Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահի պատերին Երեւանի նշանավոր հուշարձանների էսքիզներն ու լուսանկարներ են: Ցուցասրահի մի անկյունում այդ հուշարձանների ստեղծման պատմությունն ու աշխատանքային նյութերն ամփոփող «Արարման ուղին» գիրքն է: Բոլորի ուշադրության կենտրոնում վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն է՝ մակագրում է գիրքն ու ընդունում շնորհավորանքները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մարզահամերգային համալիրի, «Հրազդան» մարզադաշտի, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի համահեղինակ, Գյումրիի գլխավոր ճարտարապետ (1962-1964), Երեւանի գլխավոր ճարտարապետ (1982-1990) Գուրգեն Մուշեղյանի 85-ամյակը նշում են ցուցահանդեսով ու նրա ստեղծագործական բեղուն տարիների մասին գրքի շնորհանդեսով:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Այս գիրքն իմ երկար տարիների գործունեության հաշվետվությունն է: Ուզում եմ խոսել այն սկզբունքների մասին, որոնցով աշխատել եմ: Իմ հայրը մշեցի էր, պապս եղել է Մշո Առաքելոց եկեղեցու առաջնորդը: Հայրս ինձ ասել է՝ ես ցանկանում եմ, որ դու լինես հանրությանը պիտանի անձնավորություն: Ես հայրիկիս ասածը կատարում եմ»,-ասում է ճարտարապետը:
Գրքում Գուրգեն Մուշեղյանի հեղինակած շենքերի ու շինությունների լուսանկարներն են, վերլուծական նյութերը, նրա աշխատանքներին հայ եւ միջազգային մամուլի անդրադարձերը, նաեւ՝ չիրականացված նախագծերը:
«3 տարի առաջ նկարում էինք «Անծանոթ Երեւան» հաղորդաշարի հերթական հաղորդումը, որը «Հրազդան» մարզադաշտի մասին էր: Պարոն Մուշեղյանին հրավիրեցի, որ պատմի, թե ինչպես են ընթացել մարզադաշտի կառուցման աշխատանքները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Տեսա, թե ինչ հոգատարությամբ էր նայում մարզադաշտի տրիբունաներին, նստատեղերին, դաշտին, ամեն մի անհարթությանը, որ հայտնվել էր ժամանակի ընթացքում: Ես հասկացա՝ ինչ է նշանակում լինել այդպիսի հսկայական կառույցի հեղինակ, հասկացա՝ ինչ է նշանակում նայել այդ կառույցին եւ տեսնել, որ այն լավագույն վիճակում չէ»,- պատմում է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:
Միջոցառման պաշտոնական հատվածը երկարում է. «փայլուն մանկավարժին» «հազվագյուտ մարդուն», «լավ ընկերոջը» շնորհավորել ցանկացողները շատ են:
«Վաթսունվեց տարի ապրել ենք նույն կյանքով, նույն երազներով»,-ասում է վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը: Հիշում է՝ 1953 թվի ճիշտ այս օրերին հանդիպեցին ինստիտուտում:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Շատ լավ ընկեր է, շատ է սիրում շփվել մարդկանց հետ, սիրում է գեղեցիկ կանանց: Որպես ճարտարապետի՝ ես նրան շատ բարձր եմ գնահատում: Հիմա ամեն ինչ մակերեսային է, հազվագյուտ մարդիկ ունեն էդ խորը մտածելակերպը, իսկ Գուրգենը տեսնում է խորքը, պատճառները, լուծման ճանապարհները: Նրան ցանկանում եմ առողջություն, որովհետեւ հիմա ե՛ւ ես, ե՛ւ նա այն տարիքում ենք, որ սպասելիքներ շատ չունենք: Ունենք հետաքրքիր անցյալ եւ շատ պարզ ապագա:

Լուսանկարը` Մեդիամաքս
Բոլոր մարդիկ անցնում են այս նույն ճանապարհը, եւ ես կարծում եմ, որ Գուրգենն այն բախտավորներից է, որ իր կյանքի ուղին անցել է արժանապատիվ, օգտակար ե՛ւ ժողովրդին, ե՛ւ մեր արվեստին: Ապրել է բեղմնավոր կյանք՝ ստեղծագործելով, ուրիշներին բարություն, լավություն անելով, հետաքրքիր շենքեր, շինություններ նվիրելով»,-ասում է Հրաչյա Պողոսյանը:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: