Թբիլիսին Ռուսաստանին եւ Արեւմուտքին առաջարկել է իր «կամ-կամ»-ը - Mediamax.am

2049 դիտում

Թբիլիսին Ռուսաստանին եւ Արեւմուտքին առաջարկել է իր «կամ-կամ»-ը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Վլադիմիր Սոլովյովի Как Тбилиси предложил России и Западу конкурировать за Грузию հոդվածի հայերեն թարգմանությունը:

Վլադիմիր Սոլովյով

Վրաստանի ղեկավարության գործողությունները կարող են անխոհեմ թվալ։ «Վրացական երազանքի» կողմից ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքը վրդովմունքի փոթորիկ է առաջացրել երկրի ներսում եւ դատապարտվել է Արեւմուտքում։ Բացի այդ, իշխանությունները առաջ մղեցին այն ընտրական տարվա ընթացքում. հոկտեմբերի 26-ին երկիրը նոր խորհրդարան է ընտրելու։

Եթե հոկտեմբերին «երազողները» պարտվեն, ընդդիմությունն անպայման վրեժ կլուծի։ Միխեիլ Սահակաշվիլիի ճակատագիրը, ով հայտնվել է մեղադրյալների աթոռին, անխուսափելիորեն սպասում է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահին, իսկ իրականում երկրի ղեկավար, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին։

Մինչ այժմ միլիարդատիրոջը եւ նրա կուսակցությանը հաջողվել է հաղթել ընդդիմությանը. արդեն 12 տարի իշխանությունը իրենց ձեռքում է։ Ստատուս քվոն պահպանելու ցանկությունը չի անհետացել։ Սակայն օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը վկայում է «Վրացական երազանքի» նոր մոտեցման մասին՝ այս նպատակին հասնելու համար։

Օրենքով քայլը

Անվերադարձելիության կետը անցան երկու ամսում։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը ընդունելու մտադրության մասին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին ապրիլի սկզբին։ Մայիսի վերջին այն հաստատվել էր երեք ընթերցմամբ, իսկ մայիսի 28-ին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից դրված վետոն հաղթահարվեց խորհրդարանի կողմից։

Բոլոր փուլերն ուղեկցվում էին զայրացած փողոցի բարձրաձայն վրդովմունքով։ Սակայն իշխանությունները տեղի չտվեցին։ Էլիտաներում պառակտում չեղավ, իսկ ոստիկանությունը կոշտ էր գործում։ Երկրի ղեկավարությունը ցուցադրեց իրավիճակի լիակատար վերահսկողություն, հաստատակամություն եւ սկսած գործը ավարտին հասցնելու կարողություն։

Լուսանկարը` REUTERS


Զուգահեռաբար արտաքին աշխարհին ազդանշաններ էին հաղորդվում, որ Վրաստանին ոչ ոք չի կարող որեւէ բան թելադրել, իսկ նրա ինքնիշխանությունը միակ եւ անվերապահ արժեք է։ Այս գարնանը վրաց առաջնորդներն ու «Վրացական երազանքի» քաղաքական գործիչները մեկ անգամ չէ, որ զարմացրել են դիտորդներին Արեւմուտքին ուղղված խիստ պատասխաններով՝ ի պատասխան ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննադատությանը:

Բիձինա Իվանիշվիլին մեղադրում էր Արեւմուտքի «գլոբալ պատերազմի կուսակցությանը»՝ Վրաստանին Ռուսաստանի հետ թեժ հակամարտության մեջ ներքաշելու ցանկության մեջ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսում էր երկրի ներսում արեւմտյան ուժերի եւ նրանց գործակալների մասին, որոնք ցանկանում են «երկրորդ ճակատ բացել եւ ուկրաինացնել Վրաստանը»։

Հակաարեւմտյան վարկանիշում առաջատարի դիրքին միանշանակ կարող է հավակնել «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Մեկնաբանելով օրենքի ընդունման մեջ ներգրավված անձանց համար վիզային սահմանափակումներ մտցնելու ԱՄՆ սպառնալիքները՝ նա վրդովմունք էր հայտնել, որ վրացի քաղաքական գործիչների տեղաշարժի ազատությունը սահմանափակվում է այն պատճառով, որ «երկրի բնակչության մեծամասնության կողմից ընտրված խորհրդարանը ընդունում է օրենք, որը վերաբերում է միայն մեկ բանին՝ թափանցիկությանը», եւ հայտարարել էր, որ Վրաստանն ու ԱՄՆ-ն, պարզվում է, այժմ «գործընկերներ կամ բարեկամներ չեն, այլ... թշնամիներ, այդպես է ստացվում»։

Վրացական իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ վիճահարույց օրենքը «ավելի լավ հիմք կստեղծի ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունն ապահովելու համար», բացահայտ ծաղրանք է թվում։ Սակայն ընդհանուր առմամբ ակնհայտ է արմատական փոփոխություն. 2000-ականներին Թբիլիսիի փողոցները անվանակոչում էին ԱՄՆ նախագահ Բուշի անունով, իսկ այսօր Վրաստանի իշխանությունները ԱՄՆ-ին «թշնամի» են հռչակում։

Էվոլյուցիան տպավորիչ է: Արեւմուտքի եւ հետխորհրդային այն երկրների հարաբերություններում, որոնք Եվրամիությանն անդամակցելը իրենց նպատակն են համարում, նման բան երբեք չէր եղել։ Վրաստանի իշխանությունները նախադեպ են ստեղծել. երկիրը, որի սահմանադրության մեջ եվրատլանտյան ինտեգրացիան ամրագրված է որպես ռազմավարական նպատակ (ի դեպ, 2017 թվականին հենց «Վրացական երազանքն» է մտցրել այդ ուղղումը), աննախադեպ առճակատման է գնում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ։

Անպատժելիության հաշվարկը

Սակայն առայժմ Վրաստանի իշխանություններն իրենց գործողությունների համար հետեւանքների չեն հանդիպել։ Բրյուսելի եւ Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաների ամպագոռգոռ եւ սպառնալից հայտարարությունները մնում են միայն հայտարարություններ։ Խոսքից գործի ոչ ոք չի անցնում։

Դա կարելի է բացատրել նրանով, որ նոր օրենքի խախտման համար, այսինքն՝ Արդարադատության նախարարությանը արտաքին ֆինանսավորման վերաբերյալ տվյալներ չտրամադրելու համար, հնարավոր կլինի պատժել միայն հաջորդ տարվանից։ Հաշվետվության վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի վերջն է։ Այսպիսով, մոտ ապագայում ոչ մի հասարակական կազմակերպություն կամ արտասահմանյան դրամաշնորհների վրա աշխատող լրատվամիջոց չի տուժի։ Դա նշանակում է, որ իշխանությունների նկատմամբ պատժամիջոց կիրառելու առիթ չկա։

Լուսանկարը` REUTERS


Երկրորդը՝ եթե Վրաստանի ղեկավարությանը հիմա պատժեն, իսկ հոկտեմբերին «Վրացական երազանքը» հերթական անգամ հաղթի ընտրություններում (ինչը շատ հավանական է), ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ստիպված կլինեն գործակցել նրանց հետ, ում դեմ պատժամիջոցներ էին կիրառել։ Դա կարող է անհարմար լինել: Ուստի, ամենայն հավանականությամբ, Արեւմուտքում կնախընտրեն սպասել աշնանային քվեարկության արդյունքներին, իսկ հետո որոշել իրենց անելիքը։

Երրորդը՝ արեւմտյան պատժամիջոցներն այն քաղաքական գործիչների դեմ, ովքեր ասում են, թե իրենց նպատակը երկիրը դեպի ԵՄ տանելն է, բավականին տարօրինակ կլինեն։ Էլ չասենք այն մասին, որ նման պատժամիջոցները կարող են խրախուսել Թբիլիսիին վերանայել իր քաղաքականությունը ռուսական ուղղությամբ՝ Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման առումով։ Հակառակորդները տարիներ շարունակ «Երազողներին» որակում էին ռուսամետ ուժ, ուստի ինչո՞ւ չսկսել համապատասխանել այս պիտակին:

Հատկապես եթե Մոսկվան մեկ անգամ չէ, որ բացահայտ հավանություն է տվել վրացական իշխանությունների գործողություններին եւ գովել նրանց օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հարցում սկզբունքային մոտեցման համար։ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Զուրաբիշվիլիի վետոն հաղթահարելով՝ Վրաստանի խորհրդարանը հաստատուն կամք եւ հասունություն է դրսեւորել», -  Վրաստանում տիրող իրավիճակը այսպես է մեկնաբանել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Կարասինը երկար տարիներ կարեւոր դեր է խաղացել Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հաղորդակցության մեջ։ Մինչեւ 2019 թվականը զբաղեցնելով արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը՝ նա զբաղվում էր հետխորհրդային տարածքով եւ հատկապես Վրաստանով։ Այժմ սենատորը ռուսական կողմից պատասխանատու է Թբիլիսիի հետ ոչ պաշտոնական երկխոսության համար․ դիվանագիտական հարաբերությունները երկրների միջեւ խզված են 2008 թվականից։

Այսպիսով, այն, ինչ հեռարձակում է Գրիգորի Կարասինը, կարելի է համարել Մոսկվայի պաշտոնական դիրքորոշում. Թբիլիսիի ինքնուրույնությունը գնահատվում է դրական, ինչը նշանակում է, որ «երազողների» հետ կարելի է գործ ունենալ։

Թե դա ինչ գործ կարող է լինել, նույնպես պարզ է։ «Վրաստանի երազանքն է անկախության վերականգնման 40-ամյակին՝ 2030 թվականին, ապրել միասնական եւ ուժեղ Վրաստանում՝ մեր աբխազ եւ օս եղբայրների եւ քույրերի հետ միասին։ Միասնական եւ ուժեղ Վրաստանը պետք է դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ 2030 թվականին»,- հայտարարել էր վարչապետ Իրակլի Կոբախիձեն մայիսի 26-ին՝ երկրի անկախության օրը։

Ռուսաստանում դա դժգոհություն չէր առաջացրել։ «Ոչ ոք չի կարող արգելել քննարկումներն այն մասին, թե ինչպես է ապրելու Վրաստանը 2030 թվականին», - արձագանքել էր Գրիգորի Կարասինը։

Մանեւրելու տարածություն

Կառավարության ղեկավարի նախանշած նպատակն իրականում բաղկացած է ոչ թե մեկ, այլ երկու երազանքից։ Առաջինի իրականացումը` ԵՄ-ին անդամակցելը, կախված է Արեւմուտքից։ Երկրի վերաինտեգրումն՝ արդեն Ռուսաստանից։ Երկու երազանքներն էլ այնքան էլ իրատեսական չեն թվում: Բայց քաղաքականությունը ոչ միայն հնարավորի, այլեւ անհնարինի արվեստն է։

Ընդունելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրության առաջ կանգնեցրեց Ռուսաստանն ու Արեւմուտքը։ Վրաստանի նախկին վարչապետ, այժմ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին ուղղակիորեն հայտարարել է օրենքը չեղարկելու պայմանը. «Եթե մեզ ասեն, որ վաղը մենք կդառնանք Եվրամիության անդամ, ապա շատ հեշտ կլինի օրենքը չեղարկել, վերանայել, վերափոխել կամ ընդունել նորը»: Ի՞նչ է սա, եթե ոչ սակարկության հրավեր:

Բոլորը սովոր են, որ հենց Ռուսաստանն ու Արեւմուտքն են փոքր երկրներին ընտրության առջեւ կանգնեցնում՝ կա՛մ մեզ հետ եք, եւ այդ դեպքում մեզանից բոնուսներ կստանաք, կա՛մ մեզ հետ չեք, եւ այդ դեպքում ոչ մի լավ բանի մի սպասեք։ Սակայն վրացական իշխանությունները որոշեցին հակառակն անել՝ առաջարկելով իրենց «կամ-կամ»-ը։

Լուսանկարը` REUTERS


Այժմ ոչ թե Թբիլիսին պետք է Ռուսաստանի կամ Արեւմուտքի բարեհաճությունը փնտրի, այլ վերջիններս քայլեր ձեռնարկեն։ Վրաստանի ղեկավարությունն ուղղակիորեն ասում է, որ եթե Եվրամիությունը ցանկանում է Վրաստանը պահել իր ուղեծրում, ապա պետք է նրան ոչ թե եվրոպական հեռանկարի խոստումներով կերակրել եւ պահանջների հերթական ցուցակներ ուղարկել, այլ փաստացի ընդունել երկիրը ԵՄ։

Առաջընթացի բացակայության դեպքում Վրաստանն ունի այլընտրանքային երազանք՝ վերաինտեգրում։ Այս թեմայի ուսումնասիրությունը պահանջում է ավելի խորը փոխգործակցություն արդեն ոչ թե Արեւմուտքի, այլ Ռուսաստանի հետ, որը ազդեցության լծակներ ունի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վրա։ Թբիլիսին արդեն ապացուցել է, որ քաջություն ունի չենթարկվելու ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին։ Այժմ Մոսկվայի հերթն է հանդես գալ նախաձեռնությամբ։

Վրաստանին տարածքների վերադարձին աջակցում է բնակչության բացարձակ մեծամասնությունը. նրանց թիվը համեմատելի է եվրաինտեգրման կողմնակիցների թվի հետ։ Ավելին, ըստ հարցումների, եթե ստիպված լինեն ընտրել մեկը, ապա վրացիների երեք քառորդից ավելին կընտրի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերադարձը, քան ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին միանալը: Այսպիսով, եթե Ռուսաստանը նույնիսկ պարզապես աջակցի վերաինտեգրման գործընթացի մեկնարկին, դա կարող է ավելի կարեւոր լինել «Վրացական երազանքի» ժողովրդականության համար, քան հետընթացը եվրաինտեգրման գործընթացում:

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին