«Նոր դարաշրջան»՝ հաղթանակի եւ պարտության լղոզված սահմանների միջեւ - Mediamax.am

1329 դիտում

«Նոր դարաշրջան»՝ հաղթանակի եւ պարտության լղոզված սահմանների միջեւ


Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Լուսանկարը` Aris Messinis

Լուսանկարը` Ivor Prickett/The New York Times

Լուսանկարը` Orla Guerin

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան


Ներկայացնում ենք Յուտայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր «Կայսրության կարոտախտը. նեոօսմանիզմի քաղաքականությունը (Oxford University Press 2020) գրքի հեղինակ Հաքան Յավուզի Triumph in Defeat: Inaugurating a New Era for Azerbaijan and Armenia հոդվածի հայերեն թարգմանությունը:

Հաքան Յավուզը Հայոց Ցեղասպանության հետեւողական ժխտողի համբավ ունի: Այս հոդվածում ներկայացվող շատ թեզեր առաջին հայացքից կարող են կառուցողական թվալ, սակայն ուշադիր ընթերցելու դեպքում նկատելի են երկիմաստություններ, որոնք դժվար թե պատահական լինեն: Չնայած դրան, որոշեցինք հոդվածը ներկայացնել հայերեն՝ այդ թեզերը տեսանելի դարձնելու նպատակով:

***

Ղարաբաղյան հակամարտությունը ի ցույց է դնում այդ պարադոքսալ հետեւանքները, որոնք կարող են լղոզել սահմանները ռազմական հաղթանակի եւ նվաստացուցիչ պարտության միջեւ: Այս հոդվածն ուսումնասիրում է, թե ինչպես է ռազմական հաղթանակի հուզմունքը վերածվում պարտության խոր զգացումի: Ընդամենը երեսուն տարվա ընթացքում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը զգացին, թե ազգային հոգեկերտվածքի վրա ինչ խոր ազդեցություն թողեցին ռազմական հաղթանակի ոգեւորությունն ու պատերազմական պարտության նվաստացումը:

1994-ին հայկական ուժերը շռնդալի հաղթանակ տոնեցին եւ Ադրբեջանի տարածքում հիմնեցին անջատական պետություն, որը հայերենով կոչվում է Արցախ՝ միաժամանակ կերտելով հայկական հզոր ազգայնականության պոպուլիստական պատումը: Բայց 2020 թվականին այս հաղթանակը վերածվեց պարտության՝ հետեւից թողնելով մոխրացած նկրտումներ ու փշրված պատրանքներ: Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանն իր ազգային ինքնության եւ հպարտության ամենացածր կետում էր: Ցնցումը, որը հաճախ անվանում են «ղարաբաղյան վերք», առաջացրեց ոչ միայն վրեժխնդրության, այլեւ ազգային վերածննդի ցանկություն: Մինչդեռ հայերը չէին կարողանում ըմբռնել, թե ինչ ազդեցություն է թողել ղարաբաղյան վերքը ադրբեջանցիների վրա։ Այն զգացել էին ոչ միայն տեղահանվածները կամ զոհերին սգացողները, այլեւ հասարակ ադրբեջանցիները՝ հասարակության բոլոր շերտերից եւ բոլոր ոլորտներից: Ադրբեջանական պետությունը համակարգում էր կոլեկտիվ տրավմայի եւ զոհի ազգային խոր զգացողության իր ուղերձը, ամրապնդում այն եւ այս հավաքական հոգեկերտվածքը հաստատում դպրոցներում ու լրատվամիջոցներում:

Մյուս կողմից ռազմական հաղթանակը ոչ միայն ամրապնդեց հայերի նոր ձեռքբերված ինքնավստահությունը, այլ նաեւ խոր արհամարհանք առաջացրեց ադրբեջանցիների նկատմամբ, որոնց հայերը անարդարացիորեն որակեցին որպես «ցեղասպան թուրքեր», որոնք պատժվում են 1915-ի իրադարձությունների համար: Հայաստանի համար հաղթանակը ազգայնական ինքնության հաստատում էր՝ որպես թույլ եւ պառակտված ադրբեջանցի թուրքերին գերազանցող ազգ:

Զարմանալի չէ, որ Հայաստանի սնապարծությունն ու անզիջողականությունը ուժեղացրին ադրբեջանական կողմի հատուցման վճռականությունը: Հայաստանը մսխեց իր ռազմական հաղթանակի պտուղները՝ չհասկանալով, թե ինչպես կարող էր օգտագործել այն տարածաշրջանում կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջ դրեց դիվանագիտական կարգավորման ցանկացած հույսի՝ 2019-ին հայտարարելով, որ «Ղարաբաղը Հայաստան է եւ վե՛րջ»։ Ադրբեջանին այլ բան չէր մնում, քանի խնդրի ոչ դիվանագիտական լուծում փնտրել՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Այդպիսով երկրորդ Ղարաբաղյան պատերազմը անխուսափելի դարձավ:

Լուսանկարը` Orla Guerin


2020 թվականին Ադրբեջանը գրավեց տարածքների մեծ մասը եւ սկսեց վերահսկել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կարեւորագույն ճանապարհները: Մի քանի գործոններ ճանապարհ հարթեցին Հայաստանի ռազմական պարտության համար, որը նույնքան ողբերգական եւ նվաստացուցիչ էր, որքան Ադրբեջանի պարտությունը։ Ղարաբաղի հայերը, որոնք ապավինում էին ռուս խաղաղապահներին, խոցելի էին անակնկալ հարձակումների համար:

Ռուսաստանի մոտեցումն էր այն, որ անգամ ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասը կարելի էր անտեսել Ուկրաինայում հաղթանակ ապահովելու համար։ Պատերազմը Ռուսաստանին ստիպեց կապեր հաստատել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ պատժամիջոցները մեղմելու եւ դեպի հարավ առեւտրային նոր ուղիներ ստեղծելու համար։ Հայաստանը լրացուցիչ մարտահրավերների բախվեց, երբ նախկին ռազմական գերակայությունը աստիճանաբար նվազեց: Երկիրը ինքնագոհաբար անտեսեց առաջին պատերազմի արժեքավոր դասերը։ Ռազմական ծախսերը այլեւս չաճեցին, սարքավորումը հնացավ, ռազմական վերապատրաստումը պակաս խիստ դարձավ: Ռազմական պատրաստվածության այս անկումը բարդացրեց Հայաստանի իրավիճակը:

Մինչդեռ Ադրբեջանը՝ իր նավթային մեծ եկամուտներով ու ռազմավարական դաշինքներով, որոնք լցնում էին գանձարանը, ստեղծեց ահռելի պատերազմական ապարատ՝ ներդրումներ կատարելով առաջադեմ տեխնոլոգիաներում, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը, ճշգրիտ զենքերը եւ կիբերպատերազմի միջոցները: Ուժերի հարաբերակցությունը վճռականորեն խախտվեց՝ հայերի երբեմնի հզոր ղարաբաղյան ամրոցները վերածելով անզոր բաստիոնների, որոնք ունակ չեն դիմակայելու կամ չեզոքացնելու տեխնոլոգիապես ավելի զարգացած հակառակորդին: Պարտված, հյուծված արտագաղթող հայերի շարանները կոտրեցին անպարտելիության վաղեմի կարծրատիպը: Այժմ Հայաստանի հերթն էր խոր ազգային նվաստացում ապրել՝ վշտով, անվստահությամբ եւ ազգի գոյության կամքի մասին հարցերով:

Լուսանկարը` Ivor Prickett/The New York Times


2024 թվականին Հայաստանն իր պատմության կրիտիկական փուլում է: Պարտությունը կարող է հնարավորություն դառնալ, նույնիսկ վերածնվելու ներուժ ընձեռել: Ղարաբաղյան խնդրից Ռուսաստանի հեռանալը հայկական պետությանը թույլ է տալիս օգտվել առիթից եւ ազատվել պրոտեկտորատ լինելու շղթաներից եւ վերահաստատել իր ինքնիշխանությունը։ Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է անդրադառնան Հայաստանի իրական կամ երեւակայական սպառնալիքներին եւ Փաշինյանի կառավարությանը Ռուսաստանից հեռանալու համար ավելի մեծ մանեւրելու տարածք տրամադրեն։ Կայուն եւ խաղաղ Հայաստանի ապագան քիչ թե շատ կախված է Թուրքիայից եւ Ադրբեջանից, որոնք պետք է անդրադառնան Հայաստանի պատմական վախերին, ինչը շահեկան է բոլոր երեք երկրների համար: Պատմամշակութային կենտրոն հանդիսացող Ղարաբաղի կորստով՝ այս «մեծագույն պարտությունը» շարունակում է արձագանքել Հայաստանում:
Ֆինանսական ազդեցությունն ակնհայտ է. խաթարված են առեւտրային ուղիները, ենթակառուցվածքային ռեսուրսների խիստ պակասը խնդիր են առանց այն էլ ծանրաբեռնված տնտեսության համար: Քաղաքական առումով հայ հասարակությունը պառակտված է, հնչում են փոխադարձ մեղադրանքներ, փնտրվում են նոր հարացույցեր: Այնուամենայնիվ, կան հույսի շողեր: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս տեղի ունեցած գերիների փոխանակումը, որն իրականացվել է առանց արտաքին միջամտության, հաշտեցման փխրուն, բայց կենսունակ հնարավորություն է: Երկու ժողովուրդներն էլ այժմ կանգնած են վճռորոշ ընտրության առաջ՝ կառչել անցյալի ագրեսիաների ուրվականներից կամ փոխըմբռնման եւ բարգավաճման ուղի ստեղծել:

Հարատեւ խաղաղության համար բացասական գործոններից է հայկական սփյուռքը, որն ավելի շատ զբաղված է անցյալն արձանագրելով, քան Հայաստանի ապագան կառուցելով: Պարտությունը կոլեկտիվ տրավմա է, որը հավանաբար կընդլայնի ցեղասպանության պատմական պատումը: Այսինքն՝ հայերը Ղարաբաղը կներկայացնեն 1915-ի ցեղասպանության պատումի շրջանակում: Դա կամրապնդի «սարսափելի եւ ցեղասպան թուրքերի» պատկերը, հատկապես հայկական սփյուռքում, եւ կխարսխի զոհի պատումը, որը կարող է վերակենդանացնել ռեւանշիստական հայ ազգայնականությունը:

Ռեւանշիստական ազգայնականությունը կանխելու համար կա կառուցողական այլընտրանք. Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է աշխատեն Հայաստանի հետ ավելի սերտ կապեր եւ տնտեսական համագործակցություն զարգացնելու եւ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, որպեսզի երկու պատերազմներին հանգեցրած հոգեբանական ցիկլերը վերջնականապես կոտրվեն: Անկարան պետք է Հայաստանին ընդառաջ գնա՝ բացելով սահմանը եւ պաշտոնապես ճանաչելով ու ներողություն խնդրելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի տառապանքների համար: Անկարայի գործողությունները կարող են հաղթահարել ավելի քան մեկ դար շարունակվող ցեղասպանության մեղադրանքները: Ավելին, հավանական է, որ Փաշինյանի կառավարության ջանքերը նպաստեն աճող բողոքների ու ներքին դժգոհությանը։ Ենթադրվող ձախողումների հոգեբանական ազդեցությունը կարող է նպաստել քաղաքական ղեկավարության նկատմամբ վստահության կորստին եւ հաշվետվության պահանջ առաջացնել: Ցավոք, Հայաստանում քաղաքական ընդդիմության թուլությունն ապահովել է Փաշինյանի վերընտրությունը եւ նրա իշխանությունն ամրապնդելու ջանքերը՝ առանց ներքաղաքական ոլորտում էական փոփոխություններ կատարելու քաղաքական կամքի։

Լուսանկարը` Aris Messinis


Հարյուր հազարավոր հայերի տեղահանման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը սաստկացրել է էմոցիոնալ լարվածությունը, բայց նաեւ ստեղծել է համերաշխության զգացում: Համաքաղաքացիների տառապանքներին ականատես լինելը եւ ներքին տեղահանվածների կարիքները հոգալու անհրաժեշտությունը ստեղծում են հուզական բեռ, որն ավելի կարեւոր է, քան աշխարհաքաղաքական նկատառումները: ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ տարածաշրջանի հարեւանները պետք է տնտեսական աջակցություն ցուցաբերեն փախստականների վերաբնակեցման հարցում։ Միեւնույն ժամանակ տարածաշրջանում ուժային դինամիկայի փոփոխությունները ընդգծում են հրատապության հավաքական զգացողությունը եւ ազգային շահերի պաշտպանությանն ուղղված հզոր, միասնական արձագանքի անհրաժեշտությունը:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը հրամայական է նրանց ապագայի համար։ Չնայած Հայաստանը տարածաշրջանային առանցքային տնտեսական նախագծերի մաս չի կազմում, Չինաստանի նախաձեռնած «Միջին միջանցք» նախագիծը կարող է տարածաշրջանը ներգրավել նոր առեւտրային ուղիների եւ փոխկապակցված հարաբերությունների մեջ: 2024 թվականին Կովկասը կարող է տնտեսապես եւ քաղաքականապես բարգավաճել, եթե Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը եւ Ռուսաստանը գործեն խաղաղ, ինտեգրված տարածաշրջանի միացյալ տեսլականով:

Ադրբեջանը ռազմավարական առումով հանդես է գալիս որպես «շրջանակային համաձայնագրի» կողմնակից, որպես քայլ դեպի առավել համապարփակ պայմանագիր՝ նպատակ ունենալով լուծել Հայաստանի հետ առկա խնդիրները: Կարեւոր խնդիրները, օրինակ՝ լեռնային սահմանների խրթին սահմանազատումը, դեռ առջեւում են եւ դրանց լուծման համար դեռ մի քանի տարի կպահանջվի: Հատկանշական է, որ ադրբեջանա-վրացական սահմանի սահմանազատումը 1991-ից մնում է չլուծված: Ադրբեջանն առաջարկում է սահմանները գծել ներկա փաստացի իրավիճակից ելնելով՝ ընդունելով ընթացիկ պայմանները հաշվի առնելու անհրաժեշտությունը: Երկրների միջեւ անկլավների անխուսափելի փոխանակումը եւ լեռների երկայնքով սահմանազատման երկար գործընթացը ընդգծում են իրավիճակի բարդությունը: Ավելին, Ադրբեջանը հորդորել է Հայաստանին փոխել իր սահմանադրության նախաբանը եւ հրաժարվել Ղարաբաղի հետ միացումը որպես ազգային նպատակ ներկայացնելուց:
Ադրբեջանի եւ Հայաստանի հաշտեցման եւ բարգավաճ Կովկասի ներուժի իրականացմանը խոչընդոտում են հինգ հանգամանքներ.

Արտաքին երաշխավորներ եւ միջամտություն. խաղաղության պայմանագրի Ադրբեջանի հույսերը բախվում են Հայաստանի դիմադրությանը, որը, մասնավորապես, ցանկանում է ներգրավել Եվրամիության անդամներին որպես երաշխավորներ: Սակայն Ադրբեջանը Ռուսաստանի հետ դեմ է արտաքին միջամտությանը։ Վստահության պակասը պահպանվում է, սակայն երկու կողմերն արդեն փոխանակել են խաղաղության պայմանագրի յոթ նախագիծ՝ առանց երրորդ կողմի մասնակցության, ինչը խոստումնալից է:

Անկլավներ եւ տարածքների փոխանակում. ադրբեջանական եւ հայկական անկլավները միմյանց տարածքներում զգալի խոչընդոտ են: Հայաստանի ներսում կա ութ ադրբեջանական անկլավ, իսկ Ադրբեջանի ներսում՝ հայերի մեկ խոշոր անկլավ։ Փոխանակման անհրաժեշտությունը հարցեր է առաջացնում իրագործելիության եւ ժամկետների վերաբերյալ, տարաձայնություններ կան ադրբեջանական անկլավների հարցում, որոնք գտնվում են Իրանը, Հայաստանը եւ Վրաստանը կապող հիմնական մայրուղիների մոտ:

Լուսանկարը` REUTERS


Համաձայնագրի ստորագրման վայրը. Հայաստանը պնդում է եվրոպական կամ ամերիկյան տարածքի վրա, մինչդեռ Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի կամ Վրաստանի հետ իր սահմանին մի տարածք, ինչն արտացոլում է աշխարհաքաղաքական նկատառումները:

Ղարաբաղի հարցը. աշխարհասփյուռ հայ ազգայնականները պնդում են, որ Փաշինյանը պայմանագրում ներառի Ղարաբաղի հարցը: Ադրբեջանի կառավարությունը հրաժարվեց պայմանագրում ներառել Ղարաբաղի հայերի մասին որեւէ կետ, քանի որ համարում է, որ Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի ներքին գործերի իրավասության ներքո։ Առայժմ Փաշինյանի կառավարությունը համաձայնել է Ղարաբաղը թողնել պայմանագրից դուրս եւ դրա փոխարեն ավելի լավ հարաբերություններ զարգացնել հարեւան պետությունների հետ։

Պատերազմական տուգանքներ եւ փոխհատուցում. խոսքը վերաբերում է ժամանակին Ադրբեջանում ապրող հայերին եւ Հայաստանում ապրող ադրբեջանցիներին: Սփյուռքի հայկական հաստատությունները իրավական ուղիներ են փնտրել՝ Ադրբեջանից Ղարաբաղի հայկական սեփականությունը պահանջելու համար: Այնուամենայնիվ, Հայաստանի դժկամությունը քննարկել փոխհատուցման հարցը արտացոլում է Ղարաբաղյան Առաջին պատերազմի ժամանակ տեղահանումների եւ ավերածությունների պատճառով ավելի բարձր փոխհատուցման հնարավոր պահանջների վերաբերյալ մտահոգությունները: Սակայն երկու երկրների միջեւ կայուն հարաբերությունների համար պետք է լուծել երկու կողմերի գույքային խնդիրները։

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան


Եզրափակելով պետք է ասել, որ ո՛չ պարտությունը, ո՛չ էլ ռազմական հաղթանակը մշտական չեն։ Ղարաբաղում հայերի պատմությունը խրատական է: Այն ընդգծում է, որ ռազմական հաղթանակները, որքան էլ փառահեղ լինեն, պիտանելիության ժամկետ ունեն: Երկարատեւ անվտանգությունը ոչ թե պատերազմական ավար է, այլ տեւական խաղաղությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, փոխզիջումների եւ պատմական մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամության վրա: Ղարաբաղյան հակամարտությունը՝ տարածքային վեճերի եւ էթնիկական լարվածության ողբերգական պատումը, որն օգտագործել են երկու երկրները, ցուցադրում է ռազմական հաղթանակից եւ պարտությունից բխող բազմակողմանի բացահայտումները: Երկու ժողովուրդներն էլ նպատակ ունեն զարգացնել իրենց տարածաշրջանային ինքնությունը, այդ պատճառով կայուն խաղաղության հասնելու համար էական նշանակություն ունի բազմաչափ, խաչվող հարցերի լուծումը: Տարածքային վեճերը, արտաքին խաղացողների ներգրավվածության ազդեցությունը եւ ներդրված ազգայնական տրամադրությունները շրջանցելու համար անհրաժեշտ է համեստ եւ մեծահոգի դիվանագիտություն՝ զուգորդված տարածաշրջանային կայունությանն ուղղված անկեղծ պարտավորության հետ: Բարգավաճ Կովկասի հավանականությունը կախված է այս խոչընդոտների հաղթահարումից եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտեցման եւ համագործակցության ճանապարհ հարթելուց:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին