Մյունխենի համաժողովում Ադրբեջանը խուսափեց անհարմար հարցերից - Mediamax.am

1304 դիտում

Մյունխենի համաժողովում Ադրբեջանը խուսափեց անհարմար հարցերից


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենի համաժողովում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենի համաժողովում

Լուսանկարը` REUTERS

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` REUTERS

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի համաժողովում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի համաժողովում

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Իռլանդիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնի COP29 host Azerbaijan escapes Munich Security scrutiny հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մերի Ռոբինսոն

Այս շաբաթ հրապարակված Մյունխենի անվտանգության զեկույցը՝ ամենամյա համաժողովին ընդառաջ, շատ մանրակրկիտ կերպով է նկարագրում միջազգային անվտանգությանն առնչվող ամենահրատապ մարտահրավերները:

Այնուհանդերձ, զեկույցում բացակայում է ժողովրդավարության համար առանցքային մի թեմա եւ այն չի արժանանում պատշաճ ուշադրության. այն է՝ համաշխարհային պայքարն անարդար ու կեղծ ընտրությունների դեմ, որոնք մինչ օրս էլ շարունակվում են տեղի ունենալ։ Այս երեւույթն ակնհայտորեն դրսեւորվել է վերջերս Ադրբեջանում տեղի ունեցած նախագահի արտահերթ ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում, ոչ անսպասելիորեն, հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիեւը՝ հավաքելով քվեների ավելի քան 92 տոկոսը:

Ադրբեջանի նախագահի հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականի սկզբներին, մինչդեռ նախագահ Ալիեւը դրանց անցկացումն արագացրել է՝ արտահերթ ընտրություններ նշանակելով 2024 թվականի փետրվարի 7-ին, արդյունքում՝ խիստ մտահոգիչ հարցեր առաջացնելով ժողովրդավարական գործընթացները շահարկելու վերաբերյալ: Ամսաթվերի այս կտրուկ փոփոխության թափանցիկության բացակայությունը մտահոգություն է առաջացնում գործող նախագահի՝ ընտրական ժամկետները շահարկելու իրավասության վերաբերյալ:

Նախագահ Ալիեւի՝ ընտրություններն արագացնելու որոշումը համընկնում է հաշվարկված քաղաքական ռազմավարության հետ։ Հենվելով ժողովրդականության աճի ալիքի վրա, որը ձեռք է բերվել վերջերս կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բռնազավթման արդյունքում, Ալիեւը նպատակ էր դրել այդ շարժիչ ուժը կապիտալի վերածել եւ ապահովել իր շարունակական տիրապետությունը իշխանության գլխին:

Այս մանեւրը նախադեպ ունի. այն արձագանքն է անցյալի այն դեպքերի, երբ նախագահը փոփոխել էր ընտրական օրենսդրության կանոնները հօգուտ իրեն, որպեսզի պահպաներ իր հոր կողմից տասնամյակներ առաջ սկիզբ դրած կլեպտոկրատիային:

Իլհամ Ալիեւը 2009 թվականին չեղարկել էր նախագահների պաշտոնավարման երկու ժամկետի սահմանափակումը՝ ամրապնդելով իր դիրքերը նախագահի պաշտոնում: Դրան հաջորդել էին 2016 թվականի օրենսդրական փոփոխությունները՝ ներառյալ նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը՝ 5-ից դարձնելով 7 տարի, եւ թեկնածուների տարիքային շեմի իջեցումը, ինչն էլ բացահայտ ակնարկ էր տոհմական ծրագրի իրականացման, այն է՝ ապագայում իր որդուն իշխանության անխափան փոխանցումն ապահովելու նպատակով:

Մեկ այլ կասկածելի քայլով էլ Ալիեւը իր կնոջը նշանակել էր երկրի առաջին փոխնախագահ՝ ամրապնդելով ընտանեկան վերահսկողությունը երկրի ղեկավարության վրա:

Ալիեւի երկաթյա կառչածությունը

Ադրբեջանի քաղաքական լանդշաֆտի վրա Ալիեւների ընտանիքի անսասան կառչածությունն ավելի է ընդգծվում արդար ընտրական գործընթացների ճնշմամբ եւ մարդու իրավունքների հարգանքի խնդիրներով:

2003 թվականին իշխանության ղեկը ստանձելուց ի վեր Իլհամ Ալիեւը հետեւողականորեն ճնշել է ընդդիմությանը եւ կալանավորել է ավելի քան հարյուր քաղաքական հակառակորդների, ինչպես նաեւ բանտարկել է Լեռնային Ղարաբաղի ութ հայտնի նախկին առաջնորդներին՝ իր վարչակազմի կողմից ավելի քան 120 հազար էթնիկ հայերի էթնիկ զտումներից հետո:

Հետեւապես, զարմանալի չէ, թե ինչու նախագահի մյուս վեց թեկնածուները, որոնք  այս վերջին ընտրություններում առաջադրվել էին Ալիեւի «դեմ», բացարձակապես չքննադատեցին նրա իշխանությանը, ըստ էության, փառաբանելով Ալիեւին որպես մեծ պետական գործչի, ինչն էլ հանգեցրեց ընտրությունների, որի ժամանակ «որեւէ լուրջ տարաձայնություն չեղավ… [ինչը] հանգեցրեց իսկական բազմակարծությունից զուրկ մի մրցույթի»,- նշել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության դիտորդներից մեկը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի համաժողովում

Լուսանկարը` REUTERS


Ավելին, խոսքի ազատության հանդեպ վարչակարգի արհամարհանքն ակնհայտորեն դրսեւորվում է անկախ լրագրությունը խեղդելով, լրագրողների շարունակական ձերբակալություններով, այն լրագրողների, որոնք համարձակվել են բացահայտել կոռուպցիոն երեւույթները՝ հատկապես ընտրություններին նախորդող ամիսներին: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության համաշխարհային սանդղակում 180 երկրների թվում Ադրբեջանին դասակարգել է 151-րդ հորիզոնականում, ինչն արտացոլում է խոսքի ազատության ճնշման շլացուցիչ օրինակը:

COP29

Չնայած այն պնդումներին, որ ընտրություններին ավելի քան 80 հազար դիտորդ է գրանցվել, Ադրբեջանի պատմությունը՝ դիտորդներին վտարելու, ընտրակեղծիքների մեջ ներգրավված լինելու եւ բողոքի ցույցերը բռնի ուժով ճնշելու դեպքերը, լուրջ մտահոգություններ են առաջացնում այդ երկրի ընտրական գործընթացների հանդեպ վստահության վերաբերյալ:

ԵԱՀԿ-ն իր հայտարարության մեջ մեջբերել է «քվեատուփերի լցոնման ցուցումներ…[ինչը] լուրջ հարցեր է առաջացրել այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվել են եւ ազնվորեն են ներկայացրել» այս ամիս անցկացված ընտրությունների ժամանակ:

Քանի որ միջազգային հանրությունն ականատես է լինում այս աղետաբեր նախանշաններին, հրամայական է դառնում հասցեագրել Ալիեւի ռեժիմի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումները: Սա հատկապես կարեւոր է, քանի որ Ադրբեջանը հյուրընկալելու է COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ կարեւոր հանդիպումը, որը նախատեսվում է անցկացնել այս տարեվերջին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` REUTERS


Քանի որ հիմա հազարավոր գործարարներ, կլիմայի եւ մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներ, ինչպես նաեւ պետական բանակցողներ պատրաստվում են այցելել Բաքու այս տարի, նրանք պետք է դա անեն մաքուր խղճով եւ կոչ անեն հյուրընկալող երկրին՝ պատշաճ կերպով վերաբերվել մարդու հիմնարար իրավունքներին, որը COP գործընթացի առանցքային բաղադրիչն է:

Անթույլատրելի է վարչակազմի կողմից մարդու իրավունքների ոտնահարման արձանագրությունների վրա աչք փակելը: Խիստ անհրաժեշտություն է, որ Ադրբեջանը հարգի մարդու իրավունքները եւ անկախ մամուլը, ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին եւ խաղաղության համաձայնագիր կնքի Հայաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իր ռազմական գործողություններից հետո: Սա նվազագույնն է, ինչ պետք է ակնկալել COP29-ը հյուրընկալող երկրից։

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին