Հերոսների փնտրտուքը՝ Իշիգուրոյի «Երբ մենք որբ էինք» վեպում - Mediamax.am

exclusive
2430 դիտում

Հերոսների փնտրտուքը՝ Իշիգուրոյի «Երբ մենք որբ էինք» վեպում


Կազուո Իշիգուրոն
Կազուո Իշիգուրոն

Լուսանկարը` REUTERS

Արթուր Մեսրոպյանը
Արթուր Մեսրոպյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կազուո Իշիգուրոյի «Երբ մենք որբ էինք» վեպի գլխավոր հերոսը դետեկտիվ Քրիստոֆեր Բենքսսն է։ Ճանաչված անգլիացի դետեկտիվը մանկությունն անց է կացրել Շանհայում, սակայն ծնողների՝ կասկածելի հանգամանքներում անհետանալուց հետո վերադարձել է հայրենիք։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը։ Մեդիամաքսը զրուցել է գրքի թարգմանիչ, գրականագետ Արթուր Մեսրոպյանի հետ։

 

- «Զանգակ» հրատարակչությունն ընթերցողին ներկայացրել է նաեւ Իշիգուրոյի «Օրվա մնացորդը» եւ «Չթողնես ինձ երբեք» գրքերը (վերջինս դարձյալ Ձեր թարգմանությամբ): Միեւնույն հեղինակին տարբեր գործերով ներկայացնելը հրատարակչության ռազմավարությո՞ւնն է, թե՞ հաշվի է առնվել Իշիգուրոյի հայտնիությունը, ընթերցողական պահանջարկը։

 

- Նախ հստակեցնեմ, որ 2020-ից հրատարակչության թարգմանական բաժնի ղեկավարը չեմ, բայց այն փուլում, երբ ձեռք էինք բերում Իշիգուրոյի հեղինակային իրավունքները, մասնակցել եմ այդ գործընթացներին։ 2017-ին՝ Իշիգուրոյի Նոբելյան մրցանակի արժանանալուց անմիջապես հետո, մենք ձեռք բերեցինք միանգամից երեք գրքերի թարգմանական իրավունքը, հաշվի առնելով, որ ճանաչված հեղինակ է եւ արժե մի քանի գրքով ներկայացնել։

Իբրեւ թարգմանիչ կարող եմ ասել, որ «Չթողնես ինձ երբեք» եւ «Երբ մենք որբ էինք» գրքերի թարգմանությունն ինձ համար հետաքրքիր ու միանգամայն տարբեր թարգմանչական փորձառություններ էին։ Թեպետ նույն հեղինակի ստեղծագործություններն են, բայց շատ տարբեր են թե՛ ոճով, թե՛ ժանրային պատկանելությամբ եւ ընդհանրապես. ներքին զարգացումներով, իրադարձություններով, նույնիսկ կասեի՝ իրենց թիրախային ընթերցողներով։

 

- Չնայած ակնհայտ տարբերություններին՝ նկատել եմ հետաքրքիր մի ընդհանրություն. հերոսներն ամենավերջում հաշտվում են իրենց բաժին ընկած իրականության հետ։

 

- Այո, մասնավորապես «Չթողնես ինձ երբեք» եւ «Երբ մենք որբ էինք» գրքերը սկսվում են մեծ խոստումնալից իրադարձությունների սպասումով, անընդհատ սպասում ես, որ բեկում կլինի, հերոսը ինչ-որ գործողություն կանի, իրադարձությունների ընթացքը կփոխվի, բայց երկուսի պարագայում էլ այդ սպասումը, ի վերջո, չի արդարացվում։

Արթուր Մեսրոպյանը Արթուր Մեսրոպյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Վերադառնանք «Երբ մենք որբ էինք»-ին. երիտասարդության շրջանում, երբ Քրիստոֆերը նոր էր ավարտել համալսարանը, լի էր ապագայի նկատմամբ մեծ սպասումներով, հավակնություններով։ Գրքի վերջին գլուխներում, երբ տեսնում ենք նպատակին հասնելու խելահեղ մղումը, հասկանում ենք, որ չի հաջողելու, անիմաստ է, բայց միեւնույն է՝ ամբողջ կյանքի ձգտումը պետք է այդ պահին իրականացնի եւ անում է դա։ Համակերպվածությունը կարելի է համարել Իշիգուրոյի լեյտմոտիվը, որ ինչքան էլ կյանքը մեզ անսահմանափակ հնարավորությունների ու անծայրածիր կարողությունների դաշտ թվա, միեւնույն է, մենք կյանքի այդ մեծ պարկուճի մեջ երբեմն շատ փոքր ենք, շատ փխրուն, ի վերջո, բարդ ենք ու նաեւ... մենք մեղավոր չենք։ Իշիգուրոն չի մեղադրում, թե իր հերոսը ձախողվել է։

 

- Երբ գալիս է պահը՝ անձնական երջանկության հետեւից գնալու, Քրիստոֆերը մի կարճ ժամանակ տատանվում է, բայց ի վերջո ընտրում է իր առջեւ դրված նպատակը, պարտականությունը։ Գրեթե նույն պատկերն է «Օրվա մնացորդում»։ Գուցե Իշիգուրոն հուշում է, որ չպե՞տք է բաց թողնել երջանկության հետեւից գնալու հնարավորությունը։

 

- Չեմ կարող միանշանակ ասել, թե հեղինակն ինչ է նկատի ունեցել, բայց համաձայն եմ, որ կարելի է նման հետեւություն անել։ Իշիգուրոյի, ընդհանրապես մեծ գրողների ստեղծագործությունները մի պատասխան կամ մի տարբերակ չեն առաջադրում։ Այդ առումով Իշիգուրոն բավական մշուշոտ գրող է, նրա գրածները կարելի է ընկալել տարբեր իմաստներով։ Հնարավոր է՝ հեղինակն ինչ-որ տեղ ակնարկում է, որ եթե հերոսը տարվում է մեծ գաղափարներով, այն կարող է, ի վերջո, արդյունք չտալ։ Բայց այստեղ այլ հարցեր են առաջ գալիս. օրինակ՝ արդյոք հերոսը ափսոսու՞մ է իր ընտրության համար։ Մենք զղջում չենք տեսնում. նա չի համարում, որ ձախողել է, գոնե վերջում այնպիսի զգացողություն է, որ փորձել է ամեն ինչ, ինքն իր հետ հակասություն չունի։ Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ մի՞թե այդպիսին չէ իրականությունը. մեր ընտրությունն է որոշում ապագան, բայց որոշումներ ընդունելիս չենք մտածում՝ ինչ կլինի 20-30 տարի անց, ինչի ենք հանգելու վերջում։

 

- Առանցքային հերոսները վաղ հասակից զրկվում են ծնողներից։ Նրանք նաեւ ուժեղ, կամային կերպարներ են։ Մյուս կողմից՝ արդյո՞ք այդ ուժը թուլությունը, խոցելիությունը հաղթահարելու համար չէ։ Գրքի վերնագիրն էլ կարծես դա է ակնարկում՝ «Երբ մենք որբ էինք»։

 

- Բոլոր մարդիկ ունեն թուլություններ։ Որբ լինելը թույլ լինելու պատճառ չէ։ Համենայն դեպս տեսնում ենք, որ կարեւոր կերպարները կյանքի տարբեր փուլերում զրկվել են ծնողներից, սիրած կինը՝ Սարան, որդեգրած աղջիկը՝ Ջենիֆերը, հերոսն ինքը։ Եվ այդ մարդկանց, այո՛, միավորում էր նաեւ այն, որ փորձում էին իրենց տեղը գտնել արեւի տակ։ Ծնողների ստվերը նրանց անընդհատ հետապնդում էր։

 

Օրինակ, Սարան ասում է՝ ինչ կմտածեն ծնողներս իմ մասին, եթե իմանան, որ այս տարիքում ամուսնացած չեմ, Քրիստոֆերն ամբողջ ընթացքում փորձում է մանկական «հետախուզական» հիշողությունները, մանկական խաղը վերածել իրական կյանքի, ինչն ուղղակիորեն կապվում է իր ծնողների հետ։ Նրանք փորձում են ինչ-որ ձեւով հետ բերել իրենց կորցրածը։ Ես զուգահեռ տանեմ «Չթողնես ինձ երբեք»-ի հետ, որն ավելի ցայտուն օրինակ է․ այնտեղ ընդհանրապես ծնողները բացակայում էին։ Արհեստական ճանապարհով ստեղծված այս արարածները շարունակ փորձում էին պարզել՝ ովքե՞ր են, որտեղի՞ց են, ովքե՞ր են իրենց ծնողները։ Պատահական չէ պատկանելության թեմայի կրկնությունը․ սա նաեւ հեղինակի ներքին ապրումների հետ է առնչվում։ Իշիգուրոն ծագումով ճապոնացի է, 5-6 տարեկանում տեղափոխվել է Լոնդոն։ Վստահ եմ, որ ներքին կապեր կան մանկության, սեփական կյանքի փորձի ու վեպերում արտահայտած իրականության հետ։ Թեման շատ խորն է, կարող ենք տարբեր կողմերից նայել։

 

- Վեպի հիմքում իրակա՞ն պատմություններ են։

 

- Հիմքում իրական դեպքեր են՝ 20-ականներից մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած շրջանին առնչվող, վերջում անդրադարձ կա նաեւ 80-ականներին։ Արեւելքում՝ Չինաստանում, Ճապոնիայում, կարելի է ասել, արդեն, սկսվել էր համաշխարհային պատերազմը, եւ իրադարձություններն այդ ուղեծրում էին զարգանում։ Չինաստանում օփիումի վաճառքի պատմությունը նույնպես պատմական համատեքստում է։ Չինաստանի բնակչությունը մեծ կախվածության մեջ էր օփիումից, եւ նա օփիումային պատերազմում պարտվում է Մեծ Բրիտանիային։ Կազմակերպությունները, որոնց մասին խոսվում է վեպում (փոխված անուններով) նույնպես իրական են։

Հետագայում դրանք փոխել են իրենց գործառույթները, բայց, իբրեւ մեծ կապիտալ ունեցող կազմակերպություններ, պահպանել են իրենց դիրքը։ Վեպում ծավալվող իրադարձությունները մտացածին չեն, իսկ կոնկրետ սյուժեում կատարվող դեպքերը, բնականաբար, գեղարվեստական հորինվածք են։

 

- Գրքի վերջում հանգում ենք նաեւ այն մտքին, որ աշխարհաքաղաքական զարգացումները, խոշոր խաղացողների նկրտումները հնարավոր չէ կանխել։ Համենայն դեպս հերոսների՝ աշխարհն առավել ապահով ու քաղաքակիրթ վայր դարձնելու երազանքը չի իրականանում։ Աշխարհն էլ կանգնած է համաշխարհային պատերազմի շեմին...

 

- Գիրքը 2000-ականներին է գրվել։ Եվ մենք հիմա այնպիսի ժամանակաշրջան ենք ապրում, որ գրքում ներկայացվող կանխատեսումներն ու բնորոշումները կարծես ապացուցվում են։ Մեծ հաշվով՝ որոշ ցավալի բաներ չեն փոխվում, հիմա էլ քաղաքական դաշտը լարված է, հակասություններ կան աշխարհի տարբեր կետերում, եւ զգում ենք նույն վախը, որ ամեն վայրկյան «պայթյուն» կլինի։ Այո, ես համաձայն եմ, որ վեպում նշված մտքերն ընդհանրական ճշմարտություններ են։

 

- Թարգմանության ընթացքի մասին. գիրքը սահուն էր կարդացվում։ Թարգմանությունը նո՞ւյնքան սահուն էր, թե՞ կային բարդություններ։

 

- Թարգմանությունը, կարծում եմ, կռիվ է տեքստի հետ, խմբագրումը՝ ճակատամարտ բառի հետ, սրբագրումը մարտ է ամեն ստորակետի ու վերջակետի համար։ Իմ փորձի արդյունքում եմ հանգել սրան։ Ինչ վերաբերում է դժվարություններին, Իշիգուրոն շատ ոճային գրող է՝ անգլիական էդվարդյան շրջանի վեպին բնորոշ բառապաշարով, նիստուկացով, վարքաձեւով, միջավայրով, տեմպով, շնչով՝ բառի, տեքստի։ Ամեն բառը շատ լավ մտածված է։ Բառերի, նախադասությունների, նույնիսկ պարբերությունների հերթականությունները շատ ճիշտ են կառուցված, եւ թարգմանելիս պետք է ուշադիր լինես տեմպին, ժամանակաձեւերին, ժամանակի մեջ «գնալ-գալուն», որ տրամաբանության թելը չկորցնես։ Հաճելի ընթացք էր Իշիգուրո թարգմանելը, բայց կուզեի հաջորդիվ մեկ այլ, ավելի դինամիկ հեղինակի թարգմանել։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին