Սույն հոդվածն առաջին անգամ հրապարակվել է «Հայաստան եւ Վրաստան 2023: Անվտանգություն, խաղաղություն եւ հասարակություններ. Հին մարտահրավերներ՝ հին պատասխաններո՞վ» հոդվածների ժողովածուի մեջ, որի հրապարակումը հնարավոր է դարձել Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ։ Հրապարակման մեջ տեղ գտած կարծիքների եւ դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի դիրքորոշմանը պարտադիր չէ։
***
Աննա Գեւորգյան-Դավթյանը «Քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի» գիտաշխատող է:
Աննա Գեւորգյան-Դավթյան
Անվտանգային դաշտը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում, զգալի վերափոխման է ենթարկվում, որը նշանավորվում է ոչ թե անվտանգության նոր ճարտարապետությամբ, այլ անվտանգության որեւէ ճարտարապետության բացակայությամբ: Փոխարենը տեղի է ունեցել հին անվտանգության եւ քաղաքական շրջանակների կանխամտածված ոչնչացում, ինչը հանգեցրել է ինքնաբուխ եւ մասնատված շինարարությունների առաջացմանը՝ առանց անվտանգության համահունչ ռազմավարական ծրագրի կամ իրականացման: Սույն զեկույցը ընդգծում է Հայաստանում իրականության երեք զուգահեռ պատկերների առկայությունը, որոնցից յուրաքանչյուրը նպաստում է անվտանգության բարդ միջավայրին:
Անվտանգության հին ճարտարապետության ոչնչացում. Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետության ներկայիս բացակայությունը կապված է դրա հին շրջանակի ապամոնտաժման հետ: 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւանքները, ինչպես նաեւ 2021 թվականի մայիսին եւ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքներ ներխուժումը եւ Լեռնային Ղարաբաղում ռազմական վերջին էսկալացիան, որը հանգեցրեց ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումներին, առանցքային դեր են խաղացել տարածաշրջանային դինամիկայի վերափոխման եւ անվտանգության հաստատված կառույցներին մարտահրավեր նետելու գործում: Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռուս խաղաղապահները պատասխանատու էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության, ինչպես նաեւ տարածաշրջանում ռազմական սրացումները կանխելու համար։
Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց, սակայն, Ադրբեջանը սկսեց խախտել այն՝ ուժով ձեռք բերելով ավելի ու ավելի շատ տարածքներ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում, պահելով ռազմագերիներ եւ շարունակելով իր հռետորաբանությունը, որոնցով սպառնում էր նոր էսկալացիաներ եւ պահանջում՝ գրեթե ողջ Հայաստանը։
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան
Դրանք ավելացրին տարածաշրջանում լարվածությունը եւ հիասթափության առիթ դարձան ինչպես ռուս խաղաղապահներից, այնպես էլ հենց Ռուսաստանից, որն այժմ դիտվում է որպես մի պետություն, որը չի կատարում իր պարտավորությունները իր ռազմավարական դաշնակցի հանդեպ։ Այս իրադարձությունները հանգեցրին ոչ միայն հակամարտության կարգավորման, այլ նաեւ ամբողջ հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացը յուրացնելու անհրաժեշտությանը։ Այս շրջանակներում եւ՛ Բրյուսելի, եւ՛ Վաշինգտոնի միջնորդական փորձերը Հայաստանում ընկալվել են որպես անվտանգության թակարդից փախչելու հնարավորություն։ Արդյունքում՝ մենք ականատես ենք Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխադարձ մեղադրանքների աճող միտումին։
Իրողությունների երեք զուգահեռ պատկերում Հայաստանում. հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիսկուրսիվ մակարդակում աճող լարվածությունը եւ բանակցությունների արեւմտյան կողմերի մեծացող ակնկալիքները՝ Հայաստանի ներքին քննարկումներում ստեղծվել են Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Արեւմուտք հարաբերությունների զուգահեռ իրականություններ.
ա. Պաշտոնական փաստաթղթերի իրականությունը. պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) եւ Ռուսաստանի գլխավորած այլ կազմակերպությունների անդամ։ Պաշտոնական պարտավորությունների եւ անվտանգության արդյունավետ երաշխիքների միջեւ մեծացող անջրպետի պարագայում այս անդամակցության գործնական հետեւանքները, այնուամենայնիվ, ենթակա են ճշգրտման: Հայաստանը, իր նախկին ներկայացուցիչի լիազորությունների ժամկետը ավարտվելուց հետո ՀԱՊԿ-ում նոր ներկայացուցիչ չի նշանակել։ Հայաստանը, մինչ այդ, հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ-ի հռչակագիրը՝ պատճառաբանելով, որ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման մասին ձեւակերպումը կոնսենսուսային չի եղել։ Ավելին, Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում անցկացվող մի շարք համատեղ զորավարժությունների, հանդիպումների եւ քննարկումների։ Այս ամենը, սակայն, որեւէ փոփոխության չհանգեցրեց Հայաստանի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ վերը նշված կազմակերպությունների միջեւ առկա մի շարք ռազմավարական պայմանագրերում։ Ավելին, տնտեսական ոլորտում որոշ նոր համաձայնագրեր է՛լ ավելի են ամրապնդել Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսությունների միջեւ համագործակցությունը։
Լուսանկարը` REUTERS
բ. Հայկական մեդիա իրականությունը. հայկական մեդիան ներկայացնում է այլ իրականություն, որտեղ Հայաստանը Եվրոպայի անբաժանելի մաս է: Այս այլընտրանքային խոսույթը առաջարկում է եվրոպական հաստատությունների հետ ավելի մոտ համագործակցության ցանկություն, ինչը ենթադրում է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխություն։ Հանրային եւ մերձկառավարական մեդիա ռեսուրսներով տարածվող այս խոսույթները ընդգծում են կառավարության՝ անվտանգության դաշտը դիվերսիֆիկացնելու եւ ԵՄ-ի, նրա անդամ երկրների եւ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ կապեր ստեղծելու «որոշումների» կարեւորությունը: Վարչապետ Փաշինյանի հետ պարբերաբար հանդիպող քաղաքական շրջանակները եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչները այս խոսույթների ստեղծման գործի առաջամարտիկներն են։ «Առաջին ձեռքից տեղեկատվություն» ստանալու իրենց «առավելությունը» հաճախ օգտագործում են Արեւմուտքից չափազանցված ակնկալիքների մթնոլորտ ստեղծելու համար։
Մյուս կողմից, ընդդիմադիր մեդիան օգտագործում է նույն խոսույթը՝ բացատրելու համար Հայաստանի անվտանգության այսչափ խոցելիությունը եւ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխությունը։ Խորհրդարանական ընդդիմության աջակցությունը վայելող այս շրջանակները պետության անվտանգության բոլոր ձախողումների մեղքը բարդում են իշխանության արեւմտամետ նկրտումների եւ ժողովրդավարական արժեքների վրա կառուցված պետական քաղաքականության վրա։ Նրանց կարծիքով՝ Արեւմուտքը եւ Հայաստանի իշխանությունն են պատասխանատու Ռուսաստանի՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի կորստի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր լինելու՝ Հայաստանի ցանկություն չդրսեւորելու համար։
գ. Անվտանգության բացի (պակասի) իրականությունը (կամ՝ Ոչ բավարար անվտանգության իրականություն). Ի հավելումն վերը նշված ընթացիկ զարգացումների երկու պատկերումների՝ գոյություն ունի անվտանգության զգալի բաց՝ պայմանավորված Հայաստանի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ այն կազմակերպությունների միջեւ առկա խնդրահարույց հարաբերություններով, որոնց պաշտոնապես անդամակցում է Հայաստանը։ Այս բացին գումարվում է նաեւ այլ կողմերից անվտանգության այլընտրանքային երաշխիքների բացակայությունը, ինչը Հայաստանում իրավիճակն ավելի անորոշ է դարձնում: ԵՄ-ի միջոցով մի քանի քայլեր են ձեռնարկվել այդ բացը լրացնելու համար, որոնք կարեւոր են, բայց ոչ բավարար:
Լուսանկարը` REUTERS
ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանի սահմաններին, ինչպես նաեւ իր ռեսուրսները շատացնելու եւ Կանադան եւս ներգրավելու վերջին որոշումները, գումարած Սյունիքի կենտրոնում՝ Կապանում, իրենց հյուպատոսությունները բացելու՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Իրանի որոշումները, այդ քայլերի հիմնական հատկանիշներն են։ Բանակցային գործընթացում ԱՄՆ-ի ներգրավվածությունը ընկալվում է որպես ռազմական էսկալացիայի մեկ այլ զսպող գործոն, սակայն այս քայլերը չկարողացան կանխել էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում։ Այդ գործոնների հուսալիությունը խարխլվեց, երբ վերջին իրադարձություններն անարձագանք մնացին։ Արեւմուտքը պետք է ավելի ուժեղ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի` գոնե Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների դեմ հնարավոր անհատական պատժամիջոցներ կիրառելու քննարկումներ սկսելով: Գլոբալ անվտանգության փլուզված համակարգը եւ նման քննարկումների բացակայությունը, Ուկրաինայում, Գազայի հատվածում եւ Իսրայելում տեղի ունեցող զարգացումներով, Ադրբեջանին միայն ուժ են տալիս իրականացնելու իր՝ տարածաշրջանային ռազմական ծրագրերը։
Ակնկալիքների կառավարում: Հաշվի առնելով Հայաստանի ներսում առկա բազմազան եւ երբեմն հակասական խոսույթները՝ անհրաժեշտ է մտածել ակնկալիքները արդյունավետ կառավարելու մասին, հատկապես՝ արեւմտյան երկրների եւ կազմակերպությունների հետ հարաբերություններում։ Գոյություն ունեցող դաշինքների եւ հնարավոր եվրաինտեգրման ձգտումների միջեւ հավասարակշռված նավարկումը պահանջում է ռազմավարական պլանավորում՝ անվտանգության ներկա վակուումը եւ անորոշությունները լուծելու համար:
Հայաստանը եւ ԵՄ-ն չիրացված ներուժ ունեն կողմերի ստորագրած CEPA-ի համաձայնագրի շրջանակում։ Հայաստանի քաղաքական, անվտանգության եւ տնտեսական դաշտերի դիվերսիֆիկացման համար հնարավորությունների ավելի լայն պատուհան բացելու մի քանի քայլ կարելի է իրականացնել։ Վիզաների ազատականացման գործընթացի բանակցությունների մեկնարկն իր հերթին լավ ուղերձ կլինի հայ հասարակությանը։ Այն ցույց կտա արեւմտյան երկրների վերաբերմունքի դրական փոփոխությունը խոցելի ժողովրդավարություն եւ հակառուսական տրամադրություններ ունեցող հասարակության նկատմամբ։ Տնտեսական ոլորտը նույնպես կարող է ազատվել ռուսական աճող ազդեցությունից՝ աջակցելով էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը։
Լուսանկարը` REUTERS
Այս առումով առանցքային նշանակություն ունեն փոքր մոդուլային միջուկային ռեակտորների վերաբերյալ քննարկումները, ինչպես նաեւ կանաչ էներգետիկայի ոլորտում ավելի մեծ ներդրումները։ Ավելին, էներգետիկ ոլորտում Հայաստան-Իրան հարաբերությունների կարեւորությունը՝ որպես Ռուսաստանից կախվածության այլընտրանք, հանդիսանում է Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակի եւ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տարանցիկ երթուղու ինքնիշխան լծակի կարեւորագույն մասը։
Այս բոլոր կարեւոր հարցերի փոխարեն, սակայն, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների քննարկումները մեծամասամբ խարսխված են այն կեղծ ենթադրությունների վրա, թե երկրի անվտանգության բոլոր խնդիրները կարող են անհապաղ լուծվել, եթե Հայաստանն ավելի բարձր հայտարարի, որ ունի եվրոպական նկրտումներ եւ շահագրգռված չէ շարունակել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արդարադատության միջազգային դատարանին պատասխանելը, Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված ռազմական հանցագործությունների դիմաց պատժվելը, Հռոմի կանոնադրության վավերացումը, ինչպես նաեւ արեւմտյան իշխանությունների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցությունը հաստատող հայտարարությունները չեն ընկալվում որպես հարաբերությունները ուժեղացնելու հավանականություն, այլ՝ որպես ներկա իրողություն։ Ավելին, «իրողությունը» վերագրվում է որպես Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիայի կանխման հզոր գործիք։ Այս պատկերացումը կարող է վերածվել անվտանգության սպառնալիքների սխալ հաշվարկի եւ արդյունքում մեծ հիասթափություն առաջացնել Արեւմուտքից՝ տարածաշրջանում եւ Հայաստանում Ռուսաստանի ավելի մեծ ներգրավվածության նոր ռիսկ ստեղծելով։
Այսպիսով, Հարավային Կովկասը, մասնավորապես՝ Հայաստանը, ապրում է անվտանգային բարդ ու բազմակողմանի միջավայրում, որը բնութագրվում է հին ճարտարապետության քայքայմամբ, իրողությունների զուգահեռ ենթադրությունների ի հայտ գալով եւ անվտանգության երաշխիքների զգալի բացով։ Ակնկալիքների պրոակտիվ կառավարումը եւ ռազմավարական պլանավորումը, ինչպես նաեւ արեւմտյան երկրների ուժեղացված աջակցությունը Հայաստանի համար կենսական են այս բարդ միջավայրում կողմնորոշվելու եւ զարգացող աշխարհաքաղաքական դինամիկայից բխող մարտահրավերներին դիմակայելու համար:
Այս հոդվածը հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: