Բաքուն դեռ միայն ձեւացնում է, թե հեռանում է Արեւմուտքից - Mediamax.am

1275 դիտում

Բաքուն դեռ միայն ձեւացնում է, թե հեռանում է Արեւմուտքից


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Կարնեգի հիմնադրամի հեղինակ Շուջաաթ Ահմադզադայի հոդվածի հայերեն թարգմանությունը:

Շուջաաթ Ահմադզադա

Երբ 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում բարձրացվեց Ադրբեջանի դրոշը, շատերը հույս ունեին, որ երկիրը կգնա եվրոպական ճանապարհով: Սակայն 23 տարի անց Ադրբեջանի լիազորությունները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) կասեցվեցին։ Պատճառը մարդու իրավունքների համակարգային խախտումներն են (մասնավորապես, անկախ լրագրողների եւ ակտիվիստների նկատմամբ հետապնդումները)։ ԵԽԽՎ որոշումը Բաքվի եւ արեւմտյան մայրաքաղաքների միջեւ աճող լարվածության եւս մեկ նշան էր:

Այդ հարաբերությունները միշտ էլ հակասական են եղել: Մի կողմից, դեռ 2000-ականների կեսերին նավթով եւ գազով հարուստ Ադրբեջանը մտավ եվրոպական շուկա՝ ռազմավարական գործընկերության համաձայնագրեր ստորագրելով ԵՄ-ի յուրաքանչյուր երրորդ երկրի հետ։ Մյուս կողմից, այս տարիների ընթացքում սերտ քաղաքական փոխգործակցության մասին խոսք չի գնացել։ Վերջին քաղաքական երկկողմ համաձայնագիրը ստորագրվել է 1999 թվականին, իսկ նոր պայմանավորվածությունների հասնելու հետագա բոլոր փորձերին խոչընդոտում էր ադրբեջանական կողմի կամակորությունը։

ԵՄ-ի հետ Բաքվի հարաբերություններում նոր իրողությունը սկսվեց 2020 թվականին, երբ Ադրբեջանը վեցշաբաթյա պատերազմ սկսեց Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի համար, եւ վերջնականապես ակնհայտ դարձավ 2022 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ֆոնին:

Հայ-ադրբեջանական հակամարտության սրման ժամանակ Եվրամիությունը, որից շատերը երկար ժամանակ ակնկալում էին ավելի մեծ արտաքին քաղաքական ակտիվություն, առաջին անգամ հանդես եկավ միջնորդի դերում։ Բաքվի եւ Երեւանի միջեւ հակամարտությունը կարգավորելու փորձերում Արեւմուտքի ներգրավվածության հետ մեկտեղ, այս միջնորդությունը խորհրդանշական արդյունքներ տվեց. կողմերը փոխանակեցին գերիներին եւ ականապատ դաշտերի քարտեզները, ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմք դնելով ավելի առարկայական խաղաղ բանակցությունների համար:

Սակայն նրանից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը վերականգնեց ամբողջական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, կարգավորման գործընթացը դանդաղեց։ Ռազմական էսկալացիան եւ ղարաբաղցի հայերի զանգվածային արտագաղթը ավելացրեցին լարվածությունը Բաքվի եւ արեւմտյան գործընկերների հարաբերություններում, թեեւ Արեւմուտքի կողմից Ադրբեջանի իշխանությունների գործողություններին շոշափելի գործնական արձագանք չեղավ։
 

Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել իր դեսպանին


Առաջին հերթին նկատի ունենք Ադրբեջանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները։ Հակասությունները հատկապես սրվեցին 2023 թվականին, երբ Հայաստանում աշխատանքը սկսեց ԵՄ դիտորդական առաքելությունը (EUMA), իսկ Փարիզը որոշեց զինտեխնիկա վաճառել Երեւանին։ Բաքուն վստահ է, որ առաքելությունը, որի նպատակը Հայաստանի «սահմանամերձ շրջաններում կայունության հաստատումն է», բացառապես Ֆրանսիայի նախագիծն է։ Բայց իրականում նախաձեռնությանը մասնակցում է ԵՄ 23 երկիր, այսինքն՝ խոսքը համաեվրոպական կոնսենսուսի մասին է։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Միեւնույն ժամանակ, մինչեւ վերջերս Հայաստանի մերձավոր դաշնակից Կրեմլի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանի առաջնահերթությունները փոխվել են եւ այժմ այն ավելի ու ավելի է աջակցում Ադրբեջանին: Խոսքը ռազմական դաշինքի մասին չէ, սակայն մարտավարական առումով Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումները համընկնում են։ Ադրբեջանը ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ինտեգրվելու ոչ թե ԵՄ-ին, այլ Թուրքիային։

Այս ֆոնին հարց է առաջանում՝ արդյո՞ք ԵՄ-ի հետ Բաքվի հարաբերությունները  գնում են դեպի լիակատար խզում: Այս հարցի պատասխանը բացասական է, համենայն դեպս՝ առայժմ։ Բաքուն դեռ միայն ձեւացնում է, թե հեռանում է Արեւմուտքից, եւ մոտ ապագայում քիչ բան է մատնանշում իրական փոփոխությունների հավանականությունը։ Հիմնական պատճառը ուժեղ փոխկախվածությունն է. ցանկացած կտրուկ քայլ լրջորեն հարվածելու է թե՛ Ադրբեջանին, թե՛ ԵՄ-ին։

Խոսքն առաջին հերթին էներգետիկայի մասին է։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանական ծավալները ապահովում են Եվրոպայի ընդհանուր գազի կարիքների միայն մի փոքր մասը, սակայն առանձին երկրների համար (Բուլղարիա, Հունաստան, Իտալիա, իսկ վերջերս նաեւ Ռումինիա եւ Հունգարիա) չափազանց կարեւոր դեր են խաղում: Ավելին, ակնկալվում է, որ ադրբեջանական գազի մատակարարումը Սլովակիա, Խորվաթիա եւ նույնիսկ Ավստրիա կընդլայնվի։

Լուսանկարը` REUTERS


Ադրբեջանական գազը ռազմավարական նշանակություն ունի ԵՄ-ի համար՝ որպես այլընտրանք (երբեմն՝ միակ) ռուսական վառելիքին, որի մատակարարումը դարձել է Կրեմլի աշխարհաքաղաքական հավակնությունների պատանդը։ Բացի այդ, պայմանագրային պարտավորությունները էական խոչընդոտ են հանդիսանում համաձայնագիրը խախտելու ցանկացած փորձի համար, քանի որ դրանք կհանգեցնեն միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր դոլարների տույժերի։

Ադրբեջանն իր հերթին նույնպես մեծապես կախված է ԵՄ-ի հետ էներգետիկ հարաբերություններից։ Երկրի եկամուտների մոտավորապես 90%-ը ստացվում է նավթի եւ գազի վաճառքից՝ ապահովելով նրա քաղաքական եւ տնտեսական կայունությունը։ Միայն 2023 թվականին Ադրբեջանը ԵՄ-ին նավթի ու գազի վաճառքից ստացել էր 19 միլիարդ եվրո։ Եվ եթե ադրբեջանական նավթը զգալի գնորդներ ունի Եվրամիությունից դուրս, ապա գազի արտահանումը գրեթե ամբողջությամբ բաժին է ընկնում եվրոպական շուկային։

Բացի այդ, ըստ կանխատեսումների, արդեն 2024 թվականին Ադրբեջանն ավելի շատ եկամուտ կստանա գազից, քան նավթից, ինչը կնշանակի նրա վերջնական անցումը գազային դարաշրջանին։ Երկիրը տարեկան արդյունահանում է մոտ 50 միլիարդ խորանարդ մետր գազ եւ նախատեսում է այդ ծավալի մոտ կեսը վաճառել ԵՄ-ին։ Եթե նույնիսկ Ադրբեջանը փորձի դիվերսիֆիկացնել իր արտահանումը, դժվար թե գնորդ գտնի, որը կարող է ծավալներով համապատասխանել ԵՄ-ին։

Լուսանկարը` REUTERS


Եվրոպայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում գնալով ավելի կարեւոր է դառնում նաեւ միջազգային առեւտրային ուղիների հարցը: Ուկրաինայում պատերազմը եւ Եմենի հութիների պատճառով Կարմիր ծովում նավագնացության խնդիրները ուշադրություն են հրավիրել Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու վրա (Միջին միջանցք): Այն կապում է Չինաստանը եւ Հարավարեւելյան Ասիան Եվրոպայի հետ։ Կենտրոնական Ասիայի միջով երթուղիները կարող են տարբեր լինել, սակայն Ադրբեջանին այլընտրանք չկա։

Բաքուն Միջին միջանցքը դիտարկում է որպես լայնածավալ ներդրումներ ներգրավելու հնարավորություն եւ այն համարում է նավթի ու գազի հետ համեմատելի եկամուտ ստանալու միակ միջոցը։ Իսկ Բրյուսելում միջանցքը դիտարկվում է որպես գոյություն ունեցող երթուղիների ռազմավարական այլընտրանք։ Պատահական չէ, որ եվրոպական եւ համաշխարհային ֆինանսական կառույցները վերջերս հայտարարեցին այս նախագծում 10 միլիարդ եվրոյի ներդրումների մասին։

Այլ կերպ ասած, խորը փոխկախվածությունը անհավանական է դարձնում խզումը  Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ: Երկու կողմերն էլ շարունակում են ընդլայնել կապերը էներգետիկայի եւ առեւտրի ոլորտներում։ Այնուամենայնիվ, բացասական գործոնները նույնպես չի կարելի անտեսել։ Բաքուն առաջնահերթություն է տալիս տնտեսական շահերին եւ, կարծես, մտադիր է օգտագործել իր աճող ազդեցությունը ԵՄ-ի հետ զուտ գործարար հարաբերություններ զարգացնելու համար: Հարցն այն է, թե որքան ժամանակ Բրյուսելը կբավարարվի այս մոտեցմամբ։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին