«Մեր լեզուն, մեր սեքսը»` մաս երկրորդ - Mediamax.am

exclusive
45386 դիտում

«Մեր լեզուն, մեր սեքսը»` մաս երկրորդ

Մեդիամաքս-ը շարունակում է «Մեր լեզուն, մեր սեքսը» շարքի հրապարակումները: Ի՞նչպես խոսել սեքսի մասին եւ թե ինչպի՞սի արձագանքներ են լինում սեքսի մասին հայերեն խոսելու փորձերին:

Լուսանկարը` http://esentialaccessories.files.wordpress.com/


Մեդիամաքս-ը շարունակում է «Մեր լեզուն, մեր սեքսը» շարքի հրապարակումները:

 

Երեկ ներկայացրել էինք հոգեբանների ու սեքսապաթոլոգի կարծիքները: Այսօր առաջարկում ենք ծանոթանալ լեզվաբանների եւ Cosmopolitan-Հայաստան ամսագրի առցանց տարբերակի գլխավոր խմբագրի տեսակետներին: Ի՞նչպես խոսել սեքսի մասին եւ թե ինչպի՞սի արձագանքներ են լինում սեքսի մասին հայերեն խոսելու փորձերին:

 

Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս, լեզվաբան Նարինե Դիլբարյանն ասել է, որ հայերենում սեռական հարաբերությունները նկարագրող չեզոք բառապաշարի ձեւավորման խնդիր կա:

 

«Երկու ծայրահեղության մեջ ենք. ունենք հայհոյաբանական բառապաշար, որտեղ ոչ միայն փոխառյալ բառեր են` հիմնականում թուրքերենից կամ արաբերենից, այլ նաեւ բնիկ հայկական կազմություններ: Մյուս ծայրահեղությունը գիտաբառերն են: Այն չեզոք բառակազմը, որն անհրաժեշտ է հատկապես ժամանակակից գրականությունը թարգմանելու համար, չկա: Անգլերեն լեզուն այդ տեսանկյունից շատ ճկուն է. սիրելու, իրար հետ հարաբերվելու այնքան շատ բառեր կան: Երբ ժամանակին ընթերցում էի Հենրի Միլլերի «Խեցգետնի արեւադարձը», նկատեցի, որ կնոջ սեռական օրգանի վերաբերյալ 6 հոմանիշ է օգտագործում: Մտածում էի` դա հայերեն ինչպե՞ս պետք է թարգմանվի: Կոպիտ բառերո՞վ, որոնք վիրավորական են եւ ակնհայտ բռնի վերաբերմունք են պարունակում կնոջ նկատմամբ, թե՞ գիտաբառերով, որոնք էլի կեղծ են»,-ասում է Նարինե Դիլբարյանը:

 

Ընթերցողներին տեղեկացնենք, որ Հենրի Միլլերի վեպն արդեն թարգմանվել է Զավեն Բոյաջյանի կողմից եւ շուտով լույս կտեսնի: Մեզ հետ նրա զրույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ «Մեր լեզուն, մեր սեքսը» շարքի վաղվա հրապարակման մեջ: Ավելին` Զավեն Բոյաջյանը Մեդիամաքս-ին է տրամադրել մի հատված վեպի իր թարգմանությունից, որը եւս կներկայացնենք ձեր ուշադրությանը:

 

Նարինե Դիլբարյանը միաժամանակ նշում է, որ բառակազմի նման շերտի բացակայությունը դեռ հնուց է գալիս: «Նույնիսկ մատենագիտական, գիտական կամ գեղարվեստական գրականության մեջ, գրաբարում կամ միջին հայերենում երեւույթների անվանումները ներկայացվում են կա՛մ գիտաբառերով, կա՛մ հայհոյաբանություններով: Վերջիններս գրական մշակույթ հաճախ մուտք չեն գործում, որովհետեւ մեր հասարակությունը խիստ վերապահ վերաբերմունք ունի հայհոյաբանությանը գրավոր տեսքով: Գրականության մեջ դրանց օգտագործումն առաջացնում է բռնկումներ եւ բացասական գնահատականներ: Հիշենք վերջին շրջանների պոետներին, օրինակ` Վիոլետ Գրիգորյանին: Նա խիստ տաբուավորված բառերը գրականություն բերելու եւ գրական լեզվի մի մասնիկ դարձնելու հետաքրքիր փորձեր է անում»,-ասում է Նարինե Դիլբարյանը:

 

Լուսանկարը` Bravo.am

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Վիոլետ Գրիգորյանի առավել աղմուկ հանած ստեղծագործությունը.

 

Վիոլետ Գրիգորյան

 

Տաղ անաւարտ` ի վերայ կլիտորիսոյ

(վասն հանդէսի «Ինքնագրոյ»)

 

Ծլի, ծլի, ծլիկս,

պստըլիկ խլւլիկս,

ձայնազուրկ ու թլիկս,

անլեզու ծլւլիկս,

գեղագանգուր ցլիկս,

ամենակուլ բկլիկս,

վարդաշրթունք պցիկս,

անլուսամուտ խցիկս,

թոթովխօս ճտպտիկս,

խորոտիկ վտվտիկս,

ջրիկ ու կչկչիկս,

գլուխգովան փչիկս,

չար, խաղացկուն բալիկս,

մշտականգուն ֆալիկս,

խարտիշածամ փափլիկս,

գլխիդ տուած բամփլիկս,

ծափ-ծափիկ ափլփիկս,

տափը մտած խաբլիկս,

մերթ անթրաշ ու մերթ էլ

բմբըլահան սափրիկս,

սափրագլուխ տափլիկս,

անբարբառ շրթունքիկս,

վարդավառ վարդշունչիկս,

հարսնաբար լուռ-մունջիկս,

ներս գցող ու դնջիկս,

սիրտը դող տրտունջիկս,

ճոխ պուճախ ու քունջիկս,

խունջիկ-մունջիկ փունջիկս,

սարի լալայ, սմբուլս,

բաղի բալայ, բլբուլս,

ճնճուղի թև, թռիկս,

հևիհև թռվռիկս,

սասնա խև ու ծռիկս,

բազմաձև դև, ֆռիկս,

վառման հնոց փռիկս,

անմար բոց ու ժրիկս,

ճռճռան ու ճռիկս,

աղունիկ աղուորիկս,

սրտիկդ դաղւորիկս,

քաջ զավակ, Տալւորիկս,

կարմրատոտիկ լորիկս,

լորիկս, պլորիկս…

 

Ինքնագիր ամսագիր

http://www.inknagir.org/old/index.php?groupid=27&task=content&id=54&lang=arm  

 

Լեզվաբանն ասում է, որ ժամանակին նման փորձեր արել է նաեւ Եղիշե Չարենցն իր ֆուտուրիստական շրջանի գործերում. «Չարենցի մոտ ամեն ինչ կատարյալ է, հանճարեղ է, սակայն մինչեւ հիմա անգամ բուհերում այդ բանաստեղծությունները չեն ուսումնասիրվում, քանի որ համարվում են ամոթալի: Մեզ մոտ ամոթալիի կնիքը օբյեկտիվորեն բերում է նրան, որ նաեւ բառապաշարն է աղքատանում»:

 

Նարինե Դիլբարյանը կարծիք է հայտնում, որ արդի հայերենում սեր եւ կիրք արտահայտող չեզոք շերտի բացակայությունը պայմանավորված է մեր աշխարհընկալման մեջ արմատավորված տաբուներով: «Առաջին հերթին պետք է փոխվի մեր մտածողությունը: Բառի հանդեպ վերաբերմունքը կախված է մեր ընկալումից: Օրինակ` «քնել» բառը իր մեջ ոչ մի վիրավորական իմաստ չի կրում, արմատը «քուն» բառն է, սակայն երբ նրա «ու»-ն չենք հնչյունափոխում, ստացվում է հայհոյաբանական արտահայտություն: Արտահայտության նման ընկալումը գալիս է մեր վերաբերմունքից: Այսինքն` բառերը մեղավոր չեն, լեզվակիրն է նրանց իմաստ հաղորդում»,-նշում է լեզվաբանը:

Նարինե Դիլբարյանը համոզված է, որ բառապաշարի երեւան գալու համար պետք է փոխվի հասարակությունը: «Ընդունենք, որ մեր հասարակությունն էլ բավականին գռեհկացել է: Հին դաստիարակությունը թե՛ որպես պուրիտանական, թե՛ որպես անհեթեթ ավանդույթ անհետացավ, բայց դրա փոխարեն ոչ թե նոր նորմեր եկան, այլ եկավ բացարձակ գռեհկություն եւ անտաշություն, ինչն ազդում է լեզվի վրա: Գռեհկաբանությունները բերում են լեզվի զգուշավորությանը: Ինչպես խեցին է զգում  վտանգը եւ փակվում, այնպես էլ լեզուն: Բառապաշարի խնդիր չունենք. հայերենի բառապաշարը հնչյունական եւ քերականական ձեւերով շատ ճկուն է: Լեզվակիրը պետք է կարողանա բառերը ճիշտ կիրառել» , - ասում է նա:

 

Լուսանկարը` Ն. Դիլբարյանի անձնական արխիվից

 

Նարինե Դիլբարյանը կարծում է, որ չեզոք բառապաշարը շրջանառության մեջ պետք է մտցնեն այն գրողները եւ թարգմանիչները, ովքեր բարձր մշակույթի կրողներ են:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մաշա Մելիք-Ադամյանի մի ստեղծագործություն.

 

Մաշա Մելիք-Ադամյան

Խաղողի հատիկի եւ մի կլիտորի պատմությունը

 

Իմ արգանդը իրա համար ոնց որ փոքր երեխայի խաղալիք լինի։ Ասում է, որ արգանդը նման է փղիկի։ Բացի մատներից, պաղպաղակից, դանակի կոթից ու թեյի գդալից՝ այնտեղ մուտք են գործում նաեւ մրգատեսակներ՝ ելակ, կեռաս, խաղողի հատիկ։ Առավոտյան գործի գնալուց առաջ երեք հատ խաղող «ներդրեց» այնտեղ ու լուրջ տեսքով պատվիրեց, որ մնան այնտեղ մինչեւ իր վերադարձը։ Այդպիսով խաղողը պետք է, ըստ իրեն, վերածվեր իմ արգանդում պատրաստված գինու, որը նա պետք է հետագայում դեգուստացներ։ Ես իհարկե հանեցի հատիկները նրա գնալուց հետո եւ «տեղը» դրեցի՝ անմիջապես նրա գալուց առաջ։ Փորձելով հատիկները՝ նա զարմացավ, որ այդքան քիչ փոփոխության են ենթարկվել, կասկածեց, որ խաբում եմ իրեն, բայց չասեց։ Հաջորդ առավոտ հատիկների պատմությունը կրկնվեց։ Բայց այս անգամ նա ինքը երկար չդիմացավ։ Նա ինձ «ստիպում» է նախաճաշել եւ, առհասարակ, իր ներկայությամբ բնակարանով մեկ ման գալ միայն բացարձակ մերկ վիճակում։ Ասում է, որ գեղարվեստական հաճույք է ստանում մանավանդ իմ կրծքերից, որ նայում է ինձ քանդակագործի աչքերով։ Նախաճաշից հետո, երբ դեռ նստած էի աթոռին, մոտեցավ ու հանեց հատիկները, մաքրեց մեկի կեղեւը եւ զգուշորեն սկսեց շոյել իմ զգայուն տեղերը հատիկի՝ կեղեւից մաքրված փափուկ մասով։ Մի քիչ էլ օգնում էր լեզվով։ Ես երբեք չէի վերջացրել խաղողի հատիկից մինչեւ այդ օրը։

 

Ինքնագիր ամսագիր

http://www.inknagir.org/old/index.php?groupid=28&task=content&id=49&lang=arm

 

Ի՞նչ կասեք Մաշա Մելիք-Ադամյանի ստեղծագործության մասին:

ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի ասպիրանտ, Մատենադարանի կրտսեր գիտաշխատող Խաչիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նույնպես կարծիք է հայտնում, որ լեզվի հարստացման գործում մեծ դեր ունեն գրողները, տվյալ դեպքում` սեռային, սիրային կապերը նկարագրող բառերը հանրայնացնելու, ճիշտ ձեւով մատուցելու եւ գռեհկաբանություններից զերծ մնալու համար:

 

«Մեր լեզուն բառակազմական տեսակետից որքան ուզեք ճկուն է, բառերը շրջանառության մեջ մտցնելու համար պարզապես անհրաժեշտ է լայն մտահորիզոն եւ բառակազմական որոշակի գիտելիքներ: Կան մարդիկ, որոնք հոյակապ բառեր են կերտում: Օրինակ` հանրային հեռուստատեսությամբ ֆիլմերի, սերիալների թարգմանության ժամանակ հաճախ հայհոյանքը թարգմանում են «շինել» բառով: Կատարվել է բայի իմաստի ընդլայնում, քանի որ բայն իր իմաստով ոչ մի կապ չունի այդ հայհոյանքի հետ: Բառը հաջողությամբ մտավ մեր բառապաշարի ակտիվ շերտ, շատերը շարունակում են հումորներ անել դրա հետ կապված: Ես էլ հիմա այդ բառը հանգիստ օգտագործում եմ, քանի որ առաջնային իմաստով ոչ մի կապ չունի սեռական գործողության հետ: Բառերն, ընդհանուր առմամբ, կիրառության մեջ են մտնում այն ժամանակ, երբ ընդունվում եւ սիրվում են ժողովրդի կողմից: Ընդ որում, կապ չունի, թե ինչ շերտի բառ է» ,-նշում է նա:

 

Լեզվաբանի կարծիքով, մեր հասարակական գիտակցությունն ինչ-որ ձեւով խոչընդոտում է այս բառերի զարգացմանը:

 

«Ցանկացած ժողովուրդ ունի տաբուներ, ունի բառային մի շերտ, որի կիրառումից հնարավորինս խուսափում է: Լեզվաբանության մեջ տաբուները բառեր են, որոնք արգելված է կիրառել հասարակության մեջ: Օրինակ` Ռուսաստանի հեռավոր անտառամերձ շրջանների բնակիչների համար տաբու է համարվում “Медведь” բառը, նրանք այդ բառը չեն կիրառում վախից դրդված, կիրառում են մեղմացրած տարբերակները`“мишка косолапый”: Մեզ մոտ սեռական հարաբերությունները նկարագրող բառերը կամ առհասարակ ֆիզիոլոգիական, անատոմիական բառերի հետ կապված տաբուն պայմանավորված է նրանով, որ մեր հասարակության մեջ սեքսը ազատ քննարկումների առարկա չէ»,-ասում է Խաչիկ Հարությունյանը:

 

Cosmopolitan-Հայաստան-ի առցանց տարբերակի գլխավոր խմբագիր Շուշան Հարությունյանը Մեդիամաքս-ին պատմել է սեքսի թեմատիկայով հրապարակումների շուրջ ստացված արձագանքների մասին:

 

 

«Cosmopolitan Հայաստանը մեկ տարի է, ինչ հրատարակվում է: Սկզբնական շրջանում սեքսի մասին հայերեն տեքստեր կարդալն անսովոր էր: Հիմա արդեն անսովորության արձագանքներն ավելի քիչ են: Հաճախ մեզ ուղղում էին նամակներ, որոնք ասոցացվում էին բարոյականության ցենզի հետ, ասում էին` բացեիբաց հայերեն եք գրում: Փաստորեն ընդունելի է, որ նույն տեքստերը լինեն անգլերեն կամ ռուսերեն: Երբ հայերեն լեզվով գրում ենք այն մասին, թե ինչ անել, որ սեռական կյանքը հաջողի, դա ընկալվում է բարոյականությունից դուրս քայլ: Մենք նրանց հետ երկխոսության մեջ էինք մտնում եւ փորձում հասկացնել ամսագրի նպատակը: Այստեղ ազգային հատուկ տարբերություններ չկան, ամբողջ աշխարհում էլ աղջիկները սիրահարվում են, հիասթափվում են, սիրում են, սեքսով են զբաղվում, ընկերանում են, զգեստներ են հագնում եւ այլն: Մենք նյութերի թեմաները վերցնում ենք Cosmopolitan-ի ընդհանուր բազայից եւ տեղայնացնում` հաշվի առնելով մշակութային առանձնահատկությունները»,-ասում է նա:

 

Սեքսին առնչվող բառերի թարգմանության մասին Շուշան Հարությունյանը նշում է, որ հայերեն լեզվով դրանց սովորելու խնդիր կա: «Օրինակ` «կլիտոր»-ի հայերեն տարբերակը «ծլիկ» է. վատ չէ, ուղղակի պետք է սովորել կիրառել այն: Սկզբում կարող է շատ արհեստական հնչել: Հայերենն իրականում շատ հետաքրքիր եւ լավ լեզու է, շատ հարցերում բավականին ճկուն: Թարգմանելիս նոր բառեր չենք հորինում, պարզապես փորձում ենք եղած բառերից ընտրել համարժեքը», - նշում է նա:

«Մեր լեզուն, մեր սեքսը» շարքի առաջին հրապարակումը կարդացեք այստեղ:

 

Վաղը մեր կայքում կարդացեք «Մեր լեզուն, մեր սեքսը» շարքի երրորդ մասը, որտեղ կներկայացնենք թարգմանիչների տեսակետներն ու հատվածներ նրանց թարգմանություններից:

Մարիամ Մանոյան

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին