Բրիտանացի վիպասան, Նոբելյան մրցանակակիր Կազուո Իշիգուրոյի 2021 թվականին լույս տեսած «Կլարան եւ Արեւը» վեպը արժանացել է մասնագետների եւ ընթերցողների բարձր գնահատականին։ «Զանգակ» հրատարակչությունը Իշիգուրոյի գիտաֆանտաստիկ այս վեպը ընթերցողին է ներկայացնում Ռուզաննա Սուքիասյանի թարգմանությամբ։ Մինչ այս լույս էին ընծայվել «Օրվա մնացորդը», «Չթողնես ինձ երբեք», «Երբ մենք որբ էինք» վեպերը։
«Կլարան եւ Արեւը» վեպի մասին զրուցել ենք Ռուզաննա Սուքիասյանի հետ։
- Իշիգուրոյի գրականության կենտրոնում (եթե նույնիսկ հերոսները արհեստածին արարածներ են) ժամանակակից աշխարհն է, ժամանակակից մարդը։ Կարելի՞ է ասել, որ նրան հուզում է հերոսի ներքին ապրումը, անկախ նրանցից՝ ով կամ ինչ է նա։
- Իհարկե։ Իշիգուրոյի գրականության առանցքը, անկախ թեմայից, մարդն է՝ նրա ներաշխարհի ամենախոր եւ նուրբ շերտերը, մարդկային զգացմունքներն ու ապրումները։ Նա սիրում է մարդուն զննել շերտ առ շերտ, մինչեւ ամենավերջին մասնիկը։ Ընդ որում՝ ներաշխարհ ունեն բոլորը։ Եվ իշիգուրոյական աշխարհում մարդու ստեղծած ԱՄ-ն (Արհեստական մտերիմ) նույնպես անխուսափելիորեն պիտի մարդկային լինի։
- Գուցե նաեւ դիտարկվում է Արհեստական բանականության հետ անխուսափելի համակեցությո՞ւնը։ Ի վերջո, Իշիգուրոյի գիտաֆանտաստիկ պատմությունները մեր այսօրվա իրականությունից են ծնվում, զուտ գրողական երեւակայության արդյունք չեն։
- Այդ համակեցությունն արդեն իրականություն է։ Մեր շուրջը նայենք։ Արհեստական բանականությունն այսօր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում է, այն սրընթաց կերպով փոխում է աշխարհը։ Այլ հարց է, թե ինչպիսին կդառնա եւ ինչ տեղ կունենա մարդը այդ նոր աշխարհում։ Ւշիգուրոն հենց այդ հարցն է բարձրացնում։ Արհեստական բանականության ստեղծումը ահռելի հնարավորությունների հեռանկար է բացում թե՛ մարդ անհատի, թե՛ հասարակության համար։
Լուսանկարը` Զանգակ
Հնարավորություններից զատ՝ այդ հեռանկարը լի է նաեւ վտանգներով, ի վերջո սա մի նոր՝ նախադեպ չունեցող իրողություն է, եւ մարդուն ուղեկցում է անհայտի հանդեպ վախը։ Վեպի երկրորդային պլանում տեսնում ենք կազմաքանդված, մասնատված հասարակություն, տեսնում ենք նոր աշխարհակարգի ձեւավորում, գործընթաց, որը միշտ ուղեկցվում է պատերազմով։ Վեպի գործողությունները կատարվում են ինչ-որ անորոշ, հակաուտոպիստական ապագայում՝ առանց հստակ տեղանքի եւ ժամանակահատվածի, բայց արդյոք նկարագրվածը հենց մերօրյա իրականությունը չէ։
- «Լսել եմ՝ նոր Բ3- ների ճանաչողությունն ու հիշողությունը շատ լավն են, սակայն նրանք երբեմն այնքան էլ կարեկցող չեն լինում»։ Այսինքն՝ հարց է նաեւ, ինչ տեսակի ԱՄ-ներով է լցվելու աշխարհը։ Կամ ինչ տեսակի ԱՄ-ներ են նախընտրելու մարդիկ։
- Իշիգուրոն սիրում է կարեւոր ասելիքները թաքցնել փոքրիկ դրվագների մեջ։ Վեպում մի հետաքրքիր եւ նուրբ դրվագ կա, որ միայն Կլարայի սուր աչքն է նկատում․ նոր սերնդի Բ3-ները մի տեսակ քամահրանքով են վերաբերվում իրենց անկեղծ խորհուրդներ տվող հին սերնդի ԱՄ-ներին, մի տեսակ իրենց ավելի բարձր են դասում։ Քանի որ ԱՄ-ները ծրագրավորված են լինելու այնպիսին, ինչպիսին կան, հարց է առաջանում՝ արդյոք մա՞րդն է նոր սերնդի Բ3-երին ծրագրավորել լինելու նենգ կամ մեծամիտ, թե՞ դրանք այնքան կատարելագործված են, որ ինքնություն են ձեռք բերում։ Առաջին տարբերակում, ինչպես ասացիք, մարդն է ընտրելու, թե ինչպիսին լինի իր ԱՄ-ն, մարդն է տնօրինելու, թե ինչպես եւ ինչ նպատակներով օգտագործի նրան։ Իսկ մարդուն այդպիսի իշխանություն տալը վտանգավոր է։ Երկրորդ դեպքում վտանգն առավել անկանխատեսելի է, քանի որ ոչ ոք չգիտի՝ ինչի է ընդունակ ինքնիշխանություն ստացած ԱՄ-ն։
- Նաեւ մարդկային մենության մասին է վեպը․ նոր սերնդի երեխաները կարիք ունեն իրենց Արհեստական մտերիմն ունենալու։
- Իշիգուրոյի բոլոր վեպերն են մարդկային մենության մասին։ Կարծում եմ՝ նոր սերնդի երեխաների, առհասարակ, անհատակենտրոն հասարակության մեջ մարդու մենակությունը ժամանակակից աշխարհի ամենացավոտ հարցերից է։ Մերօրյա երեխաները գուցե դեռ ԱՄ չունեն, բայց փոխարենը ունեն տարատեսակ գադջեթներ եւ խրված են վիրտուալ իրականության մեջ։ Այդ տեսանկյունից ԱՄ-ն կարող է նույնիսկ յուրատեսակ վերադարձ լինել վիրտուալ իրականությունից դեպի իրական ընկերություն։
- Երբեմն Կլարային համեմատում են փոշեկուլի հետ, կես կատակ սպառնում, որ կքանդեն նրան։ Իշիգուրոն կարծես շեշտում է, որ մարդն է կառավարում ամեն բան։ Թեեւ այսօր քիչ չէ խոսվում նաեւ արհեստական բանականության՝ աշխարհը կառավարելու վտանգների մասին։
-Եթե նայենք մեր իրականությանը, այո՛, այսօր բոլորը խոսում են արհեստական բանականության՝ ինքնիշխանություն ստանալու եւ աշխարհը կառավարելու հեռանկարի մասին։ Իշիգուրոն անդրադառնում է հարցի մյուս կողմին․ իսկ ինչպե՞ս կպահի իրեն մարդը, որին տրված կլինի իշխանություն արհեստական բանականության վրա։ Արդյոք դա մարդկային էության մութ եւ դաժան կողմի դրսեւորման համար նոր հարթակ չի՞ դառնա։
Վեպում ուղիղ եւ անուղղակի կերպով խոսվում է ԱՄ-ների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին, ԱՄ-ների մասին, որոնք «երջանիկ» չեն իրենց երեխաների հետ։ Կլարայի հանդեպ ծաղրական եւ դաժան վերաբերմունքը Ջոզիի հավաքույթի ընթացքում, Ռոզայի մասին Կլարայի մտքերը, նրա ցավող ոտքի մասին Կլարայի տեսիլքը ԱՄ-ներին հասցված հոգեկան եւ ֆիզիկական ցավի մասին վկայություններ են։
- Իշիգուրոյի «Օրվա մնացորդը» վեպում խոսվում է աշխարհի խոշոր խաղացողների մասին։ Նոր սերնդին տեսակավորելը, «հզորացնելը» (գենետիկ փոփոխության ենթարկելը) նույնպես նոր աշխարհի մարտահրավերներից է, ասենք՝ կառավարման փորձերից։
-Այդ գենմոդիֆիկացված երեխաները, ըստ էության, նոր աշխարհի էլիտան են։ Այսինքն՝ վեպում գործ ունենք արհեստական սելեկցիայի հիմքով նոր դասակարգերի ձեւավորման հետ, որի արդյունքում մարդկանց մի զգալի հատված, այսպես ասած, դուրս է մնալու վաղվա աշխարհից։ Վեպում կարեւոր հիմնահարցեր են բարձրացվում, ինչպես օրինակ ԱԲ-երի ստեղծումով պայմանավորված գործազրկությունը, հասարակության բեւեռացումը, զինված խմբավորումների ստեղծումը, էլիտայի եւ աութսայդերների միջեւ հնարավոր պատերազմը։ Այստեղ գիտաֆանտաստիկ ոչինչ չկա, սրանք ժամանակակից հասարակության համար իրական մարտահրավերներ են, որոնք չէին կարող իրականությունից չկտրված գրողին անտարբեր թողնել։
Ինչպես «Օրվա մնացորդում», այնպես էլ այստեղ գործ ունենք տերերի եւ ծառաների, աշխարհի ճակատագիրը որոշողների եւ նրանց ծառայող սովորական մարդկանց հետ։ Կլարան նույն ծառայապետ Ստիվընսն է՝ եսից եւ ինքնությունից զուրկ էակ, որի միակ գործառույթը իր տիրոջը ծառայելն է։ Բայց Իշիգուրոն նաեւ հստակ ցույց է տալիս մարդու եւ ռոբոտի տարբերությունը։ Ստիվընսի վերհուշները վստահելի չեն, նա ենթագիտակցորեն աղավաղում է անցյալի հուշերը՝ հաճախ փորձելով արդարացնել իրեն, դժվար պահի վտանգի բախվելով՝ նա ուրանում է տիրոջը, հերքում նրա հետ կապը, այսինքն՝ նրան հատուկ են մարդկային արատները։ Մինչդեռ Կլարան այդպիսին չէ, նա անկեղծ է մինչեւ վերջ, նա ընդունակ չէ խարդախության կամ կեղծիքի։ Իշիգուրոն սրանով ասես մեզ ցույց է տալիս, որ ռոբոտը նաեւ մարդկային հարցերում կարող է մարդուց ավելի լավը լինել։
-Ջոզիին շարունակելու համար Կլարան պետք է նրա սրտի խորքերը թափանցեր։ Մի կողմից ասվում է, որ մարդու սրտի սենյակներն անհաշիվ են, մյուս կողմից՝ «Ջոզիի մեջ ոչինչ չկա, որ այս աշխարհի կլարաները չկարողանան շարունակել»։ Նոր աշխարհում վտանգված է մարդու անհատականությունը։ Կարծում եմ՝ սա առանցքային հարց է վեպում։
-Արդյոք մեզնից յուրաքանչյուրը ունի՞ միմիայն իրեն բնորոշ անհատականություն, որ բնության մեջ այլեւս երբեք ու ոչ մի տեղ չկա, թե՞ մենք մինչեւ վերջ վերծանելի եւ կրկնօրինակելի ենք այս աշխարհի կլարաների համար։ Վեպը այդ հարցի հստակ պատասխանը չի տալիս։ Իշիգուրոն որոշումը թողնում է ընթերցողին։
-Նաեւ այլ կողմից կարող ենք նայել․ Մայրը պատրաստ է ծայրահեղ քայլերի, միայն թե «չկորցնի» երեխային։
-Հուսահատ մարդն ամեն ինչի պատրաստ է։ Մայրը, որ իր իսկ որոշման հետեւանքով արդեն կորցրել է մի երեխային, եւ երկրորդին կորցնելու շեմին է, պատրաստ է կառչելու ցանկացած տարբերակից, եթե նույնիսկ այդ տարբերակն իրականում ինքնախաբեություն է, իմիտացիա, ընդամենը սեփական երեխայի մասին հիշողություն։
Վեպում ունենք մոր երկու կերպար, որոնցից յուրաքանչյուրը, բախվելով հարկադրված բարդ երկընտրանքի, իր որոշումն է կայացրել։ Մեկն իր երեխաների համար ընտրել է ապահովված ապագա, համաձայնել է գենմոդիֆիկացմանը՝ այդ կերպ զոհելով նրանցից մեկին եւ վտանգելով երկրորդի կյանքը, իսկ մյուսը վախեցել է այդ քայլից, գուցե վախեցել է պատասխանատվությունից, բայց դրանով իր որդուն զրկել է լավ ապագայի բոլոր հնարավորություններից։ Իշիգուրոն ցույց է տալիս, որ այդ երկընտրանքը ճիշտ ընտրություն չունի, քանի որ թե՛ Ջոզիի մայրը, թե՛ Ռիքի մայրը ի վերջո իրենց մեղավոր են զգում։
- Խնդիրն ի վերջո լուծվում է, այսպես ասած, բնական ճանապարհով։ Ու երեւի պատահական չէ, որ վեպում Արեւը կենսական աղբյուր է եւ՛ մարդկանց համար, եւ՛ ռոբոտների։
-Արեւը վեպի գլխավոր խորհրդանիշն է։ Այն կյանքի, հույսի, նաեւ աստծո խորհրդանիշն է։ Կլարան նոր տեսակ է, եւ ինչպես մարդն է ժամանակին երկրպագել արեւը՝ որպես կյանքի աղբյուր, այնպես էլ ԱՄ-ն՝ էվոլյուցիոն նոր սկսվող տեսակն է աստվածացնում արեւը՝ որպես իր գոյության միակ եւ անփոխարինելի երաշխավորի։
Լուսանկարը` անձնական արխիվ
Այս ամենի մեջ, կարծում եմ, նաեւ հավատալիքների եւ կրոնի էվոլյուցիա կա։ Արեւի հանդեպ Կլարայի վերաբերմունքը՝ երկյուղածությունը, խնդրանքով նրան դիմելը, խնդրածի դիմաց մեկ այլ բան խոստանալը խիստ մարդկային է։ Ի վերջո ի՞նչ է ամբարում Կլարայի զրույցը արեւի հետ, եթե ոչ աղոթք։
-Արեւն, ի դեպ,բնության աղտոտումը կանխելու համար դիմում է մարդկանց, ավելի ճիշտ՝ Կլարայի օգնությանը․․․
-Իսկ արեւը լսում կամ արձագանքո՞ւմ է առհասարակ։ Մի՞թե Կլարան ինքը չի համոզում իրեն, որ արեւն իրեն հուշումներ կամ պատասխաններ է տալիս։
- Մյուս կողմից՝ այս վեպը կարծես հեքիաթ լինի։ Նաեւ ձգտում է բարի, հեքիաթային ավարտի)։
- «Կլարան եւ արեւը» զարմանալիորեն բարի եւ անկեղծ վեպ է, սակայն ավարտի մեջ միաժամանակ նաեւ մեծ տխրություն կա։ Վեպի վերջին էջերը կարդալիս անխուսափելիորեն տխրում ես Կլարայի համար, եւ ոչ միայն Կլարայի, տխրում ես նաեւ նրա համար, որ պատանեկության սերն ու երազանքները միշտ պարտվում են մեծ կյանքի պահանջներին եւ պարտականություններին, որ կյանքը երբեք այնպես չի լինում, ինչպես ուզում էինք, որ բաժանումն ու կորստի ցավը միշտ ուղեկցում են մարդուն։ Վեպը բազմաթիվ բաց հարցեր է թողնում, եւ այն ավարտելուց հետո դեռ երկար մտորում ես մարդկային կյանքի եւ էության մասին։
-Կազուո Իշիգուրոն գրական համբավ է ձեռք բերել «Օրվա մնացորդը» վեպով։ Գիտաֆանտաստիկ ժանրի նրա գործերն ի՞նչ արձագանք են գտնում։
-Վեպի արձագանքներն ընդհանուր առմամբ դրական են, կարելի է ասել, որ «Կլարան եւ արեւը» հաջողված է։ Բայց «Օրվա մնացորդը», թերեւս, Իշիգուրոյի առայժմ լավագույն վեպն է։ «Կլարան եւ արեւը» խորքային թեմաների առումով նաեւ «Օրվա մնացորդի» շարունակությունն է։ Կարծում եմ՝ Իշիգուրոն գիտաֆանտաստիկ վեպի կաղապարի մեջ ավելին է տեղավորել, քան պարզապես գիտաֆանտաստիկ վեպը։
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: