Ներկայացնում ենք լեհական Krytyka Polityczna շարժման հիմնադիր Սլավոմիր Սիերակովսկու հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Սլավոմիր Սիերակովսկի
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի եւ Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսկու վերջին ելույթները ցույց են տալիս, թե որքան է փոխվել եվրոպական մտածողությունը 2022-ի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո: Քանի որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հավանություն է տվել Մակրոնի հիմնական ուղերձին, գուցե Եվրամիությունը մոտ է ավելի դինամիկ, համահունչ արտաքին քաղաքականությանը:
Ինքը՝ Մակրոնը, երկար ճանապարհ է անցել: Դեռ 2019-ին նա, ինչպես հայտնի է, նախազգուշացրեց, որ ՆԱՏՕ-ի «ուղեղը մեռնում է», Եվրոպայի համար ավելի մեծ ռազմավարական ինքնավարության կոչ արեց եւ նույնիսկ բացահայտորեն վիճարկեց ԱՄՆ-ի (այլ ոչ միայն Թրամփի վարչակազմի) քաղաքականությունը: Թեեւ շատերը համարեցին, որ նա սխալվել էր, նրա սխալ ախտորոշումը դրական հետեւանքներ ունեցավ: Ի վերջո, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ի ուղեղը մահացած չէր, այն առնվազն կոմայի մեջ էր, իսկ եվրոպական անդամներից շատերը զինաթափվել էին Խորհրդային Միության փլուզումից հետո: Եվրոպան պետք է սովորեր սեփական ոտքերի վրա կանգնել:
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա վերածնեց ՆԱՏՕ-ն եւ նույնիսկ հանգեցրեց դաշինքի ընդլայնմանը՝ ներառելով Ֆինլանդիան ու Շվեդիան: Ավելին, Եվրոպան սկսեց համատեղ պաշտպանական քաղաքականություն մշակել. հավաքականորեն զենք գնեց, սկսեց ավելի արդյունավետորեն համակարգել գործողությունները, Ուկրաինային ռազմական ու տնտեսական աջակցության հարցում հավասարվեց ԱՄՆ-ին:
Մակրոնի վերջին ելույթի հիմնական ուղերձը պարզ էր. «Մեր Եվրոպան մահկանացու է: Այն կարող է մեռնել»: Սա համապատասխանում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի նախազգուշացմանը, որ Եվրոպան այժմ «նախապատերազմյան դարաշրջանում» է: Ավելին, նկարագրելով Եվրոպան որպես ընդհանուր լիբերալ-դեմոկրատական նախագիծ՝ Լիսաբոնից մինչեւ Օդեսա, Մակրոնը լուրջ ակնարկ արեց ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին:
Եվրոպան սպառնալիքներ ունի ոչ միայն անվտանգության տեսանկյունից (Ռուսաստանի կողմից), այլեւ բարգավաճման, ինչը պայմանավորված է համաշխարհային էներգետիկ շուկաների խափանումներով, ԱՄՆ-ի եւ Չինաստանի պրոտեկցիոնիստական եւ արդյունաբերական քաղաքականությամբ եւ այլ գործոններով: Հեղափոխական նախագծեր առաջարկելու իր բնավորության համապատասխան՝ Մակրոնն այժմ կոչ է անում կրկնապատկել ԵՄ բյուջեն՝ զգալիորեն ավելացնելով պետական ծախսերը արհեստական բանականության, քվանտային հաշվարկների, տիեզերական տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիայի եւ էներգիայի ոլորտներում:

Լուսանկարը` REUTERS
Այդ առաջարկը, անշուշտ, կվրդովեցնի գերմանացիներին, ինչպես նաեւ Մակրոնի գաղափարները եվրոպական կորպորատիվ «չեմպիոններ» ստեղծելու, պաշտպանական գնումներում «եվրոպական նախապատվություն» սահմանելու եւ Եվրոպական կենտրոնական բանկին աճին աջակցելու լրացուցիչ մանդատ հատկացնելու մասին՝ ի լրումն գնաճի դեմ պայքարի: Եվ այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվել է վերջերս վատթարացող ֆրանս-գերմանական հարաբերություններում: Մակրոնի ելույթից անմիջապես հետո Շոլցը գրեց Թվիթերում. «Ֆրանսիան ու Գերմանիան ցանկանում են, որ Եվրոպան ուժեղ մնա: Ձեր ելույթում լավ գաղափարներ կան, թե ինչպես հասնել դրան... Միասին մենք ԵՄ-ն առաջ ենք տանում՝ քաղաքական եւ տնտեսական առումով: ԵՄ-ն ինքնիշխան եւ նորարար է: Կեցցե՛ Եվրոպան»:
Լեհաստանի խորհրդարանի առջեւ ունեցած իր ելույթում Սիկորսկին ավելի հեռուն գնաց: Մակրոնի պես՝ նա կարծում է, որ «Միությունը պետք է դառնա աշխարհաքաղաքական դերակատար, որը հավասարազոր է մյուս միջազգային ուժերին», եւ կոչ արեց բարեփոխումներ իրականացնել, որպեսզի Եվրոպական խորհուրդը հրաժարվի խիստ միաձայն որոշումներ կայացնելուց: «Լեհաստանն ու լեհ ժողովուրդն արժանի են լինելու առաջատարներից մեկը ավելի լայն եվրաինտեգրման գործընթացում,- հայտարարեց նա: - Առաջնորդը, ըստ սահմանման, նա է, ով կարող է հասնել իր նպատակներին այնպես, որ աջակիցներ գրավի... Լեհաստանն ունի այս ներուժը»:
Եթե Մակրոնի եւ Սիկորսկու ելույթները համահունչ են, դա մասամբ այն պատճառով է, որ Լեհաստանի արտաքին քաղաքականությունը վերջապես կրկին համապատասխանում է իր մերձավոր դաշնակիցների քաղաքականությանը: Անդրատլանտյան կոնսենսուսն այն է, որ պաշտպանական քաղաքականությունը պետք է կանգնի երկու սյուների վրա՝ ամերիկյան եւ եվրոպական: Նույնիսկ Գերմանիան գիտակցեց դա եւ այժմ Ուկրաինայի ամենակարեւոր եվրոպական աջակիցն է:
Լեհաստանի (եւ մերձբալթյան երկրների համար) Եվրոպայի ռազմավարության հիմնավոր փոփոխությունն ակնհայտորեն ողջունելի է՝ հաշվի առնելով Ռուսաստանին մոտ լինելը: Ուստի ուրախալի էր լսել՝ ինչպես է Սիկորսկին իր ելույթում բազմիցս բացահայտորեն նշում լեհ-գերմանական մերձեցումը:
Սիկորսկին նաեւ ուրվագծեց Լեհաստանի առաջնահերթությունները ԵՄ-ում իր նախագահության համար, որը կսկսվի 2025-ին: Այն կենտրոնանալու է անվտանգության եւ ժողովրդահաճության դեմ վերպետական պայքարի վրա: Լեհաստանն մեծ վստահություն եւ փափուկ ուժ ունի այս հարցում՝ հաշվի առնելով ոչ լիբերալ Օրենք եւ Արդարություն (PiS) կառավարության փորձը, որին ընտրողները վճռականորեն մերժեցին անցյալ հոկտեմբերին կայացած ընտրություններում:
Վերադարձը նորմալության կարծես դանդաղ հեղափոխություն էր, քանի որ լեհ ընտրազանգվածը փաստացիորեն բաժանված է երկու մասի՝ հակադիր արտաքին քաղաքականությամբ: Նույնիսկ Լեհաստանի «Երկրորդ Հանրապետությունը» (1918-1939), որն արագորեն միավորվեց Առաջին համաշխարհային պատերազմի վերջում՝ շտկելու պրուսական, հաբսբուրգյան եւ ռուսական կայսրությունների 18-րդ դարի բաժանումները, նման հակադիր քաղաքականություն չուներ: Թեեւ պատերազմող լեհական խմբակցությունները կտրեցին միմյանց թեւերը, նրանց ռազմավարական հայացքները մեծ մասամբ փոխլրացնող էին: Հետագայում բոլորը համաձայնեցին, որ սոցիալիստների առաջնորդ Յոզեֆ Պիլսուդսկին Լեհաստանին պարգեւեց իր արեւելյան սահմանը, իսկ ազգայնականների առաջնորդ Ռոման Դմովսկին, որը մասնակցեց Վերսալի համաժողովին, երկրին տվեց արեւմտյան սահմանը:

Լուսանկարը` REUTERS
Ինչ էլ մտածենք Դմովսկու մասին, նա ռազմավարական հայեցակարգ ուներ եւ բացարձակ դժգոհության արտաքին քաղաքականություն չէր վարում, ինչպես PiS-ի առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին՝ Գերմանիայի նկատմամբ: Պատմականորեն, երբ գերմանացիները Լեհաստանի ամենամեծ բացահայտ սպառնալիքն էին, Ռուսաստանի հետ երկխոսություն ցանկանալը ինչ-որ տեղ իմաստալից էր (այժմ տարօրինակ է, որ լեհ աջերը ավանդաբար ռուսամետ էին):
Այսօր դերերը փոխվել են. Ռուսաստանն է գլխավոր սպառնալիքը, իսկ Գերմանիան՝ Լեհաստանի պոտենցիալ բարեկամն ու գործընկերը: Հավատալ գերմանացիների մասին 1930-ականների կլիշեներին ոչ միայն ժամանակավրեպ է, այլ վտանգավոր ապուշություն: Քարտեզը, որն օգտագործում է Կաչինսկին, գոյություն ունի միայն նրա գլխում:
Եվրոպայից եկող նոր ազդանշանները վկայում են 1991-ից հետո Վայմարի եռանկյունու (Ֆրանսիա, Գերմանիա եւ Լեհաստան) վերագործարկման մասին: Բայց այն այլեւս չի լինի սոսկ տարածաշրջանային կամ խորհրդանշական դաշինք. ավելի շուտ, եթե այն պահպանվի, կդառնա ԵՄ նոր շարժիչը, ինչպես նաեւ Լեհաստանի ինքնիշխանությանն աջակցող նոր հենասյուն:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: