Ներկայացնում ենք քաղաքագետ, Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանի From Central Europe to the Indo-Pacific: Azerbaijan Undermines Ukraine's War Effort հոդվածի հայերեն թարգմանությունը:
Էդուարդ Աբրահամյան
Ռուսաստանի եւ Ադրբեջանի ավտորիտար վարչակարգերի քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական դաշինքը գնալով ավելի ակնհայտ է դառնում, հատկապես, որ երկուսն էլ առաջ են մղում Հարավային Կովկասում ոչ արեւմտյան տարածաշրջանային կարգը: Այս դաշինքը մարմնավորվում է ուժի կիրառման, էթնիկ զտումների եւ արեւմտյան շահերին, արժեքներին եւ նորմերին հակասող վարքագծի կանոնակարգումը, ինչի մասին վկայում են Ռուսաստանի գործողություններն ընդդեմ Ուկրաինայի եւ Ադրբեջանի գործողությունները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Արեւմուտքի եւ ոչ Արեւմուտքի միջեւ սրվող մրցակցային բազմաբեւեռության պայմաններում Պուտին-Ալիեւ դաշինքն աստիճանաբար ձեռք է բերում ֆորմալ շրջանակ՝ 2008-ին հաստատված ռազմավարական գործընկերությունը հասցնելով «դաշնակցային փոխգործակցության» մակարդակի: Այս հատուկ հարաբերությունն ընդգծեց երկրների ղեկավարների կողմից Մոսկվայում կարեւոր երկկողմ հռչակագիրը, որը ստորագրվեց 2022-ի փետրվարի 22-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից երկու օր առաջ: Ինչպես հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, «Ադրբեջանը Ռուսաստանի կարեւոր ռազմավարական գործընկերն է, լավ հարեւանը եւ հուսալի դաշնակիցը»: Ի պատասխան դրան՝ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը, էթնիկապես զտված Լեռնային Ղարաբաղից ռուս «խաղաղապահների» դուրսբերման լույսի ներքո, ընդգծեց, որ «տարածաշրջանային անվտանգության առումով Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում եւ ավելի լայն աշխարհագրության մեջ», որ «Ռուսաստանը երբեք չի հեռանա այս տարածաշրջանից», եւ ենթադրեց, որ «մյուս երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու մեջ»:

Լուսանկարը` REUTERS
Այնուամենայնիվ, Պուտինի եւ Ալիեւի խոստումը՝ հզորացնել «դաշնակցային փոխգործակցությունը», չի սահմանափակվում Հարավային Կովկասով, այլ վերաճում է գլոբալ ռազմավարական համագործակցության: Այն մասամբ պայմանավորված է այսպես կոչված «արեւմտյան նեոգաղութատիրության» դեմ աշխարհաքաղաքական պայքարը միավորելու համատեղ տեսլականով, ինչպես միաձայն ասել են Ալիեւի եւ Պուտինի ռեժիմները՝ արեւմտյան արժեքների եւ շահերի հաշվին: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի վերջին գործողությունները վիժեցնում են Ուկրաինայի պատերազմական ջանքերը՝ ի շահ Մոսկվայի:
Բուլղարիա-Ադրբեջան պաշտպանական գործընկերություն
Նախ՝ Բուլղարիայում արտադրված հրետանային զինամթերքը, որն ի սկզբանե նախատեսված էր Ուկրաինայի համար, վերահասցեավորում է դեպի Ադրբեջան: Սոֆիան Բաքվի ռազմավարական գործընկերն է 2015 թվականից՝ Բուլղարիայի էներգետիկ շուկայում Ադրբեջանի աճող դերի պատճառով (այն է՝ բնական գազի մատակարարում եւ տարանցիկ ենթակառուցվածքների շահագործում):
Պակաս հայտնի է այն փաստը, որ 2016-2017 թվականներին Ադրբեջանը ցանկություն հայտնեց մուտք գործելու Բուլղարիայի պաշտպանական ոլորտ: Ըստ բուլղարացի հետաքննող լրագրողի (որը խնդրել է անանուն մնալ խնդրի զգայունության պատճառով)՝ Ադրբեջանը փորձել է ներդրումներ կատարել DUNARIT Corporation-ում, Arcus Co.-ում եւ Armaco JSC-ում, որոնք բուլղարական հայտնի ռազմական արտադրողներ են: Ադրբեջանը հատկապես հետաքրքրված էր խորհրդային ժամանակաշրջանի ականանետային զինամթերքի եւ հրետանային զինամթերքի (այդ թվում՝ 122 մմ-ոց առանձին բեռնման արկերի) արտադրությամբ եւ ներմուծմամբ:
Համաշխարհային շուկայում խորհրդային/ռուսական ստանդարտի զինամթերքի սահմանափակ հասանելիության եւ ուկրաինական հրետանու դեֆիցիտի պայմաններում բուլղարական արտադրողները, ըստ երեւույթին, վերահասցեավորել են մատակարարումը Ադրբեջան: Flightradar24-ի տվյալները ցույց են տալիս փետրվարի կեսից մինչեւ մարտի կեսերը Ադրբեջանի ԶՈւ Il-76MD նավատորմի կանոնավոր բեռնափոխադրումները (վեց հաստատված հետդարձով թռիչքներ) Բուրգասի եւ Բաքվի միջեւ: Սա ենթադրում է, որ Ադրբեջանը ներգրավված է բուլղարական ռազմական արտադրության մեջ եւ մասամբ խափանում է մատակարարումը Ուկրաինա: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից մի աղբյուր ենթադրում է, որ Ադրբեջանին զենք մատակարարելու առաջնահերթությունը ազդել է Ուկրաինա առաքվող բուլղարական զենքի քանակի եւ ժամկետների վրա: Դա համապատասխանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բողոքին՝ Կիեւում Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ բանակցություններից հետո: Զելենսկին մտահոգություն հայտնեց, որ նշված ժամկետում Բուլղարիայի կողմից խոստացված հրետանային արկերի ընդամենը 30 տոկոսն է հասել Ուկրաինա:
Չնայած Ուկրաինային ռազմական մատակարարման այս խափանումները համեմատաբար փոքր են, Ադրբեջանի դերը աշխարհաքաղաքական նշանակություն ունի: Այս նպատակային խափանումները Բաքվին հնարավորություն են տալիս ընդլայնել իր ռազմավարական արժեքը Մոսկվայի համար:
Սլովակիայի օգտագործումը. Ուկրաինա զենքի դիվերսիա
Երկրորդ՝ ապացույցներ կան, որ Ադրբեջանի պատճառով հետաձգվել է չեխական եւ սլովակյան զենքի մատակարարումը Ուկրաինա: Սլովակիա-Ադրբեջան հարաբերությունները ծաղկել են Ռոբերտ Ֆիցոյի կառավարության օրոք, որը 2023-ի հոկտեմբերին երրորդ անգամ ստանձնեց վարչապետի պաշտոնը: Ֆիցոն, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ուկրաինային ռազմական աջակցության բացահայտ հակառակորդն էր, 2024-ի մարտ-ապրիլին կրճատեց Կիեւին տրամադրվող ռազմական օգնությունը: Քաղաքականության այս փոփոխությունը ազդեց Չեխիայի հետ համատեղ հրետանային հարթակների եւ այլ կարեւոր մահաբեր ռազմական տեխնիկայի արտադրության եւ գնման վրա, որոնք էական են Ուկրաինայի համար:
Ֆիցոյի ավտորիտար հակումը (որը բնութագրվում է ներքին իշխանության համախմբմամբ եւ ռուսամետ քաղաքականությամբ) թույլ տվեց Ադրբեջանին ազդել Սլովակիայի եւ Չեխիայի ռազմական արտահանման արտադրական գործընթացների վրա՝ վերահասցեագրելով որոշ սարքավորումներ, որոնք նախկինում նախատեսված էին Ուկրաինայի համար:

Լուսանկարը` REUTERS
Մայիսի 7-ին Բաքու այցելելիս Ֆիցոն եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրեցին Ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության փաստաթղթեր (կողմերը նպատակ ունեն հիմնել ադրբեջանա-սլովակյան համատեղ ռազմական արտադրություն): Հետաքրքիր է, որ Ֆիցոյի այցը Բաքու համընկավ այն բացահայտման հետ, որ չեխական/սլովակյան Excalibur Army ընկերությունը Ադրբեջանին մատակարարելու է ավելի քան 70 միավոր 155 մմ/L45 DITA ինքնագնաց հաուբիցներ, ինչը 1989-ից ի վեր չեխական/սլովակյան հրետանային համակարգերի ամենամեծ պատվերն է: Այս համատեքստում հատկանշական է Ֆիցոյի եւ Ալիեւի համատեղ հայտարարությունը. «Երբ լսեցի [Ալիեւի] դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ, մտածեցի, որ դա Սլովակիայի կառավարության դիրքորոշումն է: Այսինքն՝ մենք շատ նման դիրքորոշում ունենք»:
Ֆիցոյի այցից հետո Սլովակիայի կառավարությանը մեղադրեցին, որ ռազմական գործարքների առաջնահերթությունը տալիս է Ադրբեջանին, այլ ոչ Ուկրաինային (Սլովակիան Ուկրաինային խոստացել էր 16 միավոր Zuzana 2 հաուբից): Մասնավորապես, սլովակ պատգամավոր Յուրայ Կրուպան նշել է, որ Սլովակիայի պաշտպանության նախարարը առաջնահերթություն է տվել Ադրբեջանի (եւ չեխական արտադրողի պատվերներին)՝ Ուկրաինայի հետ գործող պայմանագրի փոխարեն: Ադրբեջանի միջամտությունը Սլովակիայում եւ Բուլղարիայում սրելու են Ուկրաինայում հրետանու պակասը՝ ի օգուտ Ռուսաստանի առաջխաղացման:
Ադրբեջանը եւ Ռուսաստանը համագործակցում են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
Երրորդ զարգացումը, որը կարող է ազդել ուկրաինական պատերազմի դինամիկայի վրա, ադրբեջանա-ռուսական համատեղ հետախուզական գործողությունն է Ֆրանսիայի դեմ նրա անդրծովյան տարածքում՝ Խաղաղ օվկիանոսի Նոր Կալեդոնիա արշիպելագում: Մայիսի 16-ին Նոր Կալեդոնիայի բնիկների բողոքի ցույցերը վերաճեցին ֆրանսիական իշխանությունների դեմ կատաղի խռովությունների: Ըստ Ֆրանսիայի կառավարության՝ բռնության սրումը հրահրել են ադրբեջանական հետախուզական ծառայությունները՝ Ռուսաստանի հետ հնարավոր համակարգմամբ:
Ադրբեջանը դիվերսիոն արշավ է սկսել Ֆրանսիայի դեմ 2020-ի վերջից: 2020-ի Երեւանի ռազմական պարտությունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Ֆրանսիայի Սենատի աջակցությամբ, սատարեց Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Ֆրանսիայի կառավարությունը դատապարտեց նաեւ Ադրբեջանի կողմից ուժի կամայական կիրառումը, որը գագաթնակետն էր 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկական զտումը: Այս ընթացքում Ադրբեջանը որդեգրեց առճակատման մոտեցում՝ ստիպելու Ֆրանսիային հրաժարվել Լեռնային Ղարաբաղին աջակցող քաղաքականությունից եւ Հայաստանի ռազմական հզորացումից: Այս ջանքերի շրջանակներում Բաքուն հմտորեն հրահրեց, համախմբեց եւ օգտագործեց Ֆրանսիայի էթնոքաղաքական փոքրամասնությունների դժգոհությունները Փարիզի դեմ:

Լուսանկարը` REUTERS
Բաքվի մոտեցումը կրկնօրինակում է Մոսկվայի պատասխանը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ հետսառըպատերազմյան միաբեւեռ օրակարգին: Ե՛վ Պուտինը, եւ՛ Ալիեւը հանդես են գալիս ոչ ժողովրդավարական, ոչ ազատական աշխարհակարգի օգտին՝ «արեւմտյան նեոգաղութատիրության» դեմ պայքարի քողի տակ: Վերջին տարիներին Բաքուն, ի թիվս այլոց, կապեր է հաստատել Կորսիկայի, Ֆրանսիական Պոլինեզիայի եւ Նոր Կալեդոնիայի անկախության շարժումների հետ՝ այսպես կոչված Բաքվի նախաձեռնող խմբի (ԲՆԽ) ստեղծման միջոցով: Այս խմբի հավաքական նպատակն արտահայտված է նրա քաղաքական կարգախոսում՝ «դեպի գաղութատիրության լիակատար վերացում»: ԲՆԽ-ի պլատֆորմը (որը առաջ է տանում է բացահայտ հակաֆրանսիական, եվրասկեպտիկ պատումը), ներառում է շուրջ 14 էթնոքաղաքական շարժումներ եւ՛ Ֆրանսիայից, եւ՛ նրա անդրծովյան տարածքներից: Ֆրանսիական շահերի դեմ Ադրբեջանի արշավը խթանվում է նաեւ այլ ուղիներով, ներառյալ՝ Չմիավորման շարժումը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը եւ ավտորիտար դաշնակիցների՝ օրինակ Ռուսաստանի եւ Չինաստանի, հետ երկկողմ հարաբերությունները:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը բացահայտորեն խոսել է Նոր Կալեդոնիայում հակաֆրանսիական ապստամբությունում Ադրբեջանի անմիջական մասնակցության մասին: Նախարարն ասել է. «Սա երեւակայություն չէ: Ես ափսոսում եմ, որ [Նոր Կալեդոնիայի] անջատականներից ոմանք գործարք են կնքել Ադրբեջանի հետ»: Politico-ն՝ ֆրանսիական հետախուզության աղբյուրների միջոցով, բացահայտեց նաեւ, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հիբրիդային գործունեությունը Նոր Կալեդոնիայում ի հայտ է եկել շաբաթներ, նույնիսկ ամիսներ առաջ՝ «խրախուսելով Ֆրանսիայի՝ որպես գաղութատիրական պետության պատումը»: Պարծենալով, որ Ադրբեջանը մասնակցել է Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում հակափարիզյան տրամադրությունների բորբոքմանը, քաղաքական գործիչ Ֆարհադ Մամեդովը (նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւի հովանավորյալը) պնդում է, որ «Ֆրանսիան թուլացնելու համակարգված ջանքերը պետք է անդադար շարունակվեն»: Մամեդովը նաեւ նախազգուշացրել է, որ «եթե անգամ ֆրանսիական կողմը հարաբերությունների կարգավորում նախաձեռնի, Բաքուն չպետք է զիջի: Սա ոչ միայն Ադրբեջանի արձագանքն է մեր տարածաշրջանում Ֆրանսիայի ագրեսիվ քաղաքականությանը, այն նաեւ աշխարհակարգի վերաբերյալ ապագա քննարկումներում Ադրբեջանի դիրքորոշման մեխանիզմը»:
Կարեւոր է նաեւ նշել, որ Բաքվի եւ Մոսկվայի արձագանքը Նոր Կալեդոնիայում անկարգություններին չափազանց նման էր եւ գաղափարական հռետորաբանությամբ երանգավորված: Օրինակ՝ ի պատասխան Էմանյուել Մակրոնին ուղղված Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերին ՝ Անկախության օրը այցելելու Վրաստան, որպեսզի «Կովկասը վերջնականապես ազատագրվի ռուսական ազդեցությունից», ՌԴ ԱԳՆ խոսնակը հեգնանքով նշել էր, որ «Փարիզը կարող է ազատագրել միայն Նոր Կալեդոնիայի բնիկներին իր լծից»:

Լուսանկարը` REUTERS
Բաքվի հետ Կրեմլի աճող ռազմավարական գործընկերության պայմաններում Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը վերջերս հայտարարեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտված շրջանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու Մոսկվայի պլանների մասին: Ուշագրավ որոշումը, հավանաբար, կապված է Նոր Կալեդոնիայում ադրբեջանա-ռուսական գործողության հետ: Ռուսաստանի ԱԳՆ-ից անանուն աղբյուրը Մոսկվայի ժեստը մեկնաբանել է որպես «երախտագիտության նշան» վերջին ամիսներին գլոբալ հարթակում երկու երկրների արդյունավետ համագործակցության համար:
Նոր Կալեդոնիայում ադրբեջանա-ռուսական հետախուզական գործողությունը կարող է ստիպել Փարիզին վերանայել Ուկրաինա զորք ուղարկելու իր ծրագրերը, ինչը նախագահ Մակրոնն ապրիլին չէր բացառել: Կրեմլը կատաղի հակազդեց եվրոպական խաղացողների շրջանում Ուկրաինային ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերելու Փարիզի ջանքերին, եւ Պուտինի վարչակազմը խոստացավ պատասխան հարված հասցնել ֆրանսիական անձնակազմին: Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատան նախկին դիվանագետը մեզ հետ մասնավոր զրույցի ժամանակ ենթադրեց, որ Նոր Կալեդոնիայում ֆրանսիական քաղաքական եւ ռազմական ռեսուրսների ներգրավվածությունը, հավանաբար, կխանգարի նախագահ Մակրոնի՝ Ուկրաինա զորք ուղարկելու ծրագրերին:
Եզրակացություն եւ առաջարկություններ
Ադրբեջանի կողմից ուկրաինական մատակարարման շղթաների եւ պաշտպանական կարողությունների խաթարումը համեմատաբար նոր մարտահրավեր է Կիեւի համար եւ Մոսկվային լրացուցիչ լծակներ է տրամադրում Արեւմուտքի նկատմամբ: Ֆրանսիայի դեմ ադրբեջանա-ռուսական դիվերսիոն արշավը կարող է խախտել Մակրոնի ծրագրերը՝ միջամտելու ուկրաինական պատերազմին, եւ սահմանափակել Կիեւի հնարավորությունները՝ հետ մղելու ռուսական առաջխաղացումը: Այստեղից էլ գալիս է Մոսկվայի շահագրգռվածությունը սահմանափակելու Ֆրանսիայի գործողությունները: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի գործունեությունը եւ Ռուսաստանի հետ աճող համագործակցությունը ընդգծում են ավտորիտար ուժերի համակարգման արդյունավետությունը եւ աճող սպառնալիքը Արեւմուտքի շահերին:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: