Անհանգիստ Երեւանը՝ «սիրուն» թակարդում - Mediamax.am

exclusive
3693 դիտում

Անհանգիստ Երեւանը՝ «սիրուն» թակարդում


Գուրգեն Մուշեղյանը եւ Մարկ Գրիգորյանը
Գուրգեն Մուշեղյանը եւ Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը եւ Գուրգեն Մուշեղյանը
Մարկ Գրիգորյանը եւ Գուրգեն Մուշեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգեն Մուշեղյանը
Գուրգեն Մուշեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը եւ Գուրգեն Մուշեղյանը
Մարկ Գրիգորյանը եւ Գուրգեն Մուշեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը եւ Գուրգեն Մուշեղյանը
Մարկ Գրիգորյանը եւ Գուրգեն Մուշեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը եւ Գուրգեն Մուշեղյանը
Մարկ Գրիգորյանը եւ Գուրգեն Մուշեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգեն Մուշեղյանը եւ Մարկ Գրիգորյանը
Գուրգեն Մուշեղյանը եւ Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2015թ. հոկտեմբերին Մեդիամաքս մեդիա ընկերության եւ Ծիրանի Մշակութային Հանգույցի նախաձեռնած «Կարմիր թել» զրույցների երկրորդ հանդիպման ժամանակ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը եւ լրագրող Մարկ Գրիգորյանը զրուցել էին քաղաքի մասին: Երեւանի օրինակով նրանք փորձել էին հասկանալ, թե ինչպես ու երբ է տարածքը դառնում քաղաք:

 

Գուրգեն Մուշեղյան. Քաղաքը պետք է կայանա: Կարելի է հազարավոր շենքեր կառուցել ու դրանք հարյուր հազարավոր մարդկանցով լցնել, բայց այդ տարածքն այդպես էլ քաղաք չդառնա: Տարածքն այն ժամանակ է դառնում քաղաք, երբ բնակիչը կայանում է որպես քաղաքացի: Քաղաքը բազմաբովանդակ հասկացություն է, որտեղ կայանում է գիտությունը, մշակույթը, արդյունաբերությունը:

 

Մարկ Գրիգորյան. Տարածքը քաղաք միանգամից չի դառնում: Դա ժամանակ է պահանջում: Բոլոր քաղաքները գոյություն ունեն ժամանակի մեջ: Դրանք ապրում են իրենց ծաղկման, զարգացման, անկման ժամանակաշրջանները: Տարածքը քաղաք է դառնում, երբ այդ տարածքում ընդհանուր մշակույթ է ձեւավորվում: Երեւանը կայանում է որպես քաղաք, որովհետեւ Երեւանում կա կարոտախտ, որը ձեւավորվել է բոլորովին վերջերս: Գուցե դա իմ սերնդի կարոտախտն է, բայց, համենայնդեպս, կա:

Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգեն Մուշեղյան. Երեւանը կառուցումից հետո քաղաք դարձավ միայն այն պայմաններում, երբ մարդկանց բավական մեծ հոսք եղավ: Մտավորականների հոսք էր, որը կամաց-կամաց սկսեց ձեւավորել քաղաքային մշակույթը:

 

Պատերազմից հետո սկսված հայրենադարձությունը եւս մեծ դեր խաղաց Երեւանի կայանալու գործընթացում: Մարդիկ եկել էին տարբեր վայրերից ու ձեւավորեցին քաղաքային մշակույթը: Երեւանն իր բարձունքին հասավ 1960-70-ականների կեսերին: Այն Խորհրդային Միության լավագույն քաղաքներից էր:

 

Մարկ Գրիգորյան. Հարկավոր է տարանջատել մայրաքաղաքն ու քաղաքը: Որպես քաղաք Երեւանը 19-րդ դարում արդեն կայացած էր: Մայրաքաղաք դարձավ պատահաբար՝ 1918թ.-ին՝ ՀՀ անկախության հռչակումից հետո: Քաղաքը մայրաքաղաք դարձնելու խնդիրը հաջողությամբ լուծեցին 1920-ականներին:

 

Երեւանի շուրջ հետպատերազմյան միֆականություն կա: Այդ միֆականությունը կապված է հայրենադարձության հետ, որը փորձում էին կազմակերպել Երկրորդ աշխարհամարտից հետո: Այդ տարիների Երեւանի մասին սկսեցին երգեր գրել: Երբ նայում ենք այդ երգերի տեքստերը, որ հասկանանք, թե ի՞նչն են գովերգում, տեսնում ենք կապույտ երկինք, ծառեր եւ այգիներ: Քաղաք, ըստ էության, այդ երգերում չկա: Դա հասկանալի է, որովհետեւ այդ ժամանակ այդ քաղաքը դեռ չկար: Միակ բանը, որ գտա այդ տեքստերում, շինարարությունն էր: Հայտնի երգի բառերում ասում է՝ «քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր»: Դա միակ երգն էր, որտեղ խոսվում էր քաղաքի մասին, վարդագույն տուֆի մասին:

 

Երեւանը փախստականների քաղաք է: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Երեւանի բնակչությունը 30 հազ. էր, Հայոց ցեղասպանությունից հետո՝ 75 հազ.: Քաղաքի բնակչությունից ավելի մարդ եկավ ու փորձեցին իրենց համար տեղ գտնել այստեղ: 1930-ականների կեսերին այնքան մտավորական էր եկել Երեւան, որ նրանց համար տեղ չկար:

 

«Երեւան» հյուրանոցի 86 համարներից միայն 15-ում էին հյուրեր ընդունում: Մնացածը մշտական բնակիչներ էին՝ Չարենցը, Իսահակյանը, Քոչարը եւ մյուս մեծերը:

 

Երեւանը միշտ եղել է մարդ ընդունող քաղաք, եւ հիմա էլ է այդպիսին: Մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց կյանքն ապահովել գյուղերում, գալիս են Երեւան:

 

Գուրգեն Մուշեղյան. 1990-ականներին Երեւանի բնույթն ընդհանրապես փոխվեց: Պլանային տնտեսությունից անցում եղավ շուկայական տնտեսության: Գլխավոր դերը սկսեց կատարել բիզնեսը: Այդ տարիներին Երեւանը, որպես քաղաք, հետընթաց ապրեց: Փոխվեց Երեւանը: Մենք սովոր չէինք շուկայական տնտեսության: Առաջ մղվեց անհատի շահը, իսկ քաղաքն այդպես չի կարող զարգանալ:

Գուրգեն Մուշեղյանը Գուրգեն Մուշեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե պետական, հասարակական ու անձնական շահի միջեւ ներդաշնակությունը խախտվում է, տեղի են ունենում մեծ սխալներ, որոնց ականատեսն ենք այսօր: Ժամանակ է հարկավոր, որպեսզի ինքնակարգավորման միջոցով քաղաքը նորից քաղաք դառնա:

 

Մեծ խնդիր է քաղաքացու կայացումը, որը տեղի է ունենում հանրային տարածքներում: Գլխավոր հատակագծով մարդկանց զբոսնելու համար մեծ տարածքներ էին նախատեսված, այնինչ այսօր շատ փոքր հատված է մնացել: Շուկայական տնտեսության պայմաններում ամեն բան խառնվել է իրար, եւ դա բերել է շենքերի ֆունկցիոնալ խախտման: Հարկավոր է հասարակության ակտիվ մասնակցությունը քաղաքաշինությանը: Քաղաքն անհանգիստ է ապրում, երբ ամեն ինչ իր տեղում չի լինում: Նույնիսկ ատրակցիոններում երեխան իրեն լավ չի զգում:

 

Մյուս խնդիրը ենթակառուցվածքներին է վերաբերում: Ենթակառուցվածքները քաղաքի ամենակարեւոր տարրն են՝ արյունատար անոթները: Եթե դրանք լավ չեն աշխատում, քաղաքը չի կարող նորմալ ապրել:

Մարկ Գրիգորյանը եւ Գուրգեն Մուշեղյանը Մարկ Գրիգորյանը եւ Գուրգեն Մուշեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյան. Հասարակությունը պետք է հետամուտ լինի: Երբ Օպերայի շենքն էր կառուցվում, որի պատուհանները նախատեսում էին կամարաձեւ անել, մարդիկ դուրս էին եկել փողոց, ցույցեր էին անում՝ պնդելով, որ պատուհանը չի կարող կամարաձեւ լինել: Մարդիկ դեռ չկառուցված շինության դեռ չկառուցված պատուհանների շուրջ իրենց դժգոհությունն էին հայտնում, ինչը շատ կարեւոր է: Ես դա կարող եմ համեմատել Մաշտոցի պուրակի կառուցապատման դեմ կազմակերպված պայքարի հետ: Հասարակությունը միշտ պետք է մասնակից լինի քաղաքաշինությանն ու քաղաքի ձեւավորմանը:

 

Այսօր զարմանալի բան է կատարվում, մենք ոչնչացնում ենք մեր սեփական պատմությունը՝ գոյություն ունեցող շենքերը, միջավայրը, որ հետո մի ուրիշ տեղ մի նոր պատմություն ստեղծենք: Դա կատարվում է Հայաստանում, հայերի հետ, որոնք միշտ հպարտացել են իրենց հին պատմությունով:

 

Գուրգեն Մուշեղյան. Երբ Երեւանին նայում ես բարձրից, գունային ու ծավալատարածական քաոս ես տեսնում: Կան շենքեր, որոնք պետք է նախագծել ու կառուցել ամբողջ պատմության համար՝ քո մշակույթին, սովորություններին, տեղանքին համապատասխան: Բայց կան նաեւ ժամանակավոր կառույցներ, որոնցով ժամանակավոր խնդիր է լուծվում: Նորմալ է, որ ժամանակի պահանջներից բխող որոշ բաներ վերակառուցվում են, բայց դա չպետք է պատմական նշանակության շենքերի ձեւափոխման բերի: Պետք է առավելագույնը պահպանելու մոտեցմամբ առաջնորդվել:

 

Մարկ Գրիգորյան. Այսօր պատվիրատուները «սիրունն» են դարձնում չափանիշ: Ասում են՝ սիրուն շենք կառուցենք: Երբ մենք ցանկանում ենք «սիրուն շենք» կառուցել, ծնվում են տգեղ շինությունները: Այսինքն` էսթետիկական խնդիրներ էլ կան: Չի կարելի առաջնորդվել ճաշակով:

Գուրգեն Մուշեղյանը եւ Մարկ Գրիգորյանը Գուրգեն Մուշեղյանը եւ Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգեն Մուշեղյան. Կառուցապատողը հասարակության անդամ է, եւ պետք է գիտակցի, որ շենքը միայն իր համար չի կառուցում: Այն, որ մենք հասնում ենք ճգնաժամի կետին, սխալ քաղաքականության արդյունքն է: Մարդուն պետք է հասկացնել, որ իր անձնական շահը չպետք է վեր դասել այն հասարակության շահից, որի անդամն է ինքը: Այդ մարդը պետք է զարգանա, հասկանա, որ պարտավոր է ծառայել այդ հասարակությանը:

 

Այսօր մենք մի կողմ ենք դնում Գլխավոր հատակագիծը, որը մեր հիմնական փաստաթուղթն է: Օրենքի ուժ ունեցող այդ փաստաթուղթը դրված է պահարանի մեջ, դրա պահանջները հաշվի չեն առնվում, ինչի հետեւանքով էլ մենք հայտնվել ենք նման վիճակում: Քաղաքը հնի եւ նորի ներդաշնակության, ինչպես նաեւ հակասությունների միջավայր է, բայց մեր դեպքում ներդաշնակությունը խախտվում է: Եթե քաղաքը ավանդույթ չունի, տարածքը միայն տարածք է մնում:

 

Մարկ Գրիգորյան. Հաջողությունները մեծ չեն լինի, քանի դեռ հասարակության վերաբերմունքը մասնատված է: Մինչեւ այդ վերաբերմունքը համակարգված չլինի, չենք կարող խոսել հասարակության մասնակցության, ազդեցության եւ իսկական հաջողությունների մասին: Մենք պետք է սկսենք մտածել մեր ապագայի մասին: Այնքան լավ ենք մտածում անցյալի մասին, որ ապագայի համար տեղ չի մնում:

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

Սեպտեմբերի 18-ին կայացած Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման շուրջ  «Կարմիր թել» զրույցի մասին պատմող նյութը կարդացեք այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին