«Չթողնես ինձ երբեք». Իշիգուրոյի լուսանցքում մնացած հերոսները - Mediamax.am

exclusive
2870 դիտում

«Չթողնես ինձ երբեք». Իշիգուրոյի լուսանցքում մնացած հերոսները


Լուսանկարը` Tuba Korhan

Արթուր Մեսրոպյանը
Արթուր Մեսրոպյանը

Լուսանկարը` Հասմիկ Բարխուդարյան

Լուսանկարը` «Զանգակ» հարատարակչություն

Կազուո Իշիգուրոն
Կազուո Իշիգուրոն

Լուսանկարը` REUTERS


Ճապոնական ծագումով բրիտանացի վիպասան, սցենարիստ, կարճ պատմվածքների հեղինակ Կազուո Իշիգուրոն գրական համբավ է ձեռք բերել «Օրվա մնացորդը» վեպի լույսընծայումից հետո (1989)։ 2005-ին լույս է տեսել նրա «Չթողնես ինձ երբեք» (Never Let Me Go) գիրքը, որն արժանացել է Բուքերյան մրցանակի, ընդգրկվել «Թայմս» ամսագրի կազմած անգլալեզու 100 լավագույն գրքերի ցանկում, 2010-ին էկրանավորվել։ 2017-ին Իշիգուրոյին շնորհվել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ։

 

«Չթողնես ինձ երբեք» գիրքը հայերեն ներկայացնում է «Զանգակ» հրատարակչությունը` բանաստեղծ, գրականագետ Արթուր Մեսրոպյանի թարգմանությամբ։

 

- «Չթողնես ինձ երբեք» վեպն ինչո՞վ է առանձնանում Իշիգուրոյի մյուս գործերից։

 

- Իրականում բավականին կտրուկ է տարբերվում, նախ գիտաֆանտաստիկ ժանրում է, թեկուզ ոչ հարյուր տոկոսով, բայց դեպքերը տեղի են ունենում պայմանական իրականության մեջ, ինչ-որ թվականով, իբրեւ ներկա ժամանակներն են, հիման է, բայց այդքան էլ հիման չէ։ Խոսքը մի իրականության մասին է, որտեղ դատապարտվածությունն ի սկզբանե հայտնի է, եւ ուսանողները, ովքեր ապրում ու սովորում են հատուկ հաստատությունում, գիտեն, որ որոշակի նշանակություն ունեն այս կյանքում, այսինքն՝ իրենց գոյությունը պայմանավորված է միայն ուրիշների գոյությունը ապահովելու գործառույթով։ Նրանք կարծես եւ՛ գիտեն, եւ՛ չգիտեն դա։

Կազուո Իշիգուրոն Կազուո Իշիգուրոն

Լուսանկարը` REUTERS

Հենց այստեղ է գրողի արհեստավարժությունը, տաղանդը, նա կարողանում է այդ պարզ իրավիճակն այնքան խորքային նկարագրել, որ հայտնվում ենք ակնհայտի ու անհայտության ոլորապտույտում։ Հերոսներն իրենք էլ են ընկնում անվերջանալի ոլորապտույտի մեջ, կասկածի տակ են դնում ամեն ինչ՝ իրենց ծագման պատմությունը, առաքելությունը, դավադրապաշտական տեսություն են փնտրում, թվում է կհաջողեն, այլ բացահայտումներ կլինեն, բայց հեղինակը հենց դրանով է անսպասելի․ դավադրապաշտական այդ տեսություններն իրականում գոյություն չունեն։ Կյանքում էլ է այդպես, հաճախ պարզվում է, որ ամեն ինչ շատ ավելի դաժան է, ավելի ուղիղ, առանց էմոցիաների։

 

- Վեպի հերոսները ո՞վ էին, թե՞ ինչ էին։ Թվում է նրանք չեն տարբերվում սովորական մարդուց ու հանկարծ կարդում ես՝ Մադամը մեզ տեսնելով հասկացավ ինչ ենք մենք։

 

- Հենց այդ է հարցը՝ նրանք ո՞վ էին, թե՞ ինչ էին։ Իրենք իրենց համար «ով» էին։ Սկզբում նրանց նույնիսկ թվում էր, որ մեծատառով, հատուկ «ով» են, որովհետեւ նրանց պատնեշել էին աշխարհից ու տպավորություն ունեին, որ սահմանից այն կողմ իրենցից կտրված, հեռու, անհասկանալի իրականությունն է։ Աշխարհի կենտրոնը իրենք իրենց էինք պատկերացնում, մինչդեռ պարզ է դառնում, որ աշխարհի լուսանցքում հազիվ տեղ ունեին։

Արթուր Մեսրոպյանը Արթուր Մեսրոպյանը

Լուսանկարը` Հասմիկ Բարխուդարյան

Գիրքը մի քանի շերտ ունի։ Այն, ինչ տեսնում ենք առաջին պլանում, ինչի մասին խոսեցի, երկրորդը՝ հաճախ մեր իրականության մեջ էլ մենք ապրում ենք ու սպասում, որ ինչ-որ բան պետք է լինի, կարծում ենք՝ մեծ նպատակի, մեծ առաքելության համար ենք կոչված, մահի զգացողությունը չենք ունենում, չենք մտածում, որ ժամանակը սահմանափակ է։ Նրանց պարագայում ժամանակի սահմանափակ լինելն առավել եւս ընդգծված էր, քանի որ բնական մահով չէին մահանում։

 

- Մի՞թե չէին կարող հակառակվել պարտադրված իրականությանը։

 

- Դատապարտված լինելու դեմ զրոյական պայքար է, նրանք, ըստ էության, ոչինչ չէին անում իրավիճակը դույզն ինչ փոխելու ուղղությամբ։

 

- Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը։ Ի՞նչ է ուզում հեղինակը դրանով ասել։

 

-  Ինձ թվում է՝ ցանկացած ընթերցող այդ հարցը պետք է իրեն տա՝ ի՞նչն էր պատճառը։

 

Ես այսպես եմ պատկերացնում, որ երբ մարդու մեջ ծնված օրվանից սերմանում են այն գաղափարը, որ ինքը ստեղծված է փոխպատվաստման ծրագրի համար, իր մտքով գուցե չի էլ անցնում, որ դրա հետ չպետք է համաձայնի։ Գրքի հերոսներն ամեն ֆանտաստիկ բան մտածում են, ինչը գուցե կերկարացնի իրենց կյանքը երեք տարով, բայց իրենք իրենց ոչ մի քայլի չեն մղում, չեն էլ փորձում պարզապես փախչել այդ տեղից։ Սա գուցե պետք է նաեւ իբրեւ ահազանգ ընկալել, որ երբ գլխիդ վերահաս վտանգ կա, պետք չէ թմբիրի մեջ լինել, անցյալի մեջ խորանալ, անուրջներ ունենալ, ինքնախաբեությամբ զբաղվել։ Երբ գործողություն չկա, կա միայն երազանք, արդյունքը կարող է շատ վատ լինել։

 

 - Կա կարծիք, որ մարդկային արհեստածին նմանակները չունեն իրենց ճակատագիրը եւ չեն կարող գտնել իրենց տեղը կյանքում։ Գուցե հեղինակը դա՞ է փորձել շեշտադրել։

 

- Ես նաեւ «Ֆրանքենսթայն» եմ թարգմանել, այդ հարցն ինձ հեշեցրեց, որ Ֆրանքենսթայնի ստեղծածն էլ արհեստածին արած էր, ավելին՝ հավաքված էր մահացած մարդկանց տարբեր կտորներից, բայց փորձում էր տեղ գտնել այս աշխարհում, սկզբում բարի ճանապարհով, հետո, երբ չի հաջողվում, նրա մեջ արթնանում են չար կրքերն ու ըմբոստությունը, սկսում է սպանել, ոչնչացնել հատկապես վնաս տալ իրեն ստեղծողին։ Իր զարհուրելիությամբ հանդերձ՝ սա ավելի ընկալելի է, քան այն, ինչ տեսնում ենք Իշիգուրոյի կերպարների պարագայում։ Մի քիչ դժվարանում եմ համաձայնել դիտարկմանը, որ տեղ չունեին այս աշխարհում։

 

- Գիտաֆանտաստիկ գրականության մեջ արված կանխորոշումները երբեմն իրականություն են դառնում  կամ հիմքում իրականություն կա։

 

- Եթե խոսքը օրգանների փոխպատվաստման մասին է, ավելի ցավալի, սեւ պատմություններով հարուստ դեպքեր են կատարվում։ Վեպի պարագայում գուցե մի փոքր գրական ձեւ է տված, եւ հեղինակը փորձել է իր ոճից ելնելով թրիլլերի տարրը հանել, բայց այնպես չէ, որ հեռու է իրականությունից։

 

- Իսկ եթե կլոնավորման մասին խոսենք։

 

- Կլոնավորման փորձերը, որքան ինձ հայտնի է, անհաջող են անցել։ Եվ, ի վերջո,  գրքի հիմնական կողմը կլոնավորումը չէ, այդ մասին քիչ է խոսվում, հիմնականում հերոսների ներքին ապրումներն են, ինչպես են փոքրիկ, իրադարձություններից զուրկ  աշխարհում (ոչինչ տեղի չի ունենում նրանց հետ) հասցնում ինչ-որ բան ապրել, սիրահարվել, մեկը մյուսի դեմ մանր քինախնդրություններ դրսեւորել, նեղացնել իրար ու հաշտվել… հիշողությունները հետ են գնում, առաջ են գալիս… Սա նաեւ երեւի ամեն տեղ կյանքը փնտրելու, ապրելու տարածք գտնելու մարդկային էության մի մասն է, որ նույնիսկ ամենափակ օղակի մեջ փորձում է աշխարհը տեղավորել,  թեեւ մեծ հաշվով ինքն այդ աշխարհից հեռու է։

 

- «Օրվա մնացորդում», այս գրքում եւս  տեսնում ենք նաեւ աշխարհը ղեկավարող մարդկանց նկրտումները, որոնցից տուժում են հասարակ մարդիկ։

 

- Իշիգորոյին բնորոշ է ներկայացնել՝ ինչպես է աշխարհի խաղը անդրադառնում մարդու վրա։ Հիմա ես թարգմանում եմ Իշիգուրոյի «Երբ մենք որբ էինք» գիրքը։ Այս գրքում մարդը փորձում է ինչ-որ բան փոխել, բայց, մեծ հաշվով, տեսնում ենք, որ մեծ պատկերի մեջ շատ բան չի փոխվում, այսինքն՝ փոքր հաղթանակները, գուցե մարդու համար կարեւոր են, սակայն մեծ կտավի մեջ մնում են գրեթե աննկատ։

 

- Թարգմանության ընթացքն ինչպիսի՞ն էր։

 

- Թվում էր՝ հեշտ թարգմանություն է, բայց իրականում այդպես չէ։ Երբ ստեղծագործությունը հետ է գնում, մտնում է անցյալի մեջ, թարգմանիչը կարծես ինքն էլ հետ է գնում տեքստի մեջ, փորձում է սյուժեն նորից պատկերացնել. հնարավոր է թարգմանության մեջ նախորդ տեսարանում ինչ-որ բան մի փոքր այլ պետք է լիներ։ Սա դրդում է անընդհատ վերանայելու-վերախմբագրելու թարգմանությունը։ Այդ իմաստով մի փոքր մարտահրավեր կար, մյուս կողմից, լեզուն թվում է պարզ, բայց այդպես չէ։ Իշիգուրոն ընդգծված անգլիական բարձր ոճով է գրում, ու եթե խայծը կուլ տաս, քեզ թվա՝ հանգիստ լեզու է ու սկսես պարզապես թարգմանել, մի կետ կարող է գալ, որ կթվա՝ ուղղակի շարադրություն ես գրում։ Ես փորձում էի տեմպը, ռիթմը, շարադասությունը (անգլերենի եւ հայերենի շարադասության բոլոր կանոնները հաշվի առնելով) հնարավորինս պահպանել, որ փոխանցեմ մթնոլորտը։

Լուսանկարը` «Զանգակ» հարատարակչություն

Ընդհանրապես, Իշիգուրոյի վեպերին հատուկ է մթնոլորտի, միջավայրի ստեղծումը, եթե չկարողանաս դա փոխանցել, կենտրոնանաս միայն դեպքերը նկարագրելու վրա, կձախողես գործը։ Մնացած առումով հետաքրքիր աշխատանք էր ու հաճելի էր թարգմանելը։

 

- Վերնագրի մասին ի՞նչ կասեք։

 

- Սովորաբար վերնագրերը մի քիչ առանձին պատմություն են ունենում։ Այս դեպքում էլ կար այդպիսի փոքր պատմություն։ Never Let Me Go․ բավական պոետիկ վերնագիր է, պետք է փորձեի հայերենում էլ արտահայտել պոետականությունը, բայց գրքում հղում է արվում երգին, որով էլ գիրքը վերնագրված է։ Պետք էր թարգմանել այնպես, ինչպես կթարգմանվեր նաեւ երգի պարագայում։ Երգում «baby» բառը վերաբերում է սիրելին, գրքում փոքրիկ երեխայի իմաստով է, պետք էր վերնագիրն այնպես թարգմանել, որ վերաբերվեր երեխային, միեւնույն ժամանակ երգից էլ շատ չհեռանայինք, չդառնար օրորոցային, քանի որ երգը սիրային է։ Այդ նուրբ արանքը պետք էր ճիշտ կամրջել։ Ինձ թվում է՝ հաջողվել է։ Խոսուն ու հետաքրքիր վերնագիր է։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին