Մեդիամաքս-ն այսօր ավարտում է «Մեր լեզուն, մեր սեքսը» շարքը:
Նախորդ օրերին ներկայացրել էինք հոգեբանների ու սեքսապաթոլոգի, լեզվաբանների ու թարգմանիչների կարծիքները: Այսօր առաջարկում ենք ծանոթանալ գրողներ Հովհաննես Իշխանյանի, Արամ Պաչյանի եւ Գուրգեն Խանջյանի տեսակետներին:
Երիտասարդ գրող Հովհաննես Իշխանյանի կարծիքով, հայերենը սեռական հարաբերությունները նկարագրող բառակազմի հետ խնդիրներ չունի: «Այն բառերը, որոնք հիմա համարվում են գռեհիկ, կարող են դառնալ միջանկյալ եւ օգտագործվեն: Բառն ինքնին գռեհիկ չի լինում, այն ուղղակի տառերի միացություն է: Բառն արտահայտելն է գռեհկություն համարվում: Տղաներն իրենց միջավայրում հանգիստ օգտագործում են այդ բառերը, երբ նրանց միջավայրում կին է հայտնվում, իրենց սկսում են զուսպ պահել: Մինչեւ վերջերս սեքս բառը չէր օգտագործվում: Ինձ թվում է այդ բառի մշակույթը «Կարգին հաղորդումը» ստեղծեց», - ասում նա:
Նրա խոսքերով, տաբուները կկոտրվեն, երբ սկսենք օգտագործել այդ բառերը: «Սասունցի Դավիթ» էպոսում կա «ժաժ» բառը, ինչը աշակերտների մոտ հիստերիկ ծիծաղ է առաջացնում, գռեհիկ բառ է համարվում, սակայն իմաստով նշանակում է շարժվել: Գերմանացի գրող Գյոթեյի անունն էլ հաստատ գռեհիկ չէ, սակայն մեզ մոտ նրա անվան վրա սկսում են ծիծաղել: «Բոզ» բառը նշանակում է «գույն»: Միաժամանակ նկատում եմ, որ կան բառեր, որոնց վրայից աստիճանաբար տաբուն հանվում է», - նշում է նա:
Լուսանկարը`Հ. Իշխանյանի արխիվից
Գրողն ասում է, որ մեր երկրում աշխատում են բարոյական կոդերը, իսկ սեքսի թեման փակ է. «Բացի այդ` չկա սեքսուալ ազատություն, ինչը խոչընդոտում է բառերի օգտագործմանը: Ինձ համար նորմալ է դրանք օգտագործել գրականության մեջ: Փոխվել է աշխարհը, փոխվել է գրականությունը: Այնպես չէ, որ ժամանակակից գրականությունն ամբողջությամբ ողողված է այդ բառերով, սակայն հիմա դրանք կարելի է հանգիստ օգտագործել: Ժամանակակից գրականությունը չէ, որ պարտադրում է այդ բառերն օգտագործել, ուղղակի հիմա դա ավելի հեշտ է: Իսկ գրողին ի՞նչ է պետք` ազատ լինել իր թղթի առջեւ: Հետաքրքիր է, որ Հենրի Միլերի գրականությունն ընթերցելուն մեր ժողովուրդը հաստատ պատրաստ է, որովհետեւ Միլերը հայ չէ: Գրախանութներում արտասահմանյան գրողների գործերը ազատ վաճառում են, սակայն հայկականը չեն ընդունում: Նաեւ ռուսերեն եւ անգլերեն հանգիստ շփվում ենք այդ տերմիններով, իսկ հայերեն` ոչ: Ռուսերեն էվֆեմիզմներն էլ, ինչպես օրինակ` хрень, фиг, մեզ մոտ ընկալվում եւ կիրառվում են որպես հայհոյանքներ», - ասում է Հովհաննես Իշխանյանը:
Մեդիամաքս-ի հետ զրույցում մեկ այլ երիտասարդ գրող` Արամ Պաչյանն ասում է, որ ինտիմ հարաբերությունների նկարագրության ժամանակ կարելի է հայտնվել անելանելի իրավիճակում:
«Կարծում եմ, բոլոր ժամանակներում էլ այդ բառերի հետ կապված խնդիրներ ծագել են: Գրողը բառերի ընտրության հարցում պետք է քմահաճ լինի: Օրինակ` խոսակցական հայերենում օգտագործվող շատ բառեր ինձ դուր չեն գալիս, բառեր էլ կան, որ շատ գրական են եւ չեն հնչում: Կան բառեր, որոնք իրենց մեջ մեծ մետաֆորներ են պարունակում, եւ կան բառեր, որոնք բետոնային են, կարծր, հնչում են եւ ավարտվում: Պետք է հաշվի առնել բառերի գեղագիտական արտաքին տեսքը: Ինտիմ կյանքը նկարագրող շատ բառեր կարող են կոտրել ողջ տեքստի աուրան: Ես այդ հարցում քմահաճ եմ: Խոսակցական շատ բառեր կան, որ ինձ համար տգեղ են: Երբ ուզում եմ նկարագրել կնոջ մարմինը, ցույց տալով նրա գեղեցկությունը, կարիք չունեմ այնպիսի գռեհիկ բառեր գործածելու, որ մարմնի գեղեցկության հետ կապ չունեն»,-ասում է գրողը:
Հատված Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպից (պատրաստվում է տպագրության)
Մատներդ, որ հանգչում են թիակիս, որովհետև ես քնում եմ փորի վրա պառկած` որպես մեր երկխոսության սկիզբ, ու շատ ժամանակ հենց քո պես ձև եմ թափում` թե քնած եմ, որ նուրբ ձեռքովդ գրկես մեջքս, շրթունքներդ թեթև հպվեն ուսիս ու թրթռան երազային շնչառությունիցդ: Երկներանգ շրթնագծեր` հուզմունքից շառագունված: Լեզուդ սահում է շրթունքներիդ եզրերով` թրջելով չոր տաքությունը: Ատամներով բռնել լեզվիդ ծայրն ու ձգել բերանիս մեջ: Գողանալ լեզուդ, առնել շրթունքներիս արանքը, զգալ նրա սուր ներկայությունը: Սև կրծկալիդ մի թելիկը սահել է ուսիդ վրայով, ընկել բարալիկ, ոսկեփայլ աղմազիկներով թևիդ: Դու քթով քսվում ես նրա կրծկալի թելիկին, դողալով թույլ կծոտում թևը: Հանկարծ չզարթնես, դուրս չգաս քնքուշ քնից: Չեմ ուզում վնասել իմ աներես հպանքներով, բայց ես գիտեմ` դու քնած չես, որովհետև այտդ դանդաղ ընթացքով մեղմիկ շոյում է բարձը: Դու սպասում ես գիշերային իմ անակնկալ հարձակումներին, սպասում ես խորամանկ ակնարկներով: Հանկարծ ոտքով գրկում ես մեջքս, կարճ գիշերանոցդ մինչև կոնքերդ վեր քաշելով` կատվի պես գլորվում, փարվում ես մարմնիս: Ոտքերիդ արանքից հորդող տաք հոսանքն այրում է ազդրերս: Իսկ ես երազում եմ, որ մի ակնթարթ հետո պարզապես կհանես գիշերանոցդ. մի ակնթարթ հետո մարմնիդ վրայից վերջնականապես կհեռացնես մեզ բաժանող մետաքսե այդ վերջին թաղանթը, ու գիտես` ես սպասում եմ, որ հանկարծ քո արթուն քնի միջով, լուսաբացին մոտ կհամբուրես պարանոցս, ու շրթունքներիդ արանքով դուրս պրծած լեզուդ փոքրիկ ձկնիկի քթիկի պես կծակի մաշկս ու ամեն ինչ կսկսվի նորից` պատուհանից ներս թափանցող արևի առաջին կալյակների տակ: Իսկ դու շարունակում ես շոյել բարձի ականջուկը: Նրա պտուկը սևափայլ, մանր գեղձերով, որի գագաթը թույլ բռնում ես կտրիչներով ու լեզվով փաղաքշելով, մերսում անվերջ: Քիմքիդ տաքությունը լցվում է կրծքի մեջ: Նա ներհուն տնքում է, մատները խրում մազերիդ մեջ, մյուս ձեռքով ճնշելով գլուխդ` կուրծքն ավելի խորն է մտցնում բերանդ: Սենյակը թանձրանում է ձեր մերկ ու մենակ մարմինների կիսաքաղցր հոտով: Դու միայն նրա մեջ էիր մոռանում ներկայությունդ. նրա մեջ էիր անհետացնում սեփական մարմինդ. նրա բարության ու խոնավության միջով էիր հասնում քեզ: Սպիտակուցների մեջ կուլ գնացող բիբեր: Կայծկլտում են արդեն հեռավոր հորիզոնում: Խոր, խոր մուտք: Հաճելի ցավի տրոփյուն: Քաղցր ճնշումներով: Խոր թափանցում, այնքան խոր, որ դրանից հետո նոր սկիզբ էր, նոր տարածություն, նոր իմաստ, այնքան խոր, որ մի պահ երջանկությունը գրեթե հասանելի էր, շոշափելի ու գտնված, այնքան խոր, որ մահն ու բաժանումն այլևս անհասանելի էին: Նրա ներսում այնքան լուռ էր, որքան վաղուց լքված տան մեջ: Դու տրվում էիր վերադարձի խենթությանը և այդ փախուստը միմիայն նրա լույսն էր, որ հանձնվում էր քեզ, որպես վերջին հնարավորություն` ինքնակամ հանձնվող մոլուցք, վաղուց չհնչած խոստովանություն: Դուք թողնում եք անկողինը: Նա նստում է գորգին: Դու կանգնում ես գլխավերևում, նայում կրծքերը բաժանող մութ կորաճեղքին: Նա ափերով սկսում է շարժել կրծքերը` հետ-առաջ, երկար դադարներ տալով: Սեղմում է: Մոտեցնում միմյանց: Իսկ դու համարյա անշունչ կքվել ես, բերանով ու այտերով շոյում ես թիակներին թափված ստվերագույն մազերը` զգուշորեն, աշխատելով չդիպչել մաշկին` հետո գրկում ես մեջքը, հետո համբուրում փխուր ուսերը, հետո պառկում մեջքով վերև, հետո նա գալիս է քեզ, շատ դանդաղ, դանդաղ. դանդաղ. սպասումդ այնքան անհամբեր է, որ մաշկդ թրթռում է, իսկ նա գիտի, որ դու երբեք չես դիմանում ու օգտագործում է իր առավելությունը` ակնթարթները դարեր սարքելով, պտուկները կրծքերից առաջ ընկած, որոնք իջնում են ծոծրակովդ, գագաթիկներով մենաբծեր քաշելով, մինչև ողնագծիդ ավարտը ու կրկին բարձրանում վեր: Դու զգում ես կրծքերի մուտքը մարմնիդ մեջ, որոնք սիրում են մարմնիդ շերտերը առանձին-առանձին, հետո կրծքերը անցնում են միջովդ, պատռում կրծքավանդակդ, դուրս են պրծնում: Հիմա դու կարող ես մարմնիդ վրա շոշափել նրա կրծքերը. շոշափել կոնքերը, աճուկները, ազդրերը, ծնկները, շուրթերը, ոտնաթաթերի կոճերը, կոճերի վրայով անցնող բարակ, բարակ երակները:
Գրողի կարծիքով, խոսակցական բառակազմը ծանծաղ է եւ վերացարկումների հնարավորություն չի տալիս: «Իրականում հայոց լեզվի բառամթերքն այնքան հարուստ է, որ գրողին վերացարկումների անսահման հնարավորություններ է տալիս: Ո՞վ է ասել, որ մեզ մոտ չեն կարող լինել Ջոյսեր, Պրուստներ: Կարծում եմ, թարգմանական գրականությունն էլ վաղ թե ուշ կլուծի այս խնդիրը»,-ասում է նա:
Լուսանկարը`Ա. Պաչյանի արխիվից
Արամ Պաչյանը նաեւ նշում է, որ նման հարցեր քննարկելիս բախվում ենք ազատ մտածողության բացակայության եւ ազատության սխալ ընկալման խնդիրներին:
Գրող Գուրգեն Խանջյանն էլ կարծում է, որ սեռական բնույթի բառերի վրա տաբու ընդհանրապես չկա: «Մենք վաղուց կոտրել ենք այդ տաբուները` ես, Վիոլետ Գրիգորյանը, Նորայր Ադալյանը…Այդպես մտածում են դեռեւս խորհրդային վարագույրի ներքո գտնվող մարդիկ, ովքեր չեն ուզում առաջ գնալ, ովքեր Դոստոեւսկուց եւ Տոլստոյից, իսկ հայ գրականության մեջ` Թումանյանից եւ Բակունցից այն կողմ չեն գնացել»,-ասել է նա Մեդիամաքս-ի հետ զրույցում:
Գրիգոր Խանջյանի կարծիքով, խնդիրն այն է, որ մարդիկ ծանոթ չեն ժամանակակից գրականությանը: «Տաբուների մասին են մտածում, քանի որ չեն կարդում: Ֆրեյդը եւ Յունգը վաղուց են բացահայտել մարդու էությունը, երկատվածությունը, մենք էլ նկարագրում ենք այն: Ներքինը` էությունը, հնարավոր չէ նկարագրել նուրբ, նրբերշիկային, պատառաքաղային բառերի օգնությամբ: Եթե մտնում ես մարդու խորքերը, չպետք է վախենաս արյունոտվելուց եւ թարախակալվելուց, ճիշտ ինչպես վիրաբույժները»,-ասում է նա:
«Մեր լեզուն, մեր սեքսը» շարքի առաջին հրապարակումը կարդացեք այստեղ, երկրորդն` այստեղ, երրորդն` այստեղ:
Մարիամ Մանոյան
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: