2025թ. ապրիլի 15-ին Common Ground մշակութային հանգույցում կայացել է Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է Newmag-ը՝ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 90-ամյակի առթիվ, որը նշվել է 2024 թվականին: Գրքի հետ միասին ներկայացված է նաեւ հավելվածը, որում հավաքված են տարբեր տարիներին «Հրազդան» մարզադաշտի մասին լույս տեսած հոդվածները եւ Գուրգեն Մուշեղյանի հարցազրույցները։
Շնորհանդես-քննարկումը վարում էր լրագրող Մարկ Գրիգորյանը:

Լուսանկարը` Newmag
Քննարկման մասնակիցներն էին Կարեն Բալյանը, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, «Հայնախագիծ» ընկերության տնօրեն, ինժեներ-կոնստրուկտոր Գրիգոր Ազիզյանը եւ Գուրգեն Մուշեղյանի դուստր Արաքս Մուշեղյանը:

Լուսանկարը` Newmag
Գիրքը հրատարակվել է Մուշեղյան ընտանիքի միջոցներով:
Կարեն Բալյանը խորհրդանշական համարեց այն փաստը, որ շնորհանդեսը կայանում է Բաղրամյան 6 հասցեում տեղակայված Common Ground-ում, որտեղ ժամանակին «Հրազդան» մարզադաշտի համահեղինակ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, «Հայպետնախագիծ» ինստիտուտի երկարամյա տնօրեն Կորյուն Հակոբյանի բնակարանն էր:

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից
Գրքի հեղինակը շեշտել է, որ «Հրազդան»-ը եղել եւ մնում է եզակի կառույց, որը չնայած իր հսկայական չափերին, կատարյալ կերպով ինտեգրված է լանդշաֆտին:
Կարեն Բալյանը ցավով արձանագրել է, որ այսօր «Հրազդան»-ը «միաժամանակ ե՛ւ կա, ե՛ւ չկա» եւ առաջարկել է, որ շնորհանդեսին ներկա հյուրերը գրքի մեկ օրինակում մարզադաշտը «վերակենդանացնելու» գրավոր պահանջ ձեւակերպեն եւ այն փոխանցվի պատկան մարմիններին:

Լուսանկարը` Newmag
Ե՛ւ Կարեն Բալյանը, ե՛ւ Մարկ Գրիգորյանը պատմել են, որ մարզադաշտի ներկայիս տնօրինությունն արգելում էր Գուրգեն Մուշեղյանի մուտքը «Հրազդան»-ի տարածք, ինչն առաջացնում էր ճարտարապետի վրդովմունքն ու զայրույթը: Արգելքի պատճառը, հավանաբար, Գուրգեն Մուշեղյանի անզիջում պայքարն էր այն աղավաղումների դեմ, որոնք մարզադաշտում արվում էին տասնամյակներ շարունակ:

Լուսանկարը` Newmag
Մարկ Գրիգորյանը պատմել է, որ Գուրգեն Մուշեղյանի հետ շատ է շփվել մի քանի տարի առաջ, երբ Ճարտարապետության ազգային թանգարանի տնօրենն էր եւ իրենք պատրաստում էին ճարտարապետի 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը: «Նա զարմանալի հատկություն ուներ՝ իր հետ շփվելիս բոլորովին չէիր զգում տարիքային տարբերությունը», - խոստովանել է Մարկ Գրիգորյանը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պատմել է, որ Գուրգեն Մուշեղյանի հետ համակուրսեցիներ են եղել եւ երիտասարդ տարիքում ոչ միայն միասին ուսանել են, այլեւ սպորտով են զբաղվել: Գուրգեն Մուշեղյանը երկար տարիներ զբաղվել է սուսերամարտով եւ լուրջ մարզական հաջողությունների է հասել:

Լուսանկարը` Newmag
Խոսելով XX դարի 60-ական, 70-ական եւ 80-ական թվականների հայկական ճարտարապետության հաջողությունների մասին, որոնք մեծամասամբ ծնունդ էին առնում «Հայպետնախագիծ» ինստիտուտում, Սաշուր Քալաշյանն ասել է, որ հաջողության գաղտնիքը թիմային աշխատանքն էր:

Լուսանկարը` Newmag
«Ստեղծագործելը բանավեճի կարիք ունի: Երբ մենակ ես ստեղծագործում, չգիտես, թե երբ եւ ինչպես կսխալվես: Հենց ստեղծագործական բուռն վեճերի արդյունքում են ծնվել բոլոր այն հոյակապ շենքերն ու կառույցները, որոնցից շատերն այսօր, ցավոք, ոչնչացման եզրին են», - ասել է Սաշուր Քալաշյանը:
Գրիգոր Ազիզյանը եւս առանձնացրել է թիմային աշխատանքը «Հայպետնախագիծ» ինստիտուտում եւ նշել է, որ ճարտարապետները եւ ինժեներ-կոնստրուկտորները շատ սերտ էին գործակցում:

Լուսանկարը` Newmag
«Ես իմ կոնստրուկտորական գիտելիքների 50 տոկոսը ձեռք եմ բերել ճարտարապետների հետ աշխատանքի ընթացքում: Հաճախ թվում էր, որ ճարտարապետի այս կամ այն մտահաղացմանն անհնար է կոնստրուկտիվ լուծում ապահովել, բայց հենց համատեղ քննարկումների արդյունքում գտնում էինք լուծումը», - պատմել է Գրիգոր Ազիզյանը:

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից
Թեեւ Կարեն Բալյանի գիրքը կոչվում է ««Հրազդան» ստադիոն», այն ներկայացնում է կառույցի ստեղծման շատ ավելի լայն համատեքստը: Գրքի շնորհիվ կարող եք պատկերացում կազմել 1960-1970-ական թվականների Խորհրդային Հայաստանի մասին՝ թե ճարտարապետության, թե մարզական կյանքի եւ, մասնավորապես, Երեւանի «Արարատ»-ի հաջողոթյունների լույսի ներքո:
«Արարատ»-ի ֆուտբոլիստները բազմիցս ասել են, որ եթե չլիներ «Հրազդան» մարզադաշտը եւ այնտեղ հավաքվող 70 հազար երկրպագուների աջակցությունը իրենք, ամենայն հավանականությամբ, ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր չէին դառնա:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: