Կինոռեժիսորները ֆիլմերի ստեղծման գործում առաջնորդող ուժ են, որոնք կյանք են հաղորդում պատմություններին: Նրանք պարզապես ստեղծագործողներ չեն եւ իրենց գեղարվեստական ոսպնյակի միջոցով ձեւավորում են հասարակական կարծիք, մարտահրավեր նետում հասարակական նորմերին եւ կարեւոր բանավեճեր հրահրում:
«Հայ կինո 100» խորագրում «Մեդիամաքսը» եւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ներկայացնում են հայ կինոյի եւ թատրոնի վաստակավոր ռեժիսորների, որոնք անջնջելի հետք են թողել հայկական կինեմատոգրաֆիայի վրա:
Գրական երկերը՝ արդիական տեսանկյունից. Համո Բեկնազարյան
Տրյուկային դերասանի քիչ հրապուրիչ ու վտանգավոր մասնագիտությամբ է սկսվում Համո Բեկնազարյանի ուղին կինոյում: Կինոգործարար Գ. Լիբկենի մոտ որոշ ժամանակ աշխատելուց հետո տեղափոխվում է Ա. Խանժոկովի կինոձեռնարկություն, արդյունքում՝ փոխելով իր «ամպլուան»։
Կարճ ժամանակ անց Համո Բեկնազարյանը դառնում է հռչակավոր դերասան, ավելի քան յոթանասուն անգամ նոր ֆիլմ ազդարարող աֆիշաների վրա հայտնվում։
Փոխելով մոտ տասը մասնագիտություն (լրագրող, կոշկակար, մարմնամարզության դասատու եւ այլն)՝Բեկնազարյանը վերադառնում է կինո ու թեւերը քշտած մտնում կինոյի ամենաբարդ՝ կազմակերպչական ասպարեզը։
Լուսանկարը` Կարեն Քալանթարի «Համո Բեկնազարյան» գրքից, 1986
Համո Բեկնազարյանը Հայ կինոյի առաջին ռեժիսորն է: 1925 թ-ին կինոէկրան է բարձրանում «Նամուս»-ը, որին հաջորդում են այլ բարձրարժեք գործեր՝ «Զարե», «Շոր եւ Շորշոր», «Տունը հրաբուխի վրա», «Խասփուշ», «Երկիր Նաիրի» եւ այլն:
Որպես ստեղծագործող Բեկնազարյանը պատկանում է ռեալիստական դպրոցին: Նրա բեմադրությունները հուզիչ էին, իրական։ Նա տվել է անցյալի ժառանգության լավագույն օգտագործման օրինակները: Գրական երկին նա մոտենում է արդիական դիտողի տեսանկյունով, որքան էլ հեռու մի շրջան նկարահանի, այնուամենայնիվ նրա նկարահանած ֆիլմը ակտուալ է:
Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար
Բեկնազարյանի ձեռքի տակ դերասանը մեծ չափով դրսեւորում է իր ունակությունները եւ կարողանում բացահայտել իր պոտենցիալը: Ռեժիսորի արտադրած ֆիլմերը քաղաքականապես հագեցված են եղել: Նա հմտորեն եւ խիզախ շտրիխներով կարողացել է բնորոշել իր հերոսներին, հուզել է հանդիսատեսին, ոգեւորել, հեղափոխական լիցք տվել:
Բեկնազարյանը խորհրդային դիտողի հասկացությունների տեսանկյունով է մոտեցել իր նյութին, հերոսներին: Նա քննադատել է դեպքերն ու դեմքերը, օբյեկտիվորեն չի ներկայացրել կենցաղը, ցույց է տվել իր վերաբերմունքը եւ դրանով մոբիլիզացիայի է ենթարկել հանդիսատեսին վերացնելու այդ բուրժուական մնացորդները մեր կենցաղում եւս: Ահա թե ինչու են նրա ֆիլմերը այժմեական, եւ ինչպես են նրանք գտնում իր հանդիսատեսին ոչ միայն Հայաստանում:
Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար
Արխիվարիուսը. Ֆրունզե Դովլաթյան
«Մայիս, 1987 թվական, Թբիլիսիի համամիութենական փառատոն։ Մրցութային էկրանին ներկայացված է Ֆրունզե Դովլաթյանի «Մենավոր ընկուզենին» երկսերիանոց կինոնկարը։ Այդ առիթով Սերգեյ Փարաջանովը իր տուն է հրավիրում հայկական պատվիրակությանը։
Զրույցներ, բանավեճեր, հարցազրույցներ․․․ Փարաջանովը դիմում է Ֆրունզե Դովլաթյանին, արժեւորում նրա ստեղծած ֆիլմերը եւ սենյակի անկյունում գտնվող սնդուկից հանում է մի թիկնոց։
- Այս թիկնոցը ես կարել եմ բանտում, Ֆելինիի համար, հույս ունեմ, որ օրերից մի օր կհանդիպեմ նրան՝ նվերը հանձնելու։
Թիկնոցը կրելու առաջին պատվին արժանանում է Ֆրունզե Դովլաթյանը, Փարաջանովը մոտենում է Դովլաթյանին, ուսերին գցում թիկնոցը, գրկում նրան»։
Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար
Կինոգետ Դավիթ Մուրադյանը՝ Ֆրունզե Դովլաթյանի մասին․
«Բոլորը Ֆրունզե Դովլաթյանի մեծ սկիզբ ասելով հասկանում են «Բարեւ ես եմ» ֆիլմը եւ իրավացի։ Սա է իմ ճանաչած Դովլաթյանական մուտքը: Ես հատուկ եմ ասում մուտք, որովհետեւ դա իսկապես միայն մուտք էր, թեպետ աննկատ չանցած մուտք, այդ «Բարեւ ես եմ»-ը ոչ միայն իր, այլեւ բոլորիս եւ ամբողջ հայկական կինոյի համար քայլ էր դեպի նոր կինո, նոր մտածողության դար եւ շատ խորհրդանշական վերնագիր ուներ, որովհետեւ մի ֆիլմ է, որտեղ առաջին անգամ շեշտը դրվում է անհատի վրա, որտեղ անհատն է կենտրոնական արժեք։ Մինչ այդ՝ մանավանդ ստալինյան ժամանակաշրջանում, կոլեկտիվն ամեն ինչ էր, անհատը ոչինչ, մինչդեռ այս ֆիլմը մեզ ասում է, որ անհատը մի ամբողջ աշխարհ է:
Դովլաթյանի հետագա ամբողջ ճանապարհը, առանձին-առանձին ֆիլմերը, երբ բոլորը հանկարծ մտքիդ մեջ գումարում ես, դառնում է մեծ վեպ, 20-րդ դարի հայի պատմություն: Իր հիմնական նյութը պատմության ծանր հարվածները, ճակատագրի մարտահրավերները հաղթահարող կամ դրանց դիմակայող հայն է։ Երբ ասում են ազգային կինոն ի՞նչ է, այ սա է։ Դովլաթյանը ինտելեկտուալ կինոյի ներկայացուցիչ է, ինքն արխիվարիուս է, անցյալն է պեղում:
Ես, երբ նկարահանվում էր «Երեւանյան օրերի խրոնիկա»-ն, գիրք էի հրատարակել։ Մի օր Պերճ Զեյթունցյանին տեսա ռադիոտան մոտ, մենք լավ բարեկամներ էինք։ Ասացի՝ Պերճ, լսել եմ՝ Դովլաթյանը ֆիլմ է նկարում քո սցենարով, չէ՞։ Հարցրի՝ տպելո՞ւ ես կարդանք։ Պերճն ասաց, որ տպի՝ ֆիլմը կփակվի: Իմիջիայլոց, այդ ֆիլմը ունեցավ դժվար ճակատագիր, ենթարկվեց փոփոխությունների, քանի որ Մոսկվան չէր ընդունում: Դովլաթյանը այդ ֆիլմը սիրում էր, ինչպես մարդ կսիրի իր տուժած երեխային: Այդ ֆիլմը համ կար, համ չկար։
Սովետական միության վերջին հոգեվարքի ժամանակներն էր, ես վարում էի մեկ ու կես ժամ կինոյի մասին հաղորդաշար ամիսը մեկ անգամ եւ մտածեցինք, որ ժամանակն է վերադարձնել այդ ֆիլմը։ Դովլաթյանն էլ այդ ժամանակ տարիքը լավ առել էր ու նմանվել սպիտակաբաշ առյուծի: Նստած էինք տաղավարում միասին, նայում էինք մոնիտորին․ երեւանյան գիշերվա փողոցային տեսարան էր գնում եւ տեսա, որ արտասվում է: Դա իր կյանքի լավագույն տարիների կարոտն էր, այդ ֆիլմի վրա աշխատելու հուշը, շատ գեղեցիկ, մարդկային բան կար դրա մեջ:
Դովլաթյանը դար եւ մարդ, դար եւ հայ հարաբերությունների պատմիչն է»։
Լուսանկարը` Ռոբերտ Մաթոսյանի «Անկրկնելի կինոճանապարհ» գրքից
Կյանքը՝ հանելուկ. Սերգեյ Փարաջանով
Փարաջանովի ողջ կյանքը հանելուկ էր։ 1942 թվականին չգիտես, թե ինչու ընդունվեց Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտ։ Հաջորդ տարի տեղափոխվեց Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալ ֆակուլտետ, անհասկանալի պատճառներով անավարտ թողեց։ Իսկ թե ինչու ընդունվեց Համամիութենական կինոինստիտուտ, սա արդեն հարցականի առիթ չտվեց։
«Մոլդովական հեքիաթներ» դիպլոմային աշխատանքից արդեն նախանշվեցին կինոբեմադրիչի նախասիրություններն ու ուրվագիծը։
1968 թվականին «Հայ ֆիլմ» կինոստուդիայում Փարաջանովը նկարահանեց «Նռան գույնը» կինոնկարը։ Այս կինոնկարը Փարաջանովի բանաստեղծական երեւակայության վերարտադրությունն էր։
Ռոբերտ Մաթոսյանն իր «Անկրկնելի կինոճանապարհ» գրքում գրում է․
«Պետկինոյից զանգահարեցին, ասացին, որ «Նռան գույնը» դիտելու համար երեկոյան ժամը 7-ին կինոպրակատ կգա Վեհափառ Հայրապետը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։ 19-ից քառորդ պակաս սպասում եմ… Ճիշտ ժամին երկու «վոլգա» մեքենա է գալիս։ Սա իմ առաջին մոտիկից հանդիպումն է Վեհափառի հետ։
Սկսվում է «Նռան գույնը» ֆիլմի առաջին՝ չկրճատված ֆիլմի ցուցադրությունը, բոլորը լարված դիտում էին։ Կինոնկարի ցուցադրությունն ավարտվում է եւ Վեհափառ Հայրապետը լռելյայն դուրս է գալիս, օգտվելով պատեհ առիթից, համարձակվում եմ նրա կարծիքը հարցնել։
Արժեւորում, խոսում է սիմվոլմների մասին եւ իրեն հատուկ առոգանությամբ ավելացնում…
- Այստեղ կան եկեղեցական այնպիսի արարողություններ, որոնց խորհրդանիշը նույնիսկ ինձ համար անհասկանալի է…»։
Լուսանկարը` «Երկխոսություն երրորդի համար» գրքից
Չդավաճանելով սկզբունքները. Հենրիկ Մալյան
Ամեն անգամ, երբ խոսք էր բացվում Մալյանի ստեղծագործական կենսագրության մասին, Մալյանը իրեն հատուկ թեթեւ ակնարկով հասկացնում էր, որ լավ կլինի, եթե այն սկսվի «Եռանկյունին» ֆիլմից։ Նա ոչ թե թերագնահատում էր իր «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.) «Մսյո Ժակը եւ ուրիշները» (1964թ.) «Նվագախմբի տղաները» (1960թ.) ֆիլմերը, այլ պարզապես «Եռանկյունին» ֆիլմում կինոբեմադրիչը լիարժեք ներդրել է իր ասելիքը։
Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար
Մալյանի հերոսները գալիս են մեր ժողովրդի ակունքներից։ Հերոսների խառնվածքը, տեսակը, ապրումներն ու հույզերը Մալյանինն են։ Կյանքից դեպի Մալյան, նրա սրտի բաբախումով էկրան, եւ նորից կյանք։
Մալյանի՝ կինոբեմադրիչի ուժն ու հմայքը ինքն իրեն հավատարիմ մնալու, նյութին, ասելիքին, սկզբունքներին չդավաճանելու մեջ է։ Այդ հավատամքից էլ գալիս է այն, որ Մալյանը հրաժարվեց «Կոմիտաս» երկսերիանանոց ֆիլմի նկարահանումներից։ Բանն այն է, որ Կոմիտասի երկու դերակատարներին (մանուկ հասակի եւ տարիքով) նա արդեն ընտրել էր, իսկ երիտասարդ Կոմիտասը, որ սյուժեի հիմնական գիծն էր կազմելու չկար ու չկար։ Մալյանին ոչ թե կերպարի արտաքինն էր հետաքրքրում, այլ կոմիտասյան ներքինով շաղախված դերակատարի ներաշխարհը։
Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար
Այս առիթով Մալյանը «Ֆիլմ» թերթում գրել է. «Ավելի լավ է ինձ ասեն՝ ինչու՞ չնկարահանեցիր «Կոմիտասը», քան հարցնեն՝ ինչու՞ նկարահանեցիր «Կոմիտասը»։
Օգտագործված գրականություն
1. «Համո Բեկնազարյան», Կարեն Քալանթար 1986
2. «Անկրկնելի կինոճանապարհ» Ռոբերտ Մաթոսյան 2018
3. «Կինո ռեժիսորներ, կինո դերասաններ» Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն Երեւան, 1978։
4. «Հուշեր դերասանի եւ կինոռեժիսորի» Համո Բեկ-Նազարյան, «Հայաստան» հրատարակչություն 1968։
5. «Հայկինոն տասը տարում» Պետհրատ 1935, Երեւան։
6. «Հենրիկ Մալյան» Նարինե Մալյան, Ռոբերտ Մաթոսյան, Երեւան 2016։
Հեղինակներ՝ Աստղիկ Հովհաննեսով, Զվարթ Ղազարյան, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս
Կոլաժները՝ Լուսինե Հակոբյանի, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս
Նախագծի ղեկավար՝ Մարի Թարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: