Բլինքենն ու Փաուերը Հայաստանին ընդամենը «անանուխի կոնֆետ» են տալիս - Mediamax.am

925 դիտում

Բլինքենն ու Փաուերը Հայաստանին ընդամենը «անանուխի կոնֆետ» են տալիս


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ USAID-ի կառավարիչ Սամանթա Փաուերը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ USAID-ի կառավարիչ Սամանթա Փաուերը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Սամանթա Փաուէրը Հայաստանի եւ Արցախի սահմանին 2023թ. սեպտեմբերին
Սամանթա Փաուէրը Հայաստանի եւ Արցախի սահմանին 2023թ. սեպտեմբերին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Ներկայացնում ենք American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի US and European Aid Package to Armenia Is Not Only Cheap, It’s Dangerous հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մայքլ Ռուբին

Ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ USAID-ի կառավարիչ Սամանթա Փաուերը, որոնց միացան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրամիության արտաքին հարաբերությունների ղեկավար Ժոզեփ Բորելը, Բրյուսելում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պետքարտուղարությունը նշել է, որ հանդիպման նպատակն էր «վերահաստատել աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը եւ սոցիալ-տնտեսական կայունությանը»: Թուրքիան բուռն արձագանքեց՝ Վաշինգտոնի եւ Բրյուսելի դիվանագիտական քայլն անվանելով չեզոքության խախտում:

Ընդգծելով Ամերիկայի եւ Եվրոպայի հանձնառությունը Հայաստանի անվտանգության եւ տնտեսական կայունության նկատմամբ՝ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը խոստացան չորս տարվա ընթացքում 290 մլն դոլար հատկացնել:
Բայդենի վարչակազմը եւ եվրոպացի պաշտոնյաները ուզում են այդ գումարը համարել Հայաստանին իրենց նվիրվածության խորհրդանիշ, սակայն փաթեթն իրականում հակառակ ազդեցությունն ունի:

Հայաստանին տարեկան 72,5 մլն դոլար առաջարկելը անլուրջ է: Դա Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը տրամադրված գումարի մեկ երրորդն է՝ նույնիսկ եթե չհաշվեքն Եվրոպայի ներդրումը, եւ ընդամենը մի փոքր ավելին է, քան օգնությունը Մոլդովային՝ մոտավորապես նույն բնակչություն ունեցող նախկին խորհրդային պետությանը: Դեպի Արեւմուտք շրջադարձ կատարող Հայաստանին իրապես սատարելու փոխարեն Պետդեպարտամենտը եւ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին փոքրիկ ներարկում են անում՝ այն մեկնարկային գծին հասցնելու համար:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Արդեն շատ երկար ժամանակ Բլինքենը եւ Փաուերը ուզում են Հայաստանի նկատմամբ ցանկացած զիջում զուգակցել Ադրբեջանը խաղաղեցնելու հետ: Այդպես են անում նաեւ հիմա: Ճիշտ է, ԱՄՆ արտաքին օգնությունն Ադրբեջանին զիջում է Հայաստանին: Զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտ է ստանում ածխաջրածիններից: Այնուամենայնիվ, Պետդեպարտամենտը եւ ԱՄՆ ՄԶԳ-ն 2021 թվականից ի վեր ավելի քան 1,100 տոկոսով ավելացրել են արտաքին օգնությունն Ադրբեջանին: Նման գործողությունները հետեւանքներ են ունենում: Ադրբեջանը շարունակում է մեծ ծավալի առաջադեմ սպառազինություն ներկրել ինչպես Իսրայելից, այնպես էլ Պակիստանից:

Զենքի նման կուտակումը տեղի է ունենում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը արմատախիլ անելուց եւ արտաքսելուց  հետո, այլեւ այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է հարձակվել Հայաստանի վրա եւ օկուպացնել հայկական հողերը: Անցյալ տարի Ներքին Խնձորեսկի մերձակայքում ադրբեջանա-հայաստանյան սահմանի տեղազննման ժամանակ կառուցվող Հայաստանի պահակակետը պարզ կառույց էր. երկհարկանի շենք, որտեղ բնակվելու եւ աշխատելու են Հայաստանի սահմանապահները: Մեկ կիլոմետր հեռու տեսանելի էր ադրբեջանական նոր դիրքը՝ ժամանակակից ռադարներով, ուղղաթիռների վայրէջքի տարածքով, լցակայանով, հրթիռային կայաններով եւ գնդացիրների բներով: Այլ կերպ ասած՝ Հայաստանը սահմանային կետ էր կառուցել, իսկ Ադրբեջանը՝ պատերազմը շարունակելու հենակետ:

ԱՄՆ-ի հայերը պետք է համեմատեն ամերիկա-եվրոպական առաջարկը խաղաղության այլ գործընթացներին տրամադրվող օգնության հետ։ Եգիպտոսը տարեկան ստանում է մոտ 1,3 մլրդ դոլար՝ ի լրումն Քեմփ Դեյվիդի համաձայնագրին: Դա նշանակում է տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն: Իսրայելը ստանում է է՛լ ավելի շատ:

Կա նաեւ Հյուսիսային Կորեան՝ աշխարհի ամենաբռնաճնշող երկիրը եւ ահաբեկչության հովանավոր հանդիսացող պետությունը: Երբ Փհենյանը ստորագրեց 1994-ի Շրջանակային համաձայնագիրը, Վաշինգտոնը նրան տրամադրեց ավելի քան 400 մլն դոլարի էներգետիկ աջակցություն՝ չնայած մշտական խաբեությանը:

Գովելի է հետամուտ լինել խաղաղությանը, բայց եթե դա հապճեպ է կատարվում, խաթարվում է անվտանգությունը եւ խրախուսվում է ագրեսիան: Բլինքենն ու Փաուերը իրենց օգնության փաթեթի համար ոչ թե գովասանք պետք է ակնկալեն, այլ պարսավանք, քանի որ նրանք ապացուցեցին, թե որքան անլուրջ են:
Սամանթա Փաուէրը Հայաստանի եւ Արցախի սահմանին 2023թ. սեպտեմբերին Սամանթա Փաուէրը Հայաստանի եւ Արցախի սահմանին 2023թ. սեպտեմբերին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Կովկասում փոթորիկ է հասունանում: Հայաստանը առերեսվում է գոյութենական սպառնալիքին՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի իրեդենտիստական, ցեղասպան գաղափարախոսության պատճառով,  եւ տնտեսական վտանգին՝ վերածնվող եւ վրիժառու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից:

Հայաստանի ստացած 5,7 մլրդ դոլարի տրանսֆերտների 70 տոկոսը գալիս է Ռուսաստանից: Ռուսաստանն է ապահովում նաեւ Հայաստանի արտահանման շուկայի 40 տոկոսը եւ նրա էներգիայի հիմնական աղբյուրն է: Այլ կերպ ասած՝ Հայաստանին սպառնում է Բեռլինի ճգնաժամի մասշտաբի շրջափակում, իսկ Բլինքենն ու Փաուերը ցանկանում են Հայաստանին տրամադրել 2,5 տոկոսը այն բանի, ինչ երկիրը կարող է կորցնել: Սա նույն բանն է, ինչ Սուդանում սոված երեխային անանուխի կոնֆետ տալ ու պնդել, որ Միացյալ Նահանգները վճռականորեն պայքարում է սովի դեմ:

Երբ Ռուսաստանը դավաճանեց Լեռնային Ղարաբաղին եւ բացահայտորեն ջանաց բռնի միջամտել Հայաստանի քաղաքականությանը, հայերը պետք է արժանանային իրական ժողովրդավարության, անվտանգության եւ գործընկերության: Փաուերը իր կարիերան կառուցեց Եղեռնի մասին գրելով, իսկ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բլինքենն իր հերթին բարոյական իրավունք է զգում՝ իր խորթ հոր Հոլոքոստի փորձից ելնելով: Որքա՜ն ցավալի է, ուրեմն, որ նրանք կարծես չեն գիտակում, որ Հայոց ցեղասպանությունը մոռացված պատմական իրադարձություն չէ, այլ իրական վտանգ:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին