Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:
«Արարատ» - ՍԿԱ Դոնի Ռոստով 2:2 (1:1): 11-մետրանոցներ 4:5
Երեւան. «Հրազդան» մարզադաշտ. 12 օգոստոսի. 38 000 հանդիսատես:
«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Ա.Հարությունյան, Մեսրոպյան (Գեւորգյան, 76), Անդրեասյան, Բոնդարենկո (Ն.Պետրոսյան, 59), Իշտոյան, Մարկարով, Զանազանյան, Ն.Ղազարյան:
Գոլեր՝ 1:0 Անդրեասյան (1), 1:1 Եսկով (34), 1:2 Անտոնով (57), 2:2 Անդրեասյան (79):
Չիրականացրած 11-մետրանոց՝ Անդրեասյան (38):
11-մետրանոցներ իրացրեցին՝ Իշտոյան, Զանազանյան, Մարկարով, Մարտիրոսյան:
Չիրացրեցին՝ Անդրեասյան, Հարությունյան:
Արսեն Կակոսյան
12 օգոստոսի: Տուր XX: Ռոստովցիները դաս են տալիս:
ՇԱ՞Տ ԳՈՎԱԲԱՆԵՑԻՆՔ
«...Այո, սա արդեն աղետ է: Սա հերքում է իմ բոլոր հաշվարկները: Այնպիսի զգացողություն է, որ «Արարատից» գողացել են ոսկե մեդալները: Ախ, Անդրեասյան, Անդրեասյան… Հավաքականի խաղացող է… Ձախողել 11-մետրանոցը, որը կարող էր քեզ չեմպիոն դարձնել: Էլ ե՞րբ նման հնարավորություն կընձեռվի: Մի՞թե չզգացիր, որ դա հենց այդ դեպքն է: Թե՞ զգալով՝ վարանեցիր: Այդ դեպքում պետք չէր հարվածել: Հարկավոր էր հարվածը զիջել Զանազանյանին…
Ինչ հուսադրող էր մեկնարկը: Ղազարյանը ազատվեց պաշտպաններից, գնդակն ուղարկեց Անդրեասյանին, վերջինս գոլ խփեց առանց մեծ ջանքերի: Ասես ամեն ինչ տեղի էր ունենում մարզումների ժամանակ: Երկրորդ գնդակը Անդրեասյանը արդեն դժվարությամբ խփեց, այնուամենայնիվ՝ խփեց: Ինչպես կարելի էր խաղի ընթացքում խփել երկու գոլ, բայց երկու անգամ ձախողել 11-մետրանոցները: Այն էլ ինչպիսիք: Դրանցից առաջինը կարող էր բերել 2 միավոր, երկրորդը՝ 1 միավոր…Այդ դեպքում նույնիսկ Կիեւին պարտվելը սարսափելի չէր լինի: Իսկ ի՞նչ անել հիմա, երբ տարբերությունը կրճատվել է մինչեւ մեկ միավոր: Առաջատարի դիրքը պահպանելու համար հարկավոր է հաղթել դինամոյականներին: Կամ գոնե պարտվել 11-մետրանոցներով: Այդ դեպքում կփրկի գնդակների տարբերությունը: Բայց ինչպե՞ս անել այդ ամենը»:
Հիշում է Արկադի Անդրեասյանը
Օգոստոսի 11-ին ծննդյանս օրն է, իսկ հաջորդ օրը խաղում էինք Ռոստովի դեմ: Խաղի առաջին րոպեներին գրավեցի դարպասը: Հետո ՍԿԱ-ն հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտին մեր օգտին 11-մետրանոց նշանակվեց: Մոտեցա գնդակին, սակայն ինձ չհաջողվեց խաբել դարպասապահին: Երկրորդ խաղակեսում զիջում էինք 1:2 հաշվով, բայց հանդիպման ավարտին ես կրկին գրավեցի մրցակցի դարպասը՝ 2:2: Չգիտեմ, ինչպես պատահեց, բայց հետխաղային 11-մետրանոց իմ հարվածը կրկին անհաջող էր: Այնպես որ, այդ խաղում ես 2 գոլ խփեցի խաղից եւ 2 անգամ չկարողացա իրացնել 11-մետրանոց հարվածները:
Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:
Այսպես փնթփնթալով ու սգալով՝ վերադառնում էի տուն, եւ որպեսզի ցրվեմ, սփոփեմ ինքս ինձ, սկսեցի վերընթերցել «Ֆուտբոլ-հոկեյ» շաբաթաթերթի վերջին երկու համարները: Ինձ տարօրինակ զգացողություն համակեց: Թվում էր, թե հեղինակները ծաղրում են «Արարատին», հեգնում ֆուտբոլիստներին…Միշտ այդպես է լինում, երբ ինչ-որ բան ձեռքի տակ է հայտնվում ոչ ժամանակին…Չէ՞ որ երկու օր առաջ ընթերցելով այդ ամենը՝ ես հեղինակների հետեւից կրկնում էի. «ճիշտ է, իսկապես, տեղին է ասված...»: Վ.Դուբինինն, օրինակ, գրում է.
«Չորս միավոր է «Արարատին» բաժանում հետապնդողներից առաջին շրջանի ավարտին: Այսօր «Արարատը» իրավամբ զբաղեցնում է առաջատարի դիրքը: Երեւանցիների պոտենցիալ հնարավորությունները պահպանվել են, եւ գլխավոր մրցանակի համար պայքարում իրենց դիրքն ամրապնդելու հնարավորություններն անվիճարկելի են: Շատ լավ թիմի կոչման քննությունն «Արարատն» արդեն անցել է 1971թ. առաջնությունում եւ այն հանձնել է լավ գնահատականներով տեխնիկական վարպետության, արագ ու համախմբված խաղի ձգտման, գեղեցիկ ու հարձակվողական ֆուտբոլի համար: Այդ տարվա ամբողջ խաղաշրջանում այդ ձգտումը վառ արտահայտվել է հաղթանակներում, օրինակ, մոսկովյան բոլոր ակումբների նկատմամբ:
Հիշում է Ալյոշա Աբրահամյանը
Ցանկացած թիմ էլ ինչ-որ պահի անկում է ունենում: Բնականաբար, ամեն խաղից հետո քննարկում էինք մեր սխալները եւ վերլուծում խաղը, բայց առանձնակի նկատողություններ Նիկիտա Սիմոնյանից չէինք ստանում: Նա ըմբռնումով էր մոտենում պարտությանը:
Այդ տարի «Արարատը» չեմպիոն չդարձավ, թեեւ մոտ էր դրան: Բայց նա վառ տպավորություն թողեց, իսկ դրա հետ մեկտեղ՝ եւս մեկ բարձրորակ թիմի ի հայտ գալու հույս առաջացրեց: Հիմա կարելի է ասել, որ «Արարատը» հուսախաբ չարեց: Երեք տարվա կրքոտ ստուգումները լիովին բավարար են այդ պնդման համար: Այդ տարիների ընթացքում թիմը պահպանեց եւ բազմապատկեց թերեւս միայն իրեն բնորոշ էլեգանտ ու նրբաճաշակ խաղաոճը: Միաժամանակ, չմոռացվեցին ժամանակակից ֆուտբոլի մարտավարության հիմնական դրույթները պաշտպանությունում եւ հատկապես հարձակման գծում: Դրա վկայությունն է «Արարատի» բարձր արդյունավետությունը:
Լուսանկարը՝ Ալյոշա Աբրահամյանի արխիվից:
Հատկանշական է, որ Երեւանի վարպետները, ունենալով գնդակը տնօրինելու տեխնիկայի եւ արագության զգալի առավելություն, չեն ձգտում «օկուպացնել» հակառակորդի տարածքը, չեն դիմում կուտակումների մարտավարությանը: Հարձակման համար թիմը կարողանում է տարածք գտնել: Նրա ուժը համբերության եւ հաշվարկի մեջ է, հակառակորդին սխալի դրդելու եւ այդ սխալից անհապաղ օգտվելու կարողության մեջ: «Արարատն» ուժեղ է նաեւ իր մշտական կազմով եւ նրանով, որ ունի այնպիսի պահեստային խաղացողներ, որոնց դաշտ դուրս գալով խաղի ձեռագիրը պահպանվում է: Կցանկանայի հատկապես ընդգծել նաեւ, որ «Արարատը», ինչպես ոչ մի ուրիշ թիմ, մեծապես օգտվում է եզրային հարձակումներից՝ դրա համար ունենալով բարձրորակ կատարողներ»:
Հիշում է Նիկոլայ Ղազարյանը
Մենք պրոֆեսիոնալներ էինք եւ հասկանում էինք մեր սխալները: Թվում էր` այս երեք պարտություններից հետո կարող էինք հիասթափվել, բայց մենք շատ ուժեղ էինք: Մարզիչն էլ իրեն այնպես էր պահում, կարծես ոչինչ չի եղել: Դա նրա կարեւորագույն արժանիքներից մեկն էր` կարողանում էր արտաքուստ շատ հանգիստ երեւալ մեր պարտություններից հետո:
Սիմոնյանն ասում էր` «Պարտվեցիք, դե ինչ արած, բայց նորմալ էիք խաղում»: Հենց այդ պահին մենք գիտակցում էինք, որ պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, որ նա մեզանից գոհ մնա: Նրան այնքան էինք հարգում, որ փորձում էին գերակատարել նրա հանձնարարությունները: Եթե նա սկսեր իր դժգոհությունը ցույց տալ, թիմում լարված մթնոլորտը կստեղծվեր:
Ֆուտբոլը մեծ գիտություն է թե՛ հոգեբանական, թե՛ դաստիարակչական առումով: Հենց դրանով էլ այն առանձնանում է մնացած մարզաձեւերից:
Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:
Իսկ ահա ինչպես է նախորդ օրերի իրադարձությունները գնահատում Օ.Կուչերենկոն.
«…Առաջատարին բնորոշ եւս մեկ գիծ: Առաջին խաղաշրջանի իր համար առանցքային հանդիպմանը նա Մոսկվայում դինամոյականներին հաղթեց 1:0 նվազագույն հաշվով: Երկրպագուները, ինչպես նաեւ մայրաքաղաքի ֆուտբոլիստները, ափսոսանք էին հայտնում՝ ասելով. երեւանցիները ընդամենը մեկ գոլային պահ ստեղծեցին, այն էլ՝ անսպասելի, բայց ստացան երկու միավոր: Բախտները բերում է: Եվ այս տուրում «Արարատը» Տաշքենդում ստեղծեց նվազագույն գոլային պահեր, բայց խփեց երեք գոլ: Կրկի՞ն հաջողություն է:
…Մի՞թե դա կարելի է համարել «Արարատի» հաջողությունը եւ մյուսների անհաջողությունը: Ոչ, իրերն ունեն իրենց անունները: Երեւանցիների կայուն վարպետությունը եւ մրցակիցների մոտ դրա բացակայությունը»:
Ահա եւ քեզ «կայուն վարպետություն»…
Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:
Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: