Սփյուռքի գոյության նոր իմաստը. ավելի քիչ պահպանել եւ ավելի շատ ռիսկի դիմել - Mediamax.am

2999 դիտում

Սփյուռքի գոյության նոր իմաստը. ավելի քիչ պահպանել եւ ավելի շատ ռիսկի դիմել


Լուսանկարը` REUTERS

Անտրանիկ Գասպարեանը
Անտրանիկ Գասպարեանը

Լուսանկարը` Tom Vartabedian

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում HAIRENIK պարբերականի «The Diaspora at 100» հատուկ թողարկման մեջ հրապարակված Անդրանիկ Գասպարյանի A New Raison d’Etre for the Diaspora հոդվածի հայերեն թարգմանությունը: Հոդվածի խմբագիրներ են Հայկ Օշականն ու Խաչիկ Թոլոյանը:

Անդրանիկ Գասպարյանը «Թուֆենքյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, եղել է The Armenian Weekly պարբերականի խմբագիր, վերջին 30 տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված է ԱՄՆ հայ համայնքի հարցերում:

Անդրանիկ Գասպարյան

Այս էսսեում ես դիտարկում եմ սփյուռքը հիմնականում Հայաստանին առնչվելու առումով: Ավելորդ է ասել, որ Սփյուռքը պետք է դիտարկել նաեւ որպես անկախ միավոր եւ ռեսուրս։ Դա կարեւոր թեմա է, բայց պահանջում է առանձին մոտեցում: Կարող եմ միայն ընդգծել, որ երկու շարժումներն էլ՝ սփյուռքը սփյուռքի համար եւ սփյուռքը Հայաստանի համար, փոխկապակցված են եւ իրար հզորացնող:

Ներածություն. Սփյուռքի նկարագրություն

Սփյուռք նկարագրելը բավականին դժվար գործ է: Իրենց բնույթով իսկ սփյուռքերը հաճախ փոփոխական են եւ խրթին. դրանց բնորոշում է ոչ միայն սփռվելը, այլեւ արտաքսումը, տեղահանությունը եւ հեռու-բայց-մոտիկ հայրենիքները: Ժամանակի ընթացքում նման խրթինությունը կարող է ավելի խորանալ՝ շնորհիվ սերունդների հերթափոխի, բայց նաեւ արտագաղթի հաջորդ ալիքների, որոնք կարող են զգալիորեն տարբերվել սփռվելու «սկզբնական» եղանակից: Այսպես, օրինակ, մեր ժամանակակից սփյուռքը 20-րդ դարի սկզբին ներկայացնում էին Հայոց ցեղասպանությունը վերապրածները, որոնք բառացիորեն ստիպված էին գաղթել: Տարիներ անց նրանց հաջորդեցին այլ իրավիճակի մարդիկ, օրինակ՝ տնտեսական միգրանտները, որոնք «կամավոր» էին լքել հետխորհրդային Հայաստանը:

Այդ պատճառով, երբ խմբագիրները դիմեցին ինձ՝ խնդրելով նկարագրել ժամանակակից ամերիկահայ սփյուռքը, ես ինձ ապակողմնորոշված, վհատված, նույնիսկ մոլորված զգացի: Ինչպե՞ս ներկայացնել այս անկառավարելի գազանին, որի մշտական փոփոխությունը մենք նոր ենք սկսում հասկանալ:

Անտրանիկ Գասպարեանը Անտրանիկ Գասպարեանը

Լուսանկարը` Tom Vartabedian


Ի վերջո, ենթադրում եմ, միակ հնարավոր պատասխանը մասնակի պատկերացում տալն է։ Այս տեսակետը ներկայացնելիս ես խուսափելու եմ ամեն ինչ նկարագրելու գայթակղությունից. փոխարենը գիտակցաբար ընտրելու եմ որոշակի հայեցակետեր, որոնք կարող են պատկերացում տալ մեր այսօրվա խնդիրների մասին: Ուրեմն սկսենք:

Ծագումն ու զարգացումը

Համարվում է, որ ամերիկահայ սփյուռքի ակունքներն են 20-րդ դարասկզբի քաղաքական ցնցումները եւ դրանցից ամենահիմնականը՝ 1915 թվականի ցեղասպանությունը եւ դրանից առաջ եւ հետո տեղի ունեցած զարգացումները: Փոքր Ասիայում իրենց նախնիների հողերից բռնությամբ արմատախիլ արված՝ մի ամբողջ սերունդ ցրվելու էր չորս կողմը եւ ստեղծելու մի կաղապար, որի հիման վրա աճելու, զարգանալու եւ փոխվելու էին ապագա սերունդները:

Ի սկզբանե, այս սփյուռքը հիմնականում մտահոգված էր երկու գերակա նպատակներով. 1) գոյատեւել որպես ժողովուրդ եւ 2) հետամուտ լինել քաղաքական նպատակներին եւ տեսլականին, որոնց միասնաբար ձգտում էին հայերը: Առաջին կետը «հայությանը հայ պահելու» խնդիրն էր՝ լիներ դա համախմբված համայնքներ ստեղծելու եւ վերականգնելու, հաջորդ սերունդների մեջ մշակութային արժեքներ սերմանելու, թե այլ միջոցներով, որոնք անվանում են «հայապահպանում»: Սկզբում սա վտարանդի ժողովրդի ռեֆլեքս էր՝ մշակույթն օգտագործել որպես գոյատեւման մեխանիզմ, երբ ամեն ինչ կորած է թվում: Սակայն հայապահպանումն արագ վերածվեց մշակութային ռազմավարության, որն օգնեց մեզ նպատակաուղղված կերպով նույնականանալ որպես հայ:

Իսկ երկրո՞րդ կետը: Այստեղ նույնականացումը կորսյալ, բայց գուցե վերագտնվող հայրենիքի (Արեւմտյան Հայաստանի) հետ էր, ինչպես նաեւ ազգային ինքնիշխանության եւ ինքնորոշման խնդիրների հետ այն տարածքներում, որտեղ մնացել էին հայեր, բայց օտար օկուպացիայի տակ (Խորհրդային Հայաստան, Լեռնային Ղարաբաղ): Դրան ուղեկցում էր արդարության ցանկությունը եւ, ի վերջո, պահանջը՝ ի դեմս ցեղասպանության եւ այլ անպատիժ հանցագործությունների, որոնք հետագայում ծածկագրվեցին որպես «Հայ դատ»:

Լուսանկարը` REUTERS


Սփյուռքի գոյության առաջին տասնամյակներում այս երկու ոլորտները՝ մշակութային գոյատեւումը եւ քաղաքական նպատակները, ամրապնդում էին միմյանց: Օրինակ, դաշնակցական համայնքում առաջացել էր հպարտության զգացում, որը հիմնված է ոչ միայն հայ մշակույթի վրա ընդհանրապես, այլ որոշակի արժեքների վրա, որոնց թվում է ազգային ինքնիշխանության պահպանումը (օրինակ՝ Առաջին հանրապետությունը), ազգային պատիվն ու արդարությունը (օրինակ՝ «Նեմեսիս» օպերացիան եւ ցեղասպանության համար վրեժխնդրությունը), եւ մշակութային ուծացման պայմաններում ազգային արժեքներն ու գրագիտությունը: Քաղաքական նպատակները, թվում էր, շատ ավելին էին, քան պարզապես քաղաքական. դրանք նաեւ մշակութային սոսինձ էին, որը մեզ կապում էր ազգի եւ դրա գործի հետ:

Տասնամյակների հետ նոր խմորիչներ թափանցեցին այս խառնուրդ: ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի զուգահեռ վերելքի հետ մեկտեղ աճեց այն գիտակցությունը, որ մենք հազիվ թե շուտով տուն վերադառնանք, եւ Սփյուռքի առաջատար խմբերը (քաղաքական կուսակցությունները եւ նրանց մասնաճյուղերը) որդեգրեցին ավելի կոշտ ու անվերապահ դիրքորոշում: Ազգի հետ նույնականացումից զատ՝ սեփական դիրքորոշումն ու հռետորաբանությունը՝ կապված Հայաստանի անկախության եւ խորհրդայնացման, Ցեղասպանության արդարության, մշակութային ուծացման դեմ անհրաժեշտ ազգայնականության եւ այլնի վերաբերյալ, դարձան ցուցանակներ, որոնց շուրջ մարդիկ միավորվեցին՝ կողմ, դեմ կամ մեջտեղում: 1933-ին արքեպիսկոպոս Ղեւոնդ Թուրյանի սպանությունից հետո առճակատումն ու բեւեռացումը տարածվեց Հայ առաքելական եկեղեցու եւ բազմաթիվ այլ համայնքների վրա: «Ո՞ր տեսակետն ես պաշտպանում» կամ «ո՞ւմ կողմից ես» հարցերը հանկարածակի կարեւորություն ստացան, երբ այս խմբերը պայքարում էին սփյուռքը ներկայացնելու հեղինակություն եւ օրինականություն ձեռք բերելու համար:

Ճակատագրի հեգնանքով, բեւեռացման պատճառով հաճախ մոռացվում էր, որ գերիշխանության համար այս ներքաղաքական պայքարները հիմնականում խորհրդանշական էին. համայնքի ղեկավարները վիճում էին եռագույն դրոշի, Խորհրդային Հայաստանի, զինված պայքարի անհրաժեշտության շուրջ, արդյոք պետք է կողմնորոշվենք դեպի արեւմուտք, արեւելք, թե ոչ մի կոնկրետ ուղղությամբ, եւ այսպես շարունակ, երբ իրականում ինչ-որ բան անելու բավականին սահմանափակ հնարավորություն ունեին: Մեր ակումբներում, եկեղեցիներում եւ խնջույքներին նստած՝ մենք հիմնականում խոսում էինք ինքներս մեզ հետ: Սա, իհարկե, դեռեւս որոշակի արժեք ուներ, բայց հիմնականում «ամրոցը պահելու» կամ «կրակը վառ պահելու» համատեքստում՝ մինչեւ այն պահը, երբ մենք իսկապես կկարողանայինք մի բան անել մեր վիճակը փոխելու համար:

Հայաստան

Այդ ժամանակն ի վերջո եկավ, բայց շատ ուշ՝ տասնամյակներ անց: Այո՛, մենք ի վերջո լքեցինք վաղ տարիների գետտոները, դարձանք ավելի կրթված, ինտեգրված, աշխարհիկ որպես անհատներ: Եվ, այո՛, հայերի համաշխարհային նշանակությունը նույնպես փոխվեց Խորհրդային Միության փլուզումից եւ Հայաստանի անկախությունից հետո: 1988-ից հետո մենք այլեւս աքսորյալ ժողովուրդ չէինք, որը ստիպված էր անընդհատ շունչ ու լեգիտիմություն տալ «Հայաստան» կոչվող վերացական կառուցվածքին: Մենք ունեցանք կենդանի, շնչող Հայաստան, նոր ու տարբերվող Հայաստան, որն այժմ պահանջում է մեր ներգրավվածությունը։

Բայց, ցավոք, մեր ռեֆլեքսները որպես համայնք յոթ երկար տասնամյակների ընթացքում կարծրացել էին հայրենիքից հեռու: Քանի որ մեզանից շատերը բովանդակալից, ամենօրյա ներգրավվածություն չունեին, մենք շարունակեցինք կենտրոնանալ ծեսերի, խորհրդանիշների եւ վերացական բաների վրա: Մեր հիմնական վարվելակերպը ուղղված էր նույնականացում ապահովելուն, այսինքն այնպիսի գործունեության, որը մեզ ստիպի ինքներս մեզ հայ զգալ: Եվ այսպես, չնայած 1988-ից հայկական աշխարհը ցնցած հիմնարար փոփոխություններին, մեր մտածելակերպն ու մոտեցումները մեծ առումով նույնը մնացին:

Լավ օրինակ է այդ ժամանակ Հայաստան ուղարկվող հումանիտար օգնության տարափը: Ղարաբաղյան պայքարի սկզբում, դրան հետեւած ավերիչ երկրաշարժից հետո, անկախության առաջին դժվարին տարիներին մենք օգնություն էին տրամադրում (եւ շատ օգնություն), քանի որ դրա կարիքը կար: Բայց դա միակ առիթը չէր: Մենք օգնություն էինք տրամադրում նաեւ այն պատճառով, որ դրանից մեզ լավ էինք զգում: Եթե այդքան բացահայտ չասենք՝ օգնելով մեզ ավելի նույնականացված, ավելի մոտ էինք զգում հայրենիքին։ Իրոք հաճելի էր, այսպես ասած, «վերադառնալ խաղի մեջ»։ Հագուստ, դեղորայք ու տաք ծածկոցներ Հայաստան ուղարկելով՝ մենք մեզ ազգապահպանման ակտիվ մասնակից էինք զգում:

Լուսանկարը` REUTERS


Նման գործունեությունը նույնքան մոտիվացնող էր, որքան գործնական, եւ չպետք է ամաչել դա ընդունելուց: Խնդիրը, սակայն, հետեւյալն է. մեր կազմակերպված համայնքները սովորաբար նվիրատվության դյուրին գործից այն կողմ չէին գնում: Մենք տալիս էինք ու տալիս: Բայց չկային ցուցանիշներ, հաշվարկներ կամ նշաձողեր՝ գնահատելու արդյունքները եւ մեր գործերը: Մենք նվիրաբերում էինք հանպատրաստից ու հարցեր չէինք տալիս՝ մասամբ այն պատճառով, որ արտակարգ իրավիճակներն էին դա պահանջում, բայց նաեւ այն պատճառով, որ մենք կարծում էինք, որ ստացող կողմը կառույցներ եւ գործակալություններ ունի, որոնք կվերամշակեն եւ կզարգացնեն մեր ուղարկածը: Ժամանակի հետ իմացանք, որ այդպես չէ. կոռուպցիան, անարդյունավետությունը, խնամիականությունը եւ այլն բացահայտեցին, որ նվիրատվություն անելը բավարար չէ Հայաստանը բարելավելու համար, եթե չկա՝ զարգացման երկարաժամկետ ծրագիր: Մենք սրան պատրաստ չէինք: Արտակարգ իրավիճակներ եւ կատակլիզմնե՞ր. այո՛։ Երկարաժամկետ զարգացո՞ւմ. ո՛չ:

Երբ եկավ անկախությունը, թվում էր՝ մենք նոր դեր ստացանք՝ անորոշ ու գրավիչ, բայց անհասանելի. կարողությունների զարգացում: Կարողությունների զարգացում ասելով ես նկատի ունեմ գործունեության լայն շրջանակ, որը կարող է օգնել երկրին աշխուժացնել տնտեսությունը, լավացնել առողջապահությունը, ամրապնդել անվտանգությունն ու դիվանագիտությունը, արդիականացնել մշակույթն ու կրթական համակարգը: Ցավոք, անկախության առաջին տասնամյակներին մենք հիմնականում մտածում էինք սրտով, ոչ թե գլխով, եւ, հետեւաբար, նման փոփոխություններ տեղի չէին ունենում: Փոխարենը Սփյուռքի մեծ մասը Հայաստանին վերաբերվում էր տարբեր կերպ՝ որպես օգնություն ստացող, որպես մշակութային/զբոսաշրջության հարթակ, որպես քաղաքական եւ հասարակական գործերի հանդիսատես լինելու վայր՝ հայ հասարակական կյանքում մեր սիրելի հերոսների/չարագործների օգտին կամ դեմ լինելով, բայց առանց բովանդակալից ներգրավվածության կամ «մատը խառնելու»: Նոր ու ավելի լավ երկիր կառուցելու դանդաղ, տանջալի, աննկատ գործունեությո՞ւն: Դա մնաց հեռավոր ակնկալիք եւ հեռավոր է մնացել մինչ օրս:

Հայաստանը բոլոր առումներով այժմ շտապ կարիք ունի արդիականացման, սակայն Սփյուռքը (որոշ բացառություններով) դեռ չի տրամադրում «ավելացված արժեք», որին ունակ է: Թերեւս միայն վերջին մի քանի տարիներին՝ 2018-ի ռեժիմի փոփոխությունից հետո, որին հաջորդեցին 2020 եւ 2023 թվականների մեր դառը պարտությունները, վերջապես բացահայտվում են երկրի հսկայական բացթողումները, որոնք պահանջում են ուշադրություն եւ որտեղ սփյուռքը կարող է մեծ դեր խաղալ:

Արդյունաբերության եւ անհամար այլ ոլորտներում բարձրակարգ մտածողներ ու գործիչներ ունեցող Սփյուռքը կարող է, եթե ջանք գործադրի, դառնալ պետականաշինության գործընկեր, ոչ թե օգնական կամ դիտորդ: Այսօրվա միջավայրում մենք ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում մասնագետների, որոնք մշակում են նոր ծրագրեր, գաղափարներ, փոխանակումներ եւ ներդրումներ կարողությունների զարգացման ոլորտում: Եվ, հավատացեք, այս նախաձեռնություններից մի քանիսը, որոնք այժմ Հայաստանի ղեկավարությունը հանդուրժում, նույնիսկ խրախուսում է, կարող են «բեկումնային» լինել: Ուշացա՞ծ է: Թերեւս: Բայց, այնուամենայնիվ, հուսադրող: Նման գործունեությունը պետք է դառնա սփյուռքի գոյության նոր պատճառ, գուցե ոչ միակը, բայց հաստատ առանցքայինը:

Բայց մենք դեռ հեռու ենք այդ նպատակակետից: Ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ համայնքում տաք հագուստի ու վերմակների համար դրամահավաք է սկսվել, շունչս կտրվում է հարցից. «Սա՞ է այն, ինչ մեզ պետք է: Արդյոք այսպե՞ս պետք է մեր համայնքը արձագանքի Հայաստանի իրավիճակին»։ Այն ժամանակ, երբ մեր թշնամիները զգուշավոր եւ հեռատես քայլեր են ձեռնարկում մեր փոքր երկիրը ծնկի բերելու համար՝ ամենաբարձր տեխնոլոգիաներով, հանրային կապերով եւ սպառազինության համակարգերով, արդյո՞ք մենք պետք է շարունակենք ինքնաբերաբար արձագանքել ճգնաժամներին, ինչպես 35 տարի առաջ. ռետինե ոտնամաններով, ասպիրինով ու տաք վերարկուներով ուշացած արձագանքենք արդեն պատուհասած ճգնաժամերին։ Իհարկե, այդպես մենք մեզ լավ կզգանք: Եվ գուցե երիտասարդության եւ համայնքի ներգրավվածության մակարդակում սա իմաստալից է: Բայց ընդհանուր առմամբ մենք շարունակում ենք մեր էներգիան ուղղել հայապահպանմանը՝ անելով այնպիսի բաներ, որոնց շնորհիվ մեզ նույնականացված ենք զգում, մինչդեռ իրական փոփոխության համար պետք է ամբողջապես վերանայենք մեր գործելակերպը:

Այս հիմնանորոգումը կարծես թե սկսվում է, բայց հետաքրքիր է, որ փոփոխությունների առաջնագծում մեր ավանդական ղեկավարությունը չէ: Դրանք տեխնոկրատներ են, գործարարներ, անկախ գիտնականներ ու հմուտ մասնագետներ, որոնք օգտագործում են հնարավորությունները՝ ստեղծելու նոր կապեր եւ աշխատանքային հարաբերություններ, որոնք կարող են փոխել մեր մտածելակերպն ու վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Հուսանք, որ մնացածներն էլ կներգրավվեն, բայց դրա համար զգալի վերազինում է անհրաժեշտ: Առաջին հերթին մենք պետք է սովորենք հավասարակշռել մեր նկրտումները. սերունդներին սովորեցնենք ոչ թե ինչ մտածել, այլ ինչպես մտածել, թե ինչպես մտածել: Առաջինը հայապահպանման կատարյալ գործիք է, մինչդեռ երկրորդն այն է, ինչ պահանջվում է կարողությունների զարգացման այս դարաշրջանում:

Լուսանկարը` REUTERS


Անշուշտ, այս մարտահրավերը հեշտ չէ։ Սփյուռքի ավանդական կառույցները իրենց ձեւով կայացած են ու դիմադրում են փոփոխություններին: Բայց «ծեր շանը նոր հնարքներ սովորեցնելուց» բացի կա նաեւ գործնական դժվարություն. ոչ բոլոր սփյուռքահայրն են ունակ կարողությունների զարգացման: Շատ անկեղծ, նվիրյալ հայեր Հայաստանի հետ շփվելու սահմանափակ կարողություններ կամ ցանկություն ունեն: Այս մարդիկ էլ են կարեւոր: Բայց հաշվի առնելով Հայաստանի այսօրվա իրավիճակը՝ ես ավելի մեծ շեշտադրում կդնեի մեր նորաստեղծ պրոֆեսիոնալ դասի հետ կապերի զարգացման վրա: Դա է պահանջում երկրի վիճակը՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային:

Ամփոփելով՝ եկեք ընդունենք, որ սփյուռքի երկու վաղեմի կիզակետերը՝ մշակութային գոյատեւումը եւ քաղաքական նպատակները, պետք է խորապես վերանայվեն այս դարաշրջանում: Սկսենք նրանից, որ այս երկուսն այլեւս իրար չեն աջակցում (եթե երբեւէ աջակցել են): Իրականում նրանք հաճախ տարբեր նպատակներ են հետապնդում: Ինչպե՞ս կարող ենք պահպանել հայկական ինքնությունը ավանդական արժեքների շուրջ, երբ արդյունավետությունն այսօր պահանջում է բոլորովին այլ տեսակի փորձ ու նավիգացիոն կարողություններ... մի աշխարհում, որտեղ նորարարությունը, ապակայունացումը, հիբրիդացումը եւ փոփոխությունը անընդհատ վիճարկում են արժեքներն ու ավանդույթները: Մի խոսքով՝ մենք պետք է փորձն ու ծեսը փոխարինենք հետախուզությամբ եւ նորարարությամբ կամ, այլ կերպ ասած, «լավ հայի» հին կերպարը փոխարինենք նոր, ավելի թարմ «արդյունավետ հայի» կերպարով: Երկու կերպարները կարող են համընկնել, բայց դրանք միանգամայն տարբեր հասկացություններ են:

Այս ամենն ասելով՝ ես նպատակ չունեմ չեղարկել կամ անհարգալից վերաբերվել անցած դարում Սփյուռքի մշակութային տրամաբանությունը: Իհարկե, հային հայ պահելը մնում է կարեւոր նախաձեռնություն... բայց ոչ հայապահպանման մոդելով: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք գտնել այլ՝ ավելի ժամանակակից եւ առաջադեմ ուղիներ մեր ինքնությունը կենսունակ պահելու համար, եւ այդ գործը պետք է սկսել Հայաստանից: Մենք պետք է օգտագործենք Հայաստանը՝ հայկականությունը (բայց այլ տեսակի հայկականություն) հետեւողականորեն սփյուռք ներմուծելու համար: Այս հայկականությունը պարզապես Դանիել Վարուժան արտասանելը կամ Կոմիտաս երգելը չէ, այլ կապված է գործնական հարցերին, ներառյալ մարդկանց բարեկեցությունը ամենատարբեր ոլորտներում՝ իրավունք, շրջակա միջավայր, առողջապահություն, կանանց հարցեր եւ այլն: Մենք չպետք է օգտագործենք հայկականությունը մեր ժողովրդի ոդիսականի համար մի աշխարհում, որն այլեւս արդիական չէ եւ կապ չունի մեր մնացած կյանքի հետ. եկե՛ք ավելի քիչ պահպանենք եւ ավելի շատ փնտրենք, ստեղծագործենք, ռիսկի դիմենք: Նոր ժամանակները դա են պահանջում:

Եզրակացություն. փոփոխվող հարացույցեր, փոփոխվող աշխարհագրություններ

Այս էսսեում ես փորձել եմ ապացուցել, որ անհրաժեշտ է հարացույցի փոփոխություն, այսինքն՝ գիտակցված քայլ դեպի նոր առաջնորդող գաղափարներ այսօրվա իրողություններում: Բայց նման փոփոխություն ցանկանալով մենք պետք է ընդունենք, որ «զարգացած Արեւմուտքի» սփյուռքը հատուկ դերակատարում ունի: Անցյալի Սփյուռքի «մեքքաները»՝ Կահիրեն, Բեյրութը, Հալեպը, պարարտ հող էին հայապահպանման մշակույթը զարգացնելու համար. այս մեքքաները ծառայեցին որպես ռեսուրսներ, եւ մենք օգտվեցինք մերձավորարեւելյան հոգեւորականներից, մտավորականներից եւ կառավարիչներից՝ ամրապնդելու մեր ազգային հաստատությունները: Բայց եկեք խոստովանենք. այսօր՝ կարողությունների զարգացման դարաշրջանում, սփյուռքի ձգողականության կենտրոնը պետք է տեղափոխվի այնտեղ, որտեղ «ավելացված արժեքի» ներդրումն է օրակարգում: Լինի դա Նյու Յորքը բանկային եւ ֆինանսների ոլորտում, Բոստոնը՝ գիտության եւ բժշկության ոլորտում, կամ Սիլիկոնյան հովիտը՝ ՏՏ-ի ոլորտում, այս արեւմտյան կենտրոնները ոչ միայն մեր ավանդական համայնքների կենտրոններ են, այլեւ թեժ կետեր՝ ինկուբատորներ, եթե կուզեք, ընդհանուր գիտելիքի եւ նպատակների ծառայող նոր համայնքների համար: Զարմանալի  չէ, որ մեր նոր, խոստումնալից նախաձեռնություններից մի քանիսը՝ Հայկական ընկերակցությունը (ASOF), «120,000 պատճառների կոալիցիան» եւ Հայկական գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ծագում են այս ափերից եւ հիմնականում հենվում ամերիկահայերի վրա:

Լուսանկարը` REUTERS


Այս նոր դարաշրջանում առաջնորդության համար անհրաժեշտ է ավելին, քան մշակութային հիմնավորում կամ քաղաքական գաղափարախոսություն. անհրաժեշտ են նաեւ հմտություններ, մեթոդներ եւ աշխարհայացքներ, որոնք փորձարկվում են գաղափարների ավելի մեծ շուկայում: Այս շուկայի հետ աշխատելը լավագույնս կնպաստի մեր Սփյուռքի հզորությանն ու աճին, երբ մենք մտնում ենք մեր ժամանակակից պատմության ամենադժվար փուլը: Ժամանակը ցույց կտա, բայց մեզ հետաքրքիր ճանապարհորդություն է սպասվում:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին