Կովկասյան ճակատը եւ թուրքերի ջախջախումը Սարիղամիշում - Mediamax.am

exclusive
39737 դիտում

Կովկասյան ճակատը եւ թուրքերի ջախջախումը Սարիղամիշում


Գեներալ Յուդենիչը եւ Կովկասյան բանակի շտաբի անդամները
Գեներալ Յուդենիչը եւ Կովկասյան բանակի շտաբի անդամները
Անտոն Դենիկինը եւ Նիկոլայ Յուդենիչը
Անտոն Դենիկինը եւ Նիկոլայ Յուդենիչը
Հայ մարտիկները Վանում
Հայ մարտիկները Վանում
Ռուսական բանակի դիրքերը Սարիղամիշում
Ռուսական բանակի դիրքերը Սարիղամիշում
Սարիղամիշը
Սարիղամիշը

Մեդիամաքսը ներկայացնում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար» աշխատությունը: 

 

Կովկասյան ճակատում մարտական գործողությունները սկսվեցին մի փոքր ուշ եւ այլ զարգացումների համատեքստում: Ռուսական բանակը դանդաղ գործողություններ էր նախապատրաստում այստեղ: 

 

1914թ. հոկտեմբերի 19-ին Օսմանյան կայսրության  բանակը (մոտավորապես 120.000 եւ 226 թնդանոթ) նախատեսել էր անցնել վճռական հարձակման` նպատակ ունենալով ոչնչացնել ռուսական բանակի հիմնական ուժերը, գրավել Կարսը եւ ներխուժել Անդրկովկաս։ Տեղեկանալով այդ մասին` Ռուսական կայսրության բանակը (մոտավորապես 70.000), դրա կազմում գտնվող հայ ռազմիկները (մոտավորապես 3.000), ինչպես նաեւ Համազասպ Սրվանձտյանի գլխավորած Հայկական III (մոտավորապես 1.000 եւ 2 թնդանոթ) եւ Արշակ Գավաֆյանի (Քեռի) գլխավորած Հայկական IV (մոտավորապես 1.000 եւ 2 թնդանոթ) կամավորական ջոկատները պատրաստվեցին հակադարձել թշնամուն։ 

 

 

Հոկտեմբերի 19-ին Ռուսական կայսրության բանակը եւ դրա կազմում գտնվող հայ ռազմիկներն անցան հարձակման եւ գրավեցին Կոբաղ-Թոփա եւ Ախ-Բարա բարձունքները, ինչպես նաեւ Ալթուն Բուլաղը (Արարատ, Բասեն գավառ)։ Հոկտեմբերի 20-ին ռուսական կողմը զարգացրեց հաջողությունը եւ գրավելով Ուչքիլիսա-Արտոս-Խորասան բնագիծը (Արարատ, Բասեն գավառ)` մինչեւ ամսվա վերջը զբաղեցրին Քյոփրիքոյի ամբողջ ամրացված շրջանը։ Հոկտեմբերի 31-ին ռուսական բանակը, դրա կազմում գտնվող հայ ռազմիկները, ինչպես նաեւ Համազասպ Սրվանձտյանի գլխավորած Հայկական III կամավորական ջոկատը գրավեցին Ալաշկերտը։ 

 

Նոյեմբերի 1-ին ռուսական զորքերն առաջինը հարձակվեցին: Նրանք պլանավորում էին վերցնել Բայազետը եւ Ավնիկը: Պաշտոնապես ռուսները պատերազմ հայտարարեցին Օսմանյան կայսրությանը նոյեմբերի 2-ին: Ռուսական բանակն այստեղ ուներ 25 գումարտակ, 37 հեծելազորային խմբավորում եւ 120 թնդանոթ: Նրանք գործում էին երկու թեւով: Աջ թեւը Սարիղամիշից առաջացավ դեպի Ավնիկ: Նրանք հասան Ավնիկին նոյեմբերի 4-ին: Ձախ թեւը շարժվեց Երեւանից: Օսմանյան 3-րդ բանակի հրամանատար Հասան Իզեթը կարծում էր, թե այս հարձակումները չեն շարունակվի, քանի որ մոտենում էր ձմեռը: Սակայն ռազմական նախարար Էնվեր փաշան տենչում էր կայծակնային հաղթանակ. նա գտնվում էր գերմանական ռազմական դպրոցի ազդեցության տակ: Նոյեմբերի 4-6-ը Համազասպ Սրվանձտյանի գլխավորած Հայկական III կամավորական ջոկատը (մոտավորապես 950.000 հոգի եւ 2 թնդանոթ) գրավեց Ալագյազը եւ Զաջի-Խալիլի շրջանը (Արարատ, Բասեն գավառ)` կասեցնելով թշնամու հետագա առաջխաղացումը։ 

 

 

Նոյեմբերի 6-ին Խախմուրի մոտ (Արարատ, Բագրեւանդ գավառ) Ռուսական կայսրության բանակը, դրա կազմում գտնվող հայ ռազմիկները, ինչպես նաեւ Արշակ Գավաֆյանի գլխավորած Հայկական IV կամավորական ջոկատը տասըժամյա մարտում կանգնեցրին Օսմանյան սուլթանության բանակին, որից հետո անցան հակահարձակման եւ մտան Ագրիկ (Արարատ, Բագրեւանդ գավառ)։ Նոյեմբերի 7-ին թուրքական 3-րդ բանակն անցավ հակահարձակման, որին միացան 11-րդ կորպուսը եւ քրդական ջոկատները: Հեծելազորը չկարողացավ լուծել իրեն առաջադրված խնդիրը, իսկ քրդական ջոկատն անարդյունավետ էր: 

 

Թուրքական զորքերին հաջողվեց դիմակայել Ավնիկում: Նոյեմբերի 12-ին օսմանյան 9-րդ կորպուսը` Ահմեդ Ֆեւզի փաշայի գլխավորությամբ, ուժեղացրեց 11-րդ կորպուսը ձախ թեւում: 3-րդ բանակը հեծելազորի աջակցությամբ ստիպեց ռուսներին նահանջել: Նոյեմբերի վերջին ռազմաճակատի երկարությունը Էրզրումից Սարիղամիշ հատվածում կազմում էր 25 կմ: Ռուսների հաջողությունները բազմապատկվեցին, երբ հայ կամավորները հարավում նվաճեցին Աղրին ու Բայազետը: Օսմանցիների կորուստները մեծ էին` 9.000 սպանված, 3.000 գերի եւ 2.800 դասալիք: 

 

Նոյեմբերի 19-ին հայ-ռուսական ուժերը, մասնավորապես Համազասպ Սրվանձտյանի գլխավորած Հայկական III կամավորական ջոկատը, անցան հարձակման եւ գրավեցին Բայազետ ամրոցը, Զեւայի բարձունքը, Բագրեւանդը, Վերին Ախտին, Ներքին Ախտին, Չափուրչամյան ձորը, Դարուխը, Խամուրը, Միսինը, Արծափը, Պերսիխան, Կապանակը, Խոսորվերանը եւ Ալագյազը։ 

 

Նոյեմբերի 20-ին նրանք գրավեցին Ադուպը եւ Իդը (Արարատ, Բասեն գավառ)։

 

Նոյեմբերի 24-ին գրավեցին Քյոփրիքոյի ամրացված շրջանը։

 

Նոյեմբերի 26-ին Օսմանյան սուլթանության բանակը հակահարձակման անցավ Քյոփրիքոյի եւ Չերմիկ-Սույի (Արարատ, Բասեն գավառ) ուղղությամբ, սակայն որեւէ հաջողության չհասավ։

 

Նոյեմբերի 28-ին գրավեց Արդվինը եւ Արտանուջը, սակայն թշնամու հետագա առաջխաղացումը կասեցվեց, եւ նա հետ շպրտվեց ելման դիրքեր։

 

 

Այս մարտերի ընթացքում հայերը կորցրին մոտավորապես 200, դաշնակիցը` 6.000, թշնամին` 15.000 զինվոր։ 

 

1914թ. դեկտեմբերի 15-ին Արդահանի ճակատամարտում թուրքերը զավթեցին Արդանիշ քաղաքը: Այս գործողությունը օսմանցիների կողմից գլխավորում էր գերմանացի սպա Շտոնգը: Գործողության նպատակն էր կտրել ռուսներին կենսական նշանակության ուղիներից: Սկզբնական շրջանում գործողությունները պետք է ընթանային Ճորոխ տարածաշրջանում: Հետագայում Էնվերը փոխեց գործողության պլանները` նախընտրությունը տալով Սարիղամիշի գործողությանը: Այս գործողությամբ պետք է կտրվեր ռուսների` Սարիղամիշ-Կարս ճանապարհը: Արեւելյան Պրուսիայում ռուսական զորքերի կրած պարտությունների մասին լուրերով ոգեւորված` Էնվեր փաշան որոշեց 3-րդ բանակի 11-րդ կորպուսով կաշկանդել ռուսական զորամասերի գործողությունները ճակատից, իսկ 9-րդ եւ 10-րդ կորպուսներով խոր թեւանցումով դուրս գալ սարիղամիշյան ջոկատի թեւ ու թիկունք: Էնվերը եւս տարված էր գերմանական ռազմական տեսություններով, փորձում էր կրկնել Մեծ Կաննեն: Տեղանքը, եղանակային պայմանները բարենպաստ չէին, եւ մարտական գործողությունները շատ դժվար էին ընթանում: 

 

Ռուսական բանակի դիրքերը Սարիղամիշում Ռուսական բանակի դիրքերը Սարիղամիշում

 

Հակահարձակման անցնելով` ռուսները ձգտում էին կտրել Սարիղամիշից թուրքերի նահանջի ուղիները: 1915թ. հունվարի 4-ին 9-րդ թուրքական կորպուսը շրջապատվեց եւ գերեվարվեց: Հունվարի 6-ին 3-րդ բանակի հրամանատարական կետերը հայտնվեցին կրակի տակ: Հաֆիզ Հակի փաշան հրամայեց նահանջել: Հունվարի 7-ին օսմանյան բանակի մնացած մասը նահանջեց Էրզրում: Հունվարի 14-ին ռուսները հարձակման անցան: Երկօրյա մարտերում թուրքերի դիմադրությունը կոտրվեց, եւ նրանք ստիպված էին թողնել մինչ այդ զբաղեցրած դիրքերը: Հունվարի 20-ին սարիղամիշյան ջոկատը հասավ այն բնագծին, որն ուներ մինչ ռազմական գործողության սկիզբը: 

 

Այսպես` թուրքական բանակի համար խայտառակ ավարտ ունեցավ Սարիղամիշի ռազմական գործողությունը: Հենց թուրքական տվյալներով` 110.000-անոց 3-րդ բանակից Էրզրում էր վերադառնում 12.000-ը (մնացածը գերված, ոչնչացված կամ ցրտահարված էին): 

 

 

Հաղթանակը ձեռք բերվեց մեծ զոհերի գնով: Բավական է ասել, որ ռուսների միայն զոհվածների թիվը մոտավորապես 20.000 էր: Խստաշունչ ձմեռային պայմաններում իրականացված ռազմական գործողությունն ուղեկցվում էր ցրտահարման մեծաթիվ դեպքերով (ռուսների կորուստը կազմեց ավելի քան 6.000 մարդ, չնայած ռուսական բանակը եւ նրանց կազմում կռվող մեծաթիվ հայ կամավորներն ավելի սովոր էին նման պայմաններին): 

 

Սարիղամիշի ճակատամարտի արդյունքում թուրքերը կրեցին ջախջախիչ պարտություն: Բանակի միայն 10 %-ը վերադարձավ ելակետային դիրք: Էնվերն ընդունեց հրամանատարությունը: Հայկական կամավորական զորաջոկատների ներդրումը ռուսների հաղթանակում ահռելի էր. նրանք կարողացան կանգնեցնել օսմանցիների գրոհները դժվարին պահերին եւ ժամանակ տվեցին ռուսներին վերախմբավորվել: Էնվերն այս պարտության մեջ մեղադրեց հայերին, ովքեր ապրում էին Օսմանյան կայսրության այն տարածքներում, որոնք զավթել էին ռուսները: 

 

Սարիղամիշը Սարիղամիշը

 

Հունվարի 18-ին Շտոնգը հետ կանչվեց Արդահանի տարածքից: Անտանտի զորքերի գործողությունները փոխհամաձայնեցված էին: Սեւ ծովում ռազմածովային գործողությունները թույլ տվեցին ռուսական զորքին հանգստանալ: Բացի այդ, Գալիպոլիի ճակատամարտը, որը նախատեսված էր օսմանցիների մայրաքաղաքը գրավելու համար, օգնեց ռուս-հայկական զորքերին այս ճակատում: Փետրվարի 12-ին Օսմանյան 3-րդ բանակի հրամանատար Հաֆիզ Հակի փաշան մահացավ տիֆից: Նրան փոխարինեց գեներալ Մահմուդ Քամիլ փաշան: Քամիլը առաջնահերթ կարգուկանոն մտցրեց օսմանյան բանակում: Ստամբուլի ռազմագետները վախենում էին երկրի խորքեր ռուսների ներթափանցումից: 

 

Մարտին ռազմաճակատում իրավիճակը կայուն էր: Հյուծված 3-րդ բանակը համալրվեց 1-ին եւ 2-րդ բանակների զինվորներով, սակայն համալրումը թվաքանակով քիչ էր: Գալիպոլիի ճակատամարտը խլել էր օսմանցիներից շատ ռեսուրսներ: Նաեւ այդ պատճառով ռուս-հայկական զորքերը հեշտությամբ գրավեցին Ալաշկերտը, Աղրին եւ Բայազետը: Ռազմական գործողությունները հիմնականում տեղի էին ունենում փոքր ընդհարումների տեսքով, այս ճակատում խոշոր ճակատամարտեր այլեւս չկային: 

 

Հայ մարտիկները Վանում Հայ մարտիկները Վանում

 

Հայոց ցեղասպանությունը, որ սկսվել էր պատերազմի առաջին իսկ օրվանից, տարբեր հայկական բնակավայրերում առաջացրել էր դիմադրության մեծ ու փոքր օջախներ, որոնցից ամենամեծը եղավ Վանի հերոսամարտը: Ապրիլի 20-ին սկսվեց Վանի ինքնապաշտպանությունը: Հայ կամավորները Արամ Մանուկյանի ղեկավարությամբ հիանալի պատրաստվել էին եւ պաշտպանում էին 30.000 խաղաղ բնակչի ու 15.000 փախստականի ընդամենը 1.500 զինյալով, մոտավորապես 300 հրացանով եւ 1.000 ատրճանակով: Դիմադրությունը տեւեց շուրջ երեք շաբաթ: Հայկական զորքերը չերերացին, մինչեւ գեներալ Ն. Յուդենիչը մայիսի 6-ից անցավ հարձակման: Հարձակման մի թեւը շարժվեց Վանա լճի կողմը, որպեսզի օգնի հայ ինքնապաշտպանության զինվորներին: Մերձբայկալյան կազակների գունդը եւ հայ կամավորները շարժվեցին դեպի Վան: Ռուսական բանակի ժամանումից հետո Վանը դարձավ ապահով, ռազմական գործողությունները տեղափոխվեցին արեւելք: 

 

Անտոն Դենիկինը եւ Նիկոլայ Յուդենիչը Անտոն Դենիկինը եւ Նիկոլայ Յուդենիչը

 

Դիլմանի ճակատամարտը

 

Ապրիլի 15-ին Հայկական I կամավորական ջոկատը հաղթեց Ռուսական կայսրության բանակին շրջապատած թուրքական ուժերին եւ փրկեց յուրայիններին։ Նույն օրն էլ Հայկական I կամավորական ջոկատը, խնդիր ունենալով կասեցնել թշնամու առաջխաղացումը, ամուր դիրքեր գրավեց Մալանջաղի բարձունքում (Հերի մոտ)` կենտրոնում տեղավորելով հիմնական ուժերը, իսկ թեւերում` թնդանոթներն ու գնդացիրները։ Ապրիլի 16-17-ը հայկական դիրքերին մոտեցած թշնամին ձեռնարկեց մի քանի գրոհ, սակայն կրելով ծանր կորուստներ` մղվեց ելման դիրքեր։ Ապրիլի 18-ին Հայկական I կամավորական ջոկատը եւ օգնության հասած Ռուսական կայսրության բանակը (մոտավորապես 1.000) եւ դրա կազմում գտնվող հայ ռազմիկները (մոտավորապես 100) անցան հակահարձակման եւ ծանր պարտու-թյան մատնելով թշնամուն` մտան Դիլման ու Բարղիշատ (վերջինը` Դիլմանի մոտ)։ 

 

Առաջին մասը կարդացեք այս հղումով:


Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:


Երրորդ մասը կարդացեք այս հղումով:


Չորրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Արծրուն Հովհաննիսյան


Շարունակելի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին