Ներկայացնում ենք Ստամբուլի Մալթեփեի համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալի հոդվածը, որը ս.թ. օգոստոսին հրապարակվել էր «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի կայքում։
Հասան Ունալ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական վայրիվերումները շատ շահարկումներ են առաջացնում Արեւմուտքում, գլոբալ Հարավում եւ Թուրքիայի ներսում: Արեւմտյան երկրներում շատերն ի սկզբանե ոգեւորվեցին, երբ նա ասաց, որ Ստոքհոլմի հավաստիացումների դիմաց կանաչ լույս կվառի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտնելու համար։ Շվեդիան խոստացել է աջակցել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հայտին, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ մաքսային միության ընդլայնման Անկարայի պահանջին։
ԱՄՆ նախագահ Բայդենի հետ Էրդողանի հուլիսյան հանդիպումը ենթադրությունների տեղիք տվեց, որ, չնայած միջազգային հարթակում բազմաբեւեռության ամրապնդմանը, Անկարան, հնարավոր է, շարժվում է Վաշինգտոնի ճամբարի ուղղությամբ: Թուրքիայում մոլի արեւմտամետները շատ ուրախացան, երբ իմացան «Ազովի» ուկրաինացի հրամանատարների ազատ արձակման մասին։ Նրանք հայտնվել էին Թուրքիայում Անկարայի միջնորդությամբ իրականացված Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ռազմագերիների փոխանակման շրջանակներում։ Պայմանավորվածության համաձայն՝ նրանք պետք է «հյուր» մնային Թուրքիայում մինչեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության ավարտը։
Երբ նրանց ազատ արձակման մասին լուրը տարածվեց՝ զուգակցված Շվեդիայի վերաբերյալ Էրդողանի հանկարծակի դիրքորոշման փոփոխության հետ, դա շփոթեցնող ազդանշանների ալիքի էր նման: Երկրի ներսում նրանք, ովքեր արագ ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհակարգում հավասարակշռված արտաքին քաղաքականության գծի կողմնակից էին, եզրակացրին, որ Թուրքիան շրջվել է դեպի Արեւմուտք: Սակայն այժմ՝ որոշ ժամանակ անց, թուրքական արեւմտամետ շրջանակները, ինչպես եւ հենց արեւմտյան լրատվամիջոցներն ու կառավարությունները, սկզբնական ոգեւորության փոխարեն զգուշավոր լավատեսություն են ցուցաբերում:
Ռուսաստանն իր հերթին արագ, թեկուզ եւ զուսպ նշեց, որ ուկրաինացի հրամանատարների ազատ արձակումը խախտում է ռազմագերիների մասին պայմանավորվածությունները: Իսկ Թուրքիայի անդամակցության գործընթացը վերակենդանացնելու մասին ԵՄ-ին Էրդողանի ներկայացրած անսպասելի պահանջին ի պատասխան, Մոսկվան հարավային հարեւանին խորհուրդ տվեց իրատես լինել ու պատրանքներ չտածել: Կրեմլի խոսնակը իրավացիորեն ասաց, որ Եվրոպայում Թուրքիայի նման մեծ մահմեդական երկրի հետ ինտեգրման կողմնակիցներ գործնականում չկան, եւ Անկարան պետք է հանի վարդագույն ակնոցը։ Դա հնչեց որպես բարեկամական հիշեցում այն մասին, ինչ Էրդողանն արդեն գիտեր իշխանության առաջին իսկ տարիներից:
Այն ժամանակ նրան ներկայացնում էին որպես Արեւմուտքի ֆավորիտ, որը բանակցում է ԵՄ-ին անդամակցելու մասին եւ ռազմավարական առումով հետեւում է Արեւմուտքի հրահանգներին տարածաշրջանում: Սակայն եվրոպացիներն այն ժամանակ դիվային խաղ սկսեցին. թուրքական ղեկավարությանը մի բան էին ասում, իսկ միմյանց միջեւ պայմանավորվում էին, որ Թուրքիային երբեք թույլ չեն տա անդամակցել Եվրամիությանը: Ավելի ուշ դա հաստատեցին Wikileaks-ի փաստաթղթերը։

Լուսանկարը` REUTERS
Արդյո՞ք Էրդողանի վերջին քայլերը նշանակում են, որ Թուրքիան հրաժարվում է հավասարակշռված քաղաքականությունից, որը մանրակրկիտ կերպով մշակել էր վերջին մի քանի տարիների ընթացքում: Թռուցիկ հայացքը Էրդողանի ասածներին եւ հատկապես Արեւմուտքում նրա զրուցակիցների արձագանքին ցույց է տալիս, որ Անկարան դժվար թե մոլորված լինի:
Իսկապես, ՆԱՏՕ-ում շփումներից եւ Բայդենի հետ հանդիպումից հետո Էրդողանը ուղեւորություն ձեռնարկեց, որի ընթացքում հանդիպեց Պարսից ծոցի համագործակցության Խորհրդի արաբական առաջատար երկրների ղեկավարներին: Նա նաեւ այցելեց 1974 թվականից բաժանված Կիպրոս, ինչը զայրացրեց Հունաստանին եւ Կիպրոսի հույներին: Միեւնույն ժամանակ, ԵՄ առաջնորդները եւ, չգիտես ինչու, ԱՄՆ պաշտոնյաները մերժեցին ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալ նրա առաջարկը՝ պնդելով, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման եւ Եվրամիության ընդլայնման միջեւ որեւէ կապ չկա: Թուրքերին նման հայտարարությունները զայրացնում են, քանի որ քաջ հայտնի է, որ Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամակցած բոլոր երկրների դեպքում խոսքն ակնհայտորեն գնում էր զուգահեռ գործընթացների մասին։ Սակայն Թուրքիային դա, չգիտես ինչու, չի վերաբերում։
Ավելի լայն իմաստով վերջին տենդագին արտաքին քաղաքական մանեւրները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Թուրքիան չէր ցանկանա մասնակցել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների մղձավանջին, որի մեկնարկին Անկարան ստիպված կլինի հույներին էական զիջումներ անել Կիպրոսի եւ Էգեյան ծովի հարցում, ինչպես նաեւ հրաժարվել հակադրվել Մերձավոր Արեւելքում Քրդստան ստեղծող ԱՄՆ-ին, ինչը սպառնում է Թուրքիայի տարածքային ամբողջականությանը։ Ամերիկացիների խորհրդով Եվրամիությունը տարիներ շարունակ կասկածելի խաղ է խաղում՝ ձեւացնելով, թե մի օր պատրաստ է ընդունել Անկարային եւ փորձելով նման կերպ զիջումներ ստանալ կարեւոր հարցերում։ Այս անգամ ԵՄ քաղաքական գործիչները «ազնվորեն» հայտարարում են, որ Թուրքիան դժվար թե ապագա ունենա իրենց եվրոպական այգում։
Գործնական արտաքին քաղաքականության գծի վերածված այս ամենը կարծես հանգեցնում է այն եզրակացության, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կշարունակի նույն կուրսը, այսինքն՝ կմնա ՆԱՏՕ-ում, բայց կզարգացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ, իհարկե, չի միանա հակառուսական պատժամիջոցներին։ Թուրքիան սառը պատերազմի ամենաթեժ պահին գրեթե երկու տասնամյակ Մոսկվայի հետ բավականին լավ հարաբերությունների մեջ էր: 1964 թվականի հունիսին ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնի՝ վարչապետ Իսմեթ Ինենյուին ուղղված նամակից հետո, որտեղ նա կտրուկ զգուշացնում էր Անկարային, որ ռազմական ուժով չփորձի պաշտպանել կիպրոսցի թուրքերին հույների կողմից, Թուրքիան անմիջապես սկսեց վերանայել իր քաղաքականությունը Խորհրդային Միության նկատմամբ։ Սառը պատերազմի տարիներին Թուրքիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները մեծ օգուտ բերեցին Անկարային՝ նպաստելով թուրքական ծանր արդյունաբերության զարգացմանը, իսկ Սառը պատերազմի ավարտից հետո հարաբերությունների բարգավաճումը հանգեցրեց երկկողմ տնտեսական կապերի եւ համագործակցության վերելքին մի շարք ոլորտներում (միջուկային էներգետիկա, զբոսաշրջություն, շինարարություն եւ այլն)։
Բազմաբեւեռ աշխարհակարգում երկու երկրներն էլ ավելի ունակ կլինեն փոխգործակցելու շատ ավելի լայն ծավալով: Չի բացառվում, որ Թուրքիան եւ Ռուսաստանը մոտ ապագայում կհամագործակցեն առաջադեմ եւ ժամանակակից սպառազինությունների համատեղ արտադրության ոլորտում։

Լուսանկարը` REUTERS
Երկու կողմերն էլ մշակել են քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով՝ Անկարայի եւ Մոսկվայի համար կարեւոր քաղաքական հարցերի շուրջ։ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը հաջողություն դարձավ համատեղ ճգնաժամային կառավարման համար, իսկ Աստանայի հարթակը, որը միավորում է Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը, բազմակողմ հիմքով համագործակցության եւ խորհրդակցությունների լավ օրինակ է։ Ի սկզբանե Սիրիայում խաղաղություն հաստատելու համար Անկարայի, Մոսկվայի եւ Թեհրանի կողմից ստեղծված Աստանայի հարթակն այժմ ներառում է Սիրիան եւս եւ, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի սիրիական ճգնաժամի համապարփակ կարգավորմանը՝ հիմնված Դամասկոսի բոլոր տարածքների վրա ինքնիշխանության վրա:
Ռուսաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առանցքային խնդիրներից մեկն է, քանի որ բազմաբեւեռությունը թափ է հավաքում: Սակայն Անկարայի արտաքին ձեռնարկումները դրանով չեն սահմանափակվում։ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կշարունակի փնտրել տարբեր հնարավորություններ եւ օգուտներ:
Ամենայն հավանականությամբ, այն ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերի BRICS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության նկատմամբ եւ հնարավորինս կփորձի առաջնորդի դեր ստանձնել Թյուրքական պետությունների կազմակերպությունում։
Պետք է նկատի ունենալ, որ տասնամյակներ շարունակ եւ հատկապես սառը պատերազմի ավարտից հետո Թուրքիան հակասություններ ուներ ԱՄՆ-ի հետ Անկարայի համար չափազանց կարեւոր մի շարք հարցերի շուրջ։ Մերձավոր Արեւելքում Քրդստան ստեղծելու Ամերիկայի ջանքերը, ինչը սպառնում է Թուրքիայի տարածքային ամբողջականությանը, եւ Վաշինգտոնի կողմից ՔԲԿ-ին եւ PYD/YPG-ին զենք վաճառելը մշտական գրգռիչներ են ՆԱՏՕ-ի դաշնակիցների երկկողմ հարաբերություններում: Եվ այս հարցերը, ամենայն հավանականությամբ, տեսանելի ապագայում կշարունակեն ազդել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա՝ անկախ նրանից, թե Անկարայում ինչ կառավարություն է ղեկին:
Անցած մի քանի տարիների ընթացքում Թուրքիան ոչ միայն դեմ առ դեմ բախվել է ԱՄՆ-ի հետ Սիրիայում՝ մի քանի անգամ զորքեր ուղարկելով այնտեղ՝ պայքարելու ԱՄՆ-ի կողմից հովանավորվող խմբավորումների դեմ: Թուրքիան նաեւ գնել է ռուսական արտադրության ժամանակակից S-400 հակաօդային պաշտպանության միջոցներ՝ չնայած ԱՄՆ սպառնալիքներին եւ նույնիսկ պատժամիջոցներին, երբ Վաշինգտոնը հրաժարվել էր Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառել Անկարային։ Կիպրոսի հարցում Թուրքիայի դիրքորոշումը տրամագծորեն հակառակ է ԱՄՆ-ի ու Եվրամիության դիրքորոշումներին։

Լուսանկարը` REUTERS
Վստահաբար կարելի է ասել, որ դժվար թե գտնվի Անկարայի համար որեւէ կարեւոր հարց, որի շուրջ Թուրքիան եւ հավաքական Արեւմուտքը կարողանան պայմանավորվել։
Սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան լավ հարաբերություններ է կառուցում Ռուսաստանի եւ Չինաստանի հետ այն պատճառով, որ ճնշումների է ենթարկվում հավաքական Արեւմուտքի կողմից։ Դա, իհարկե, կարեւոր գործոն է, սակայն Թուրքիային դեպի բազմակողմանի քաղաքականություն հիմնականում դրդում են Ռուսաստանի եւ այլ երկրների հետ ընդհանուր շահերը, ինչը համահունչ է բազմաբեւեռության ոգուն։
Կարելի է ակնկալել, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները շուտով կջերմանան, քանի որ Անկարան, ամենայն հավանականությամբ, հավատարիմ կմնա նախկին քաղաքականությանը։ Դա դրսեւորվել էր «Վագների» ապստամբության դժվարին պահերին, երբ Էրդողանը զանգահարել էր Պուտինին՝ բացահայտ աջակցություն հայտնելու համար։ Երկու երկրները կարող էին իրենց մերձեցումը պսակել անգամ Սիրիայի նկատմամբ թուրքական քաղաքականության վերջնական փոփոխությամբ, ինչը ճանապարհ կհարթեր երկրի ողջ տարածքում սիրիական ինքնիշխանության փաստացի հաստատման համար՝ Մոսկվայի կողմից Կիպրոսի քաղաքականության վերանայման դիմաց։ Ի վերջո, Կիպրոսի միասնական պետությունը ոչ մի կերպ չի ծառայի Ռուսաստանի շահերին, քանի որ կվերածի ամբողջ կղզին ԵՄ տարածքի, իսկ երկու պետություն ստեղծելու որոշումը կխորացնի թուրք-հունական ճեղքվածքը ՆԱՏՕ-ի շարքերում։ Բացի այդ, Կիպրոսի միավորումը, որն անհնար է առանց Անկարայի համաձայնության եւ աջակցության, կնշանակի Թուրքիայի հրաժարվելն իր ներկայիս կուրսից Մոսկվայի նկատմամբ։ Ամեն դեպքում, ցանկացած փոխզիջում հնարավոր է միայն այն պայմանով, որ Թուրքիան շարժվի դեպի հավաքական Արեւմուտք, իսկ դա կվնասի Ռուսաստանի ռազմավարական շահերին տարածաշրջանում։

Լուսանկարը` REUTERS
Անկարան գնալով ավելի բազմակողմ քաղաքականություն կվարի՝ մնալով ՆԱՏՕ-ի կազմում։ Թուրքիան չի պայքարում բազմաբեւեռության հաղթանակի համար, այլ պարզապես ձգտում է դրանից օգուտ քաղել։ Դա բացատրում է, թե ինչու Թուրքիան դաշինքի ընդլայնման կողմնակից չէր եւ չի էլ լինելու, այլ ավելի շուտ վճռական է օգտագործել իր վետոյի հաղթաթուղթը քաղաքական եւ/կամ ֆինանսական օգուտներ ստանալու համար: Արդյո՞ք Թուրքիան արդյունքում հավաքական Արեւմուտքի մարտիկ կդառնա։ Հակիրճ պատասխանը, իհարկե, բացասական է, քանի որ Արեւմուտքի թուլացումը եւ անցումը դեպի բազմաբեւեռություն մեծ հաշվով Անկարայի համար շահավետ կլինեն: Արդյո՞ք Թուրքիան կարող է դառնալ միջին մակարդակի առանցքային երկիր, որն ի վիճակի կլինի ազդեցություն տարածել մեկից ավելի տարածաշրջաններում՝ նոր «թուրքական (կամ թյուրքական) դարաշրջան» ստեղծելով: Դա կախված է մի քանի գործոններից։ Թուրքիան պետք է թափանցիկ գիծ բռնի հատկապես Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի նկատմամբ՝ վստահություն սերմանելով նրանց մոտ եւ համառորեն ձեռնպահ մնա ԱՄՆ-ի կողմից խրախուսվող ցանկացած տիպի պանթուրքիզմից, որն ուղղված է եվրասիական տերությունների շահերին եւ նրանց տարածքային ամբողջականությանը վնասելուն։ Եթե դա հաջողվի, ապա կարող ենք վստահորեն ասել, որ թուրքական դարաշրջանը հեռու չէ։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: