Իրանը նախագահի մահից հետո. կայունություն եւ ռիսկեր - Mediamax.am

709 դիտում

Իրանը նախագահի մահից հետո. կայունություն եւ ռիսկեր


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք քաղաքագետ, Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ Ֆյոդոր Լուկյանովի Иран: проверка устойчивости հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ֆյոդոր Լուկյանով

Իրանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի ողբերգական վախճանը արթնացնում է ֆատալիստական բնույթի մտքեր՝ ճակատագրի շրջադարձերի մասին։ Անխուսափելի են կասկածներն, որ ուղղաթիռը կործանվել է  հանցավոր մտադրության արդյունքում։ Դա կպարզվի, իսկ առայժմ մենք կարող ենք հիշել, թե ինչպես տասնչորս տարի առաջ Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարը Սմոլենսկի մոտ այնքան անհավատալի էր թվում, որ անհնար էր հավատալ դժբախտ պատահարի վարկածին:

Իրանը առանցքային երկիր է Արեւմտյան Ասիայում։ Գրեթե բոլոր կարեւորագույն գործընթացներն ինչ-որ կերպ կապված են Իրանի հետ՝ կա՛մ ուղղակիորեն նրա մասնակցությամբ են տեղի ունենում, կա՛մ Թեհրանի իր ազդեցությունն ունի աշխարհի այդ հատվածում իր ներկայության փաստով։ Իրանական պետության կայունությունը տարածաշրջանային հավասարակշռության ամենակարեւոր գործոններից է: Ոմանց դա դուր է գալիս, ոմանց՝ ոչ, բայց դա բոլորն են ընդունում։

Ուստի առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե արդյո՞ք ցնցումը կհանգեցնի ներքին անկայունության, որը դուրս կգա երկրի սահմաններից դուրս։ Այս մասին հիմնավոր կխոսեն իրանագետները, իսկ կողմնակի դիտորդին, ինչպիսին նաեւ այս տողերի հեղինակը, թվում է, որ համակարգը բավականաչափ ուժեղ է հենց այս տեսակի միջադեպերին դիմակայելու համար:

Լուսանկարը` REUTERS


Իրանի պետական համակարգում նախագահը պետության ղեկավարը չէ (հոգեւոր առաջնորդն է), այլ գործադիր իշխանության ղեկավարը, մոտավորապես վարչապետի նման, բայց ոչ թե տեխնոկրատական, այլ քաղաքական բնույթի։ Նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ, սակայն դրան նախորդում է նախնական գաղափարախոսական ընտրության փուլը, որի ընթացքում դուրս են թողնվում թեկնածուները, որոնք ընդունելի չեն գաղափարական-քաղաքական պահապանների համար։ Այս կերպ հարգվում է ընտրությունների բազմակարծությունը, սակայն բազմազանությունը սահմանափակվում է թույլատրելի շրջանակներով։ Վերջիններս լուծում են սուր շրջադարձերից խուսափելու խնդիրը։ Նախագահական (ինչպես նաեւ խորհրդարանական) ընտրությունները ընտրված թեկնածուների հաստատման ընթացակարգ չեն, տեղի է ունենում իրական մրցակցություն եւ պայքար, եւ քվեարկության արդյունքը միշտ չէ այնպիսին լինում, ինչպիսին կցանկանար գերագույն հոգեւոր իշխանությունը։. Այդպես, եւ՛ նախագահ Խաթամին 1990-ականներին, եւ՛ նախագահ Ահմադինեժադը 2000-ականներին, որոնք, ի դեպ, գաղափարական հակապատկերներ էին, ընտրվել էին իշխող խմբի սպասումներին հակառակ։

Ճիշտ է, դա ցնցումների չհանգեցրեց։ Իսկ այժմ Իրանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, կատարելագործվում է կարգավորման հմտությունը, այսինքն՝ առանց բացահայտ ընտրական խեղաթյուրումների ցանկալի արդյունքի հասնելու կարողությունը։

Լուսանկարը` REUTERS


Այնուամենայնիվ, Իրանի քաղաքական լանդշաֆտը նույնքան տարասեռ է, որքան ցանկացած մեծ եւ ազդեցիկ երկրում: Կառավարման եւ վերահսկողության բարդ համակարգի, ինչպես նաեւ գործառույթների որոշակի կրկնօրինակման շնորհիվ պետական ապարատի աշխատանքը բավականին կայուն է ցնցումների համար։ Իշխանության վակուում չի առաջանում։

Սակայն այս նույն բարդությունը եւ տարբեր (երբեմն շատ տարբեր) շահերի խմբերի առկայությունը մեծացնում է ներքին հավասարակշռությունը խախտելու ռիսկերը։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Իրանի ներքին իրավիճակը, մեղմ ասած, հեռու է կատարյալ լինելուց։ Մի կողմից՝ ակտիվ բնակչության մի մասի հոգնածությունը աստվածապետական իշխանությունից եւ դրա հետ կապված սահմանափակումներից, մյուս կողմից՝ ամերիկյան պատժամիջոցների բացասական ազդեցությունը զարգացման վրա, անհանգստության ընդհանուր աճը տարածաշրջանը միջազգային ցնցումների կենտրոնի վերափոխման պատճառով. այս ամենը պայմաններ է ստեղծում իրավիճակի անկայունացման համար: Եվ այս առումով իրադարձությունների ցանկացած անկանխատեսելի զարգացումը ռիսկեր է պարունակում։

Լուսանկարը` REUTERS


Տարածաշրջանային երկու հիմնական մրցակիցներ Իրանի եւ Իսրայելի հարաբերությունները դարձել են ոչ միայն Մերձավոր Արեւելքի քաղաքականության առանցքը, այլեւ համաշխարհային նշանակության գործոն:

Առճակատումն անհաշտ է, անգամ տեսական ելքեր չեն նշմարվում։ Բնական է, որ այս երկու երկրները հանդես են գալիս միջուկային համատեքստում՝ Իսրայելը որպես դե-ֆակտո միջուկային զենք ունեցող, Իրանը՝ որպես տերություն, որը գործնականում ունակ է այն ունենալ։ Դա ընդգծում է այս երկու դերակատարների կարգավիճակը, որը տարբերվում է նույնիսկ այնպիսի նշանակալից պետություններից, ինչպիսիք են Թուրքիան կամ Սաուդյան Արաբիան։

Իրանն ու Իսրայելը զգուշավոր են: Ինչպես ցույց տվեց վերջերս տեղի ունեցած հարվածների փոխանակումը, սրման գնալ ոչ ոք չի ցանկանում, համենայն դեպս՝ դեռ։ Սակայն կողմերի «կարմիր գծերի» ներսում մրցակցությունը կատաղի է։ Եվ ներքին անկայունության փոխադարձ խթանումը նորմ է։ Նման իրավիճակ է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, թեեւ այստեղ կողմերի պայմանավորվելու ռեսուրսը մի փոքր ավելի բարձր է։

Լուսանկարը` REUTERS


Իրանի ղեկավարության համար հիմա ամենակարեւորը սեփական բնակչությանը եւ արտաքին դիտորդներին համոզելն է, որ համակարգի կայունությանը վնաս չի հասցվել, այն ճիշտ է աշխատում։ Պետք չէ ակնկալել արտաքին քաղաքական փոփոխություններ. ղեկը  հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի ձեռքում է։ Հնարավոր են իրավիճակային ճշգրտումներ։ Ռուսաստանի համար Իբրահիմ Ռայիսիի մահը հատկապես տխուր իրադարձություն է, քանի որ նախագահը համակրանք ուներ մեր երկրի նկատմամբ եւ հակված էր սերտ համագործակցության։ Սակայն Իրանի ոչ մի  ղեկավար Մոսկվայի հետ կապերի խզում թույլ չի տա։ Ճիշտ է նաեւ մեկ այլ բան՝ Իրանի եւ Ռուսաստանի շահերը ոչ միշտ են համընկնում, եւ Իրանի ցանկացած ղեկավարություն հաստատակամորեն պաշտպանելու է իր դիրքորոշումները։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմենյովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին