Լեռնային Ղարաբաղի վերջը. Արեւմուտքի անգործությունը օգնեց Ադրբեջանին եւ Ռուսաստանին - Mediamax.am

1857 դիտում

Լեռնային Ղարաբաղի վերջը. Արեւմուտքի անգործությունը օգնեց Ադրբեջանին եւ Ռուսաստանին


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Foreign Affairs-ում հրապարակված Թոմաս դե Վաալի The End of Nagorno-Karabakh. How Western Inaction Enabled Azerbaijan and Russia հոդվածի հայերեն թարգմանությունը:

Թոմաս դե Վաալ

Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում երկար ժամանակ վիճարկվող հայկական անկլավի համար երրորդ պատերազմը ավարտվեց սկսվելուն պես:

Այժմ սկսվել է ողբերգության հաջորդ փուլը։ 1990-ականների Բալկանները հիշեցնող տեսարաններում Ղարաբաղից Հայաստան տանող լեռնային ճանապարհն է՝ լի հազարավոր ղարաբաղցիների տեղափոխող մեքենաների շարասյուներով. նրանք լքում են իրենց հայրենիքը՝ տանելով այն, ինչ կարող են:

Սա ավելի մեծ ու երկարատեւ ձախողման արդյունք է. իրար հաջորդող արեւմտյան կառավարությունները պետք է առաջին հերթին կանխեին բռնությունը եւ ստիպեին հայերին ու ադրբեջանցիներին համաձայնության գալ այս դաժան հակամարտության արդարացի լուծման շուրջ:

Տեղի բնակչության համար այս արդյունքը դառը ավարտ է՝ 35 տարվա էյֆորիայից, պաշարումից, հաղթանակից, պարտությունից եւ առաջնորդների բազմաթիվ ճակատագրական սխալ հաշվարկներից հետո։ Սա լիակատար ոչնչացում է 1988-ին սկսված մի նախագծի, երբ Ղարաբաղի հայերն առաջին անգամ փորձեցին անջատվել Խորհրդային Ադրբեջանից: Եվ դրանով չի սահմանափակվի. հայերը դեռ երկար տարիներ զգալու են հայոց բազմադարյա պատմություն եւ ժառանգություն ունեցող այս տարածքի կորուստը:

Բաքվում Ադրբեջանի կառավարությունը տոնում է: Այն արդեն կոչ է արել լուծարել տարածքի բոլոր քաղաքական կառույցները՝ տեղական նախագահությունը, խորհրդարանը եւ ընտրված քաղաքապետին, եւ չի առաջարկում քաղաքական ինքնավարություն, որը նման իրավիճակում ստացել են եվրոպական մյուս փոքրամասնությունները: Փոխարենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հիշեցրեց Ղարաբաղի հայերին, որ ավելի վաղ արված կարգավիճակի առաջարկը «գրողի ծոցն է գնացել», իսկ սեղանին մնացել են դեռեւս անորոշ «կրթական, մշակութային, կրոնական եւ համայնքային ընտրական իրավունքներ»:

Այս պայմաններով որոշ տարեց մարդիկ գուցե կմնան Լեռնային Ղարաբաղում, եւ հազարավոր ադրբեջանցիներ, ովքեր ապրել են այնտեղ մինչեւ 1991 թվականը, կվերադառնան: Սակայն երեք տասնամյակների ընթացքում ստեցծված բոլոր տեղական հաստատություններից գրեթե ոչինչ չի մնա:

Այս դաժան արդյունքը հստակորեն ցուցադրում է տարածաշրջանի պոտենցիալ տիրակալի՝ Ռուսաստանի դերը: Թեեւ անկլավը տեսականորեն ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո էր, Մոսկվայի երաշխիքներն ի վերջո անօգուտ դուրս եկան: Փոխարենը Ռուսաստանը միջնորդեց մի գործարք, որով տեղի բնակչությունը համաձայնեց ամբողջությամբ զինաթափել սեփական «պաշտպանական ուժերը», որոնց թիվը մի քանի հազար մարդ էր, եւ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ լիարժեք «վերաինտեգրման» շուրջ:

Լուսանկարը` REUTERS


Ի վերջո, Մոսկվայի դիրքորոշումը վճռորոշ էր: Մոսկվան չէր սկսել հայ-ադրբեջանական հակամարտությունը 1988-ին, բայց չորրորդ անգամ միջամտեց հրադադարի հաստատման համար, որի համար գին է պահանջում եւ առաջ տանում իր օրակարգը: Այս անգամ գինը կարող է լինել այն, որ Ռուսաստանը պահի իր խաղաղապահ ուժերը եւ իր հենակետը Ադրբեջանում, իսկ արեւմտյան միջնորդներին՝ Եվրամիությանն ու Միացյալ Նահանգներին ավելի հեռու դուրս մղի:

Իմ հողն է, քոնը չէ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում էական արդյունքը միշտ որոշել է բռնությունը, ոչ դիվանագիտությունը: Պատճառը հիմնականում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձաբար բացառող էթնոազգայնական նախագծերն էին, որոնց համար ընդունելի չէր կոմունիստական դարասկզբի պայմանավորվածությունը: 1921 թվականին բոլշեւիկները հայաբնակ գավառին տվեցին ինքնավար կարգավիճակ Խորհրդային Ադրբեջանի կազմում։

1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո միջազգայնորեն հովանավորվող բանակցությունները փորձեցին հավասարակշռել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ պետության կենսունակությունը, ղարաբաղցի հայերի նկրտումների հետ: Բայց այն, ինչ բանակցային սեղանին էր, նույնպես արտացոլում էր ուժի կիրառման արդյունքը. ավելի շռայլ առաջարկներ հայերին մինչեւ 2020 թվականը, երբ նրանք գերիշխող դիրքում էին, եւ հակում դեպի Ադրբեջանը, երբ այն հաղթեց 2020-ի պատերազմում:

2022 թվականին, փաստացի կորցնելով վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հրապարակավ ասել, որ Հայաստանը հրաժարվում է տարածքային պահանջներից։ Փոխարենը նա ընդունեց Ադրբեջանի հետ բանակցություններում այն բանաձեւը, որը խրախուսում էր Եվրամիությունը, այն է՝ որ այժմ հարցը ղարաբաղցիների «իրավունքներն ու անվտանգությունն» է։ Իր հերթին Ալիեւն ավելի ու ավելի հաճախ էր օգտագործում «տարածքային ամբողջականություն» եզրույթը, ասես այն քարտ բլանշ է տալիս իր վերահսկողության տակ գտնվող ցանկացած համայնքի հետ վարվելու այնպես, ինչպես ցանկանում է, եւ որպես քողարկում օգտագործեց Ուկրաինայի պատերազմը: Արեւմտյան պաշտոնյաները նրան ասացին, որ տարածքը կվերադառնա Ադրբեջանի իրավասության տակ, բայց պետք է համբերատար լինել: Վերջերս՝ սեպտեմբերի կեսերին նա զանգեր ստացավ ԱՄՆ-ից եւ արեւմտյան այլ պաշտոնյաներից, որոնք զգուշացնում էին ռազմական ուժի չդիմել: Այնուամենայնիվ, նա եւս մեկ անգամ որոշեց դա անել:

Ալիեւի գործողություններում ներքաղաքական տրամաբանություն կա. երկու տասնամյակ նա ղեկավարում է ավտորիտար պետություն, որտեղ չկան ժողովրդավարական ճանապարհով ընտրված տեղական պաշտոնյաներ, իսկ փոքրամասնությունները շատ քիչ պաշտպանություն ունեն: Ինչո՞ւ նա պետք է համաձայնի հակամարտության կարգավորման մոդելի Արեւմուտքի պահանջներին, որը կստիպի ինքնավարություն առաջարկել ազգային փոքրամասնությանը եւ թուլացնի իր իշխանությունը:

Լուսանկարը` REUTERS


Ավելին, Ալիեւն ակնհայտորեն կարծում է, որ միակ ուժերը, որոնց հետ պետք է հաշվի նստել, Թուրքիան եւ Ռուսաստանն են, այլ ոչ արեւմտյան երկրները։ Չնայած Թուրքիան եւ Ռուսաստանը շատ բանի շուրջ չեն համաձայնվում, երկուսն էլ տեսնում են Արեւմուտքի ներգրավվածությունը սահմանափակելու օգտակարությունը Հարավային Կովկասում, որտեղ նրանք ավանդաբար ազդեցություն են ունեցել: Ալիեւը հասկացավ, որ Թուրքիան կաջակցի Լեռնային Ղարաբաղը լիարժեք վերահսկողության տակ առնելու իր ջանքերին, Ռուսաստանը դրան չի խանգարի, իսկ Արեւմուտքը, տարածաշրջանում շատ քիչ լծակներ ունենալով, չի կարողանա խանգարել նրան տեղում փոխել իրավիճակը:

Ալիեւի համար այս կայծակնային ռազմական գործողությունը նաեւ իր անձնական լեգիտիմության հետագա ամրապնդման եւ 2020 թվականի աշնանը սկսած գործն ավարտելու համար էր: Տարիներ շարունակ հայերի կողմից նվաստացումից հետո նա որոշեց վերսկսել պատերազմն ու ջախջախիչ պարտության մատնեց նրանց։ Արդյունքում նա կարողացավ շրջել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ փոխել իր կարգավիճակը Ադրբեջանում՝ դառնալով անվիճելի առաջնորդ։

2022 թվականին Ուկրաինայում պատերազմ սկսվեց: Ռուսաստանը թուլացավ, ուշադրությունը շեղվեց, եւ Կովկասում նրա առաջնահերթությունները փոխվեցին: Ադրբեջանը՝ Ռուսաստանի գլխավոր ցամաքային ճանապարհը դեպի հարավ, դարձավ ավելի կարեւոր գործընկեր, քան Հայաստանը՝ տարածաշրջանում նրա ավանդական քրիստոնյա դաշնակիցը։ Երբ 2022թ. դեկտեմբերին Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, Ռուսաստանի համաձայնությունը վճռորոշ էր:

Խոսքեր, ոչ գործեր

Սեպտեմբերին բռնության վերսկսումը հիշեցրեց, որ Հարավային Կովկասում եվրոպական անվտանգության եւ իրավունքների կառուցվածք ստեղծելու անկեղծ, բայց հաճախ կիսատ արեւմտյան ջանքերը ձախողվեցին: Թղթի վրա արեւմտյան դիվանագետները տասնամյակներ շարունակ պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այն մոտեցումը, որը հիմնված է միջազգային իրավական սկզբունքների եւ բալկանյան հակամարտությունների կարգավորման մոդելի վրա:

Տեսականորեն, նման կարգավորումը ներառելու էր միջազգային խաղաղապահներ, ռազմական հանցագործությունների դատարաններ, քաղաքական ինքնավարություն եւ ի վերջո Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ գոյակցություն:

Դեռեւս 1992-ին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության նորաստեղծ  կազմակերպության արտաքին գործերի նախարարները հանդիպեցին Հելսինկիում եւ կոչ արեցին հակամարտությունը լուծելու համար կոնֆերանս անցկացնել Մինսկում: Դրան պետք է մասնակցեին բոլոր կողմերը, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի եւ այլոց ընտրված ներկայացուցիչները», այլ կերպ ասած՝ եւ՛ ղարաբաղցի հայերը, եւ՛ ադրբեջանցիները։ Բայց համաժողովն այդպես էլ տեղի չունեցավ։

Անվտանգության կազմակերպության միջնորդությունը Լեռնային Ղարաբաղում պետք է հիմնված լիներ Հելսինկյան համաձայնագրի սկզբունքների վրա՝ 1975 թվականին Արեւմուտքի եւ Խորհրդային Միության միջեւ կնքված համաձայնագրի, որը պաշտոնապես հաստատում է, որ Եվրոպայում խաղաղություն պահպանման համար կարեւոր են տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումը եւ ուժի չկիրառումը։ Գործնականում այս սկզբունքներից եւ ոչ մեկը չի հարգվել:

Լուսանկարը` REUTERS


Իրականում, այս հակամարտության նկատմամբ միջազգային հանձնառությունը միշտ էլ ռեսուրսների պակաս է ունեցել, քանի որ Հարավային Կովկասը անկարեւոր է համարվել:

1998-ից հետո Ղարաբաղի հայերն այլեւս ներկայացված չէին բանակցություններում, ինչի պատճառը մեծ մասամբ, հեգնանքի բերումով, նրանցից մեկն էր՝ Հայաստանի նորընտիր նախագահ, ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը, որն ասաց, որ կարող է բանակցել իր ժողովրդի անունից։ Դիվանագիտությունը վերածվեց Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների գաղտնի բանակցությունների:

Գտնվելով վակուումում, առանց ներառական խաղաղ գործընթացի կամ ուժեղ միջազգային ներգրավվածության, ղարաբաղցի հայերը սկսեցին ինքնորոշման նպատակից անցնել ավելի արմատական իրեդենտիզմի: 2017-ին ղարաբաղցիները, խրախուսված տարածաշրջանի եւ սփյուռքի հայ ազգայնականների կողմից, պաշտոնապես վերանվանեցին իրենց շրջանը Արցախ՝ հին ժամանակներից եկող հայկական անուն: Ենթադրվում էր, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ոչ միայն Լեռնային Ղարաբաղից, այլեւ հարակից շրջաններից, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ:

Իր հերթին ադրբեջանական կողմը քիչ հետաքրքրված էր էական բանակցություններով եւ ստեղծում էր տարածքները վերանվաճելու սեփական ռեւանշիստական ծրագիրը։ Ավելի քան 30 տարի Ադրբեջանի ոչ մի ղեկավար ուղղակիորեն չի բանակցել ղարաբաղցի հայերի հետ եւ չի ներկայացրել որեւէ պաշտոնական առաջարկ Ադրբեջանի կազմում նրանց ապագայի մասին։
Արեւմտյան միջնորդները խելամտորեն մշակված խաղաղության բանաձեւեր առաջ քաշեցին, բայց դրանք կիրառելու համար չկարողացան «մարդկանց բերել», ինչպես արեցին Բոսնիայում կամ Կոսովոյում: Այս ամենը Ռուսաստանին լծակներ տվեց, եւ 2020-ի պատերազմի ավարտին նա դարձավ միակ արտաքին ուժը, որը ուղղակիորեն միջամտեց եւ «բերեց մարդկանց»՝ խաղաղապահների տեսքով։

Ռուսաստանի մյուս ուժեղ խաղաքարտն այն է, որ դեռեւս գործող միակ շրջանակային համաձայնագիրը (թեեւ դրա դրույթների մեծ մասը հօդս է ցնդել), 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնագիրն է, որը ստորագրվել է Ալիեւի, Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Դրույթներից մեկն այն է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները կհսկեն Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան տրանսպորտային միջանցքը, ինչը տհաճ հեռանկար է՝ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը: Ահա թե որտեղ է դիվանագիտական հաջորդ մարտադաշտը։

Արեւմտյան տերությունները, նախընտրելի կլիներ՝ ՄԱԿ-ի աջակցությամբ, պետք է փորձեն վերցնել 2020 թվականի համաձայնագիրը ռուսների ձեռքից եւ դնել ավելի լայն միջազգային հովանու ներքո: Ադրբեջանն ու Ռուսաստանը կարող են դիմակայել դրան։

Առավել մտահոգիչն այն է, որ հակամարտության հաջորդ սահմանը կարող է հենց Հայաստանը դառնալ: Փաշինյանը՝ երկրի փոփոխամիտ, իմպուլսիվ, բայց ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդը, դեռ չի ընկրկում, թեեւ Ռուսաստանի կառավարությունը գնալով ավելի ու ավելի թշնամաբար է վերաբերվում նրան։ Մտավախություն կա, որ Ադրբեջանը կշարունակի ճնշում գործադրել։ Որպես տասնամյակ առաջ իրավիճակի հայելային պատկեր, երբ ազգայնական հայերը հավակնում էին ադրբեջանական հողերին, այժմ գլուխ է բարձրացնում ադրբեջանական իրեդենտիզմը: Անցած տարվա դեկտեմբերին Ալիեւը հանկարծ սկսեց խոսել «Արեւմտյան Ադրբեջանի» հավակնությունների մասին՝ նկատի ունենալով Հայաստանի տարածքը։

Լուսանկարը` REUTERS


Ներկայիս ճգնաժամը փոխում է Արեւմուտքի վերաբերմունքը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ։ Փաշինյանը քայլեր է ձեռնարկել դեպի Արեւմուտք՝ որոշակիորեն արտահայտելով իր վրդովմունքը Մոսկվայից եւ հայտարարելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մտադրության մասին՝ քայլ, որը տեխնիկապես նշանակում է, որ Պուտինը կարող է ձերբակալվել, եթե ոտք դնի հայկական հող։ Այս տարի Եվրամիությունը դիտորդական առաքելություն է տեղակայել Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ. առաջին նման առաքելությունը Ռուսաստանի հետ անվանական դաշնակից երկրում։ Ի հակադրություն՝ Ադրբեջանի հարաբերությունը Արեւմուտքի հետ շատ ավելի գործարքային է. դրա հիմքում տրանսպորտային միջանցքներն են եւ Եվրամիությանը գազի օգտակար, բայց ոչ ահռելի հավելյալ ծավալներով ապահովելու գործարքը՝ որպես Ռուսաստանից ներմուծման այլընտրանք:

Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթը Երեւանում արդեն բողոքի ցույցեր է առաջացրել, որոնք առաջիկա շաբաթներին կարող են սպառնալ Փաշինյանի կառավարությանը։ Ռուսաստանը նույնպես կցանկանա, որ Փաշինյանը հեռանա։ Երկարաժամկետ հեռանկարում ժողովրդավարական Հայաստանն ավելի ուժեղ խաղադրույք է Արեւմուտքի շահերի եւ եվրաինտեգրման նախագծերի համար, քան փխրուն, ավտորիտար Ադրբեջանը: Եթե Հայաստանը Եվրոպայի հետ ավելի լայնածավալ հարաբերություններ կառուցի, դա կվերափոխի Կովկասը։

Բայց Լեռնային Ղարաբաղի հայերի համար այս մերձեցումը, անշուշտ, շատ ուշացած է։ Քանի որ Բաքուն արդեն վերահսկում է իրավիճակը, դժվար է պատկերացնել, որը կպաշտպանվի նրանց պատմական ժառանգությունը եւ կապահովվի նրանց գոյատեւումը: Պարտության հետեւանքները, մեղադրանքներն ու մարդկային զոհերը դեռ իրենց զգացնել կտան գալիք տասնամյակների ընթացքում:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին