«Զանգակ» հրատարակչությունը ներկայացնում է հայ արձակի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկը համարվող Հակոբ Մնձուրու (1886-1978) երկերի երկհատորյակը։ Պոլսահայ մեծ գրողի ամբողջական գրական ժառանգությունը Հայաստանում տպագրվում է առաջին անգամ։
Երկերի առաջին հատորում ընդգրկված է Հակոբ Մնձուրու երեք հայտնի ժողովածուների («Կապույտ լույս», «Արմտան», «Կռունկ, ուստի՞ կու գաս») 122 պատմվածք եւ այլ նյութեր, որոնք հրատարակվում են առաջին անգամ։ Գիրքը կազմել, ծանոթագրել ու առաջաբանը հեղինակել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։
Լուսանկարը` «Զանգակ»
«Ի՞նչ սկզբունքով եք կազմել ժողովածուն, որի առաջին հատորն արդեն ընթերցողի սեղանին է» հարցն ուղղեցինք Հակոբ Մովսեսին։
- Առաջին հատորը կյանքի օրոք Ստամբուլում հրատարակած նրա երեք ժողովածուներն են, որոնք էլ, ըստ էության, «բուն» Մնձուրին են։ Այդ գրքերից ոչինչ բաց չի թողնվել, տպագրվել են դրանցում առկա բոլոր պատմվածքները եւ խոհագրությունները, նաեւ նրանք, որոնք 1986 թվականին «Սովետական գրող» հրատարակչությամբ լույս ընծայված «Երկեր» ժողովածուում չկան։ Երկհատորյակը նպատակ ունի ներկայացնել արեւմտահայ վերջին մեծ գրողի ողջ ժառանգությունը, միայն թե ասենք, որ դրա մի կարեւորագույն մասը սփռված է պոլսահայ մամուլում եւ գիրք դառնալու բախտին չի արժանացել։
- Ի՞նչ գործեր են ընդգրկվելու երկրորդ հատորում։ 225 պատմվածք, 75 ժամանակագրություն, 12 հեքիաթ․ գրողն այսպես է ներկայացրել իր ստեղծագործական ժառանգությունը։ Շա՞տ են հայաստանյան ընթերցողին անծանոթ գործերը նոր հրատարակությունում։
-Երկրորդ հատորի ողջ նյութը մեր ընթերցողին մեր հրատարակությամբ անծանոթ է. այստեղ են «Տեղեր, ուր ես եղեր եմ» հուշագրությունների սքանչելի գիրքը՝ անցյալ դարասկզբի առաջին կեսի Ստամբուլ-Պոլսի մասին, որը թարգմանված է նաեւ թուրքերեն: Բայց ես կարծում եմ, որ այդ հատորի կորիզը լինելու է «Ժամանակագրություններ» բաժինը, որի նյութը մի երկու-երեք նմուշից բացի միանգամայն անծանոթ է հայ ընթերցողին: Ասում եմ՝ հայ, որովհետեւ դրանք անծանոթ են նաեւ սփյուռքում, այն պատճառով, որ տպագրված լինելով հիմնականում անցյալ դարի կեսերից հետո լույս տեսնող մամուլում՝ այժմ գրեթե մոռացված են: Դրանք եւ՛ պոլսահայ մեր գաղութի կյանքի, եւ՛ իր՝ հեղինակի՝ հասարակական, մշակութային ու գեղագիտական հայացքների կարեւորագույն աղբյուր են: Եթե ավելացնենք նաեւ մինչեւ հիշյալ ժողովածուները հրատարակված նրա ստեղծագործությունները, պատկերը պարզ կլինի:
- Նրա առաջին ժողովածուն՝ «Կապոյտ լոյս», լույս է տեսել 1957 թվականին։ Ինչպես հարկն է չի՞ գնահատվել Մնձուրին։
-Ո՞վ պիտի գնահատեր Ստամբուլի տարեցտարի եւ օրեցօր նոսրացող գաղութում, որի խնդիրը իր գոյությունը մի կերպ պահելն ու պահպանելն էր: Նրա առաջին գնահատողնեըը 70-ական թվականներին Հայաստանից եղան, Վահագն Դավթյանը, Հրանտ Մաթեւոսյանը, իսկ երջանկահիշատակ Սուրեն Նադրյանի վերոհիշյալ ժողովածուն լայն ընթերցողի առջեւ բացեց մի գրողի, որն իր տեսակի, ոճի, նյութի մատուցման, ռիթմերի, լեզվի եւ, ամենակարեւորը, «սրտառուչ ռեալիզմի» մեջ եզակի է: Այս առումով նրա տեղը, անշուշտ, հայ գրականության երեւելի արձակագիրների կողքին է:
- Մնձուրուն մեղադրել են Ցեղասպանության խնդրին չանդրադառնալու համար։ Զգուշավորությա՞ն, թե՞ հոգեբանական մեծ արգելքի հետ է կապված Մնձուրու լռությունը։ Եթե, իհարկե, կորսված ժամանակի, կորսված բնակավայրի ու դրանցում այլեւս չապրող բնակիչների նկարագրությունը լռություն է։
- Ընդհանրապես եթե ճիշտ նայենք, ապա կտեսնենք, որ ողջ սփյուռքահայ գրականությունը մեծ իմաստով փորձեց զերծ մնալ իր գլխին եկած աղետը (սա իրենց բառն է) մատի փաթաթան ու բերանի ճթթացող փուչիկ արվող ծամոն դարձնելուց: Հ. Մնձուրու համար դա լուռ ցավ է, իսկ ցավը հենց լուռ է լինում: Ես նրա ողջ ժառանգության մեջ տեսնում եմ այդ ցավը, իսկ ահա հայ կանանց բռնաբարությունները եւ հայ մանուկների սրախողողությունները մանրամասնորեն նկարագրող վեպերում եւ պոեմներում չեմ տեսնում: Նրա պատմվածքների բոլոր հերոսները նրանք են, ովքեր աքսոր քշվեցին եւ կոտորվեցին:
Հակոբ Մովսեսը
Մնձուրու համար իր գյուղը, ես իմ առաջաբանում գրել եմ, Գողգոթայի վրա խաչ հանվեց, բայց նա գերադասեց գրականության Ձիթենյաց լեռան վրա նրա հարությունը: Սա ավելի բարձր ելակետ է, որը որդեգրեցին Թումանյանը, Տերյանը: Հիշո՞ւմ եք Տերյանի միստիկական տողը. «Եվ խաչյալին մահ չկա»: Մնձուրին թեեւ խաչվածների մեջ էր,- նրա ամբողջ ընտանիքը աքսորվեց եւ սպանվեց,- սակայն գերադասեց հայ ժողովրդի, Հայոցի, երկրի, ոգու, գրականության հարությունը:
- «Ու դեռ անթիվ այնպիսի բաներուն վրա կխոսեր, եւ այնպիսի եղանակով մը, որ ընթերցողները իրենք զիրենք այդ այգիներուն, ձորերուն լեռներուն մեջ կկարծեին, գիտեին, թե հիմա ձեռքով պիտի բռնեին, շոշափեին պատմածները» («Մուտք»): Նա ընթերցողի, գուցե նաեւ հենց ինքն իր համա՞ր է փորձել հավերժացնել, վերստեղծել գյուղական պատկերները, որ այլեւս գոյություն չունեին։
- Այո, նա մեր ամենաբնական Պատկերումն ու Լեզուն ունեցող գրողներից է, այդտեղ նա, անշուշտ, Բակունցի կողքին է: Նա իր նախադասության եւ խոսքի շարահյուսությամբ տպավորություն ստեղծող գրողներից չէ, որոնց մեծարում ես, բայց մինչեւ վերջ չես կարդում: Բորխեսը մի դիտարկում ունի, որը հավասարապես վերաբերում է Մնձուրուն. գրականությունը ոչ միայն պետք է բան ասի, այլեւ այդ բանը հրապուրիչ պետք է ներկայացնի, որպեսզի նրա հետեւից գնաս:
Հակոբ Մնձուրին
Շարահյուսությունն ու շարադասությունը նախադասության թեւերն են, դրանք են նրան թռցնում: Այ, դա է Մնձուրին: Ես նրա պատմվածքներն անգիր գիտեմ, բայց ամեն անգամ դրանք նորից ու նորից եմ կարդում նրա առոգանությունների ու շարահյուսումների վայելքի մեջ մտնելու համար: Ինչ խոսք, ինչպես ամեն գրողի, նրա ստեղծագործություններում էլ կան համեմատաբար ավելի թույլ գործեր, սակայն գրողական արվեստով դրանք հավասար են ուժեղներին: Ա՛յ թե ինչ է մեծ գրողը:
- «Ըստանպոլ» պատմվածքում ամուսնու մոտ՝ Ստամբուլ մեկնող կինը մեծ դժվարությամբ է թողնում իր գյուղը, իր տուն ու տեղը։ Շա՞տ են անուղղակի, տողատակերում թաքնված ակնարկները։
-Ես այդտեղ որեւէ քաղաքական կամ պատմական ակնարկ չեմ տեսնում: Տեսնում եմ գրողական խորունկ մի ափսոսանք, թե մենք ինչպես ենք թողնում մեր գոյության բնականությունը եւ նախնական տրվածություններից ընկնում ձեռք բերովիների մեջ: Ընդհանրապես հայրենիքը Մնձուրու համար միայն հող, ջուր ու տեղանք չէ. այն ոչ միայն մարդու, այլեւ գոյության բնօրրան է, որը մենք կորցնում ենք: Մնձուրու մարդիկ ոչ միայն էթնոսային ծագումնաբանություն ունեն, այլեւ էթոսային. Մեծ Արմտան գյուղը ոչ միայն հայ էթնոսի բնօրրան է, այլեւ հայ էթոսի: Մնձուրու գրականությունը նաեւ այդ էթոսի կորստյան ցավ ու ափսոսանք է:
- Գրողի ստեղծագործությունները ներկայացնելիս գրեթե միշտ հաշվի է առնվում նաեւ նրա ապրած ժամանակաշրջանը, կենսագրությունը։ Մենք ընդգծում ենք՝ Արեւմտյան Հայաստանի վերջին մեծ գրողը։ Եվ սրանում արդեն իսկ ասելիք կա։
-Բնականաբար, միայն թե Ձեր ասածին թույլ տվեք ավելացնեմ մի հանգամանք, որը Մնձուրի կարդալիս ընթերցողը պետք է որդեգրի, որպեսզի նրան չմիացնի հայ գյուղացու չարքաշ կյանքը կամ հայ գյուղի ավանդական բարքերը պատկերող պրիմիտիվներին, որոնց գրածը այդ իսկ պատճառով գյուղական կոլորիտի, կենցաղագրության ու բամբասանքի սահմաններից դուրս չի գալիս: Փոքր Արմտանը ոչ միայն հայ մարդու բնօրրան է, այլեւ Արարչագործության ու Գոյության բնօրրան: Դա, ինչպես կասեր գերմանացի մեծ փիլիսոփան, գոյության տունն է: Սա է, որ նրա ռեալիզմին գոյաբանական լիցք է հաղորդում: Նա, ով Մնձուրուն կկարդա իբրեւ գյուղագրի, կընկնի նույն մոլորության մեջ, ինչ եթե Ֆոլքներին կարդաս իբրեւ իր Յոկնապատոֆի գավառագրի:
- Իսկ եթե խոսենք Մնձուրու արձակի զուտ գեղարվեստական արժանիքների, ոճական առանձնահատկությունների մասին։
-Այդտեղ մի բան կարելի է ասել. բնականություն՝ հենց բնության իմաստով. նախադասություններ կան, որ Արմտան գյուղի ջրերի պես քչքչում են, կան, որ հովի պես փչում են Խառիծագի ձորից, եւ կան, որոնք շողշողում են Կուպուտլուս սարի ուսից գիշերը ժամը 2-ին ծագող Սիրիուս աստղի նման…
-Նրանց գյուղը եղել է Եփրատի ձախ ափին, Մնձուր լեռան դիմաց։ Մնձուր նշանակում է ածխացած, խանձված, մոխրած։ Գուցե նաեւ լեռան անվան նշանակության համար է ընտրել գրողն իր ծածկանունը։
-Գուցե: Ի դեպ, ինձ պատմել են, որ լեռան լանջերի ուխտատեղիները մինչեւ այսօր ուխտատեղի են տեղաբնակների համար:
- Ի՞նչ կտա գիրքը մերօրյա ընթերցողին։
- Ես չգիտեմ՝ մերօրյա ասելով ինչ նկատի ունեք՝ լավ բան, թե վատ բան... Ուստի թույլ տվեք ես այդ մակդիրը հանեմ եւ ասեմ, թե ինչ կտա Մնձուրու գիրքը ընթերցողին. բերկրանք, գրականության հետ առնչվելու մեծ բերկրանք…
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: