Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:
«ՍԿԱ» (Ռոստով) - «Արարատ» - 0:2 (0:1):
Դոնի Ռոստով. ՍԿԱ մարզադաշտ. 24 հունիսի. 16 000 հանդիսատես:
«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Գեւորգյան, Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Պետրոսով, Բոնդարենկո, Իշտոյան, Մարկարով, Զանազանյան, Ղազարյան (Ն.Պետրոսյան, 63):
Գոլեր՝ 0:1 Իշտոյան (2), 0:2 Զանազանյան (60):
Արսեն Կակոսյան
24 հունիսի: Տուր XIII: Խաղում ենք Ռոստովում:
ԵՐՐՈՐԴԸ «ՀՍԿԱՆԵՐԻ» ՑՈՒՑԱԿՈՒՄ
Արարատցիները Ռոստովում խաղացին համախմբված, համակարգված, նպատակասլաց եւ երկու անպատասխան գոլ խփեցին: Դատելով ռադիոմեկնաբանի խոսքերից, կարող էին խփել եւս մի քանիսը: Աչքի ընկան Իշտոյանն ու Զանազանյանը: Իր գոլով թիմի ավագն ընդգրկվեց հարյուր լավագույն ռմբարկուների ցուցակում, որտեղ նրանից բացի ներառված են նաեւ Մարկարովն ու Ղազարյանը, իսկ Իշտոյանը, ով ամեն հաջորդ հանդիպմանն ավելի լավ խաղ է ցուցադրում, ձեռք բերեց վստահություն սեփական ուժերի նկատմամբ:
Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:
Հիշում է Նիկոլայ Ղազարյանը
Վերջին հինգ տուրերի ընթացքում մենք գերակատարեցինք մեր ծրագիրը: Այդքան խփված գոլերը վստահություն էին հաղորդել թիմին. գրեթե բոլոր հաղթանակները խոշոր հաշվով էին: Սա արդեն լավ ցուցանիշ էր թե՛ հոգեբանական առումով, թե՛ ֆիզիկական: Թիմն արդեն լարված չէր խաղում, բարդույթներ չկային:
Հինգ խաղ շարունակ հաղթել էինք, մի՞թե չէինք կարող հաղթել առաջնությունում: Ինչպես ասում են, ախորժակն ուտելուց է բացվում: Մեծ պատասխանատվությամբ էինք մոտենում բոլոր հանդիպումներին:
…Գիշերվա ժամը մեկն է: Գրել եմ այս տողերն ու սպասում եմ Մոսկվայի լրատվական ծրագրին, որպեսզի իմանամ, թե ինչպես են խաղացել մնացած թիմերը: Կեսօրին դիտեցի Մոսկվայի դինամոյականների ու ԲԿՄԱ-ի հանդիպումը: Վերջինս կրկնակոխ հետեւում է «Արարատին», «Դինամոն» եւս շատ չի զիջում առաջատարին: Բայց ինձ հետաքրքիր էր նրանց խաղը դիտել նաեւ այն պատճառով, որ հենց այդ երկու թիմերի հետ է Արարատը խաղալու հաջորդ երկու տուրերում:
Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:
Փորձում էի հետեւել դիտորդի աչքերով: Վատ չէին խաղում: Հատկապես դինամոյականները: Այնուամենայնիվ, ներքին զգացում ունեմ, որ մերոնք կկարողանան նրանց հետ արժանապատվորեն մրցել: Անցել են այն ժամանակները, երբ երեւանցիները հակադրելու ոչինչ չունեին մոսկովյան թիմերի ֆիզիկական ուժին ու արագությանը: Մերոնք այժմ ունեն իրենց բանալին՝ արագ տեղափոխություններ, փոխանցումներով խաղ, մանեւրելու կարողություն: Կարեւոր է միայն ճիշտ օգտագործել այդ բանալին:
Հիշում է Արարատի երկրորդ մարզիչ Հարություն Քեհեյանը
1973 թ. մենք թիմ հրավիրեցինք Նիկիտա Սիմոնյանին: Ես նրան վաղուց էի ճանաչում՝ ժամանակին միասին խաղում էինք Մոսկվայի «Սպարտակում»:
Ակնհայտ էր, որ 70-ականների սկզբին «Արարատը» վերելք էր ապրում: Պատկերացրեք՝ եթե նախկինում Կենտկոմից եւ Քաղկոմից մեզ առաջադրանք էին տալիս դուրս չմնալ բարձրագույն խմբից, ապա 1972 թվականին արդեն դժգոհ էին մնացել 4-րդ հորիզոնականից:
«Արարատի» հաջողության գրավականներից մեկն այն էր, որ տղաները արդեն 4-5 տարի միասին խաղում էին եւ իրար շատ լավ էին հասկանում: Իսկ դա ֆուտբոլում ամենակարեւոր բաղադրիչներից է:
Սիմոնյանն իմ մականունը «Սոկրատ» էր դրել, քանի որ ես արմատներով Հունաստանից եմ եւ նաեւ շատ էի փիլիսոփայում: Մի օր ասաց՝ «դե լավ է, Սոկրատ…», եւ այդպես էլ մնաց:
Սիմոնյանի հետ աշխատելը ոչ միայն հեշտ էր, այլեւ հաճելի: Եվ ինձ թվում է, որ դա փոխադարձ էր:
Լուսանկարը՝ eduardmarkarov.com:
…Ահա եւ խոսեց հեռուստացույցը: Օ, հրա՜շք: Մրցակիցները հերթական անգամ սայթաքել են: Բացի դինամոյականներին զիջած ԲԿՄԱ-ից, սեփական դաշտում պարտություն են կրել նաեւ վորոշիլովգրադցիները, թեեւ՝ 11-մետրանոցներով: Սեփական դաշտում պարտվել է նաեւ «Շախտյորը»: Թբիլիսցիները նրանց հաղթել են 1:0 հաշվով: Կիեւցիները ձեռք են բերել միայն մեկ միավոր, բայց հյուրի կարգավիճակում՝ Մինսկում: Իսկ սպարտակցիները «Տորպեդոյից» բաց են թողել երկու գնդակ: «Դնեպրը» եւս վաստակել է ընդամենը մեկ միավոր: Այնպես որ, եթե մինչեւ այսօր առավոտ «Արարատն» առաջին տեղում էր գնդակների լավագույն տարբերության շնորհիվ, բայց մեջքի հետեւում ուներ եւս երեք թիմ միավորների նույն քանակով՝ 14, ապա այժմ նա միանձնյա առաջատարն է երկու միավորի տարբերությամբ: Այնպես որ, «Արարատն» ունի բոլոր հնարավորությունները առաջին շրջանը հաղթանակած ավարտելու համար:
Հիշում է Ալյոշա Աբրահամյանը
Ռոստովին 2:0 հաղթելուց հետո ամրապնդվեցինք 1-ին հորիզոնականում: ՍԿԱ-ն լավ թիմ էր, անվանի ֆուտբոլիստներ ուներ, սակայն մենք հաղթահարեցինք բոլոր խոչընդոտները: Խոշոր հաշվով հաղթանակները թիմին լրացուցիչ վստահություն տվեցին: Իսկ ես կարողացել էին վեց խաղ շարունակ մեր դարպասը անառիկ պահել:
Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:
Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: