Թոմաս Վուլֆի քսանութ պատմվածքները՝ Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ, ամբողջացել են «Հեռավորն ու մոտիկը» վերնագրով ժողովածուում։ Պատմվածքները հայերեն ներկայացվում են առաջին անգամ։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։
Մեդիամաքսը զրուցել է Վարդան Ֆերեշեթյանի հետ:
-Ի՞նչ սկզբունքով եք կազմել գիրքը։ Ինչպիսի՞ն էր թարգմանության ընթացքը։
-Աշխատել եմ Թոմաս Վուլֆի պատմվածքները ներկայացնել իրենց ողջ բազմազանությամբ եւ տարատեսակ կողմերով։ Ինչ վերաբերում է թարգմանության ընթացքին, ապա ամենակարեւոր բաներից մեկը Թոմաս Վուլֆին մշտապես ուղեկցող մեղեդին որսալն է եւ նրա արձակի յուրօրինակ ռիթմը պահելը։
-Վուլֆը առավել հայտնի է իր ինքնակենսագրական վեպերով, ինչո՞վ են առանձնանում պատմվածքները, կա՞ն ինքնակենսագրական տարրեր։
-Վուլֆը, ըստ երեւույթին, առաջինն է ամերիկացի արձակագիրներից, որ 20-րդ դարում անդրադարձավ առասպելի խնդրին՝ որպես գոյության ձեւ, որը համատեղում է վերջավորն ու անսահմանը ծայրաստիճան զգայական ու անպարագրելի պատկերներում: Սա է պատճառը, որ նա իր «Մի վեպի պատմություն» էսսեում այդքան մանրամասն նկարագրեց «Հոր» որոնումը՝ որպես արարչական սկիզբ: Երբ նրա իսկապես աներեւակայելի հիշողությունն արթնանում էր՝ մեծ թվով ցրված դիտարկումներ սկսում էին գոյավորել անտրոհելի եւ միասնական կյանքի մեղեդին։ Անցյալը վերականգնող հիշողության պարգեւ «հավերժական հիմա»-ում, իր ժառանգության նկատմամբ զգայուն մարդու ճակատագրում ծնվում էր ասես ողջ մարդկային տոհմի գենետիկ պատմությունը։ Եվ այստեղից է սերում Ֆոլքների հիշատակած՝ Վուլֆի մարդկային սրտի ողջ փորձառությունը գրչածայրի վրա կենտրոնացնելու անհագ ձգտումը։ Եվ ինչն էլ հենց ստիպում էր Վուլֆին իր նոթատետրերից մեկում գրել․ «Եվ հետո ես զգացի, որ պետք է գտնեմ մի լեզու, որը կարտահայտի այն, ինչ ես գիտեի, բայց անկարող էի ասել»։
Վերջին հիսուն տարում Թոմաս Վուլֆի պատմվածքները չեն գտել իրենց արժանի քննադատներին՝մասամբ այն պատճառով, որ նրա պատմվածքները միայն 1987 թվականին են ժողովվել ամբողջական հրատարակության մեջ: Մինչեւ Ֆրենսիս Սքիփի կազմած եւ հրատարակած՝ Թոմաս Վուլֆի պատմվածքների լիակատար հավաքածուն, Վուլֆի հիսունութ պատմվածքները ամբողջական չէին ներկայացվել։ Այս պատմվածքների ուսումնասիրությունը նոր լույս է սփռում քննադատական հակասությունների վրա, որոնք ի սկզբանե հետապնդում էին Վուլֆին եւ նրա գեղարվեստական գրականությանը: Հիմնականում կենտրոնանալով Վուլֆի վեպերի վրա՝ տարիների ընթացքում շատ քննադատներ նրան մեղադրում էին գեղարվեստական որեւէ ձեւի բացակայության մեջ, ինչը նրանց կարճատեսության, այլ ոչ թե Վուլֆի թերացման արդյունքն էր։ Նրանք պնդում էին, որ նա, հավանաբար, գրել է մի քանի հուզիչ տեսարաններ եւ հիշարժան կերպարների էսքիզներ, բայց ի վիճակի չէր ստեղծել վերահսկվող, միասնական ստեղծագործություն:
Լուսանկարը` «Էդիթ Պրինտ»
Պատմվածքների ընթերցումը եւ վերլուծությունը ցույց են տալիս, որ այս քննադատական կարծրատիպը, մեղմ ասած, անարդար է: Վուլֆը գրել է բազմաթիվ ամբողջական, գեղարվեստորեն կուռ եւ նրբահյուս պատմվածքներ: Բացի ավելի ավանդական ձեւով գրված պատմություններից, նրա որոշ պատմվածքներ, որ կարող են թվալ «անձեւ», իրականում համապատասխանում են «մոդեռնիստական» կամ նույնիսկ «պոստմոդեռնիստական» ոճին։ Այս պատմություններում մերժվում է ավանդական սյուժետային կառուցվածքը՝ հօգուտ այլընտրանքային կամ նույնիսկ անտեսանելի քնարական խորաթափանցության շեշտադրման։ Վուլֆի ստեղծագործությունը շրջապատող ամենակարեւոր հակասություններից մեկը ինքնակենսագրության օգտագործումն է։ Որոշ քննադատներ Վուլֆին մեղադրում էին, որ նա ի վիճակի չէ այլ բան գրել, քան ինքնակենսագրական պատմությունները։ Այնուամենայնիվ, նրա պատմություններից մի քանիսը ցույց են տալիս ավելի փորձարարական մոտեցում․ օգտագործվում է կանանց եւ այլ պատմողների պատմություններ, որոնց կյանքը շատ տարբեր է հեղինակի կյանքից: Թոմաս Վուլֆի պատմվածքները ցույց են տալիս, որ նա ավելի բազմաշերտ եւ խորունկ հեղինակ է, քան ներկայացվում կամ ընկալվում էր։
-Սենյակի, հագուստի, ուտելիքի, խմիչքի, սիրո չափումները չեն համապատասխանում Գուլիվերի չափումներին։ Աշխարհը, որում նա ապրում է, տարօրինակ է ու մենավոր։ Բարձրահասակ մարդու պատմությունը՝ «Գուլիվերը», անհատի մենակությա՞ն մասին է։
-«Սա իմ կյանքն է, եւ դրանից ազատվելու միակ միջոցն այն ամբողջությամբ ապրելն է»․ գրում էր Վուլֆն իր նոթատետրերից մեկում։ Եվ Վուլֆի այդ անկասելի մղումն ու անհագ քաղցն ու ծարավը, ինչպես նաեւ Գուլիվերի կերպարանքը, ինչի մասին բազմիցս գրվել է, բնականաբար խրտնեցնում էր մշտապես «Լիլիպուտիայում» ապրող տարակուսած բնակիչներին եւ խորացնում էր նրա մենությունը։ Կերպարը, որը չի թույլատրում խուսափել նրա մարմնի առթած օպտիկական էֆեկտից, ակամա նմուշ է դառնում Վուլֆի համար, որ այնքան անհագ էր իրականության չափումներում եւ գիտեր, որ ժամանակը իրերի եւ փորձառությունների ամբար չէ, այլ՝ պատառոտող կենդանի, ագահ անդունդ, այն միակ իրական բանն է՝ վաղանցուկ գոյությունը։ Կյանքին մոտենալով այսպիսի անհագ պահանջով, այն սեղմվում է նրա ձեռքերի տակ, եւ հուսահատ հսկան կամ տվյալ դեպքում՝ Գուլիվերը, ձգտում է շունչ հաղորդել այն ամենին, ինչ իր հասանելիության սահմաններում է, իսկ հաճախ նաեւ իր հասանելիության սահմաններից դուրս։ Եվ ամեն անգամ նորից նոր նա վերսկսում է Նիկողոս Սարաֆեանի հիշատակած «Անջրպետի մը գրավումը»։
-Կինն ու տարօրինակ երկրամասը շատ մոտ էին «Հեռավորն ու մոտիկը» պատմվածքի հերոսին, բայց նա այդպես էլ չզննեց, չհասկացավ․․․ առմիշտ կորցրեց այդ ամենի կախարդանքը։ Գուցե կյանքը ստիպում է ընտրությո՞ւն կատարել իրականության ու երազանքի միջեւ։ Կամ մեզ անվերջ է թվում կյանքի ընթացքն այնքան ժամանակ, քանի դեռ այն չի մոտեցել իր վերջին։
-Կան եզակի գրողներ, որոնց հանճարն օգնում է նրանց ստեղծել իսկապես զարմանալի գործեր, որոնք հազվադեպ են անտարբեր թողնում ընթերցողին: Նման գլուխգործոցներից է Թոմաս Վուլֆի «Հեռավորն ու մոտիկը» պատմվածքը։ Կարդալով այս կարճ պատմվածքը՝ մարդը կարող է տարբեր հույզեր եւ մտածմունքներ ապրել այն հարցերի եւ գաղափարների մասին, որոնք նախկինում երբեք չի էլ դիտարկել: Ցավոք սրտի, ամեն ինչ չէ, որ հեռվում գեղեցիկ ու կատարյալ է թվում, իրականում հենց այդպիսին է։ Երբ ինչ-որ բան հեռավոր է, գուցե ավելի լավ է, այն թողնել այնտեղ եւ երբեք ավելի մոտիկից չդիտարկել, որպեսզի չփչացնես նախնական տպավորությունը կամ դրա առթած պատրանքը: Փոքրիկ տունը եւ երկու ձեռքերը աշխույժ թափահարող կանայք հույսի մարմնացում էին, գեղեցիկ եւ հարատեւ մի բան, մի բան, որը վեր է ամենայն փոփոխությունից եւ ոչնչացումից, եւ մի բան, որը միշտ թվում է անփոփոխ կլինի: Այնուամենայնիվ, մոտիկից կանայք հանկարծ թվում են կասկածելի, վանող, անհաշտ եւ նույնիսկ թշնամական: Անհնար է կռահել, թե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան նույնքան լավն է, որքան հեռվում է երեւում, եւ երբեմն ավելի լավ է անգիտության մեջ մնալ, բայց հույսով:
«Հեռավորն ու մոտիկը» պատմվածքի տրամադրությունը նույնպես միանգամայն փոփոխական է։ Մռայլ հույսը, ըստ երեւույթին, կտրուկ հակադրվում է խանդավառ պատկերներին եւ անպատասխան հարցերի շարքին: Պատմությունը սկզբում կարող է զվարճալի թվալ, քանի որ դրանում կա մի մարդ, ով ունի անկեղծ եւ բարի ավանդույթներ, որոնք նրան հույս են տալիս: Սակայն տող առ տող տրամադրությունը փոխվում եւ դառնում է ավելի մռայլ, անուրախ ու հուսահատ, եւ ընթերցողներին սկսում է թվալ, թե ծերունին շփոթահար է։ Նա դառը կորուստ եւ վիշտ է ապրում ՝ գիտակցելով, որ այն ամենը, ինչ նա մտածում էր կարոտով ձեռքերը թափահարող երկու կանանց մասին, սխալ է, եւ նրանց կերպարը հազարավոր կտորների է տրոհվում: Սա կարող է տարօրինակ թվալ, բայց ընթերցողները հասկանում են, թե ինչու է ծերունին հանկարծ զգում, որ այս աշխարհի ողջ հույսը, քաջությունը, անկեղծությունը, բերկրանքն ու բարությունը անհետում են, եւ պատմվածքի տրամադրությունը միաձուլվում է նրա մեջ հետզհետե բուն դրած հուսահատությանն ու կորստին։
-«Այժմ ես ոչ մի տեղ չեմ գնում։ Ամենուր միեւնույն բանն է։ ․․․Դաշտերը, բլուրները, լեռները, խութերը, քաղաքները, ժողովուրդները»։ «Մութ անտառում, տարօրինակ, ինչպես ժամանակը» պատմվածքից է մեջբերումը։ «Վերադարձ»-ի հերոսը, տուն դառնալով, գրեթե նույն զգացողությունն է ունենում․ թվում է՝ ամեն բան սաստիկ փոխվել է, բայց իրականում փոխվել են միայն մակերեսները, ձեւերը։ Ի՞նչ են պատկերում այս «ճամփորդությունները»։
-«Մութ անտառում տարօրինակ, ինչպես ժամանակը» հանդիպման պատմություն է, որն իրականում նախկինում եղել է, բայց, իհարկե, այստեղ նորից վերստեղծվել է յուրովի: Իրական հանդիպումը տեղի է ունեցել 1926-ի դեկտեմբերին Գերմանիայի հարավում գտնվող գնացքում, այնուհետեւ Վուլֆը մի քանի տող է գրել նոթատետրում: Եվ 1933-ին նա վերադարձավ այս պատմությանը՝ նկարագրելով Մյունխենի երկաթուղային կայարանում ամբոխի ժխորը, կոպիտ ձայներն ու կատակները՝ կենաց աղմուկը: Սա պատմության սկիզբն է, իսկ վերջում ՝ գերմանական մութ անտառները, Ալպերի լռությունը։ Եվ դեպի Ալպեր գնացող գնացքի կուպեում, մի հանգիստ զրույց իմաստուն հարեւանի՝ հրեայի հետ, որի մեջ կյանքը մարում է։ Եվ այդ խոսակցությունը Վուլֆը ուրվագծեց տարիներ անց: Նրանք կապ ունեն, հարեւանը լիովին հասկանում է ամերիկացու հուզմունքը, նա կանխատեսում է, որ այն նրան տուն կբերի, եւ մի դաշտը, մի գետը, հայրենի վայրերը բավարար կլինեն ամենը կրկին վերապրելու համար: Սա սրում է մարդկային կյանքի երկու շրջանների եւ տարակերպ աշխարընկալումների հակադրությունը: Եվ թռչող գնացքի խցիկում ամբողջ կարճատեւ զրույցը ծերության եւ երիտասարդության ամենաուժեղ հանդիպումներից մեկն է: Իսկ «Վերադարձը», թերեւս, գնացքի կուպեի հարեւանի կանխատեսած նորօրյա Ոդիսեւսի տունդարձի պատմությունն է՝ նախածին վավերականության անհատնելի բանաստեղծականության եւ այլակերպ իրականության փոխներհյուսումով, որից հետո պիտի ծնվի Թոմաս Վուլֆի «Տունդարձ չկա» վերջին վեպը։
-«Փառքն ու բանաստեղծը» պատմվածքում փառքը երիտասարդ աղջիկ է, որ չի վարանում ասել (ըստ երեւույթին՝ շատերին) «դու միակն ես, որին ես իսկապես սիրել եմ»։ Ի դեպ, «Էդիթ Պրինտը» վերջերս տպագրել էր Սարամագուի «Մահվան ընդհատումները», որտեղ մահն էր կնոջ կերպարանք ստացել։
-«Փառքն ու բանաստեղծը» տարածված «Պոետն ու մուսան» թեմայի վուլֆյան յուրատեսակ այլացումներից մեկն է՝ իր փոքր ինչ զավեշտական եւ հեգնական տարրերով, որտեղ առկա է նաեւ ծեծված կլիշեներից խուսափելու ձգտումը, որ համեմված է նրբին հումորով եւ կատարման թեթեւությամբ եւ գրոտեսկային շեշտադրումներով։
-«Վագրի երեխան» կյանքի նողկալի, անարտահայտելի, ատելի կողմն է ներկայացնում։ Վագր-երեխան նեգր էր․․․ Նա հենց այդպես էլ գրում է՝ նեգր, ոչ թե սեւամորթ։
-Բլեյքի «Վագր» բանաստեղծության առաջնատողերը, որ Վուլֆն ընտրել է որպես իր այս պատմվածքի նախաբան, ինչպես նաեւ հղումները «Աստվածաշնչի» որոշ տողերին, ընթերցողին նախապատրաստում են հետագա մռայլ պատկերներին։ Բլեյքի բանաստեղծության վառ խոսքերը օգտագործվում են որպես «վագրի երեխան» պատմվածքի հիմնական թեմաներ, ներառյալ մթության, ստվերների, վախի և վագրի հրացայտ աչքի պատկերները, որոնք հայտնվում են տարբեր մասերում։ Ինչ է մարդու բնությունը եւ որոնք են նրա ունակություններն ինչպես բարու, այնպես էլ չարի համար: Դիք Փրոսերը սկզբում ներկայացվում է որպես խորապես կրոնական, մեղմ եւ բազմակողմանի շնորհալի անձնավորություն: Գրեթե անմիջապես պատմության մեջ Վուլֆը սկսում է հաջորդաբար նշել, որ Դիքն իր բնույթով շատ նման է կատվի ՝ վկայակոչելով նրա խորամանկությունը, արագությունն ու ճարպկությունը։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Բլեյքի բանաստեղծության մեջ պատկերված վագրը խորհրդանշում է նաեւ Դիքին։ Վուլֆը մանրակրկիտ զարգացնում է Դիքի կերպարը պատմության մեջ։ Պատմության սկզբում ճշգրիտ նկարագրում է Դիքի գործողությունները։ Վուլֆը պատկերում է ամեն ինչ՝ սկսած Դիքի շարժումներից եւ վերջացրած նրա խոսքով։ Բացի այդ, Դիքը պատկերված է որպես ազնիվ, աշխատասեր եւ հատկապես տաղանդավոր մարդ։ Վուլֆն այս ամենն անում է մի պարզ պատճառով՝ ցույց տալու համար, որ ցանկացած մարդ կարող է չարանալ՝ անկախ այն բանից, թե որքան խելացի, ազնիվ կամ աշխատասեր է նա: Առանց Դիքի լավ հատկանիշների նկարագրության (նախքան նրա վայրագության մեջ ընկնելը)՝ պատմությունն իմաստ չէր ունենա եւ պարզապես խենթ մարդու պատմություն կլիներ: Այնուամենայնիվ, Վուլֆի նուրբ անցումների շնորհիվ ընթերցողը տեսնում է, թե ինչպես անմեղ եւ արդարակյաց մարդը կարող է փոխակերպվել եւ դաժանանալ:
1937 թվականին գրված «Վագրի երեխան» պատմվածքը նաեւ տագնապալի գեղարվեստական հաշվետվություն է ռասիզմի եւ մարդու անմարդկայնության հետեւանքների մասին։ Դիք Փրոսերը Շեփերթընների նեգր ծառան է («նեգր» բառը պատմվածքում քանիցս հատուկ շեշտված է), սպիտակամորթ ընտանիքում, որը պատկանում է միջին խավի վերնախավին, եւ պատմողը եւ մյուս տղաները շատ են հիանում նրանով: Չնայած Դիքը տղաների դաստիարակն է, բայց նա ստիպված է մշտապես ճնշել իր՝ թերեւս բազմամյա ռասիզմով հրահրված մթին էությունը, որը ծավալվելով՝ հիմնովին ավերում է նրան։ Դիքին սկսում են հետապնդել սպանությունները։ Նա մոլեգնում է ՝ անխտիր կրակելով սպիտակամորթ ոստիկանների եւ այլ սեւամորթների վրա: Նրա դաժանությունը արթնացնում է քաղաքաբնակների ամբոխի արյունռուշտ կիրքը, ովքեր դաժանորեն դատում են Դիքին՝ կրակելով նրա վրա ավելի քան երեք հարյուր անգամ, նախքան նրա այլանդակված մարմինը քաղաքային դիահերձարանի ցուցափեղկում կախելը: Համայնքն ասես հավերժացնում է ռասիզմի չարիքը: Մինչ ամբոխը պահանջում է Դիքի արյունը, քաղաքապետը եւ Հյու Մաքնեյր անունով մի մարդ փորձում են հանգստացնել նրանց։ Ազնվական եւ «լինքոլնական» Մաքնեյրը մարմնավորում է այն բարիքը, որը քաղաքակրթությունը բերել է մարդկային կյանք՝ փորձելով զսպել կենդանական ատելությունը: Վուլֆը օգտագործում է Ջոժեֆ Քոնրադի «խավարի սիրտը» վիպակի ակնարկը՝ այս հայեցակարգը ամրապնդելու համար։ «Խավարի սրտում» գլխավոր հերոսի ճանապարհորդությունը դեպի ամենամութ Կոնգո ուղեկցվում է խելագարության եւ անմարդկայնության մեջ ընկնելով։ Երբ քաղաքակրթության մեղմացնող ազդեցությունը հետ է մնում՝ կամ երկրի մութ ու անմարդկային անկյուններում ճանապարհորդելիս, կամ ամբոխի կառավարման խելագարության մեջ, ազատվում է մարդու ներքին չարիքը: Վուլֆի խոստովանությունը, որ քաղաքակրթությունը կարող է եւ նվազագույնի հասցնել, եւ բազմապատկել մարդկային դաժանությունը, եւս մեկ անգամ ցույց է տալիս չարի հաճախ երկիմաստ բնույթը։
-«Չիկամոգա» պատմվածքում «ամենաարյունալի մարտի» մասին գրում է․ «մայրամուտը կարմրել էր արյունից, եւ չէր մնացել մի ճյուղ, որի վրա կարող էր թառել ճնճղուկը»։ Ամենաարյունալի պատերազմների ականատեսն ենք նաեւ այսօր։ Այսօր եւ միշտ դու կարող ես սիրել կյանքը, բայց ապրելը միշտ չէ, որ քո ընտրությունն է։
-Ամբրոս Բիրսի նույնանուն պատմվածքից հետո, Թոմաս Վուլֆի «Չիկամոգա»-ն քաղաքացիական պատերազմի թեմայով ամենաազդեցիկ պատմվածքներից մեկն է, որտեղ Վուլֆը գիտակցորեն օգտագործել եւ միախառնել է բազում ոճեր։ Զարգացնելով թեման նա այստեղ գտել է մի ձեւ, որ շատ հաճախ փորձարարական է, եւ ինչը լավագույնս արտահայտում է պատերազմին ուղեկցող հանկարծական անցումներն ու հակադրությունները։ Համատարած սփռված «պատերազմի դեմքի» ֆոնին հայտնվում են վարպետորեն արված երկխոսություններն ու ամենադաժան նկարագրությունների հետ համընթաց ծնվող բանաստեղծական հատվածները, ինչն ասես ավելի է շեշտում պատերազմի սահմռկելիությունը։
- «Նա ստեղծում է տիեզերքի պատմությունը, նա ուղղորդում է ժողովուրդների ճակատագրերը, բայց նա չգիտի իր իսկ պատմությունը, եւ նա չի կարող ղեկավարել իր սեփական ճակատագիրն արժանապատվությամբ կամ իմաստնությամբ տասը րոպե շարունակ»։ Կարո՞ղ ենք ասել, որ մարդու «անատոմիայի» վուլֆյան բանաձեւումը շարունակվում է «Այսպիսով, սա տղամարդ է» գործում։
-Այս հարցի լավագույն պատասխանը հենց Վուլֆի «Մենության անատոմիան» խոհագրություն-պատմվածքն է, ինչպես նաեւ դրա այլացումներից մեկը «Աստծո մենակը»։ Իսկ «Այսպիսով, սա տղամարդ է» պատմվածքում կրկին արտահայտվում է նաեւ Գուլիվերի մենության անատոմիան։
-«Ժամը երեքին» պատմվածքում ասում է․ « Ամեն ինչ սովորական եւ ծանոթ է, ինչպես իմ շնչառությունը, ամեն ինչ պատահական է, ինչպես կույր դիպվածի թելերը, բայց ինչ-որ կերպ կանխորոշված է ինչպես ճակատագիրը․․․»։ Դարձյալ երեւույթների անխուսափելիության մասին է։ Գրքում տեղ գտած պատմվածքները կարծես փոխլրացնում են իրար։
-Վուլֆի թե՛ պատմվածքներում, թե՛ վեպերում մշտապես առկա են միմյանց ագուցված թե կույր դիպվածի թելերը, եւ թե կանխորոշված ճակատագիրը։ Ամենայն ինչ տարակերպ ընթանալով պատմում է մեզ ժամանակի եւ գետի մասին՝ իր ողջ հեղհեղուկությամբ, հոսքով եւ խորությամբ։ Ինչ վերաբերում է փոխլրացնելուն, ապա դրանք միասնաբար խճանկարն ավելի ամբողջական են դարձնում եւ օգնում են հասկանալ Վուլֆի բազմակողմանիությունը։
-Վերադառնանք գրքում տեղ գտած առաջին պատմվածքին․ բարձրահասակ մարդը կարծես չի կորցնում «հավատն առ մարդ, համոզվածությունն առ նախնական մարդկային բարությունը»․․․
-Չնայած բարձրահասակ մարդու մեջ բուն դրած մենությանն ու հետզհետե խորացող խորթացմանը, Վուլֆը, իր հոգեղբայր Դիլըն Թոմասի պես (որը ծնվեց նույն շրջանում, ինչ Թոմաս Վուլֆը եւ մահացավ համարյա նույն տարիքում), ասես մշտապես ասում էր․
Հեշտ մի գնա դեպի գիշերն այդ բարի,
Դու մոլեգնիր, որ այս լույսը չմարի։
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: