Ադրբեջանի հետ խաղաղության գինը՝ ազգային պետականության վերափոխումը - Mediamax.am

1816 դիտում

Ադրբեջանի հետ խաղաղության գինը՝ ազգային պետականության վերափոխումը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Ներկայացնում ենք ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի Армения и Азербайджан: ускользающий мир հոդվածի հայերեն թարգմանությունը:

Սերգեյ Մարկեդոնով

Հույսերի դեկտեմբերը

2023 թվականի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի մոտալուտ ստորագրման մասին կանխատեսումների պակաս չկար:  Բաքուն եւ Երեւանը ռազմագերիներ փոխանակեցին՝ դրանով ցույց տալով վստահության միջոցների ամրապնդումը ոչ թե տեսականորեն, այլ՝ գործնականում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքում տեղադրվել էր իր գրասենյակի եւ նախագահ Իլհամ Ալիեւի վարչակազմի համատեղ հայտարարությունը։ Այս փաստաթղթում միանշանակ ասվում էր, որ երկու պետությունները «համաձայն են, որ պատմական հնարավորություն կա՝ հասնելու երկար սպասված խաղաղությանը»։ Նման համաձայնության հիմնարար հիմքը պայմանավորվող կողմերի ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքներն էին։

Տպավորություն կար, թե խաղաղության ճանապարհին վերջին արգելքները վերացված են։

Առաջին հերթին՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) հայտարարել էր ինքնալուծարման մասին։ Այնուհետեւ, Ամանորի տոնակատարություններից մեկ շաբաթ առաջ լրատվամիջոցներով եւ սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այս որոշման «անվավերության» մասին, որը, սակայն, որեւէ քաղաքական հետեւանք չունեցավ: Հայաստանի ղեկավարությունը ոչ մի աջակցություն չցուցաբերեց այդ նախաձեռնությանը։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարեց ղարաբաղյան հողերի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչման մասին։ Նա ոչ միայն նշել էր այդ փաստը, այլեւ պատրաստակամություն էր հայտնել ճշգրտել Անկախության հռչակագիրը եւ Սահմանադրությունը, որպեսզի այդ փաստաթղթերի տեքստերից հանվի «միացումի» (Հայաստանի եւ ԼՂՀ պետական միասնության) ցանկացած ակնարկ։

Երկրորդը՝ խաղաղություն հաստատելու Բաքվի եւ Երեւանի ցանկությունը աջակցություն ստացավ բոլոր կողմերից միաժամանակ։ «Սառը պատերազմ 2.0»-ի պայմաններում դժվար է գտնել որեւէ խնդիր, որը կարող է մերձեցնել Ռուսաստանի եւ Արեւմուտքի մոտեցումները։ Հայ-ադրբեջանական կարգավորումը, սակայն, դարձել է նման պարադոքսալ կոնսենսուսի կետ։ Փաշինյանի գրասենյակի եւ Ալիեւի վարչակազմի համատեղ հայտարարությունն աջակցություն ստացավ Մոսկվայից,  Վաշինգտոնից, Փարիզից, Բրյուսելից եւ Անկարայից։ Այսպիսով, երկարամյա էթնոքաղաքական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում աշխարհաքաղաքական մրցակցության գործոնը եթե չի հանվել, ապա նվազագույնի է հասցվել։ Այսօր դա անհնար է պատկերացնել Աբխազիային, Հարավային Օսիային կամ Մերձդնեստրին վերաբերող նույնիսկ ամենալավատեսական սցենարներում։

Երրորդը՝ դեպի խաղաղություն շարժումը կոշտ ներքաղաքական հակազդեցության չէր հանդիպում ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում։ Եվ եթե առաջին դեպքում ամեն ինչ քիչ թե շատ պարզ էր, տարածքային ամբողջականության վերականգնումը ադրբեջանցիների (նույնիսկ ընդդիմադիր տրամադրություններ ունեցողների) կողմից ընկալվում էր ոգեւորությամբ, ապա երկրորդում՝ իշխանությունների իրավիճակային դաշնակիցներ են հանդիսանում հանրային հիասթափությունն ու հոգնածությունը հակամարտությունից։ Անգամ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը մեծ բողոք չառաջացրեց հանրապետությունում, որը մեծամասամբ ծնվել է հանրահավաքներից ու քաղաքացիական անհնազանդության ակցիաններից: Ամեն դեպքում, Փաշինյանի խաղաղ օրակարգին նրան ընդդիմախոսները ունակ էին արձագանքել միայն հայտարարություններով սոցիալական ցանցերում եւ տելեգրամյան ալիքներում։

Այդպիսով, 2024 թվականի սկզբին թվում էր, թե կան բոլոր նախադրյալները հանգուցալուծելու հակամարտությունը, որը դարձել էր ԽՍՀՄ փլուզման, ապա՝ կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական ապակայունացման պատճառներից մեկը։

Եվ հիասթափությունների հունվարը

Սակայն Ամանորի տոնակատարություններն անցան, իսկ դրական կանխատեսումների ու հայտարարությունների քանակն այդպես էլ որակի չվերափոխվեց: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը 2024 թվականի հունվարի 4-ին հայտարարել էր, որ կողմերի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ զգալի առաջընթաց կա, սակայն մնացել է «մի քանի չլուծված խնդիր»։

Տպավորություն է ստեղծվում, որ խաղաղ գործընթացը տեղում է դոփում։ Մի կողմից, Բաքուն եւ Երեւանը մշտապես կոչ են անում միմյանց քննարկել առաջարկների հերթական փաթեթը եւ պատշաճ արձագանքել դրան։ Որպես առաջընթացի վկայություն է բերվում նաեւ այն փաստը, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ ուղիղ կապ է հաստատվել։


Մյուս կողմից, Ադրբեջանն ու Հայաստանը կրկին փոխանակվում են հանրային խայթոցներով: Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիեւին առաջարկել է ստորագրել «չհարձակման պայմանագիր»՝ պատճառաբանելով, թե խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցումը կարող է երկար տեւել։ Սպասելի էր, որ այս գաղափարը Բաքվի կողմից բացասաբար է ընդունվել՝ այն գնահատվել է որպես ժամանակի ձգձգման հերթական փորձ՝ Երեւանի համար առավել բարենպաստ պայմանների ակնկալիքով։

Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների քննարկումները վակուումում չեն ընթանում: Ե՛վ Ռուսաստանը, եւ՛ Արեւմուտքը փորձում են ազդել խաղաղ բանակցությունների ընթացքի վրա։ 2024 թվականի սկիզբը նշանավորվեց Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական մի շարք սկանդալներով։

Պետք է ասել, որ Բաքուն եւ Փարիզը, ի տարբերություն Մոսկվայի եւ Երեւանի, երբեք ռազմավարական դաշնակից չեն եղել։ Մինչդեռ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում լուրջ սառեցում է նկատվում։ Հայաստանի ղեկավարությունը մեղադրում է Ռուսաստանին ղարաբաղյան երկրորդ եւ երրորդ պատերազմների ռազմաքաղաքական սրացումների ժամանակ դաշնակցային պարտավորություններն անբավարար կատարելու համար, մինչդեռ ռուսական կողմը պնդում է՝ ԼՂՀ-ին աջակցելուց հրաժարվելը Հայաստանի իշխանությունների ինքնիշխան իրավունքն ու աշխարհաքաղաքական ընտրությունն է:

Այս ֆոնին փետրվարի 1-ին Հայաստանը պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ), որն ընդամենը մեկ տարի առաջ ձերբակալության հրաման էր արձակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Հայաստանի իշխանությունները նաեւ նկատելիորեն ակտիվացրել են դիվանագիտական շփումները «կոլեկտիվ Արեւմուտքի» երկրների հետ։

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան 2024 թվականի հունվարին Երեւան կատարած հերթական այցի ժամանակ գոհունակություն էր հայտնել վերջին շրջանում Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկված արտաքին քաղաքականության փոփոխություններից։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից փորձեր են արվում ռուսական ազդեցության դեմ գտնել «զսպող ուժեր ու հակակշիռներ»՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Եվրամիության: Այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում։

Օպտիմալ արագության որոնումը

Ինչո՞վ է պայմանավորված խաղաղության գործընթացի վերջին լճացումը։ Հնարավո՞ր է այն արագացնել եւ ի՞նչ ռիսկեր է այն պարունակում։ Նախ, արժե ի նկատի ունենալ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հեռանկարների չափից դուրս լավատեսությունը պայմանավորված էր «ղարաբաղյան դետերմինիզմով», այսինքն՝ գաղափարով, որ վիճելի տարածքի կարգավիճակն էթնոքաղաքական հակամարտության կարեւորագույն տարրն է։ Հնարավոր չէ նսեմացնել այս գործոնի կարեւորությունը։ Պետք չէ, սակայն, մոռանալ, որ քաղաքական օրակարգից չեն անհետացել ինչպես մինչեւ 2023 թվականը, այնպես էլ դրանից հետո հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման խնդիրները եւ հայկական ազգային-պետական նախագծի վերափոխման հարցերը։ 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին այն կառուցվում էր «միացման»՝ «մեծ Հայաստանի» եւ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության միասնության գաղափարի վրա։ Սակայն ինքնահռչակ ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը եւ դրա (ինքնա)լուծարումը, անկախ Իլհամ Ալիեւի եւ նրա թիմի կամքից եւ շահերից, ենթադրում է հայկական պետության ներքին եւ արտաքին քաղաքական ինքնության հիմնարար վերագնահատում։


Այս համատեքստում կարեւոր է հասկանալ, որ ղարաբաղյան գործոնն անհետացել է կարգավորման օրակարգից, սակայն (Հիքմեթ Հաջիեւի խոսքով) «մի քանի չլուծված խնդրի» շարքում մնում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են երկու պետությունների տարածքային կոնֆիգուրացիան իրենց նոր սահմաններում եւ դրանց հետագա պահպանման երաշխիքները: Այստեղ, իհարկե, ամենազգայուն հարցը ցամաքային հաղորդակցությունն է ադրբեջանական էքսկլավի՝ Նախիջեւանի եւ մերձկասպյան հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ։ Երեւանի համար կտրականապես անընդունելի է «միջանցքային տրամաբանությունը», այսինքն՝ Ադրբեջանի երկու հատվածի միջեւ հաղորդակցության արտատարածքայնության սկզբունքները։ Բաքուն կարծում է, որ հակառակ կողմն արհեստականորեն ուռճացնում է խնդիրը։ Հայաստանում հատկապես վախենում են, որ Ղարաբաղի հարցում զիջումները վերջինը չեն լինի, եւ հարեւան պետությունը Հայաստանի հաշվին նոր հողերով կհամալրվի։

Նոր պայմաններում Ադրբեջանը ձգտում է կարգավորման կամերային ձեւաչափի (բանակցությունների երկկողմ ձեւաչափ, եթե միջնորդների ոչ իսպառ բացառմամբ, ապա նրանց նվազագույն միջամտությամբ)։ Երեւանն ընդհակառակը՝  հետաքրքրված է արտաքին երաշխիքներով: Ճիշտ է, Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին Փաշինյանի թիմն այնքան էլ հաջող չէ փորձում ապահովել դրանք՝ մեծացնելով համագործակցությունը արեւմտյան գործընկերների հետ։ Բաքվի համար չափազանց կարեւոր է մեկընդմիշտ արգելափակել ազգային-տարածքային ռեւանշի հնարավորությունները։ Այստեղից էլ բխում են Երեւանին ուղղված պահանջները՝ համաձայնության գալ ոչ միայն սահմանազատման եւ սահմանագծման շուրջ (ադրբեջանական կողմը Ղարաբաղի հարցը համարում է ամբողջությամբ փակված), այլեւ հայկական կողմից պետության հիմնարար օրենքների ճշգրտումներ ստանալ։

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Այս հարցում Ադրբեջանի ղեկավարի պարադոքսալ դաշնակիցն է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որի կարծիքով, եթե Հայաստանի պետական քաղաքականությունն առաջնորդվի եւ հիմնվի իր հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման վրա, ապա «խաղաղություն երբեք չի լինի»։ Սակայն ազգային-պետական եւ արտաքին քաղաքական ինքնության (վերա)հաստատման գործընթացները մի օրում չեն լուծվում: Իսկ Ղարաբաղից հրաժարվելը ոչ թե մարտի, այլ՝ սահմանադրական բարեփոխումների դաշտում, ավելի բարդ գործ է։ Փաստորեն, Ադրբեջանի հետ խաղաղության գինը լինելու է ազգային պետականության վերափոխումը։

Ներկա պահին տեսնում ենք հայաստանյան մեդիա համայնքի եւ քաղաքական դաշտի ցավոտ արձագանքը Փաշինյանի նախաձեռնություններին։ Հատկանշական է, որ Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը նույնիսկ ներողություն էր խնդրել իր լսարանից Փաշինյանի այն հարցազրույցի համար, որում վարչապետն առաջարկում էր հրաժարվել 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրից։ 2024թ. փետրվարին նկատելիորեն ակտիվացել է նաեւ ընդդիմադիր «Հայաքվե» նախաձեռնությունը, որի համակարգող Ավետիք Չալաբյանը մեղադրել է իշխանություններին սահմանադրական հեղաշրջման փորձի համար։ Բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք ի իշխանության ընդդիմախոսները վիճակի են ստեղծել արդյունավետ ներքին եւ արտաքին քաղաքական այլընտրանք։ Բաց փաստը մնում է՝ Փաշինյանի գործողությունները լարվածության կետեր են ստեղծում Հայաստանի ներսում։

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Հասկանալով այս ներքաղաքական բեռը՝ Հայաստանի ղեկավարությունը չի շտապում խաղաղության պայմանագիր ստորագրել, մինչդեռ Ադրբեջանը բոլորովին այլ պատկերացումներ ունի աշխարհաքաղաքական արագությունների մասին։ Բաքուն առկա իրավիճակից ցանկանում է քաղել առավելագույնը՝ լրջորեն չդիտարկելով հնարավոր բացասական սցենարները, ինչպես 1990-ականների կեսերին ու 2000-ականների սկզբին դրանք չէր դիտարկում Երեւանը։ Հռետորական հարց է՝ որքանով հուսալի կլինի պարտադրանքի եւ ուժի վրա հիմնված խաղաղությունը։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին