Մակրոն. Մանուշյանն իր կյանքը տվեց հանուն մեր ազգի, որ հրաժարվել էր նրան որդեգրել - Mediamax.am

exclusive
2085 դիտում

Մակրոն. Մանուշյանն իր կյանքը տվեց հանուն մեր ազգի, որ հրաժարվել էր նրան որդեգրել


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք 2024թ. փետրվարի 21-ին կայացած Միսաք Մանուշյանին նվիրված համազգային հարգանքի տուրքի հանդիսավոր արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնի ելույթի հայերեն թարգմանությունը:
                                   
Թարգմանությունը՝  Շուշանիկ Թամրազյանի

Այդպե՞ս են արդյոք ապրում Մարդիկ:    

Սենտ-Ժընըվիեւ լեռան վրա՝ Մոն-Վալերիեն բացատում, երբ վերջին ժամերը հետեւում են իրար, ավարտվում է քսաներորդ դարի մի ոդիսական, ոդիսականն ազատություն ուխտած մի ճակատագրի, որ, սկիզբ առնելով Ադիամանում, վերապրելով ցեղասպանությանը, հայկական ընտանիքից հետո ընկնելով քրդական ընտանիք, մինչ Ֆրանսիա հասնելը ապաստանելով Լիբանանում, որոշում է իր կյանքը տալ հանուն մեր Ազգի, որ հրաժարվել էր նրան որդեգրել:

Այսօր մեծարման եւ ճանաչման օրն է եվրոպական մի ճակատագրի, որ Կովկասից հասել է Պանթեոն, եւ, ի դեմս նրա, մեծարման եւ ճանաչման օրն ազատության եւ խիզախության «Ինտերնացիոնալի»:

Այո՛, Միսաք Մանուշյանի եւ նրա զինակից ընկերների ոդիսականը նաեւ մեր ոդիսականն է, ոդիսականն Ազատության, որ անջնջելի իր կնիքն ունի մեր Ազգի սրտում: Մեր մեծարանքն ու ճանաչումն այսօր նրանց՝ Ժան Մուլենից վեց տասնամյակ անց, Դիմադրության շարժմանը բերած իրենց մասնակցության համար:  

Այդպե՞ս են արդյոք ապրում Մարդիկ: Այո՛, եթե ազատ են: Միսաք Մանուշյանն ազատ էր, երբ բարձրանում էր Սուֆլո փողոցով՝ հայացքը հառած Պանթեոնին, որն իր հարկի տակ է նրան առնում այսօր: Ազատ էր Սենտ-Ժընըվիեւի գրադարանի նստարաններին՝ այստեղից մի քանի մետր այնկողմ, որտեղ նա մեր գրականությունն էր բացահայտում եւ իր իդեալները կերտում: Ազատ էր Բոդլերի հետ՝ պոետի կանաչ դրախտում, որն իր մանկության բույրն ուներ... այնտեղ՝ երջանկավետ Հայաստանում, լեռների, ջրվեժների եւ արեւի Հայաստանում: Ազատ էր Վեռլենի հետ, որի տխրադալուկ ուրվականները հանդիպում էին իր ուրվականներին՝ հորը՝ Գեւորգին, որ, զենքը ձեռքին, սպանվել էր օսմանյան կայսրության զինվորների ձեռքով մանկահասակ իր երեխայի աչքի առջեւ, մորը՝ Վարդուհուն, որ քաղցի եւ հիվանդության զոհ դարձավ, ցեղասպանության զոհերին. ուրվականներ, որ հետեւելու էին նրան իր ողջ կյանքում:

Ազատ էր Ռեմբոյի հետ, դժոխքում անցկացրած «մի եղանակից» հետո. հիշողություններ, որ նա կիսում էր եղբոր՝ Կարապետի հետ: Բայց, ահա, պայծառացումները, Լուսավորիչները. այն լույսը, որ նրան որբանոցի ուսուցիչը տվեց Լիբանանում: Արթնացումը, բացահայտումը ֆրանսիական գրականության եւ մշակույթի: Նա ազատ էր Վիկտոր Հյուգոյի եւ նրա դարերի լեգենդի հետ՝ պարծանքն իր ազատ հայրենիքի՝ Ֆրանսիայի, որ մշտապես հյուրընկալ հող էր եղել թշվառների համար. երկիր, որտեղ իր ափը որոշեց փնտրել տասնութամյա հայրենազուրկ Միսաքը, ինչպես ինքն է գրում՝ արբեցած «ազատության մեծ մի երազով»:

Լուսանկարը` REUTERS


Միսաքը՝ «մանր գողությամբ ապրող, օտարերկրացի, անվարժ», ինչպես պայքարի մի այլ բանաստեղծ՝ Գիյոմ Ապոլիներն է գրում, որ դարձյալ Ֆրանսիան էր ընտրել: Որբ եւ օտար՝ նա շուտով կորցնում է եղբորը, որը մահանում է հիվանդությունից, բայց անխոնջ լծված է աշխատանքի. Ժավելի առափնյակին գտնվող « Citroën »-ի գործարանի բանվորը, որին անսպասելիորեն ազատում են աշխատանքից, հաճախ քաղցած է եւ դողում է ցրտից:

Այդպե՞ս են արդյոք ապրում մարդիկ: Այդպես է, որ երեկոյան՝ գործարանից հետո, Միսաք Մանուշյանը սովորում է: Այդպես է, որ գրադարակներում շարված գրքերի հայացքի ներքո Միսաք Մանուշյանը ֆրանսիացի բանաստեղծներին թարգմանում է հայերեն: Եվ ինքը սկսում է գրել: Տրտմության եւ զրկանքի բառեր, որոնք այրվում են փարիզյան ձմեռների ցրտից: Ու նաեւ հույսի բառեր, որ ջերմանում են տարագիրների եղբայրության, հայկական սփյուռքի համերաշխության լույսից, երաժշտության եւ արվեստի, Սորբոնի դասընթացների եւ ամսագրերի առատությունից:

Բանաստեղծ եւ ըմբոստ: 1934 թվականին, երբ ֆաշիստական լիգաները շքերթի են դուրս գալիս Փարիզի սրտում, Միսաք Մանուշյանի առջեւ նորից կանգնում է անգիտության եւ ռասիստական կեղծիքների մահացու թույնը, որ իր ընտանիքի կործանման պատճառն էր դարձել Հայաստանում:  

Այդպե՞ս են արդյոք ապրում մարդիկ: Ո՛չ: Եվ հենց այդ ժամանակ է, որ Միսաք Մանուշյանը որոշում է հարել կոմունիստական իդեալին: Համոզված, որ դեռ երբեւէ ոչ մեկի չի հաջողվել Ֆրանսիայում անպատժելիորեն բաժանել Հանրապետությունն ու Հեղափոխությունը: 1789-ից, 1793-ից հետո նա համամարդկային էմանսիպացիա է երազում բովանդակ աշխարհի նզովյալների համար: Այդպես է Միսաք Մանուշյանը զինվորագրվում ֆաշիզմի դեմ պայքարին՝ համալրելով կոմունիստական կուսակցության շարքերը, իսկ շատ շուտով գլխավորելով այն ամսագիրը, որ հայոց գետերից մեկի անունով կոչվում է «Զանգու»: Ժողովրդական ճակատի ներշնչած հույսը, հանուն Իսպանիայի ազատագրման մարտնչող ջոկատներին միանալու ցանկությունը, քաղաքական պայքարի առաջնագիծը:

Մակրոնի հրաժեշտի խոսքը Ազնավուրին


Այդպես է Միսաք Մանուշյանը գտնում իր սերը՝ Մելինեին, որ ցեղասպանության զավակ էր՝ իր նման, Մելինեին, որ իրեն կացարան տված Ազնավուրյան ընտանիքի պաշտպանությունն ու մտերմությունն էր վայելում. Ազնավուրյանները, որոնց որդին՝ Շառլը, դեռ տասը տարեկան էր, բայց արդեն երգիչ: Սեր՝ ի հեճուկս զրկանքների, հետեւում թողած անցյալը եւ ապագան գրկած. խենթ սեր: Ես ձեզ պատմում եմ մի ժամանակի մասին, որ այնքան սիրով են ապրել քսանամյա երիտասարդները՝ Միսաքն ու Մելինեն:

Նրանք ազատ էին Ֆրանսիայում՝ պատանի Միսաքի ընտրած երկրում, որը բառեր էր նվիրել նրան, որ նա երազի, ապաստան էր տվել, որ նա ոտքի կանգնի, եւ մշակույթ, որ զարգանա: Եվ ուրեմն՝ 1939 թվականին Մոնռուժի մարզադաշտում, որտեղ Միսաք Մանուշյանը մասնակցում էր Հեղափոխության 150-ամյակին նվիրված շքերթին, նա բա՜րձր ծածանում էր մեր եռագույն դրոշը: Այդ ժամանակ է, որ այդ դրոշին ծառայելու փափագով Միսաք Մանուշյանը երկու անգամ ուզեց ֆրանսիացի դառնալ: Զուր, որովհետեւ Ֆրանսիան մոռացել էր հալածյալների համար ապաստան դառնալու իր կոչումը:

Երբ սկսվում է պատերազմը, Միսաք Մանուշյանը կամենում է զինվորագրվել: Արբեցած ազատությամբ, արիությամբ ու զայրագին մի փափագով՝ պայքարելու հանուն այն երկրի, որն իրեն տվել էր ամեն ինչ:

«Շղթայված վագրի» նման փակված բանտում, ինչպես ինքն է գրում բանաստեղծի իր բառերով, բանտախցերում, որտեղ հայտնվել էր օտարերկրացիների, կոմունիստների հանդեպ արմատացած վախի հետեւանքով, գերմանական ճամբարի դիտակետերի անքթիթ հսկողության տակ, որտեղ կալանավորված էր 1941-ից, եւ ուր Մելինեն ամեն օր, վտանգն անտեսելով, կերակուր էր տանում նրան:

Լուսանկարը` REUTERS


Այդպե՞ս են արդյոք ապրում մարդիկ: Այո՛, ազատության գիտակցված, աներկբա եւ մշտանորոգ ընտրության գնով: Որովհետեւ օկուպացված Փարիզում Միսաք Մանուշյանը շտապում է միանալ ներգաղթյալ աշխատավորների շարքերում ձեւավորված կոմունիստական Դիմադրության շարժմանը՝ MOI-ին: Նա ցանկանում էր բանաստեղծ դառնալ, բայց դարձավ ընդհատակյա մարտիկ՝ մխրճվելով ընդհատակյա կյանքի դժոխքը. կյանք, որի նպատակն էր գերմանացի զինվորների համար Փարիզը վերածել դժոխքի: Հոգեբանական պատերազմ, որ կոչված էր ցույց տալու զավթիչներին, որ ֆրանսիացիները քայլ անգամ չեն նահանջել ազատության իրենց հավատամքից: Դարձյալ եւ մշտապես տոգորված «ազատության մեծ երազի» արբեցումով՝ Միսաք Մանուշյանը չի երկնչում վտանգի առջեւ: Նա, ում սերը սիրելն էր, վճռում է սպանել: Ինչպես 1943 թվականի գարնանային այն օրը՝ մարտին, երբ նա ձեռքի նռնակը նետեց գերմանական ջոկատներից մեկի վրա:

Այդպե՞ս են արդյոք երազում մարդիկ: Այո՛, զենքը ձեռքին: Եվ նա մենակ չէ, ուրիշ մարդիկ էլ կան նրա կողքին, որովհետեւ նրանց վտարել են երկրի երեսից, եւ նրանք վճռել են պայքարել հանուն հայրենի հողի իրենց կտորի: Որովհետեւ նրանց շարքերում հրեաներ կան, որոնցից մի քանիսը Լեբժ Գոլդբերգի, Մորիս Ֆինգենցվեյգի, Մարսել Ռայմանի նման տեսել են՝ ինչպես են աքսորում իրենց հարազատներին: Որովհետեւ բանվորական, ժողովրդական Փարիզում, որտեղ ֆրանսերենը միախառնվում է իտալերենին եւ իդիշին, պատերազմը կողոպտել է նրանց դպրոցներն ու արհեստանոցները: Որովհետեւ այն ուժերը, որ  հպատակներն են ատելության, կողոպտել են նրանց անցյալն այնտեղ՝ Հայաստանում, որ Արմենակ Մանուկյանի եզերքն է: Որովհետեւ նրանց շարքերում կան նաեւ կանայք, որոնք ուզում են գործել՝ հանուն Մարդու ապագայի Մելինեի կամ ռումինուհի Գոլդա Բանցիգի եւ ուրիշ քանի՜-քանի կանանց նման, որ ռումբեր եւ զենք են տեղափոխում՝ վեր ամեն մի կասկածից, որ քայլ առ քայլ հետեւում են ֆաշիստներին՝ վեր բոլոր վախերից: Որովհետեւ մի խումբ ընկերներ են նրանք, կենաց ու մահու ընկերներ:

Մի տարիքում, երբ երդումներն անպարտելի են, ինչպես դա եղավ Թոմաս Էլեկի ու Վոլֆ Վայսբրոտի դեպքում. նրանք մի թիմ են, ֆուտբոլի թիմ. եւ ուրեմն՝ Ռինո դելլա Նեգրայի խիզախումը, որ «Red Star» ֆուտբոլային ակումբի ամենախոստումնալից երիտասարդն էր այդ տարիներին:

Որովհետեւ Անտուան Սալվադորիի, Չեզարե Լուկկարինիի, Ամադեո Ուսսելիոյի, Սպարտակո Ֆոնտանոյի նման նրանք տեսել են՝ ինչպես է մեռնում ազատությունն իրենց հայրերի Իտալիայում: Որովհետեւ Յոնաս Գեդուլդիգի, Սալոմոն Շապիրայի, Շլամա Գզիվաչի նման նրանք տեսել են՝ ինչպես են հրի եւ սրի մարդիկ աքցանի մեջ վերցնում Լեհաստանն ու հալածում հրեաներին: Որովհետեւ նրանցից շատերը Սելեստինո Ալֆոնսոյի հայրենիքի՝ Իսպանիայի ինտերնացիոնալ ջոկատների նախկին մարտիկներից են: Ո՞ւմ մահն է գուժում զանգը: Ազգությամբ լեհ Ժոզեֆ Էպշտեյնի եւ Ստանիսլաս Կուբացկիի: Ազգությամբ հունգարացի Յոզեֆ Բոչովի եւ Իմրե Գլասի՝ պայթուցիկի ողջ բեռը շալակած սաբոտաժի հմուտ այդ փորձագետների: Որովհետեւ նրանք քսան տարեկան են՝ ապրել սովորելու տարիքը, պայքարել սովորելու տարիքը: Ինչպես STO-ին՝ Հարկադիր աշխատանքների ծառայությանը «ոչ» ասած այն ֆրանսիացիները՝ Ռոժե Ռուքսելը, Ռոժե Կլոարեկը եւ Ռոբեր Վիտիցը:

Եվ որովհետեւ նրանք կոմունիստ են, միակ ճշմարտությունը, որ նրանք գիտեն, համամարդկային եղբայրությունն է, նրանք, որ զավակներն են Ֆրանսիական հեղափոխության, աչալուրջ հետեւում են համաշխարհային հեղափոխության ազդակներին: Այսօր ես ընդամենը քսանչորս անուն եմ հիշատակում, բայց նրանց միանում է  FTP-MOI-ի՝ Դիմադրության պարտիզանական շարժման անդամների ստվար մի բանակ, որոնց անունները չափից դուրս երկար են մոռացության մատնվել:

Այո, որովհետեւ նրանց անունները դժվար էր արտաբերել, որովհետեւ նրանց ջանքերով իրար էին հետեւում ռելսերից շրջվող գնացքներն ու ֆաշիստների դեմ հարձակումները, որովհետեւ նրանց հաջողվել էր մահապատժի ենթարկել ռեյխի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, նրանց հետապնդում էին ավելի կատաղորեն, քան երբեւէ: Նրանց հետքերն էին փնտրում ոստիկանության, ֆաշիստների հետ համագործակցող կոլաբորացիոնիստների՝ Բուսքեի, Լավալի, Պետենի ոստիկանության աշխատակիցները, եւ զանգվածային ձերբակալությունների սպառնական ստվերն ավելի ու ավելի էր ահագնանում:

Լուսանկարը` REUTERS


1943 թվականի աշնանը ստանձնելով Փարիզի պարտիզանական ջոկատների մարտական ղեկավարի պարտականությունը՝ Միսաք Մանուշյանը կանխազգում էր իր մոտալուտ վախճանը: Նոյեմբերյան մի առավոտ ընկերներին վերահաս վտանգի մասին նախազգուշացնելու համար նա շտապում է իր վերադասի՝ Ժոզեֆ Էպշտեյնի հետ նշանակված ժամադրությանը: Միսաք Մանուշյանը չէր վրիպել. նա  ձերբակալվում է իր ընկերների հետ, խոշտանգվում եւ կտտանքների ենթարկվում, իսկ 1944 թվականի փետրվարին՝ ֆաշիստական քարոզչության կազմակերպած դատավարության ժամանակ, կանգնում է դատարանի առջեւ:

Այդպե՞ս են արդյոք ապրում մարդիկ: Այո՛, եթե նրանք աներկբա ազատություն են ուխտել: Կանգնած դատարանի առջեւ՝ նրանք հպարտորեն ընդունում են ֆաշիստ դատավորների բոլոր մեղադրանքները. իրենց  գործողությունները, կոմունիզմը, հրեայի, օտարերկրացու իրենց վարած կյանքը՝ հանդուգն, անխռով, ազատ: «Դուք ժառանգել եք ֆրանսիական քաղաքացիությունը,-նետում է Միսաք Մանուշյանը կոլաբորացիոնիստ ոստիկաններին,- իսկ մենք վաստակել ենք այն»:

Օտարերկրացիներ, որոնք մեր եղբայրներն էին, մարդիկ, որոնք գերադասել էին ֆրանսիացի լինել, հույս ուխտած ֆրանսիացիներ: Ինչպես Սեն կղզու ձկնորսները, ինչպես տասնվեցամյա, քսանամյա, երեսնամյա ուրիշ այնքան երիտասարդներ, ինչպես ստվերները Կորրեզի պարտիզանների, Կուֆրայի մարտիկների կամ Վերկորի պաշարվածների: Ի ծնե ֆրանսիացիների, հույս ուխտած ֆրանսիացիների: Նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, եւ նրանք, ովքեր չէին հավատում, նրանք, ովքեր պաշտպանում էին Լույսն ու Լուսավորականներին եւ չընկրկեցին:

Այդպե՞ս են արդյոք մեռնում մարդիկ: 1944 թվականի փետրվարի 21-ին նրանք կանգնած են, ահա, մահվան դեմ հանդիման: Մոն-Վալերիեն բացատում Միսաք Մանուշյանի սիրտը մորմոքում է ցավից. վաղն իր եւ Մելինեի ամուսնության տարելիցն է: Իրենք երեխա չեն ունենա: Բայց Մելինեն մի ամբողջ կյանք ունի իր առջեւ: Քիչ առաջ նա թղթին է հանձնել իր բառերը, որ սիրո բառեր են. սերը կնոջ հանդեպ, որին նա ապագա է նվիրում, սերը Ֆրանսիայի հանդեպ, որին նա իր կյանքն է նվիրում, սերը աշխարհի բոլոր ժողովուրդների հանդեպ, որոնց նա իր ներումն է նվիրում:

«Այսօր արեւոտ եղանակ է»: Միսաք Մանուշյանն այնքան է վստահում մարդկությանը, որ նա համակ կամք է, սիրելու կամք: Զերծ հիշաչարությունից, վեր ամեն մի հուսահատությունից, վստահ, որ իր դարն արժանին է մատուցելու իրեն, ինչպես ինքն է դա անում հիմա, վստահ, որ իր դահիճները ջախջախվելու են, եւ հաղթանակելու է մարդկությունը: Որովհետեւ նա, ով իր կյանքն է տալիս հանուն համամարդկային ազատության, միշտ էլ իրավացի է Պատմության առջեւ:  

Այդպե՞ս են արդյոք մեռնում մարդիկ: Այո՛, համենայն դեպս, ազատ մարդիկ: Համենայն դեպս, այն ֆրանսիացիները, որոնք հույս էին ուխտել: «Ես ընդամենը մի զինվոր եմ, որն իր կյանքն է տալիս հանուն Ֆրանսիայի: Ես գիտեմ, թե ինչու եմ մեռնում եւ շատ հպարտ եմ դրանով»,- գրում է իսպանացի Սելեստինո Ալֆոնսոն մահապատժից առաջ: Եվ 1944 թ. փետրվարի 21-ին հեղված այդ արյամբ քսաներկու դաշինք է կնքվում այդ ճակատագրերի եւ Ֆրանսիայի ազատության միջեւ:

Զոհաբերված արյամբ կնքված դաշինք: Մինչ այդ՝ ամիսներ ձգված խոշտանգումներից հետո, վերջին ուժերի գերլարումով նրանք հասցրել են բացականչել. «Կորչե՜ն ֆաշիստները, կեցցե՜ գերմանացի ժողովուրդը»: Աչքերը կապած՝ բացառությամբ նրանց, ովքեր հրաժարվում են դրանից, չորս-չորս քայլելով դեպի կառափնարան, կրակի ազդանշանի հետ նրանք գետնին են ընկնում՝ բզկտված մարմիններով: Նրանք կընկնեն, ինչպես Ժոզեֆ Էպշտեյնը, որին կգնդակահարեն, եւ որից ոչ մի անուն, անգամ իր անունը չկարողացան կորզել խոշտանգումների միջոցով, նա, որ ապացուցեց իր քաջությունը մինչեւ վերջ: Նրանք կընկնեն, ինչպես գլխատված Գոլդա Բանցիգի գլուխը, որին մահապատժի ենթարկեցին մայիսին, Շտուտգարտի բանտում, բոլորից թաքուն:

Լուսանկարը` REUTERS


Ընկան, նրանք ընկան, եւ նրանց դահիճները ցանկացան մի երկրորդ անգամ մահապատժի ենթարկել նրանց՝ այս անգամ քարոզչական զրպարտության միջոցով. այն Կարմիր ազդագիրը, որը պետք է վախ սերմաներ, բայց որն է՛լ ավելի մեծ սեր արթնացրեց: Որովհետեւ ճշմարիտ հայրենասերներն այդ կարմիրի մեջ եռագույն դրոշի կարմիրն էին ճանաչելու: 14 թվականի զինվորական առաջին համազգեստների կարմիրը, Վալմիի առավոտների կարմիրը, հանուն Ֆրանսիայի հեղված արյան կարմիրը, որում մշտապես կապույտի մի արցունք է շողում, ու ճառագող մի ճերմակ:

Այսպես՝ մահին հաղթելով են վերապրում մարդիկ: Նրանք գոյությունը ափեափ լցնում են հիշողությամբ: Արագոնի տողերով, երգերով, Լեո Ֆեռեի եւ ուրիշ այնքան երաժիշտների երգերով: Հիշողությամբ, որին մինչեւ վերջ հավատարիմ մնացին Ազատագրման պարտիզանական ջոկատների վետերան Արսեն Շաքարյանը կամ Անտուան Բաղդիգյանը՝ միեւնույն եռանդով իրենց կյանքը նվիրելով Ֆրանսիայի հայերի եւ հրեաների Դիմադրության շարժումը մեծարելուն, որն իր ժառանգությունը փոխանցող անխոնջ մշակներ է ունեցել:

Այդպես են վերապրում մարդիկ: Այդպես են Մեծ Մարդիկ Ֆրանսիայում ապրում առհավետ:

Լուսանկարը` REUTERS


Այսօր Պանթեոնն իր հարկի տակ Դիմադրության պարտիզանական շարժման քսանչորս դեմք է ընդունում: Ընդամենը քսանչորսը մարտիկների եւ պատանդների հարյուրավոր այն դեմքերից, որոնց գնդակահարեցին Մոն-Վալերիեն բացատում, եւ որոնց ես վճռել եմ այսօր հռչակել հանուն Ֆրանսիայի ընկած հերոսներ, բոլորին անխտիր: Այո՛, 2024 թվականի Ֆրանսիան պարտք ուներ ինքն իր առջեւ. հարգանքի տուրք մատուցել այդ մարդկանց, որոնք Ֆրանսիա էին քսանչորս անգամ: Հարգանքի տուրք մատուցել նրանց մեր խոնարհումով, հարգանքի տուրք մատուցել նրանց մեր սրտերում, երիտասարդ ֆրանսիացիների մտքում, որ այսօր եկել են այստեղ՝ խորհելու այն երիտասարդության մասին, որ ապրել է իրենցից առաջ, օտարազգի, հրեա, կոմունիստ երիտասարդության, Դիմադրության երիտասարդության, ֆրանսիացի երիտասարդության, որ պահապանն է աշխարհի վեհության մի պատառիկի:

Միսաք Մանուշյա՛ն, Դուք մուտք եք գործում այստեղ՝ ճշմարիտ զինվորի նման, Դուք մուտք եք գործում այստեղ Ձեր ընկերների՝ Կարմիր Ազդագրի, Մոն-Վալերիենի Ձեր ընկերների հետ, Գոլդայի, Ժոզեֆի, հանուն Ֆրանսիայի իրենց կյանքը զոհաբերած Ձեր բոլոր զինակից եղբայրների հետ: Դուք նրանց հետ համալրում եք Դիմադրության շարքերը Պանթեոնում: Եվ այսուհետ գիշերի կարգն ամբողջացավ:

Միսաք Մանուշյա՛ն, Դուք մուտք եք գործում այստեղ, ինչպես միշտ, արբեցած Ձեր երազներով. իր վշտերից ազատագրված Հայաստանի երազը, եղբայրական Եվրոպայի երազը, կոմունիստական իդեալի, արդարության, արժանապատվության, մարդասիրության երազը. ֆրանսիական երազներ, որ համամարդկային երազներ են:

Միսաք Մանուշյա՛ն, Դուք մուտք եք գործում այստեղ Մելինեի հետ: Որպես երջանիկ սիրո մասին պատմող մի բանաստեղծ: Ազատության սերը՝ չնայած բանտերին, խոշտանգումներին եւ մահվանը, Ֆրանսիայի հանդեպ ունեցած սերը՝ չնայած մերժումներին եւ դավաճանություններին, սերը Մարդկանց հանդեպ՝ նրանց, որոնք հեռացել են կյանքից, եւ նրանց, որոնք նոր պետք է ծնվեն:

Այսօր չկա ձմռան այն արեւը, որ շողում էր բլուրի վերեւում, անձրեւ է Փարիզում, եւ երախտապարտ Ֆրանսիան Ձեզ իր գիրկն է առնում:

Միսաք եւ Մելինե՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի ճակատագրեր՝ վերջապես վերագտած մի սեր: Միսաքը, մյուս քսաներեքը եւ նրանց հետ՝ բոլոր այն դեմքերը, որոնց առջեւ մենք խոնարհվում ենք այսօր:

Սերն ու ազատությունը՝ առհավետ:

Կեցցե՛ Հանրապետությունը: Կեցցե՛ Ֆրանսիան:  

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին