Արարատ 73՝ վերելքի ուղին. Գավաթը նվաճված է - Mediamax.am

exclusive
51813 դիտում

Արարատ 73՝ վերելքի ուղին. Գավաթը նվաճված է


Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` eduardmarkarov.com


Մեդիամաքս-ի «Արարատ 73՝ վերելքի ուղին» նախագիծը պատմում է 1973թ. Երեւանի «Արարատի» «ոսկե դուբլի» մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

«Արարատ» - «Դինամո» Կիեւ 2:1 (0:0, 1:1)

Մոսկվա. Լենինի անվ. կենտրոնական մարզադաշտ. 10 հոկտեմբերի. 60 000 հանդիսատես:

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Գեւորգյան, Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Անդրեասյան, Բոնդարենկո (Պողոսով, 73), Իշտոյան, Մարկարով (Ն.Ղազարյան, 73), Զանազանյան, Ն.Պետրոսյան: 

«Դինակո» Կիեւ՝ Սամոխին, Դամին, Մատվիենկո, Ֆոմենկո, Ռեշկո, Տրոշկին, Մունտյան, Բուրյակ (Զուեւ, 87), Կոլոտով, Վերեմեեւ, Բլոխին (Կոնդրատով, 88):
Գոլեր՝ 0:1 Կոլոտով (61՝ 11-մետրանոց), 1:1 Իշտոյան (89), 2:1 Իշտոյան (103):

Արսեն Կակոսյան

10 հոկտեմբերի: ԽՍՀՄ Գավաթի եզրափակիչ: «Արարատ» - Կիեւի «Դինամո»

… Ինչի՞ց սկսեմ: Հավանաբար, Նիկիտա Պավլովիչի հետ վաղ գարնանը ունեցած խոսակցությունից, երբ նրան հարցրեցի. «Պայքարելո՞ւ եք Գավաթի համար»:  

- Իսկ ինչո՞ւ ոչ,- բարկացած պատասխանեց նա: 

- Դե, երկար տարիներ մարզիչները վստահեցնում էին, որ «Արարատն» ի զորու չէ պայքարել երկու ճակատներում, հարկավոր է խնայել ուժերը, կենտրոնանալ առաջնության վրա:  

- Անհեթեթությո՛ւն,- էլ ավելի բարկացավ Սիմոնյանը: - Սովորաբար այդպես են ասում պարտված խաղից հետո: Չեմ հավատում, որ որեւէ մարզիչ մինչեւ հանդիպումը ֆուտբոլիստներին պարտության տրամադրի…

… Հետաքրքիր է, որ երբ կիսաեզրափակչում պայքար էր ընթանում կիեւցիների ու Մոսկվայի դինամոյականների միջեւ, բոլորը, ում ես հանդիպել էի, ցանկանում էին մոսկվացիների հաղթանակը: Հետո իմացա, որ նույնիսկ ավագ մարզիչն էր ցանկանում եզրափակչում նրանց հետ հանդիպել, իսկ Արկադի Անդրեասյանը «Խորհրդային սպորտին» տված հարցազրույցում ուղղակի հայտարարել էր. «Մենք կնախընտրեինք Գավաթի եզրափակչում այլ հակառակորդ ունենալ»:     


Լուսանկարը՝ Ալյոշա Աբրահամյանի Արխիվից:

Հենց այդ տրամադրություններն էին ինձ ստիպում կիեւցիներին երկրպագել կիսաեզրափակչի հանդիպման ընթացքում: Ինձ հետ վիճում էին, եւ ես, կարծում եմ, ոչ ոքի չկարողացա տարհամոզել: Ահա թե որն էր իմ մեկնակետը. միայն այն հանգամանքը, որ խաղացողներն ու մարզիչները որոշակի վախ ունեն կիեւցիների նկատմամբ, արդեն իսկ մեր օգտին է: Տղաները դաշտ դուրս կգան հսկայական պատասխանատվության զգացումով, այն գիտակցությամբ, որ սպասվում է ծանր, լարված պայքար, որում կհաղթի այն թիմը, որի մոտ ուժեղ կլինի հաղթանակի կամքը, տոկունությունը, համառությունը… 

… Անկեղծ ասած, նման դատողություններով փորձում էի ոգեւորել ինքս ինձ: Իսկ հանդիպման հեռարձակումից մի քանի րոպե առաջ տատանվում էի մեր եւ հարեւանի հեռուստացույցների միջեւ: Իմ էկրանը թեեւ փոքր է, բայց հազվադեպ է հիասթափեցնում: Իսկ հարեւանի հեռուստացույցը թեեւ ժամանակակից է, հսկայական էկրանով, բայց ես նրանց մոտ դեռ երբեւէ չեմ դիտել «Արարատի» խաղը: Ի վերջո, ամեն ինչ ավելի լավ տեսնելու, որեւէ մանրուք բաց չթողնելու գայթակղությունը հաղթեց երկրպագուական սնահավատությանը: «Ինչ լինում է, թող լինի»,- ասացի ինքս ինձ ու թակեցի դիմացի դուռը:

... Հուզմունքը խանգարում է հասկանալ մարզչի ընտրած կազմը: Հազիվ եմ հասցնում արձանագրել, որ խաղում է Մարկարովը, եւ չկա Ղազարյանը: Ինչպե՞ս դա հասկանալ: Նազար Պետրոսյանը հիանալի է խաղում, բայց չէ՞ որ նա հարձակողական ոճի կիսապաշտպան է: Իսկ Ղազարյանը արագ է գործում, ագրեսիվ է, հակառակորդի տուգանային հրապարակում իրարանցում, լարվածություն է առաջացնում: Բացի այդ, այսօր «Արարատն» ուժեղ է հենց եզրերի խաղով: Դա նշում են բոլոր տեսաբանները: Բացի դրանից, Կոլյան զգալիորեն փորձառու է Նազարից: Մտքումս եզրակացնում եմ, որ կամ Ղազարյանը լավ մարզավիճակում չէ, կամ Սիմոնյանն ինչ-որ այլ բան է մտածել:

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

Խաղադաշտ էինք մտնում միայն մեկ նպատակով՝ հաղթել: Մեր թիմը պատրաստ էր դիմակայել ցանկացած փորձության, քանի որ մարզիչը լավագույնս նախապատրաստել էր մեզ: Մենք չպետք է թուլանայինք նույնիսկ ամենավերջին րոպեներին, եւ այդպես էլ ստացվեց:

Չեմ կարող չհիշել մի դրվագ իմ խաղից, սակայն չէի ցանկանա որպես ինքնագովեստ հնչեր: Պարզապես հպարտ եմ, որ իմ ներդրումն ունեցա մեր ընդհանուր հաղթանակի մեջ: Մինչ այսօր այդ դրվագը աչքերիս առջեւ է: 


Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Այնպես ստացվեց, որ խաղի ավարտին մնացել էր մեկ րոպեից էլ պակաս ժամանակ, եւ եթե Կիեւի  պաշտպանները կարողանային դիմակայել մեր վերջին գրոհին, ապա խաղն այդպես էլ կավարտվեր: Հիշում եմ իմ մտքերն այդ պահին`«գոնե հրաշք տեղի ունենար եւ Կովալենկոն մեր տուգանայինից գնդակն ուղարկեր Անդրեասյանին, նա էլ գլխով գնդակն ուղարկեր իմ ուղղությամբ»: Մեկ էլ այդ պատկերն իրականություն դարձավ: Կովալենկոյի փոխանցումից հետո Անդրեասյանն ու կիեւցի Ռեշկովը բարձր ցատկեցին, եւ մեր խաղացողը կարողացավ գլխով հարված կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ: Այդ պահին ես մտածեցի, որ միշտ էլ հնարավոր է, որ դարպասապահը սխալ թույլ տա, եւ պետք է մինչեւ վերջ պայքարել գնդակի համար: Ձախ թեւում գտնվելով՝ ինքս ինձ հրահանգ տվեցի վազել դեպի դարպասապահը: Իրենց պաշտպան Մատվիենկոն ցանկանում էր ապահովել դարպասը, սակայն դարպասապահ Սամոխինը բղավեց, որ ինքը հասնում է գնդակին: Այնպիսի խառը իրավիճակ էր, որ մրցակցի պաշտպանն ու դարպասապահը ինձ բաց թողեցին եւ Սամոխինը նկատեց ինձ միայն վերջին պահին: Ձգվեց, որպեսզի հասնի գնդակին, բայց ես հասցրեցի այն ուղարկել դեպի դարպասը: Սամոխինը ետ մղեց գնդակը, իսկ Լեւոն Իշտոյանին այլ բան չէր մնում, քան ուղարկել գնդակը անպաշտպան դարպասը:

Բնական է, որ անակնկալ գոլը թեւաթափ արեց «Դինամոյի» խաղացողներին, որոնք արդեն վստահ էին հաղթանակի մեջ: Նրանց մարզիչ Սեւիդովը փոխարինել էր լավագույն խաղացողներին, քանի որ վստահ էր, որ իրենք հաղթում են եւ ուզում էր, որ պահեստայիններն էլ ստանային ոսկը մեդալներ ու սպորտի վարպետի կոչում: Նա չէր մտածել իր փոխարինումների հետեւանքների մասին:

Ընդմիջման ժամանակ Նիկիտա Սիմոնյանը փորձում էր մեզ էլ ավելի ոգեշնչել, ասելով` «Տղաներ, կամ այսօր, կամ երբեք»: Շատ դրամատիկ խաղ ստացվեց` ով երկաթյա ջղեր ուներ, նա էլ կարողացավ հաղթել: 

Երբ խաղն ավարտվեց, վերադարձանք Նովոգորսկի սպորտային բազա, որտեղ մեր պատվին հյուրասիրություն էին կազմակերպել: Խաղից հետո մենք լիովին սպառված էինք: Նիկիտա Սիմոնյանն ասաց, որ իրավունք ունենք 50 գրամ ալկոհոլ օգտագործել, որ փոքր-ինչ լիցքաթափվենք, սակայն մեզանից եւ ոչ ոք չմոտեցավ խմիչքին, ոչ թե այն պատճառով, որ չէինք ուզում մարզչի ներկայությամբ խմել, այլ հասկանալով, որ մի քանի օր անց պետք է Դոնեցկում խաղայինք: «Սպարտակի» այն ժամանակվա մարզիչ Անատոլի Իսաեւը հանդիպելիս մինչեւ հիմա զարմանքով է հիշում այդ փաստը, նշելով, որ այդպիսի թիմ նա ողջ կյանքի ընթացքում չէր տեսել…
ԽՍՀՄ Մարզկոմիտեի ֆուտբոլի վարչության պետն այն ժամանակ ուկրաինացի Լեւ Զենչենկոն էր: Մեր հանդիպման ավարտից մի քանի րոպե առաջ նա հրահանգ էր տվել սկսել տպագրել պատվո վկայականներ «Դինամոյի» անունով… Տարիներ անց, իմ լավ բարեկամներից մեկը, ով մարզական լրագրող էր, ինձ նվիրեց մի կրծքանշան, որի վրա գրված էր. «Դինամո» Կիեւ` 1973թ. ԽՍՀՄ Գավաթի դափնեկիր»: Պարզվում է, խաղից առաջ նրանք 300 հազար այդպիսի կրծքանշաններ էին թողարկել… 

Այո, տղաների նյարդերի հետ ամեն բան կարգին չէ: Հուզվում են: Դա սարսափելի է: Պաշտպանները շփոթվում են: Լավ է, որ վստահ է խաղում Ալյոշան: Թերեւս, այս խաղաշրջանում այդպիսի վստահություն ես նրա մոտ դեռ չեմ նկատել: Ինչպե՜ս նա նետվեց դեպի Բլոխինի ոտքերը: Թվում էր՝ գոլն անխուսափելի է: Հիմա Աբրահամյանի վստահ խաղը կփոխանցվի պաշտպաններին:


Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Խաղը, թվում է, մի փոքր հավասարվեց: Պետրոսյանին, Իշտոյանին ու Մարկարովին հաջողվեց մեկական անգամ ներխուժել կիեւցիների տուգանային հրապարակ: Նույնիսկ Մեսրոպյանը հարված կատարեց դարպասի ուղղությամբ: Հաջող երկքայլ կատարեցին Անդրեասյանն ու Զանազանյանը: Երկրորդ անկյունայինը դինամոյականների դարպասի մոտ: Հիմա պաշտպանները կոգեւորվեն ու կհավաքվեն:

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

Կիեւի «Դինամոյի» հետ խաղին նախապատրաստվում էինք ԽՍՀՄ հավաքականի Նովոգորսկի մարզաբազայում, որի տնօրենը հայ էր: Բոլոր նպաստավոր պայմաններն ունեինք լավ նախապատրաստվելու համար: Խաղի օրը լսեցինք մարզչի վերջին հրահանգները եւ ճանապարհ ընկանք դեպի Մոսկվայի Լենինի անվան մարզադաշտ:

Խաղից առաջ հանդերձարան եկավ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, ով Մոսկվայում էր աշխատում եւ ֆուտբոլի մեծ երկրպագու էր: Նա ասաց` «Տղաներ, պետք է հաղթեք»: Դա ոգեւորող եւ շատ պատասխանատու պահ էր:

Խաղադաշտում առաջին րոպեներին առավելությունը հակառակորդի կողմն էր: 10-րդ րոպեն էր ընթանում, երբ Օլեգ Բլոխինը միայնակ հայտնվեց իմ առջեւ, սակայն ինձ չկորցրեցի եւ կարողացա պաշտպանել դարպասը: Իրականում, եթե Բլոխինը չտարվեր անհատական խաղով եւ գնդակը փոխանցեր Վիկտոր Կոլոտովին, վերջինս գնդակը կարող էր դատարկ դարպասն ուղարկել:

Այս պահից հետո առավելությունը մեր կողմն անցավ: Կարող եմ ասել, որ մենք ավելի հավասարակշռված էինք խաղում, եւ հաղթելու մեծ ցանկությունը մեզ հունից չէր հանում:

«Դինամոյի» խաղացողի միտումնավոր արարքից հետո մեր դարպասին նշանակվեց չարաբաստիկ 11-մետրանոց հարվածը: Կոլոտովը տուգանային հրապարակում անսպասելի դադարեց վազել, իսկ Նորիկ Մեսրոպյանը, ով արագ վազում էր նրա հետեւից, չկարողացավ կանգնել եւ բախվեց նրան:

«Դինամոյի» գոլից հետո մենք ամեն ինչի մասին մոռացել էինք, միայն արագ հարձակումներ էինք կազմակերպում: Երբ փոխարինման դուրս եկան Սերգեյ Պողոսյանը եւ Նիկոլայ Ղազարյանը, խաղն ամբողջովին տեղափոխվեց մրցակցի կիսադաշտ, սակայն մեր գրոհներն արդյունք չէին տալիս: Ոչ ոք արդեն չէր հավատում «Արարատի» հաղթանակին, երբ Լեւոն Իշտոյանը Ղազարյանի հարվածից հետո խաղի վերջին վայրկյաններին գնդակն ուղարկեց «Դինամոյի» դարպասը: Աստված մեզ հետ էր:


Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Հանդերձարանում Նիկիտա Սիմոնյանը մեզ ասաց` «Կամ հիմա, կամ երբեք»: Այս խոսքերը մեզ շատ տպավորեցին եւ հաղթանակի համար պայքարելու մեծ ուժ տվեցին: Ուրախ էինք, որ Օլեգ Բլոխինին փոխարինել էին եւ հակառակորդը մնացել էր առանց ուժեղ հարձակվողի: Լրացուցիչ ժամանակում խաղն ամբողջությամբ մեր ձեռքերում էր: Լեւոն Իշտոյանը հատկապես հաջողակ էր, քանի որ կարողացավ երկրորդ գոլն էլ խփել:

Հաղթանակից հետո կրկին ուղեւորվեցինք Նովոգորսկ, որտեղ մեր պատվին մեծ սեղան էին գցել: Խնջույքից հետո Երեւանի մեր ընկերների միջոցով հեռախոսային կապ հաստատեցինք հարազատների հետ: Հիշում եմ, մոտ երկու-երեք ժամ զբաղեցրել էինք հեռախոսը: Տնեցիներից իմացանք, թե ինչպիսի խանդավառություն է Երեւանի փողոցներում եւ ինչպես է ժողովուրդը տոնում «Արարատի» հաղթանակը:

... Ընդմիջում: Հարեւանիս աղջիկները փրկարար սուրճ են մատուցում: Խմում եմ եւ փորձում ընկալել տեսածս, հասկանալ անհանգստությանս պատճառը: Այո, կիեւցիներն ակնհայտ առավելություն ունեին առաջին խաղակեսում, բայց այն ճնշումից, որը նրանք գործադրել էին օգոստոսին սեփական դաշտում, հետք անգամ չկար: Նրանք նույնպես վախենում են: Դրանից է բխում ուժեղ պրեսինգն ամբողջ դաշտում: Եվ այն, որ մերոնց հաջողվեց մի քանի հնարավորություն գտնել կտրուկ եւ անսպասելի գրոհներ կազմակերպելու համար, արդեն իսկ ինչ-որ բանի մասին խոսում է: Եթե մերոնց հաջողվի առաջինը գոլ խփել, այդ ժամանակ բաց խաղ կծավալվի: Իսկ եթե խփեն կիեւցիները, ամեն ինչ կորած է: 

Երկրորդ խաղակեսը… «Ոչինչ չեմ հասկանում,- փնթփնթում են քթիս տակ,- ամեն ինչ կրկնվում է: Նորից սխալվում են պաշտպանները, նորից գնդակը երկար են պահում իրենց մոտ: Մի՞թե մարզիչները նրանց ոչինչ չեն ասել: Ահա եւ հատուցումը… Ա՜խ, Նորի՛կ, Նորի՛կ: Ի՞նչ արեցիր: Ամեն օր մարզիչները քեզ ասում են, որ ֆուտբոլը բալետ չէ, եւ պետք է կոշտ խաղալ, հակառակորդին ամուր պահել, հանդիմանում են չափից դուրս «ինտելիգենտության» եւ հակառակորդի նկատմամբ լիբերալիզմի համար, բայց դա չի նշանակում, որ հենց այսօր դու պետք է եզրակացություններ անեիր ու 11-մետրանոց «վաստակեիր»: Հասկանում եմ, դիտմամբ չես արել, դու ցանկանում էիր անցնել Բուրյակին եւ չէիր ենթադրում, որ նա հանկարծ կկանգնի: Եվ ամբողջ մարմնով նրա վրա ընկար, բայց պետք է սահընկում կիրառեիր, ինչպես դա հաճախ անում է քո երիտասարդ գործընկեր Արմեն Սարգսյանը: Այժմ ի՞նչ պետք է անել: Նայի՛ր, քանի հազարավոր մարդիկ են ժամանել Երեւանից: Իսկ ի՞նչ է կատարվում այստեղ՝ Հայաստանում…»:

Հիշում է Նորայր Մեսրոպյանը

Կովալենկոն մի փոքր անհաջող ետ փոխանցում կատարեց եւ ես ստիպված էի պայքարել գնդակի համար մրցակցի հետ, ով շարժվում էր դեպի մեր դարպասը: Մենք զուգահեռ էինք վազում գնդակի հետեւից, ես «կորպուս» դրեցի, նա ինձ դիպավ եւ ընկավ, իսկ մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց: Կովալենկոն մի փոքր խոսաց ինձ վրա: Իհարկե, ինձ շատ վատ զգացի, քանի որ երբեւէ նման դեպք չէր եղել, որ թիմը իմ պատճառով պարտություն կրի: Բայց ոչ Սիմոնյանը, ոչ էլ մյուս մարզիչներ ու խաղացողները ինձ որեւէ խոսք չասացին:


Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

Հանդիպման ընթացքում Սիմոնյանն ու Սեւիդովը երկուական փոխարինում կատարեցին: Մեր փոխանցումները հաջող էին, իսկ կիեւցիներինը՝ ոչ: Այնպես որ, եթե հաշվենք նաեւ մարզչական հաղթանակը, ապա 3:1 հաշվով ենք հաղթել «Դինամոյին»:

Հեռուստացույցին նայում եմ անտարբերությամբ: Բացարձակ ուժ չունեմ կանգնել եւ գնալ իմ հին, փորձված հեռուստացույցի մոտ: Անցնում է մի քանի րոպե, եւ «Արարատի» կենդանացած խաղը հույս է ներշնչում: Անխոնջ աշխատում են Իշտոյանն ու Պետրոսյանը, իսկ կիեւցիներն անցել են փոքր փոխանցումների եւ ակնհայտորեն ժամանակ են ձգում: Մի՞թե կարելի է «ձգել» կես ժամ: Ոչինչ չեմ հասկանում: Կարծես թե փորձառու թիմ է:

Հիշում է «Արարատի» երկրորդ մարզիչ Հարություն Քեհեյանը

«Դինամո» Կիեւի հետ հանդիպումը շատ խնդրահարույց էր եւ անկանխատեսելի: Խաղը մեր օգտին չէր: Պարտվում էինք 0:1 հաշվով, եւ խաղի ավարտին մնում էր մոտ 40 վայրկյան: Երեք մարզիչներով նստած էինք պահեստայինների նստարանին՝ Սիմոնյանը, ես ու Հովիկ Աբրահամյանը: Նայեցի ժամին, տեսա, որ հանդիպման ավարտին մնացել է մեկ րոպե, ուզեցա վեր կենամ, ասելով՝ «Մի րոպեում էլ ինչ պետք է անենք»: Սիմոնյանը ջղայնացած ձեռքիցս պահեց, ասելով՝ «Նստի՛ր, խաղը դեռ ավարտված չէ»: Հենց նստեցի, Իշտոյանը հավասարեցրեց հաշիվը:

Գնացինք հանդերձարան: Պետք է նշեմ, որ նախկինում, եթե լրացուցիչ ժամանակի ընթացքում նույնպես չէր հաջողվում ճանաչել հաղթողին, ապա այն չէր ավարտվում 11-մետրանոց հարվածներով` հաջորդ օրը նոր խաղ էր անցկացվում: Բոլորս գիտեինք դրա մասին, եւ Սիմոնյանը ասաց իր հայտնի բառերը՝ «Կամ հիմա, կամ երբեք»: Եթե այդ օրը չհաղթեինք, հաջորդ խաղն, անկասկած, պարտվելու էինք, քանի որ մենք հոգնել էինք, իսկ ուկրաինացիները մեզանից ֆիզիկապես ավելի ուժեղ էին: Տղաները նույնպես հասկանում էին դա, եւ կարողացան հաղթանակի հասցնել այդ խաղը:

Ահա՛: Սիմոնյանը երկու փոխարինում է կատարում: Այն ո՞վ է «պարային շարժումներ անում» դաշտի եզրին: Կարծես Ղազարյանն է, իսկ այն մյուսը՝ Պողոսովը: Հիանալի է: Տես, թե ինչպես նրանք չեն համբերում, ինչպես են շտապում պայքարի: Ինչ-որ բան լինելու է: Պե՛տք է լինի: Կեցցե՛ս, Պողոսով: Սամոխինը դժվարությամբ է ետ մղում նրա ուղարկած գնդակը: Կիեւցիների պաշտպաններն ակնհայտորեն շփոթված են: Նրանք չեն կարողանում հասկանալ «Արարատի» նոր դիրքավորումը, հարձակվողների նոր գործառույթները: Դինամոյականները հայացքներ են փոխանակում իրար հետ՝ ասես հարցնելով, թե ով ում է «պահելու»: Իսկ այդ ժամանակ շունչ քաշելու հնարավորություն են ստանում պաշտպաններն ու հատկապես կիսապաշտպանները: Ահա փոխարինման իմաստը, ահա թե ինչ է նշանակում պահեստային կազմում ունենալ հավասարազոր խաղացողներ: Մտահոգվել է կիեւցիների մարզիչ Սեւիդովը: Նա, իհարկե, զգում է, որ «Արարատն» արդեն կանգ չի առնի, բայց կիեւցի հարձակվողներին արդեն չես ստիպի առաջ գնալ: Նրանց միակ նպատակը հաշիվը պահպանելն է: Այդ պատճառով բացարձակ օրինաչափ է, որ կիեւցիներն ուժեղացնում են պաշտպանությունը, երկու պաշտպաններով են փոխարինում Բլոխինին ու Բուրյակին: Ամեն ինչ ճիշտ է: Միայն թե ինչո՞ւ ժամանակ ձգել, նույնիսկ երկու խաղացողներին դաշտ դուրս բերելիս: Մի բան է, երբ ֆուտբոլիստների նյարդերն են տեղի տալիս, եւ նրանք, ցանկանալով պահպանել հաշիվը, ուժգին հարվածով դաշտի սահմաններից դուրս են մղում գնդակը, խաղում են դարպասապահի հետ եւ այլն: Իսկ մարզիչները կարող են ավելի ազնիվ լինել: Մանրախնդրությունն, ամեն դեպքում, ոչ ոքի չի գեղեցկացնում: Քանի որ եզրային մասում միաժամանակ հայտվել են երկու պահեստայիններ, քանի որ դատավորն արդեն կանգնեցրել է խաղը, թող նրանք միասին դաշտ մտնեն: Ոչ, եթե նախ մեկը մտնի, հետո մյուսը, ապա թիմը կշահի մի քանի տասնյակ վայրկյան հանդիպման ավարտին մնացած 2-3 րոպեից: Ոչ մի հարգանք հանդիսատեսների նկատմամբ: Ընդ որում, ոչ միայն երեւանցի հանդիսատեսների: Վստահ եմ, որ դա ընդունելի չէ նաեւ կիեւցի հանդիսատեսների համար: Նա՝ երկրպագուն, որքան էլ սիրի իր թիմին, միշտ մարզիկների մեջ ամենաբարձրը գնահատում է ազնվությունը, ասպետական ոգին, խիզախությունը:


Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Այսպես զայրացած էի այդ վերջին երկու րոպեներին: Եվ հանկարծ ամբողջ սրտով զգացի. հիմա ինչ-որ բան տեղի կունենա: Չափազանց հարթ ձեւավորվեց գրոհը կենտրոնում: Ահա, Անդրեասյանն ավելի բարձր գտնվեց կիեւցիների բարձրահասակ պաշտպաններից եւ տիրացավ գնդակին երկրորդ հարկում: Սամոխինը հետ մղեց Անդրեասյանի հարվածը, հետո հարվածեց Ղազարյանը, հարվածեց՝ համարձակ վազելով դեպի դարպասապահը, ասես զգալով, որ նա պետք է ձեռքից բաց թողնի գնդակը: Եվ իսկապես, բաց թողեց: Այդ պահին ասես գետնի տակից հայտնվեց Իշտոյանը: Հարվա՜ծ: Մի՞թե գոլ: Ոչ, դա անհավանական է: Դա անփոխանցելի՜ է: Գոլ վերջին րոպեին… Պարգեւատրում հարձակմանը հավատարմության համար, հաջողության նկատմամբ հավատի, արիության ու խիզախության համար:   

Հիշում է Արկադի Անդրեասյանը

Ինձ համար այդ հանդիպումը կրկնակի նշանակություն ուներ: Մինչ այդ երկու թիմերը մրցել են միմյանց հետ 19 տարի առաջ: Այն ժամանակ «Արարատը» պարտվել էր 1:2 հաշվով, իսկ թիմի գլխավոր մարզիչը իմ հորեղբայր Հայկ Անդրեասյանն էր: Երկրորդ պահն այն էր, որ երբ ես հանդես էի գալիս ԽՍՀՄ հավաքականի կազմում, այնտեղ շատ կիեւցիներ կային: Նրանցից մեկը՝ Վլադիմիր Մունտյանը, իրեն թույլ էր տալիս կատակել, ակնարկելով, որ մենք թույլ թիմ ենք եւ Կիեւի «Դինամոյին» հաղթելու հնարավորություն չունենք: Ես էլ ասացի, որ մեզ կդատի գնդակը եւ մարզադաշտը, բայց նրա այդ խոսքերն ինձ լուրջ վիրավորել էին:  

Խաղի ավարտից 15 րոպե առաջ ես կրկին վերհիշեցի այդ խոսքերը, մտածելով, որ եթե հանդիպումը հենց այդպես էլ ավարտվի, նա կասի՝ «տեսնում ես, որ ես իրավացի էի»: Դա ինձ լրացուցիչ էներգիա հաղորդեց: Իսկ երբ խաղն ավարտվեց, եւ կիեւցիները դիպլոմներ էին ստանում, ձայն տվեցի նրան: Նա շրջվեց եւ շնորհավորեց ինձ:

Իհարկե կիեւցիները սխալներ թույլ տվեցին՝ փոխարինելով Բլոխինին, Բուրյակին, բայց դա, ինչպես ասում են, իրենց խնդիրներն էին: Առաջին գոլից առաջ օդային պայքար մղեցի «անհույս» գնդակի համար, հաղթեցի եւ գնդակն ուղարկեցի Կոլյաին: Նա հարվածեց, իսկ Իշտոյանն արդեն դատարկ դարպասը ուղարկեց գնդակը: Անշուշտ, հաջողությունը մեր կողմն էր:

Իհարկե, վերջին րոպեին խփած գոլից հետո, հոգեբանական առավելությունն անցավ մեր կողմը, եւ մենք գիտակցում էինք, որ մեզ անհրաժեշտ է հաղթել մրցակցին: 

«Վրեմյա» ծրագիրն ընդհատում է հանդիպման հեռարձակումը, եւ հեռուստատեսությունը խոստանում է ցուցադրել եզրափակիչ երկու խաղակեսերի տեսագրությունը: Հանդիպման այդ մասը դիտում էի արդեն իմ տանը: Ինձ այլեւս չէին տանջում կասկածները հանդիպման ելքի վերաբերյալ: «Արարատը» կհաղթի: Հիմա ամեն բան նրա կողմն է՝ թե հոգեբանությունը, թե բարոյականությունը, թե ֆուտբոլային գիտությունը: Եվ նույնիսկ վճռորոշ նշանակություն չի ունենա այն հանգամանքը, որ դաշտում չեն Բլոխինը եւ Բուրյակը: Այդպես էլ եղավ: Երեւանցիները դաշտ դուրս եկան ազատագրված: Նրանց մոտ ամեն ինչ ստացվում էր, ինչպես լավագույն հանդիպումներում: Կար նույնիսկ դիտարժանություն, ֆուտբոլային ռոմանտիզմ, ինչը չափազանց հազվադեպ է լինում եզրափակիչ գավաթային մրցապայքարներում:   

Երրորդ խաղակեսի տասներեքերորդ րոպեն է: Արագ, նպատակասլաց գրոհ, որին մասնակցում են երեք հարձակվող կիսապաշտպաններ՝ Զանազանյան-Պետրոսյան-Անդրեասյան: Գնդակն Իշտոյանի մոտ է, բայց նա անհարմար դիրքում է՝ գրեթե մեջքով դեպի դարպասը: Հարկավոր է հետ ուղարկել գնդակն ինչ-որ մեկին: Բայց ո՞ւմ: Մոտակայքում ոչ ոք չկա, եւ Լեւոնը կտրուկ հետ շրջվելով՝ հարվածում է վերին՝ Սամոխինի համար անհասանելի անկյունին: Գո՜լ: Վե՛րջ: Հաղթանա՛կ: Ո՞վ ասաց, թե «13» թիվն անհաջող է: Թեեւ, նայած ում համար: Կիեւցիների մոտ, հավանաբար, այդ կարծիքն ամրապնդվեց: Բայց նրանք վաղուց էին պարտվել: Պարտվել էին հոգեբանորեն: Հանդիպման ավարտը լրացուցիչ անգամ հաստատեց դա:  



… Գավաթի հանձնման եւ նրանով պատվո շրջան անցնելու ավանդական արարողությունը չցուցադրեցին: Ինչ-որ բան, ըստ երեւույթին, խանգարել էր տեսագրել այն: Ինչեւէ: Գնում եմ սառը լոգանք ընդունելու եւ հանկարծ լոգասենյակից լսում եմ. «Ա-րա-րա՜տ», «Ա-րա-րա՜տ»: Շտապում եմ դեպի հեռուստացույցը՝ ենթադրելով, որ ուշացումով ցուցադրում են արարողության դրվագները, բայց էկրանին հին ֆիլմ է: Որտեղի՞ց են աղաղակները: Պարզվում է, Նալբանդյան փողոցի ամբողջ երկայնքով մարդիկ դուրս են եկել պատշգամբներ եւ վանկարկում են. «Ա-րա-րա՜տ», «Ի-շտո-յա՜ն»: Մեկ րոպե անց ամբողջ փողոցում, ամբողջ քաղաքում լսվում են ավտոմեքենաների ազդանշաններ: Տանը նստել միանգամայն անհնար է, եւ շուտով ինձ նույնպես ընդգրկում եւ դեպի քաղաքի կենտրոն է տանում մարդկանց հոսքը: Դա զգացմունքների իսկական պայթյուն էր: Ինչ-որ տեղից հայտնվում են վահանակներ ու պաստառներ, ինչ-որ մեկը հասցրել էր կառուցել գավաթի ստվարաթղթե մակետը: Հանպատրաստից անեկդոտներ են ծնվում: Հիշում եմ դրանցից մեկը. «Իշտոյանի համար հաշմանդամի սայլակ են պատվիրել: Ինչո՞ւ: Քանի որ թանգարանը գնել է նրա ոտքերը»:

Կեսգիշերն անց էր, երբ ես որոշեցի մտնել «Արարատ» ռեստորանի նկուղ: Մատուցողները, թեեւ նրանց ոչ ոք չէր ստիպել, համաձայնել էին աշխատել մինչեւ առավոտ: Իսկ մարդիկ մտնում էին, արագ մի բաժակ շամպայն դատարկում (նկատե՛ք՝ ոչ օղի, եւ ոչ էլ կոնյակ) եւ կրկին շտապում դուրս: Բոլորը ցանկանում էին բոլորի հետ լինել. ահա այդ երեւույթի պարզ բացատրությունը: Երկրպագուները չափից դուրս շատ էին նյարդայնացել հեռուստացույցների առջեւ եւ այժմ գտնվում էին ծայրահեղ զգացմունքային լարվածության վիճակում: Նրանք լիցքաթափման կարիք ունեին:    

Հիշում է Լեւոն Իշտոյանը

Կիեւի «Դինամո»-ի հետ խաղում տարած հաղթանակը, անկասկած, «Արարատի» պատմության ամենահիշվող, դիտարժան եւ կարեւորագույն պահերից է:

Գավաթի խաղը վճռորոշ էր, քանի որ մրցում էինք մի թիմի հետ, որն այն ժամանակվա եվրոպական 10 լավագույն ակումբներից մեկն էր համարվում:

Այդ տարի բոլորը վստահ էին, որ հենց «Դինամոն» է հաղթելու ե՛ւ Գավաթի խաղարկությունում, ե՛ւ ԽՍՀՄ առաջնությունում: ԽՍՀՄ ֆուտբոլի գրեթե բոլոր գլխավոր պաշտոններն ուկրաինացիներն էին զբաղեցնում:

Երբ պարտվում էինք 0:1 հաշվով, այլեւս կորցնելու ոչինչ չունեինք: 89-րդ րոպեին Կովալենկոն մեր կիսադաշտից երկար փոխանցում կատարեց, Անդրեասյանը բարձր ցատկով հաղթեց վերեւում, իսկ Նիկոլայ Ղազարյանը արագ վազեց դարպասի ուղղությամբ: Կոլյայի հարվածից հետո ես հասա գնդակին եւ ուղարկեցի այն ցանցը: Իրականում, պահն իրացնելն այնքան էլ հեշտ չէր, քանի որ մի քանի ուկրաինացի խաղացողներ փորձում էին պաշտպանել դարպասը եւ միայն մի փոքր անկուն էր անպաշտպան մնացել:

Եթե լրացուցիչ ժամանակը ոչ-ոքի ավարտվեր, հաջորդ օրը կրկին պետք է խաղայինք: Երբ եկանք հանդերձարան, Նիկիտա Սիմոնյանն ասաց՝ «Տղանե՛ր, ինչ անում ենք, պետք է այսօր անենք, վաղն արդեն ուշ կլինի»: Եվ նա իրավացի էր: Մենք որոշեցինք, որ եթե պետք է մեռնենք դաշտում՝ կմեռնենք: Հանդիպման 103-րդ րոպեին, ստանալով գնդակն, արդեն անհատական վարպետությամբ շնորհիվ խփեցի երկրորդ գնդակը, եւ մենք հաղթեցինք:  

40 տարի է անցել, բայց այդ հանդիպումը չի մոռացվի: Մենք երջանիկ էինք, որ մեզ հաջողվեց ուրախություն պարգեւել մեր երկրպագուներին: Ի վերջո, մեր ժողովուրդն այդպիսի ուրախ պահեր շատ չէր ունեցել. 1962 թվականի Տիգրան Պետրոսյանի հաղթանակը եւ «Արարատի» հաջողությունը 1973 թվականին:

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

Նախագծի վրա աշխատել են՝ Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Արա Թադեւոսյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին