Երեւան, 1970-ականներ։ Պատանի Հայկ Մենէջյանը պատահաբար առնչվում է պատմական որոշ անցքերի հետեւանքներին, և անցյալի այդ դրվագները, հանգուցվելով, ի վերջո բացահայտում են որոշ հանելուկներ, թեեւ բնավ ոչ բոլորը։
Մեդիամաքսը Գեւորգ Տեր-Գաբրիելյանի հետ զրուցել է նրա «Թալինթ Պֆեսթ» վեպի մասին։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։
- Կարելի՞ է ասել, որ «Թալինթ Պֆեսթ»-ը երեւանյան վավերագրություն է, հետադարձ հայացք մանկության, պատանեկության տարիներին։
- Եթե այսօր 1970-ականների եւ ավելի վաղ շրջանի Երեւանի մասին դետալներ պետք են որեւէ մեկին, որպեսզի պատկերացում կազմի որոշ հանգամանքների վերաբերյալ՝ լավ: Սա «ռեալիստական» ժանրի գործ է, ինչպես ասում են, եւ մեջը կա վավերականություն՝ փողոցների անուններ, դետալների նշումներ: Բայց Երեւանը վեպում ֆունկցիոնալ է, այսինքն գործողության վայրն է: Երեւանի էությունն այսօր շատ է փնտրվում: Սա գուցե մի կաթիլ ավելացնի այդ փնտրտուքին: Բայց Երեւանի, ինչպես նաեւ Հայաստանի «էության» փնտրտուքը վեպում նաեւ այլ «տեղ» է՝ վեպի հանգույցում: Կարծես թե:
Այո, սա հեղինակ-հերոս-պատմողի հետադարձ հայացքն է, բնականաբար, իր մանկության, պատանեկության տարիներին:
- Ընթերցողը սիրում է գրողին որոնել իր տողերում։ Ի՞նչ չափով է ներկա Գեւորգ Տեր-Գաբրիելյանն այս գրքում։
- Այո, գրողն իր գրածներում այս կամ այն չափով ուղղակիորեն առկա գործող անձերից է: Ես ներկա եմ որպես այդպիսի գործող անձ՝ հեղինակ: Բնականաբար, ինչը որ կատարվում է վեպում, ես եմ գրել: Իմ նախասիրությունները՝ ինչը գրել, ինչպես գրել, փորձը՝ այս կամ այն իրադրությունը պատկերել, ներկա են վեպում: Բայց հենց որ վեպի միջից ես նայում՝ արդեն անհայտ է, որքանով է հեղինակի այդ կերպարը, որ վեպով արտահայտվում է, իմ «ես»-ը (տես ստորեւ):
- Հայկ Մենէջյանը, Բարսեղ քեռին եւ մյուս հերոսները նախատիպ ունե՞ն, թե՞ ավելի շատ տիպային կերպարներ են։
- «Տիպային» բառը շփոթեցնող է, ես չեմ համարձակվի ինչ-որ մարդու պատկերել ու հայտարարել, որ նա «տիպային» է: Ինչպե՞ս որոշեմ: Որ շատե՞րն են այդպիսին: Իսկ ո՞նց եմ հաշվել: Որոշակի շրջանակներում, պատմական որոշ շրջանում տարածված գրականագիտական այդ տերմինը լավ ու ճիշտ կիրառված չեմ հանդիպել, կարծես: Բայց եթե բառը կա՝ երեւի դրան համապատասխան դեպքն էլ կա:
Լուսանկարը` անձնական արխիվ
Վեպի հերոսը՝ Հայկ Մենէջյանը, ե՞ս եմ, թե ոչ: Նրա կյանքի հանգամանքները բավական նման են իմ այն ժամանակվա կյանքի հանգամանքներին: Բայց հերոս-պատմող-հեղինակ հարաբերությունները բարդ են, ինչպես հայտնի է, թեկուզ Բախտինից: Նույնիսկ եթե հեղինակը որոշում է հստակ աուտոֆիքշն գրել, ավելին՝ նույնիսկ եթե վավերագրում է, ինքն ու հերոսը չեն նույնանում: Գործը թելադրում է իր ոճը, որը երբեք չի նույնանում կյանքի թելադրած ոճին: Այստեղ օբյեկտիվ հայացք չի կարող լինել, քանի որ եւ՛ ապրող մարդն է անավարտ, եւ՛ վիպական գործող անձինք: Մեկի տեսակետից, որ նրանց տեսնում է՝ իրար նման կլինեն, մյուսի՝ ոչ: Իսկ ինքը՝ հեղինակը, ինքն իրեն չի տեսնում ամբողջությամբ, ինչպես ամեն ապրող մարդ՝ ինքը միշտ, ինչպես Բախտինն էր ասում, անավարտ է, քանի որ կյանքը գնում է՝ մարդը ինքնասպասում է ինքն իրեն - человек предстоит самому себе: Նույնն էլ՝ հերոսը: Չկա հերոս, որը լրիվ, սպառիչ պատկերված լինի՝ իր արտաքինով, ներքինով: Մարդու արտաքինը փոփոխական է, ներքինը՝ հեղհեղուկ: Տպավորությունը, որ թողնում է մարդկանց վրա՝ ամեն մարդու վրա կարող է տարբեր լինել, ամեն ակնթարթ՝ փոխվել: Լինի իսկական ապրող մարդ թե կերպար: Միայն անհաջող, միանշանակ կերպարներն են լրիվ բացատրելի, այն էլ՝ դա էլ է ֆիկցիա, ուղղակի այդպիսի նախապայմանավորվածության պես բան կա, խաղի այդպիսի կանոն: Աննա Դավթյանը իր Խաննա հերոսուհու մասին նույն հարցին պատասխանեց՝ այդ լարումը, ամբիվալենտությունը՝ արդյոք հեղինակը հերոսն է, թե ոչ, հենց վեպի նախատեսված հատկանիշներից մեկն է: Լավ պատասխան է:
Ինչ վերաբերում է Բարսեղ Ռուբինյանին. եթե ի մի բերենք նրա կյանքի՝ կամաց-կամաց ցուցակագրվող դրվագները՝ եւ՛ սովորել է բրիգադային մեթոդով 30-ականներին, եւ՛ ղեկավար դիրք ունեցել, եւ՛ բռնաճնշման ենթարկվել, եւ՛ պատերազմի մասնակցել, գերի ընկել, փախել, վիրավորվել, եւ՛ հետո պաշտոններ ու ընտանիք ունի, որոշակի հեղինակություն, եւ՛ մարքսիզմ-լենինիզմի դասախոս է եղել,եւ՛ հետաքրքիր բնակարան ունի, եւ՛ տարբեր հավաքածուներ, եւ՛ օր ծերության բաժանվում է իր ընտանիքից, եւ՛ հետո կարծես կրկին միավորվում եւ այլն – մի կողմից՝ մեկ մարդու կյանք ու ճակատագրի մեջ տեղավորվելու համար մի քիչ ավելի խիտ է թվում, քան մարդու հավանական կյանքը, մյուս կողմից՝ իսկ գուցե հենց այդպիսին է որոշ մարդկանց կյանքի ուղին՝ բարդ, հոսող, գալարուն գետի պես: Կյանքն անակնկալներ է մատուցում, սիրում է խախտել հավանականությունները, որ մենք իրեն վերագրել էինք:
- Հայկի ինքնանվերները, մանր-մունր գողությունները արտացոլում են մանկական տրավմանե՞րը, գուցե ընդվզու՞մը աշխարհի դեմ, թաքնված վրե՞ժը։ Իբրեւ օրինակ, Վահագնն ու Կարինեն հանդուգն ձեւով էին վերցնում իրենց ուզածը՝ կարկին, դրամապանակ, Հայկը գողանում էր կրծքանշաններն ու հեռադիտակը։
- Այսինքն մանկական տրավմաները ստիպում էին գողանա՞լ: Գուցե, բայց շատ շուտ է սկսում գողանալ, հենց երբ դեռ մանուկ էր, այսինքն այդ գողություններն են դառնում մանկական տրավմաներ: Եվ վեպի հանգույցի «հանելուկներից» մեկն էդ է, չէ՞ - ի՞նչն էր ստիպում իրեն գողանալ – հետո ինքը երկար փնտրում է դրա պատասխանը, ու ըստ իմ մտահղացման՝ պիտի որ գրքի վերջում պատասխանը բացահայտվեր:
Լուսանկարը` Մեդիամաքս
Թաքնված վրեժը… այո, բայց ումի՞ց: Վահագնի ու Կարինեի դեպքերը փոքրիկ են եւ այդքան էլ գողություն չեն, նրանք ավելի բացահայտ, երեխայաբար ուզում են այն, ինչ «ուրիշինն է»: Բայց դա էլ է գումարվում, իհարկե: Հարցը հետեւյալ կերպ ձեւակերպեմ. Ո՞վ, ի՞նչն է ստիպում Հայկին գողանալ բաներ: Որտեղի՞ց: Ինչու՞: Հետո՝ այլ «պատվիրաններ» են խախտում՝ ինքը կամ իր շրջապատում ուրիշները, եւ նա անընդհատ մաղում է այդ հարցը, հա՞, ինչու՞, ու կապ ունի՞ արդյոք պատվիրանների խախտման ա՛յս դեպքն այն մյուս դեպքերի հետ: Գուցե պարզապես կյա՞նքն է այդպիսին, թե՞ կար կոնկրետ մի պատճառ իր գողությունների:
- Տհաճ ներքուստ եւ արտաքուստ․ Հա՞յկն էր այդպես տեսնում ինքն իրեն, թե՞ տեսնում էր այնպես, ինչպես շրջապատը։
- Մարդը, ինչպես վերն արդեն նշեցի, ինքն իրեն ամբողջությամբ չի տեսնում: Դրա համար էլ հայելու առջեւ է պտտվում, որ տեսնի՝ ինչպես է երեւում ուրիշներին, բայց էլի չի տեսնում, որովհետեւ հայելու առջեւ ձիգ է, արհեստականացնում է իր տեսքը, իսկ ուրիշներին երեւում է ամեն տարբեր կողմից: Մյուս կողմից, մարդը գնահատականներ է շռայլում՝ ինքն իրեն եւ աշխարհին, հաճախ՝ էմոցիոնալ, եւ որոշ իրադրություններում դրանք ճիշտ գնահատականներ են: Ներքուստ ինքը տհաճն է իրեն համարում հենց, ասենք, վերը նշված գողությունների պատճառով, բայց արտաքուստ՝ երեւի որովհետեւ այդպիսի վերաբերմունք էր տեսնում դպրոցից, շրջապատից: Եվ մտածում է՝ ինչպե՛ս կարող է ներքուստ իրեն տհաճն արտաքուստ հաճելի ընկալվել, կամ՝ եթե արտաքուստ տհաճն է ընկալվում՝ երեւի դրա համար է, որ ներքուստ էլ է «որոշել» տհաճը լինել, գողություններ անել: Իսկ եթե արտաքուստը՝ շրջապատի կարծիքը գերիշխող է, որոշիչն է, «օբյեկտիվն» է՝ ուրեմն արտաքուստ տհաճը չի էլ կարող ներքուստ հաճելին լինել, թե չէ ինչ-որ կերպ կերեւար գուցե ներքին հաճելիությունն արտաքնապես, կնկատվեր, կգնահատվեր դրսի կողմից, բայց կարծես չի գնահատվում – այդ տարիքում, այդ շրջապատում… Այս մտորումների մեջ է, հա՞, երեւի:
- Նա ուզում է մարզվել, որ ուրիշ մարդ դառնա… Ինչպիսի՞ մարդ։
-Սա, ինչպես եւ վերը բերված «ցիտատը», գումարվում է շատ այլ նման իրադրությունների, որոնցից, գուցե, գլխավորներից է՝ «ուժեղներին պետք է ոչնչացնել» - սադրիչ այդ լոզունգը, որի «տակ» Հայկն ուզում է «լավերի» սոլիդարություն կազմակերպել ու չի կարողանում, ու զարմանում է, որ «վատերը» «լավերին» ճնշում են, հետո՝ իրար վրա հարձակվում, բայց դրանից հետո էլ, «ասես ոչինչ չի պատահել», էլի միավորվում ու շարունակում «լավերին» ճնշել: Եթե պատկերացնենք բիրտ ուժի իդեալը՝ Հայկին թվում է, որ դա՛ է իր դեմ, որ իր շրջապատում դրա՛ն են դավանում: Չնայած սխալ դավանանք է, հենց դավանողները չպիտի որ դրան դավանեին, բայց կարծես իրենց իսկ շահին հակառակ՝ դավանում են: «Ուժեղները»՝ որ միշտ պիտի բոլորին իրենց շուրջը կոտրեն, «թույլերը»՝ որ «ուժեղներին» ու ուժեղությունն են երկրպագում կամ ձեւ թափում, թե չեն նկատում, ի՛նչ է կատարվում, թեեւ հենց իրենց ճնշում է այդ ուժը: Հայկն առաջադրում է պարադոքսալ այդ լոզունգը՝ «ուժեղների» գլխին անել այն,ինչ իրենք են սովորաբար անում՝ ոչնչացնել: Դիալոգի մեջ է այդ լոզունգը սովետական լոզունգի հետ, հա՞. «բարությունը պիտի բռունցքներով լինի»: Եվ այդ ձեւակերպումը կարծես քանդում է անարդար ուժի հարցը լուծելու ճիշտ ձեւ գտնելու շանսը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Եվ, բնականաբար, մտածում է՝ որոշակի հատկանիշներ ձեռք բերի ինքնապաշտպանության նպատակով, ճիշտ ինչպես Հայաստանն այսօր: Պարզունակ հատկանիշները կլինեին՝ «դմբուզի ուժգնացումը», դանակը, իսկ այն մյուս հատկանիշները բարդ են, եւ Հայկը դրանք փնտրում է: Պարզունակ հատկանիշների օգնությամբ հարց լուծելը Հայկին, ինչպես հայտնի է, առանձնապես չի հաջողվում:
- Գրքում գծագրվում է սովետական տարիների ուրվապատկերը՝ ծնող-երեխա հարաբերությունները, հասակակիցների հարաբերությունները դպրոցում, բանակում… ի՞նչն է, որ բնորոշ էր այն տարիներին, եւ ի՞նչն է, որ մշտակա է բոլոր ժամանակներում։
-Ես չեմ համարում, որ պատմությունը կրկնվում է: Ամեն մարդ կյանք է գալիս առաջին ու միակ անգամ եւ ապրում իր միակ, միակ հնարավոր կյանքը: Բայց մարդու մեջ կա, ասես, իդեալների համակարգ, եւ եթե նրա աչքերը չեն շղարշվում տեղի մշակույթի կեղծիքով, նա տեսնում ու ֆիքսում է, ինչով է տարբերվում իր կյանքն այն իդեալից, որ իրեն տրված է ինչ-որ կերպ, որովհետեւ ինքը Մարդ է: Եվ հարց է տալիս՝ ինչու՛ է տարբերվում: «Ինչու»-ն բացատրություն է պահանջում, իսկ կյանքի գոնե որոշ բաների բացատրություն, պատճառ գտնելու համար պետք է գնալ անցյալ, եւ ոչ թե ֆիկտիվ ու անհայտ անցյալ՝ Արատտաների ու Տիգրան Մեծի ժամանակների, այլ իրական ու անմիջական անցյալ: Եվ ահա. 20-րդ դարի անցյալի դաժանությունը ձեւավորել էր 1970-ականների Երեւանը եւ Հայկի շրջապատի բարք ու վարքը՝ դաժանությունն ու բռնությունը: Եվ իր ծնողների բարքուվարքը՝ լռությունը, աշխատանքից սպառվածությունը, բայց նաեւ՝ այն զգացումը, որ 60-ականներին կյանքը կարծես մի պահ ավելի լի էր հույսով, քան «այժմ»՝ 70-ականներին, բայց եւ անկարողությունը՝ վատթարացման այդ տենդենցի դեմն առնել:
Լուսանկարը` Edhard K
Հայկն անընդհատ զգում է, որ իրենից կարծես ինչ-որ բան թաքցնում են, ինչ-որ հարցերի պատասխաններից՝ խուսափում. մեծերը գիտեն, ինչու՛ է կյանքն այսպիսին՝ դաժան, գիտեն, ինչու՛ է նա գողություններ անում – բայց չեն ասում, ձեւ են թափում, թե գաղտնիք չկա, իբր՝ ամեն ինչ կարգին է այս «միակ հոյակապ» կյանքում:
Գուլագը եւ «գուլագային աշխարհը», որ միայն ֆոն է, շատ չի նշմարվում վեպում, քանի որ Հայկից բոլորն այն թաքցնում են, բայց սրատես ընթերցողն այն կհասկանա, կտեսնի եւ՛ Բարսեղի պատմության մեջ, եւ՛ Հայկի համադասարանցու հայրիկի, եւ՛ ուսուցիչների վարքի: Այն ձեւավորել է երեխաների «փսեւդոգուլագը»՝ միմյանց հետ այն հարաբերությունները, որոնք նույնիսկ եթե սպանությունների չեն տանում (իսկ երբեմն տանում են կամ գրեթե տանում են – ինչպես հենց այս գործում), բայց կարծես հիմնված են նույն «գուլագային» «բարոյական կոդեքսի» վրա՝ «մարդը մարդուն գայլ է», «քեզ չեն «բռնաբարում»՝ թեւերդ մի թափահարիր», «մեռիր դու այսօր, ես՝ վաղը» եւ այլն: Եթե ոչ միշտ ֆիզիկապես՝ ապա հոգեբանապես իրար պիտի անպայման հաշմեն, իրար արժանապատվությունը կոխկռճեն, գետնին հավասարեցնեն: Վիրտուխայներն ու բլատնոյ զեկերը միասին կառուցում, ամրապնդում էին այդ մշակույթը: Չգիտեմ բոլոր ժամանակներում թե ոչ, բայց այսօր էլ այդ նույն «մանտրաներով» առաջնորդվողներ կան, ավաղ, եւ դա երեւում է նաեւ քաղաքական իշխի եկած անձերի վարքից, ասենք՝ Պուտինի եւ այսօրվա այլ իշխերի: Էսսե եմ հրապարակել, կոչվում է «Ձեռք մի՛ տուր», որտեղ թեզերից մեկն է՝ «Պուտինը մեր դասարանից էր»: Պուտինը սազում է Հայկ Մենէջյանի դասարանի բլատնոյական ու պացանական մշակույթին: Այդ վարքն ու մշակույթը, որ ժառանգվել են 20-րդ դարից,այսօր ճառագվում են ամբողջ հասարակությունների վրա, մագնիսացնում նրանց, որպես նորմ առաջարկում գուլագայնությունը, գուլագային հոգեբանությունը:
- Ի՞նչ արձագանք եք ակնկալում 60-ականների Երեւանը ճանաչող ընթերցողից եւ նոր սերնդից, որոնց պատկերացումները խորհրդային տարիների մասին ձեւավորվում են նաեւ գրականության միջոցով։
- Դետալն արժեքավոր է: Աութենտիկ իրադարձությունը ֆիքսելը գրելու իմ հաճույքներից է: Վաթսունականների երեւանյան սերունդը, որ գրեթե վերացած է կամ ռուսախոս եւ գիրք չի կարդում, եթե սրան հանդիպեց՝ գուցե իրոք նոստալգիկ ինչ-որ բան զգա: Կամ՝ բարկանա, ասի, որ այսպես չի հիշում իր մանկությունը, որը վարդագույն է ներկվել նոստալգիայի պատճառով: Հայկի դպրոցը, օրինակ, բավական դաժան է պատկերված, այո՞: Մինչդեռ մարդ կա այդ նույն ժամանակ այդ դպրոցում սովորած, որն իր այդ տարիները հիշում է որպես զուտ վարդագույն: Այսինքն նա ներկա չի եղել այդ դաժանությանը, կա՛մ աչքերը փակ է ապրել, կա՛մ անկարող է նոստալգիան հաղթահարել եւ իրականությունը հիշել: Իր անցյալը՝ նույնիսկ անմիջական անցյալը, արդեն միֆականացած է հենց ի՛ր ուղեղում: Կամ՝ գիտակցորեն ստում է, ամրապնդում շրջակա կեղծիքը: Կա՛մ՝ Հայկի բախտը բացառիկ կերպով չէր բերել, միայն նա էր հանդիպում այն իրադրություններին, որոնք վեպում կան: Դրա համար եմ ասում, որ «տիպականություն» տերմինը խնդիր է:
Լուսանկարը` John Reps
Հաջորդ սերունդներն էլ գուցե ասեն «Ա՜, ուրեմն Տերյան փողոցում հացի խանութ կար, որը ցերեկվա ժամը երկուսին էր փակվում»: Գուցե իմանան, «սոցիալիզմի կառուցման լենինյան պլանը» որն էր: Գուցե զարմանան, որ նախորդ սերունդների դպրոցական կյանքն այսքան դաժան էր, որովհետեւ իրենց այլ կերպ են պատմել, եւ իրենք էլ, վերը նշածս մարդկանց պես՝ իրենց դպրոցում այդ ամենին չեն հանդիպել:
Հայկը փորձում է տեսնել գեղեցկությունը, արդարացումը:
Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
Այն ժամանակվա Զանգվի՝ դեռ գեղեցիկ ձորը, անձրեւը Երեւանում, Կարինեի՝ փերի հագուստը կամ Նորիկի դաժանության արդարացումը՝ որ հայրը նստած է, մայրն էլ՝ հավաքարար: Բայց ինչ-որ բան կա այդ գեղեցկության ու լավի շուրջ, որ այդ ամենը փչացնում է: Անընդհատ ու խորապես: «Ռեալի՞ստ» է Հայկը, թե՞ պարզապես իր բախտն է այդպես դասավորվել՝ բացառություն է: Անշղա՞րշ են իր աչքերը, ի տարբերություն շատ ուրիշների, որոնք ընդունում են այս ամենը, ասես այդպես էլ կա ու պիտի լինի, ասես այլ տարբերակ չկա, թե՞, ընդհակառակը՝ ի՛ր մոտեցումն է աղավաղ, իսկ իրականում՝ «ամեն ինչ կարգին է աշխարհներից այս լավագույնում»:
-Հայկը տարբեր էր «չմտածող ու հայ չուրիշ տղաներից» ու զգում էր, որ ինքը հայ չէ, այլ մի պտղունց ուրիշը։ «Մտքերի հանճար»-ը թեեւ շատ բնական, կյանքային կերպար է, բայց միաժամանակ չբացահայտված, անհասկանալի է թվում։ Կամ գուցե շարունակությու՞ն է ենթադրում գիրքը։
- Գիրքը, հայտնի է, իրոք ունի շարունակություն որոշակի իմաստով, վերջերս տպագրվածներից՝ «Մեծ Տիեզերափայլ» վեպը, այնտեղ գործող Հայկ Մենէջյանն այս՝ «Թալիթ Պֆեսթ»-ի Հայկ Մենէջյանի թոռն է: ԳիտաՖանտաստիկ վեպ է եւ ուղղակիորեն ձեր բարձրացրած հարցի պատասխանը չի տալիս, թեեւ գուցե անուղղակիորեն տալիս է, նույն կերպ, ինչ եւ «Թալինթ»-ը:
Հայկը փորձում է խմբավորել, իմ չսիրած «տիպականությունը» գտնել «չուրիշ» «ուրիշների»՝ «անվերապահորեն» «հայ» տղաների (եթե ընդհանրացնի իր շրջապատի տղաներին մինչեւ «հայ» երեւույթը), որպեսզի կարողանա հասկանալ, ինչու՛ իրեն «չեն սիրում»: Եվ մտքի հայտնի կիրառուկ օգտագործելով՝ թվարկում է, որ Սերիկը, ասենք, մաթեմատիկայից ավելի լավ է, քան՝ ինքը, Զաքարն էլ ավելի լավ է, «ուժեղները»՝ ուժով են ավելի լավ, եւ այդպես… բա ինքը գոնե մի որեւէ հատկանիշ ունի՞, որն արտաքին աշխարհը գուցե ընդունի որպես դրական: Քանի որ համարում է, որ ամեն երեխա հանճար է, պարզապես հետագայում իր այդ հանճարեղությունը չի պահպանում, այն աղավաղվում է՝ մտորում է, որ ուրեմն ինքն է՛լ պիտի որ ինչ-որ անառարկելիորեն դրական հատկանիշ ունենա: Որեւէ բացահայտ տաղանդ իր մեջ չի գտնում, բայց համարում է, որ չի կարող պատահի, որ ինքն էլ այդպիսին չունենա, եւ որոշում է, որ հենց այդ անորոշ տաղանդի տերն է՝ «մտածելու»: Գոնե ինչ-որ ինքնարդարացում: Օբյեկտիվորեն՝ տեքստը ցույց է տալիս, որ նա զգայուն է, խորհող, դիտարկումներ անել երբեմն կարողանում է՝ երբ իր մեջ ուժ է գտնում իր ներքինի սահմաններից դուրս գալ եւ շուրջը տեսնել… Ոչ հաճախ, բայց՝ երբեմն: Իրեն փորձում են ոչնչացնել, կարծես ուզեն, որ նա չլինի, ֆիզիկապես նույնիսկ եթե լինի՝ որպես արժանապատիվ ինքնություն չլինի: Իսկ ինքը տակից դուրս է գալիս կարծես, վիրավոր, բայց՝ հաղթահարող… Թե՞ կուլ գնացող… Բայց այդ ամենն արդյոք «մտածել» է նշանակում եւ սպառում է «մտածել» երեւույթը՝ հարց է:
- ժամանակահատվածը գրվածքի շատ ընդգրկուն է՝ 1979-2023։ Ժամանակի ընթացքում չի՞ փոխվում գրողի դիտակետը, ի վերջո, դեպքերի հեռավորությունը, ասելիքը։
-1979-ին առաջին դրվագներն եմ գրի առել, որոնք հետո մտել են վեպի մեջ: Երեւի, 1990-ի կողմերն առաջին տարբերակը պատրաստ էր, գրված: Բայց չշարունակեցի վրան աշխատել, հետո՝ 1992-ին, դադարեցի ընդհանրապես հայերեն գեղարվեստական գրելը, քանի որ կարդացող չկար, պատերազմ էր, հրապարակելու տեղ էլ գրեթե չկար, մանավանդ՝ խոշորածավալ գործ: Նաեւ, խորհրդային ցենզուրայի անհետանալը դեռ լավ չգիտակցելով, չէի պատկերացնում, որ «սովետահայ» իրականության այդպիսի հոռի պատկերը հրապարակող կգտնվի: Մինչ այդ իմ գործերը գրեթե չէին հրապարակվում, կասկածում էի, որ՝ հենց անկեղծության պատճառով:
1993-ից 2007-ը ապրեցի Հայաստանից դուրս եւ չգրեցի հայերեն, քանի որ ստեղնաշար չունեի, իսկ ձեռագիր արդեն չէր գրվում: Վերադարձա՝ սկսեցի վերականգնել հայերեն գրելը: Տան նկուղից գտա հին ձեռագրերս: Ամենը պատմված է առաջին՝ «Հրապարակ նկուղ» ժողովածուումս (2012), «Հրանտ» վեպում (2018): Ի թիվս այլ ձեռագրերի, սա էլ տվեցի թվայնացման, շատ դժվար գործ էր լինելու՝ ճիշտ թվայնացնել ուղղումներով լի, կես-մեքենագիր կես-ձեռագիր մեծ տեքստը, որոշ էջեր՝ մկան կրծած: Հավատարիմ ու մտերիմ, կարող մեկն արեց: Կարդացի՝ դուրըս չեկավ, ու մի կողմ դրի: Իսկ մի քանի տարի հետո նորից անդրադարձա ու տեսա, որ մեջը վեպի հանգույցը կա: Իրադարձությունների կարծես անբռնազբոս ընթացքն ինքն է բերում այդ հանգույցին՝ հանելուկին ու, հետո, դրա «լուծմանը»: Հանգույցներից իմ ամենասիրելի տեսակն է: Կան գործեր, ուր հանգույցը տեքստից է ծնվում՝ «բանասիրական» է, ասենք՝ բառախաղի խաղարկումից. դա, օրինակ, ավելի պարտվողական դեպք եմ համարում: Այստեղ կա իրադարձությունների բերած հանգույցը, այսպես ասած՝ «օնթոլոգիական»: Այդպիսի հանգույցները չիրացնելն ափսոս է, դրանք հաճախ չեն գրողին պատահում: Լինում է դեպք, երբ հանգույցը կա, իսկ գործի «մարմինը»՝ իրադարձությունները, այդպես էլ չստացվեցին. ինձ էլ է պատահել նման դեպք, ափսոսում եմ կիսատ գրված գործերիցս մեկը կամ մի քանիսը, բայց վերջնականացնելու ձեւը տարիներ շարունակ չեմ գտնում: Իսկ այստեղ՝ խնդրեմ. պատրաստի եւ՛ հանգույցը կար, եւ՛ «մարմինը»՝ իրադարձությունները: Այսինքն շատ ջահել ես արդեն մտահղացել էի ավարտուն վիպականության պոտենցիալ ունեցող գործ:
Սկսեցի աշխատել, մինչեւ հասավ այն աստիճանի, երբ հրապարակելի համարեցի: Եվ պետական դրամաշնորհ ստացա հրապարակելու համար:
Հայացքս փոխվել է թե չէ՝ չգիտեմ: Այն ժամանակների միջից եմ նայում, թե դրսից… Ձեռագրերը մի կարեւոր հատկանիշ ունեն. եթե մեջն իրադարձություններ կան ֆիքսված՝ մեծ արժեք է: Իրադարձությունները հետո կարելի է օգտագործել՝ եթե վեպի հանգույց գտել ես: Հանգույց գտնելը՝ ասացի, դժվար է, բայց եւ իրադարձություններ ֆիքսած ունենալը հսկայական արժեք է, քանի որ աութենտիկ իրադարձությունները արձակի միսն ու արյունն են, գրողի՝ հաց ու ջուրը: Դրա համար միշտ ու բոլորին խորհուրդ եմ տալիս (ոչ միայն գրողներին)՝ ֆիքսեք ձեր կյանքի պատմությունները, հավաքեք ձեր շրջապատի բանավոր պատմությունները: Եվ ինքս էլ դա կազմակերպում եմ, որքան հնարավոր է: Հետո պետք կգա, պետք չգա էլ՝ պատրաստի՝ կսպասի, թե ե՛րբ պետք կլինի:
Վեպը երկար պիտի գրվի: Ամենակարճ ժամանակաընթացքը, որ վեպ եմ գրել նյութից, մտահղացումից մինչեւ հրապարակման արժանի դարձնելը՝ վեց տարին է: Նույնիսկ ոչ վեպ՝ պատմվածքներիս ժողովածուները հինգ-վեց տարի է անցնում, մինչեւ հասցնեմ մշակման, զտման այն աստիճանին, որ որպես գիրք հրապարակելի լինեն:
- Գրքի վերջում հոր եւ տղայի զրույցն է քանդվող- կառուցվող քաղաքի մասին։ Քանդվում են թուրքի հին տները, հին այգիները…
-Իսկ ինչու՞ այդ ծառերը կտրեցին։
-Որ քեզ համար մեծ այգի անեն, որ դու գաս խաղաղ։
-Ես միրգ ավելի եմ սիրում։
․․․
-Բա տները որ քանդեցին, թուրքե՞րն ուր են։
-Իրենց առանձին բնակարաններ են տվել։
Բազմանշանակ են շեշտադրումները․․․ երեւանյան կոլորիտը, մշտապես քանդվող- կառուցվող քաղաքը, համատեղ կյանքը թուրքերի հետ, երեխայի հայացքը։ Ի վերջո, կարելի է ասել, որ գիրքը հենց երեխայի, պատանու հայացքով է գրված։
- Ես միշտ զարմացել եմ, որ եթե արտաքին «թշնամի» կա՝ ինչու այս հասարակությունն այդքան անմիավոր է, ինչու են դպրոցից սկսած իրար ճնշում, հետո՝ կեղեքում, ինչու սոլիդարությունը, լավ բանի համար կազմակերպվելն այդքան դժվար է այս հասարակությունում, իսկ վատ բանի համար՝ հեշտ: Ինչու են բանակում միմյանց մորթում՝ սեփական ուժերով, նույնիսկ երբ հակառակորդը չի կրակում:
Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան
Ինչու թիմային խաղերում, թիմայնության հարցերում այդքան թույլ է հայաստանյան հասարակությունը, իսկ կեղծիքը քարոզելում, անիմաստացած ծեսերին հավատարիմ լինելում՝ ձեւականորեն այդքան միաբան: Գուցե բիբլիական քաոսի, բաբելոնյան ինչ-որ վիճակ կա այս հասարակությունում, որից դաս քաղել կարելի է – դասընկերների՝ միմյանց տփելը, թույլին ճնշելը սիմվոլանում է, հասնում Հայաստանին ոչնչացնելու՝ արտաքին ուժերի նպատակադրման սիմվոլիզմին: Դպրոցի ծեծկռտուքի խաղին հետեւելով՝ կարող ես եզրակացություններ անել, թե գլխիդ ինչ է գալու: Կամ՝ թե ինչպես կարելի է պատուհասից խուսափել: Ասում են, չէ՞՝ «կյանքի դպրոց». դպրոցը կյանքի դպրոց է, բանակը կյանքի դպրոց է, կյանքը կյանքի դպրոց է: Բայց մի՞թե պիտի այդքան դաժանը լինի: Հետո՝ երբ քեզ այդ դաժանության մեջ ընկղմում են իբր-«քոնոնք»՝ բա ո՞նց հետո իրար միավորվեք, որ «օտարին» դիմակայեք: Միջոցը, եթե դա միջոց է, քանդում է նպատակը:
Պարադոքս է, որ դա անում են ներսում՝ իրար հետ, իրար մեջ, իրար նկատմամբ, եւ այդ առումով այդ կարծրատիպը՝ ով է «հայ», ով է, սիմվոլիկ իմաստով՝ «թուրք»՝ այլ իմաստ է ձեռք բերում: Մինչեւ ուրիշի աչքի գերանը տարփողելը գուցե սեփական աչքիդ փուշը փնտրես՝ բան փոխվի:
- Շապիկի ձեւավորման մասին ի՞նչ կասեք։
- Շապիկի նկարը կնոջս՝ Անաստասիա Կաչանովայի աշխատանքն է: Նա պատկերեց գրքի գլխավոր հաղորդագրությունը. Հայկը դանակ է ճարում, որ վրիժառու լինի, բայց դանակով վրիժառու լինել չի ստացվում:
Մինչդեռ վեպում ի թիվս բազում նշվող գրքերի՝ անունով եւ անանուն, կա երկու գիրք, որ Հայկին տրվում են, որ կարդա. Աստվածաշունչը (որ խորհրդային ժամանակներում գրեթե արգելված էր ու քիչ պատահող) եւ մի ձեռագիր, երկուսի կազմի վրա էլ բան չէր գրած: Երկուսն էլ Հայկը չի կարդում, ավաղ, բայց դրանցից մեկին հպանցիկ հայացք նետելը պատճառ է դառնում, որ հասկանա վեպի հանգույցը եւ իր կյանքի բազում խնդիրներից որոշների պատասխանը կարծես սկսի ստանալ: Պատասխանը բավական ողբերգական է, պետք է այն կուլ տալ եւ շարունակել ապրել ու հասկանալ: Այսպիսով, դանակը՝ մի ուղին, խփվում է գրքին՝ մեկ այլ ուղուն, եւ իմաստներ են շատրվանում: Հաստ կազմով գիրքը դանակի հարվածից չի ծակվում: Բայց ծալովի դանակի փոխարեն Անաստասիան թեեւ սուր, սակայն խոհանոցային դանակ է նկարել: Գուցե որովհետեւ կին է: Դա էլ է ավելացնում գրքի բազմաչափությունը:
- Ինչո՞ւ «Թալինթ Պֆեսթ»/ կրկնագիր… Մենք գրում ենք անցյալի մասին, որ հասկանանք ներկա՞ն։
- «Թալինթ»-ը դիտարկվել է որպես Երեւանի վեպ, որպես 1970-ականների լճացման Երեւանում դեռահասի կայացման վեպ (ու էս երկու կողմն է, որ հատկապես ընդգծվել է քննարկողների կողմից), բայց նաեւ՝ որպես բուն վեպ, վեպ ինքնին, որ պիտի ունենա հանգույց, լուծում, սյուժե, այն, ինչ կոչվում է «պոետիկա» եւ այլն: Նաեւ՝ որպես հայոց լեզվի հարցի որոշակի լուծման տարբերակ-էքսպերիմենտ: Վերջապես՝ որպես այսօրվան կապված տեքստ, կարելի է ասել՝ հրապարակախոսական մեսիջով:
Ոմանք համարում են սա գրեթե «պատմական» պատում: Այո, շատ ժամանակ է անցել, բայց վեպն ի՛նչ է ասում. ինքը ասում է՝ անկեղծության ու ազնվության համատարած բացակայությունը, ներառյալ՝ տեքստերում, որը կար այն ժամանակ էլ ու շարունակեց ծաղկել անկախության տարիներին, քանդում է սոցիումն ու պետությունը: Միֆոլոգիզացված պատմությունը՝ իրականի փոխարեն, կենտրոնանալը հորինված, հազարամյակների առաջվա անհայտ պատմության վրա, իսկ անմիջական հայտնի անցյալը քանդելը (ներառյալ՝ Երեւանը քանդելը), այն մոռացնելը, լռությունը, տաբուները, իրականության մակերեսային կարծրատիպային շղարշը (որ պնդվում է պրոպագանդիստական դիսկուրսների կողմից) ընդունելը մարդկանց ուղեղը մթագնում, բթացնում են, նրանք սովորում են, որ վատը լավն է, սուտը՝ նորմալը,անցյալը՝ սուտ կամ չկա, տեսությունը՝ աբստրակտ, կյանքի հետ կապ չունեցող,չեն կարողանում սեփական կյանքից ու սեփական խնդիրներից գլուխ հանել, ներառյալ մինչեւ ամենախոշոր՝ հասարակական խնդիրները:
Մյուս խնդիրը՝ վեպի «վիպական» կողմը. լավը չեն այն վեպերը, որոնք կազմված են կարծրատիպային-շաբլոնային կտորներից՝ սյուժեներ ստեղծելու դասագրքային խորհուրդների համաձայն, ո՛չ էլ նրանք, որոնք, «ֆոլքներականության, ջոյսականության» անունից՝ «հակաֆոլքներական» են. լրիվ ազատ հոսք են ու հավաք չեն, չեն կենտրոնանում որեւէ հանգույցի շուրջ, տեքստը չի հավաքվում, որ հավելյալ «մեսիջ» տա, միաշերտ է, բազմաշերտ չէ: Տեքստը պիտի ունենա գաղտնիք-հանույց, որը, կամաց-կամաց բացահայտվելով՝ ընթերցողին ցույց է տալիս, ինչի՛ համար է ստեղծվել այս վեպը, ի՛նչն է իր գաղտնիք-հանգույցը: Վեպը չպիտի լինի միայն այն մասին, ինչ իր տեքստն ասում է, այլ՝ ավելին՝ ինչին իր տեքստը գաղտնի, անուղղակի կերպով է հղում՝ ստիպելով ընթերցողին մտածել, գուշակել, վերլուծել, հասկանալ: Ամեն լավ վեպ, այդ իմաստով, որոշակի առումով դետեկտիվ է: Դժվար է վեպի համար լեգիտիմ հանգույց գտնել այնպիսին, որ ծեծված չլինի, ուրախ եմ, որ այս անգամ կարծես հաջողվել է: Գրել եմ չորս վեպ, որոնցից մեկում այդ հանգույցը սկզբունքորեն չկա, մյուս երեքում՝ կա:
Լուսանկարը` Մեդիամաքս
Վերջապես՝ լեզուն. սա ամենադժվար խնդիրներից է, քանի որ մարդիկ խոսում են այլ լեզվով, իսկ գրական լեզուն այլ է: Ամեն գրող դա յուրովի է լուծում: Թումանյանի «Մի կաթիլ մեղր»-ում կարող ենք տեսնել, ինչպիսի խոսակցական-բարբառային տարրեր կան, որ գրական լեզվով չեն, վերսուս ո՛ր մասերն են, որ համընկնում են ժամանակակից գրական լեզվին: Եվ երբ Թումանյանի լեզուն աղավաղում են, երեխաների դասագրքում զետեղում «էս, էն»-ը դարձրած «այս, այն»՝ հանցագործություն է: Հենց այդ մասին է «Թալինթ»-ը. որ իրականությունը կեղծելը, թաքցնելը հանցագործություն է, այն թուլացնում է մարդու դիմադրելու կարողությունը, անպաշտպան դարձնում հասարակությունը:
Հրանտ Մաթեւոսյանն այդ խնդիրը յուրովի է լուծել, բոլոր գրողները լուծում են փնտրում: Ես փորձել եմ որոշակի լուծում առաջարկել՝ իրար հյուսելով գրականն ու խոսակցականը, բայց նաեւ խարակտերների զրույցներում հաճախ ընդգծելով սուտ գրականը – որպես արհեստականություն, որ այն ընդգծի իրական-բնականը՝ ընթերցողի մտապատկերում:
Խոսակցական վերսուս գրական ոճ, ռուսախոսություններով վերսուս առանց –հետաքրքիր ֆենոմեն կա. սկսում ես հայերեն կարդալ՝ քթիդ զարնում է պաշտոնական գրական ոճի երեսպաշտությունը կամ անհամատեղելիությունը բովանդակությանը: Մի քիչ կարդում ես, խորանում՝ ու էլ չի զգացվում, քիմքդ սովորում է, ասես բովանդակությանը տրվելով՝անզգամ դառնաս: Մարդը սովորում է կեղծիքին: Դրա համար եմ արհեստական այդ կիրառուկը գործածել – տղաների ուրիշի ուղղակի խոսքում երբեմն հույժ գրական հայերենը – որ մարդու ուղեղը դրան չընտելանա, հիշի, որ էդպես չէին ու չեն խոսում:
Էքսպերիմենտ եմ անում՝ «օտարացնելով» լեզուն երբեմն, որ զգացվի գրականի սուտությունը (ու որ ստուգեմ, տեսնեմ՝«կուտվի՞», կհասկացվի՞ խաղը) - եւ բայց էդ էկլեկտիզմը, իհարկե, լրիվ հաջող, լրիվ ստացված չեմ համարում: Խոսակցականի այդ խնդիրը կապվում է եւ՛ 1970-ականների լճացման Երեւանի բարքերին, եւ՛ դեռահասի հասունացման ուղեծրին, եւ՛ Երեւանի ճակատագրին, եւ՛ 20-21-րդ դարերի հայոց պատմությանը,եւ՛ «զուտ» գրական խնդիրներին՝ վեպի հանգույցին: Ի՛նչն է աղավաղումը, աղավաղման աղավաղումը, գողական եւ փսեւդոգողական բարքերը, ինչ խորք ունի անազնվությունը, ինչպես կարող է բազմահարկ կեղծիքն արդարանալ լավի անունից, բարու անունով, պղտորել ամենը:
Բայց, ի վերջո, ինչ էլ ես ուզեմ արտահայտած լինել՝ ամեն ընթերցող որոշում է, ինչ է ստացվել, ինչ չի ստացվել:
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: