Ներկայացնում ենք Carnegie Endowment կայքում հրապարակված Կիրիլ Կրիվոշեեւի Разговор о холодном мире. Что нужно для мирного договора Армении с Азербайджаном հոդվածի հայերեն թարգմանությունը:
Կիրիլ Կրիվոշեեւ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հույսերի հերթական ալիքը մարեց: 2023 թվականի վերջին երկու երկրների պաշտոնյաներն ասում էին, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել մինչեւ Ամանոր։ Սակայն տոներն անցան, եւ այդ լավատեսությունից հետք չմնաց։ Բոլորը գիտակցեցին, որ չլուծված հարցերը շատ են, իսկ դրանք շուտափույթ լուծելու ցանկությունը բացակայում է։ Այնուամենայնիվ, այս ֆոնին աստիճանաբար ի հայտ է գալիս կողմերի նոր, ավելի իրատեսական մոտեցումը եւ անգամ ապագա խաղաղության պայմանագրի հնարավոր ուրվագիծը։
Առաջընթացից դեպի հետընթաց
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման «պատմական պահի» մասին հայտարարություններն այնքան հաճախ են հնչում, որ հաճախ մնում են առանց արձագանքի։ Բեկումը սպասվում էր 2022-ի վերջին, ապա 2023-ի գարնանը, ապա աշնանը՝ Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատումից հետո։ Պայմանագրի յուրաքանչյուր նոր տարբերակ կոչում էին «վերջնական», 80% կամ 90%-ով համաձայնեցված:
Ամեն անգամ կողմերը ցույց էին տալիս ինչ-որ ձեռքբերում, որը պետք է «խթան հաղորդեր» բանակցային գործընթացին։ Նախ նման ազդակ էր Պրահայի հանդիպումը, որտեղ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության ակտիվացումը, Փաշինյանի ներկայությունը Էրդողանի երդմնակալությանը։
2024-ի շեմին հայտարարությունները ավելի լավատեսական դարձան։ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմերը նույնիսկ համատեղ հայտարարություն էին տարածել, որը մեծ աղմուկ էր հանել՝ որակվելով որպես «պատմական եւ աննախադեպ»: Սակայն իրականում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին ընդհանուր խոսքերը եւ դրան հաջորդած ռազմագերիների փոխանակումը հեղափոխական փոփոխություններ չբերեցին։
Առանց շոշափելի հետեւանքի մնաց նաեւ վերջին երկկողմանի բարի կամքի ժեստը, երբ Հայաստանը հանեց իր թեկնածությունը COP29 կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի հաջորդ համաժողովի անցկացման համար՝ հօգուտ Ադրբեջանի, իսկ Ադրբեջանը աջակցեց Հայաստանի ընդգրկմանը COP-ի Արեւելյան Եվրոպայի խմբի բյուրոյում:
Որոշակի հույսեր էին կապվում Վաշինգտոնում հունվարին նախատեսված երկու երկրների արտգործնախարարների հնարավոր հանդիպման հետ։ Սակայն հիմա արդեն պարզ է, որ այն տեղի չի ունենա. բանակցությունների «ինքնիշխանության» եւ ցանկացած միջնորդությունից հրաժարվելու Ադրբեջանի ցանկությունն ուժեղանում է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ նրա առճակատման խորացմանը զուգահեռ։
Այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի ստորագրմամբ հակամարտության մեջ միջանկյալ վերջակետ դնելու հնարավորությունը դեռ մնում է։ Միջանկյալ, որովհետեւ ցանկացած պայմանագիր անխուսափելիորեն շրջանակային է լինելու, եւ այն դեռ երկար տարիներ պետք է համալրվի նոր փաստաթղթերով։ Բայց պետք չէ թերագնահատել նաեւ առաջին քայլը։
Խաղաղությունն առանց սահմանազատման
Խաղաղության պայմանագրի կնքման որոշ խոչընդոտներ անհետանում են նույնիսկ առանց բանակցությունների։ Ընդամենը վեց ամիս առաջ Հայաստանն ու Ադրբեջանը վիճում էին, թե արդյոք փաստաթղթում պետք է ամրագրվեն Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները։ Բաքվի դիրքորոշումն այն էր, որ եթե հայերի իրավունքները ամրագրվում են, ապա պետք է ամրագրվեն նաեւ այն ադրբեջանցիների իրավունքները, ովքեր լքել են Հայաստանը հակամարտության հենց սկզբում՝ 1988-1990 թվականներին։ Բայց հիմա, երբ ամբողջ Ղարաբաղը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, իսկ այնտեղ մնացած հայերի թիվը չի գերազանցում հարյուրը, այս հարցը հանվել է։
Սակայն այլ վիճելի թեմաների պակաս չկա՝ անկլավներ, «տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում» եւ սահմանների սահմանազատում: Այս հարցերի շուրջ դեռեւս քիչ հստակություն կա, բայց կողմերը վերջապես բարձրաձայնեցին ակնհայտ բաները։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Նախ, եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը ընդունեցին, որ իրենց սահմանների սահմանազատումը պետք է իրականացվի խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Այս ճանաչումը արմատապես հեշտացնում է դրա ստորագրման ճանապարհը, քանի որ ցանկացած, հատկապես լեռներով անցնող, սահմանի սահմանազատումը, երկար տարիներ է պահանջում: Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ այդ աշխատանքները դեռ չեն ավարտվել, թեեւ նրանց միջեւ պատերազմ չի եղել։
Իսկ հայ-ադրբեջանական սահմանի դեպքում հավելյալ բարդությունները շատ են։ Հայերը ցանկանում են, որ սահմանազատումն իրականացվի ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1970-ականների քարտեզների հիման վրա. այդ ժամանակ էին խորհրդային հանրապետությունների սահմանները ամրագրվել ներկայիս տեսքով։ Սակայն Իլհամ Ալիեւը քննադատեց այս մոտեցումը՝ ասելով, որ մինչեւ 1969 թվականը (երբ նրա հայրը՝ Հեյդար Ալիեւը դարձավ Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարը), հանրապետության հողերը մաս առ մաս փոխանցվում էին հայերին։
Բաքվի առաջարկը հետեւյալն է. փորձագիտական խմբերը պետք է թիզ առ թիզ շրջեն սահմանը եւ գիծ քաշեն՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից: Այլ խոսքով՝ քարտեզներ հարկավոր չեն, որովհետեւ ամեն վիճելի հարց պետք է լուծվի հօգուտ Ադրբեջանի։ Նրա հսկողության ներքո պետք է մնան բոլոր բարձունքները եւ, հնարավոր է, նույնիսկ անկլավային գյուղերը երկրի հիմնական մասից բաժանող տարածքները (երբեմն այդ հատվածը կազմում է ընդամենը 1,5-2 կիլոմետր): Ալիեւը նաեւ հստակ նշել է, որ ադրբեջանական բանակը չի նահանջի 2021 թվականի մայիսի եւ 2022 թվականի սեպտեմբերի սրացումների ժամանակ գրավված դիրքերից, նույնիսկ եթե դրանք Հայաստանի տարածքում են։
Առանց հին քարտեզներին հղումներ անելու սահմանը վերանայելու առաջարկը զուրկ չէ կառուցողականությունից։ Եթե կողմերը պատրաստ լինեին տարածքների արդար փոխանակում իրականացնել եւ միմյանց ցանկություններից ելնելով՝ կտրել անկյունները, իրավիճակն իրականում կարող էր բարելավվել: Սակայն փորձը հուշում է, որ նման բան տեղի չի ունենալու, այլ շարունակվելու է ճնշումը Հայաստանի վրա՝ ուժեղի իրավունքով։ Ուստի, առանց կողմերի նշմարված պատրաստակամության՝ սահմանազատումը դուրս բերել խաղաղության պայմանագրի շրջանակներից, տեսանելի ապագայում դրա ստորագրման մասին կարելի էր իսպառ մոռանալ։
Տրանսպորտային միջանցքները
Այլ վիճահարույց խնդիրը տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումն է։ Այստեղ Բաքուն, կարծես, պատրաստ է զիջման գնալ՝ ճանապարհ հարթելով դեպի Նախիջեւանի իր անկլավը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի տարածքով։ Ալիեւը հաստատել է, որ իրանական երթուղու վրա «առաջին կամրջի կառուցումն արդեն սկսվել է» եւ նշել է հայկական երթուղուց հրաժարվելու գինը. «Եթե իմ նշած երթուղին չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը որեւէ այլ վայրում»։
Բաքվի կողմից «Զանգեզուրի միջանցքից» հնարավոր հրաժարվելու մասին խոսակցությունը նոր երեւույթ է։ Դեռեւս 2021 թվականին Ալիեւը սպառնացել էր բացել այն. «Ուզի Հայաստանը, թե ոչ»։ Այժմ այս երթուղուց Երեւանի հրաժարվելու գինը նոր պատերազմը չէ, այլ պարզապես Ադրբեջանի հետ փակ սահմանով ստատուս քվոյի պահպանումը, ինչը կարող է միանգամայն ընդունելի լինել։
Հայաստանի պաշտոնյաներն, իհարկե, խոսում են հաղորդակցությունների բացման անհրաժեշտության մասին, բայց ավելի շուտ իներցիայով, որպեսզի նրանց չմեղադրեն ոչ կառուցողական լինելու մեջ։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը գովազդում է Փաշինյանը, անիրատեսական է թվում՝ այն հաշվի է առնում միայն Երեւանի ցանկությունները, որոնք հարեւաններից ոչ մեկը մտադիր չէ հենց այնպես կյանքի կոչել։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Բաքվից Նախիջեւան ճանապարհի տեղափոխումը Հայաստանից Իրան կարող է գոհացնել նույնիսկ Ռուսաստանին, որին շատերը համարում են «Զանգեզուրի միջանցքի» կողմնակից։ Ի վերջո, Ռուսաստանին առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել Իրանի եւ Թուրքիայի հետ երկաթուղային կապը, որը կար խորհրդային տարիներին, եւ ամենեւին էլ կարեւոր չէ, թե Արաքսի որ ափին են տեղադրվելու ռելսերը։ Մոսկվան այս դեպքում կկորցնի միայն Հայաստանում իր սահմանապահների լիազորություններն ընդլայնելու հնարավորությունը. չէ՞ որ նրանք պետք է հսկեին Նախիջեւանի ճանապարհը։
Եթե նման մոտեցումն ամրապնդվի (հայ-ադրբեջանական փակ սահմանի դեպքում «Զանգեզուրի միջանցք» չկա), ապա դա անմիջապես կփակի բազմաթիվ հարցեր եւ կպարզեցնի շրջանակային խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Բյուրոկրատական իներցիան դժվար թե թույլ տա այս կետը լիովին հանել խաղաղության պայմանագրից, սակայն այն կարող է ձեւակերպվել որպես բարենպաստ պայմանների դեպքում հաղորդակցությունների ապաշրջափակմանը հասնելու մտադրություն։
Այդ դեպքում Հայաստանը կմնա մասամբ փակ սահմաններով, բայց տրանսպորտային իրավիճակը կարելի է բարելավվել պակաս արմատական եղանակով. Հայաստանի ճանապարհները, որոնք նույնիսկ դեպի բաց սահմաններ են տանում, հաճախ շատ վատ վիճակում են: Իսկ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից հրաժարվելը կվերացնի 2020 թվականից հետո խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը։ Այդ պահանջը հայերի մոտ երկրի հարավը կորցնելու վախ էր առաջացնում։
Առանց տրանսպորտային ուղիների վրա կենտրոնացման, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարող են նմանվել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին 1993 թվականից ի վեր: Սահմանը փակ է, դիվանագիտական հարաբերություններ չկան, հռետորաբանությունը սառն է, պատմության գրքերում՝ պարբերություններ դարավոր թշնամության մասին։ Սակայն չկան տարածքային պահանջներ, ռազմականացում եւ մեծացող զինվորական գերեզմաններ։
Նման սառը համակեցության այլ օրինակներ եւս կան՝ Իսրայելն ու Եգիպտոսը, Իսրայելն ու Հորդանանը։ Եթե այս սցենարը հնարավոր լինի իրականացնել, ապա սահմանների բացմանը սպասելը պատմական չափանիշներով երկար չի տեւի՝ 15-20 տարի։ Իսկ եթե ցանկանալ շատ բան եւ հենց հիմա, ապա խաղաղություն կարող ենք չտեսնել դեռ երկար ժամանակ:

Լուսանկարը` REUTERS
Հարցը, արդյո՞ք Բաքուն վերջնականապես թույլ կտա հրաժարվել Հայաստանի հետ «տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման» գաղափարից, բաց է մնում։ Բանակցություններից ցանկացած միջնորդի հեռացնելու Ադրբեջանի ցանկությունը միայն սրվում է։ Բացի այդ, այս միջնորդներն այժմ բավականաչափ սեփական խնդիրներ ունեն՝ ընտրություններից մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմ:
Արդյունքում, խաղաղության պայմանագրին վերաբերող ամեն բան ավելի շատ կախված է մնում Բաքվի կամքից։ Ադրբեջանի համար ընտրությունը մոտավորապես հետեւյալն է. ստորագրել շրջանակային խաղաղության պայմանագիր՝ իր միջազգային հեղինակությունը ամրապնդելու համար, կամ խափանել գործընթացը՝ ավելի ուժեղի իրավունքով հետագա էքսպանսիան արդարացնելու համար: Իսկ այն, թե այս տարբերակներից որն ավելի շահեկան կհամարվի Բաքվում, արդեն կախված է արտաքին հանգամանքներից։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: