Մակրոնը պետք է դուրս գա եվրոպական դրամայի գլխավոր հերոսի դերից - Mediamax.am

exclusive
1508 դիտում

Մակրոնը պետք է դուրս գա եվրոպական դրամայի գլխավոր հերոսի դերից


Էմանյուել Մակրոնը
Էմանյուել Մակրոնը

Լուսանկարը` REUTERS

Էմանյուել Մակրոնը
Էմանյուել Մակրոնը

Լուսանկարը` REUTERS

Էմանյուել Մակրոնը եւ Օլաֆ Շոլցը
Էմանյուել Մակրոնը եւ Օլաֆ Շոլցը

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի տնօրեն Մարկ Լենարդի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Մարկ Լենարդ

Անցյալում են այն ժամանակները, երբ Եվրոպան էներգիա էր գնում Ռուսաստանից, արտապատվիրում իր բիզնեսը Չինաստանին եւ անվտանգության համար ապավինում ԱՄՆ-ին: Եվրամիությունը գուցե զոհ գնա Վլադիմիր Պուտինի, Սի Ցզինպինի, Դոնալդ Թրամփի կամ իր իսկ ժողովրդահաճո կուսակցությունների ձեռքից:

Այդպիսին էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի նախազգուշացումը, որը նա արեց ապրիլի 25-ին Սորբոնում: Նա պերճախոս ու երկարաշունչ ձեւով ահազանգեց Ֆրանսիայի քաղաքացիներին եւ բոլոր եվրոպացիներին: Չափազանցություն չի ասել, որ Եվրոպայի անվտանգությունը, բարգավաճումն ու մշակույթը վտանգի տակ են:

Կրոնափոխի եռանդով Մակրոնը պնդում է, որ Ուկրաինայում խաղադրույքները վերաբերում են ոչ միայն ուկրաինացիներին, այլեւ Եվրոպայի ապագային. «Մեր անվտանգության պարտադիր պայմանն այն է, որ Ռուսաստանը չհաղթի Ուկրաինայի դեմ զավթողական պատերազմում: Սա է հրամայականը»։ Թեեւ ԱՄՆ Կոնգրեսը վերջապես ընդունեց Ուկրաինային (ինչպես նաեւ Իսրայելին եւ Թայվանին) օգնության մասին օրինագիծը, եվրոպացիները պետք է գիտակցեն, որ ԱՄՆ-ն ունի միայն երկու առաջնահերթություն՝ «Ամերիկան, ինչն օրինաչափ է, եւ Չինաստանը»:

Մակրոնը նախազգուշացնում է, որ եվրոպացիները մտել են նոր աշխարհ, որտեղ հումք մատակարարելը խիստ սահմանափակումներ ունի, կարեւոր օգտակար հանածոները կառավարվում են աշխարհաքաղաքականության կողմից, «կանաչ անցումը» դառնում է ավելի հրատապ, եւ ո՛չ Չինաստանը, ո՛չ Ամերիկան չեն հարգում ազատ առեւտրի կանոնները: Իսկ քաղաքական ճակատում Մակրոնը ցավում է, որ եվրոպացիները ավելի հաճախ դառնում են ներմուծվող մշակութային պատերազմների զոհը: Որքան ավելի շատ է եվրոպացիների քաղաքականությունը ձեւավորվում այլ վայրերի պատումներով, այնքան անպատրաստ կլինեն նրանք սեփական ապագան կերտելու համար:

Մակրոնը, իրեն հատուկ ձեւով, լուծումների պակաս չուներ: Եվրոպայի անվտանգության ռիսկերը կարելի է մեղմել հակահրթիռային պաշտպանության նախաձեռնության, հեռահար զենքի եւ կիբերհնարավորությունների բարելավման միջոցով, որոնց աջակցում է «պատերազմական տնտեսությանը» (ավելի հզոր ռազմական եւ բարձր տեխնոլոգիաների արտադրություն)՝ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ եւ ԵՄ փոխադարձ պարտքային մեխանիզմներով: Նմանապես, Եվրոպայի տնտեսական խնդիրները լուծելու համար պետք է նոր արդյունաբերական քաղաքականություն՝ ռազմավարական ոլորտներում (օրինակ՝ պաշտպանություն, կանաչ տեխնոլոգիաներ, հումք, կիսահաղորդիչներ, թվային տեխնոլոգիաներ եւ առողջապահություն) արտադրական թիրախներով եւ «գնել եվրոպականը» կարգախոսով:

Էմանյուել Մակրոնը Էմանյուել Մակրոնը

Լուսանկարը` REUTERS


Մակրոնի քաղաքական հանճարի հիմքում կարեւոր խնդիրների նկատմամբ նրա վերլուծական մոտեցումն է, եւ նրա գնահատականը, թե ինչ է տանջում Եվրոպան, խորաթափանց է: Բայց նա տառապում է Միդասի հակառակ անեծքից. այն պահին, երբ նա դիպչում է քաղաքականությանը, այն դառնում է հակասական: Նախագահի թիմը հպարտությամբ նշում է, որ 2017-ին Սորբոնի իր ելույթում նշված մի քանի գաղափարներ իրականացվել են, բայց Մակրոնն ինքը խոստովանում է, որ Եվրոպան կարող էր եւ պետք է շատ ավելի առաջ գնար: Եթե նա ցանկանում է յոթ տարի անց հետ նայել եւ տեսնել ավելի լավ մեծ փոփոխություն, պետք է նոր ռազմավարություն որդեգրի:

Նախ, Մակրոնը պետք է սկսի ցույց տալ, ոչ թե պարզապես պատմել: Թեեւ ուկրաինական պատերազմի մասին նրա ելույթը տպավորիչ էր, ֆրանսիական ռազմական օգնությունը լրջորեն զիջում է գերմանականին: Եթե Մակրոնն իրոք ցանկանար ռազմավարական վճռականություն դրսեւորել Ռուսաստանի նկատմամբ, ապա արդեն ուղարկած կլիներ ֆրանսիացի զինվորներին՝ օգնելու Ուկրաինային ոչ մարտական ձեւերով, ինչպես արել են ԱՄՆ-ն եւ Միացյալ Թագավորությունը:

Երկրորդ՝ Մակրոնը պետք է հաղթահարի իր «յուպիտերյան» միտումը՝ իրեն տեսնելու որպես եվրոպական դրամայի գլխավոր հերոս: Նախընտրելի կլիներ, որ նա եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համաձայնվեին միասին ծրագրեր իրականացնել՝ ամրապնդելով ֆրանս-գերմանական շարժիչի գաղափարը: Բայց կառուցողական երկկողմ հարաբերությունների բացակայության պայմաններում (որում հավասարապես մեղավոր է Գերմանիան), Մակրոնը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի այլ առաջնորդների հետ կոալիցիաներ ստեղծելու համար, օրինակ՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կամ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի:
Էմանյուել Մակրոնը եւ Օլաֆ Շոլցը Էմանյուել Մակրոնը եւ Օլաֆ Շոլցը

Լուսանկարը` REUTERS


Մակրոնի ելույթում նշված բոլոր խնդիրների հիմքում եվրոպական ղեկավարության ճգնաժամն է։ Ինչպես վերջերս ինձ ասաց ամերիկացի մի պաշտոնյա, Մակրոնը նման է (երիտասարդ) Լիր արքային: Նրա լիազորությունների ավարտին մնացել է ընդամենը մի քանի տարի, եւ խորհրդարանում մեծամասնություն չունենալով՝ նա ուշացումով սկսել է հստակ տեսնել աշխարհը: Երբեմն թվում է, որ Մակրոնը կռանում է անդունդի վրա ու գոռում դատարկության մեջ՝ ինչպես Լիրը ամայությունում: Ավելի հեշտ է ճիշտ բաներ ասել, քան ուրիշներին համոզելու դժվար գործն անել:

Այնուամենայնիվ, «Մակրոնի պահի» ժամանակը հոյակապ է ընտրված: Ոչ վաղ անցյալում ԵՄ-ն լիովին բաժանված էր արեւելյան անդամ երկրների, որոնց մտահոգում էր Ռուսաստանը եւ որոնք փնտրում էին ԱՄՆ պաշտպանությանը, եւ արեւմտյան երկրների, որոնք մտահոգված չէին Ռուսաստանով: Սակայն Կիեւ տանող ճանապարհին իր անակնկալ դավանափոխությունից հետո Մակրոնն ապացուցեց, որ վարպետորեն արտահայտում է արեւելյան անդամների անհանգստությունները: Եթե կա մեկը, ով կարող է կամրջել ԵՄ-ի արեւելք-արեւմուտք բաժանումը, դա Մակրոնն է:

Ավելին, Ֆրանսիայի սեփական միջուկային զսպիչ ուժը կարող է վճռորոշ լինել այն երկրների համար, որոնց մտահոգում է Եվրոպայից դուրս գալու Ամերիկայի սպառնալիքը, եթե Թրամփը հունվարին վերադառնա Սպիտակ տուն: Մինչ Մակրոնի աջակողմյան հակառակորդը՝ Մարին Լը Պենը, շատ լավ է իրեն դրսեւորում հարցումներում, նրա անտագոնիստական հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ մտերմությունը Ռուսաստանի հետ դարձել են ակնհայտ թուլություններ: Եթե Մակրոնը կարողանա գտնել պակաս իշխանական մոտեցում եւ խոսքերից անցնի գործի, նա կարող է իրոք ամուր քաղաքական հիմք ստեղծել իր գաղափարների համար: Յոթ տարի առաջվա Մակրոնը հազիվ թե կարող էր այդ մասին երազել:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին