման սպառազինությունը ձեռք չի բերում արեւելյան հարեւանի վրա հարձակվելու համար:

Ի վերջո, Հայաստանն աշխատում է իր բանակի սպառազինության դիվերսիֆիկացման ուղղությամբ, բայց միաժամանակ բանակցում է Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ եւ կարգավորում հարաբերություններն այդ երկրի եւ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ: Մայիսի վերջին Հայաստանը թույլ տվեց Ադրբեջանին վերահսկողության տակ առնել չորս դատարկ սահմանամերձ գյուղերը՝ որպես սահմանների սահմանազատման լայն գործընթացի մաս, քայլ, ինչը երկրի ներսում բողոքի ալիք բարձրացրեց գործող կառավարության դեմ: Թեեւ երկրների միջեւ կան այլ չլուծված խնդիրներ, այս խաղաղ հանձնումը կարող է կարեւոր քայլ լինել դեպի խաղաղություն եւ նորմալացում:
Ֆրանսիական Caesar ինքնագնաց հաուբիցը Ֆրանսիական Caesar ինքնագնաց հաուբիցը

Լուսանկարը` REUTERS


Հայաստանի վերջին ձեռքբերումները հայկական զինուժի երկարաժամկետ վերակազմավորման մասն են, որն իրականացվում է Երեւանի մեկ այլ նպատակի՝ Արեւմուտքի հետ տնտեսական, ռազմական եւ քաղաքական ավելի սերտ հարաբերություններ խթանելու հետ, որպեսզի նվազեցնի երկարամյա կախվածությունը Մոսկվայից: Սահմանազատումը, որը լուրջ քայլ է Ադրբեջանի հետ երկարատեւ ռազմական գործողություններին եւ լարվածությանը վերջ տալու համար, կարող է օգնել Երեւանին ավելի արագ հասնել նշված նպատակին՝ գուցե դարձնելով 2020-ականների երկրորդ կեսը պակաս մռայլ, քան առաջինն է:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին