Ամերիկացի մանկական արձակագիր Քեյթ ԴիՔամիլոյի «Էդուարդ Թյուլեյնի զարմանալի ճանապարհորդությունը» գրքի հերոսը հարմարավետ, տաքուկ անկյունից հայտվում է օվկիանոսի հատակին՝ ապրելով իր կյանքի ամենաանկեղծ ու իրական զգացումը՝ վախը։
Քեյթ ԴիՔամիլոն հայերեն ներկայացվում է առաջին անգամ։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը՝ Անի Համբարձումյանի թարգմանությամբ։ ԱՄՆ գրականության ամենահեղինակավոր մրցանակներին արժանացած մանկագրի ու նրա հերոսի զարմանալի ճանապարհորդության մասին զրուցել ենք Անի Համբարձումյանի հետ։
- Լոնդոնի դպրոցներում երեխաներն ընթացիկ դասերը սովորում են գեղարվեստական գրքերի հիման վրա (դասագիրք չկա)։ Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ տանն էի, մասնակցում էի աղջկաս դասապատրաստումներին, եւ ինձ գրավեց Թյուլեյնի պատմությունը։ Քանի որ ժամանակ կար, գիրքն էլ հավանել էի, մտածեցի՝ ինչո՞ւ հայ ընթերցողը հնարավորություն չունենա կարդալու այն։
-Հեղինակի հետ փորձե՞լ եք կապ հաստատել, գուցե գրքի հետ կապված հարցեր տալ։
-Անպայման կուզեմ կապ հաստատել՝ որպես թարգմանիչ եւ իր գրքերով հետաքրքրվող անձ։ Քեյթ ԴիՔամիլոն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար գրառումներ է անում։ Երեխաները նամակներ են գրում նրան, նկարում են գրքերի հերոսներին, եւ մանկագիրն անպայման այդ ամենը ներկայացնում է հանրությանը։
Լուսանկարը` «Զանգակ»
Ինքս ոչ թե գրքի, այլ գրելու մասով կուզեի հարցնել՝ որտեղի՞ց է գտնում իր հերոսներին, ինչպե՞ս է զգում, որ այս կամ այն պատմությունը կամ հերոսը կգրավի ընթերցողին։
-ԴիՔամիլոյի ստեղծագործությունների կերպարների մեծ մասը կենդանիներ են։ Էդուարդ Թյուլեյնը սովորական ճագար չէ, այլ ճենապակյա։ Գուցե խորհո՞ւրդ ունի ճենապակին… նուրբ է, շուտ կոտրվող։
-Գիրքը նախապատմություն ունի։ ԴիՔամիլոն փոքր հասակում ճենապակյա ճագար է նվեր ստացել եւ անտեսել է նրան (դրել է մի աթոռի վրա, մոռացել), մինչեւ որ մի օր երազ է տեսել՝ ինչպես է ճագարը հայտնվել օվկիանոսի հատակին՝ մոլորված սպասելով, թե երբ իրեն կգտնեն։ Կամաց-կամաց ծնվել է գաղափարը եւ «Էդուարդ Թյուլեյնի զարմանալի ճանապարհորդությունը» գիրքը։
Այս գիրքը կարեկցանքի, լսելու, սիրելու մասին է, եւ ճագարի ճենապակյա լինելն ավելի է ամրապնդում այն միտքը, որ պետք է զգույշ վերաբերվել մերձավորներին։ Մարդիկ ճենապակյա չեն, իհարկե, բայց խոցելի են, զգայուն, անզգույշ արարքից, խոսքից կարող են վիրավորվել, «կոտրվել»։
-Կարո՞ղ ենք ասել, որ մոլորված ճագարի ճամփորդությամբ՝ հեղինակը երեխաներին նախապատրաստում է այն ամենին, ինչին կարող է մարդը պատահել իր կյանքի ընթացքում։
-Ոչ միայն նախապատրաստում է։ Կարծում եմ՝ գրքով կհետաքրքրվեն 7-11 տարեկան երեխաները, որոնք արդեն որոշակի ճանապարհ են անցել՝ մանկապարտեզից դպրոց, գուցե տնից տուն են տեղափոխվել, գյուղից քաղաք, կամ մի այլ վայր։ Ճագարի օրինակով պետք է հասկանան, որ վախերը, անվստահությունը, որ ինչ-որ պահերի ունեցել են, բնական է ու ընդհանուր է բոլորի համար։
Լուսանկարը` անձնական արխիվ
Գրքի հիմնական ասելիքն այն է, որ կյանքը չի սկսում ու վերջանում միայն քեզանով, միշտ քո կամքից անկախ կարող ես հայտնվել տարբեր իրավիճակներում, եթե ունենաս համբերություն ու կարեկցանք, ցանկացած դժվարություն կդառնա հաղթահարելի, ավելին՝ կկոփի քեզ, որ պատրաստ լինես հաջորդ փորձությանը։
-Ամենաանտանելի բանը, որ ապրում է ճագարը, մենակությունն է։ Անգամ աստղերն են ծաղրում նրան, որ վերեւում համատեղություններով միասին են, իսկ նա ներքեւում մենակ է։ Թերեւս այս պատմությունը սրտամոտ է նաեւ մեծահասակներին։
-Գիրքը ընթերցելիս չենք մտածում՝ ի՜նչ մանկական գիրք է, մի կողմ դնենք։ Մեծահասակն էլ, կարծում եմ, մի շնչով կարդում է։ Որովհետեւ ինքներս մեզ ենք տեսնում ու հասկանում ենք, որ մարդ չի կարող երջանիկ լինել, եթե պարփակված է ինքն իր ներսում։ Համացանցային դարում ամեն մեկս մեր ուրույն մենակությանն ենք դատապարտված, սակայն մարդկային շփումներն ու սերն է, որ ամեն մեկիս ճամփորդությունը դարձնում է ավելի հետաքրքիր ու գունավոր։ Ճագարի օրինակով տեսնում ենք, որ փոփոխությունները, որոնց հանդիպում է, դուր գալիս են նրան, թե ոչ, ի վերջո, հասցնում են ինչ- որ կետի, որտեղ ինքը լիարժեք երջանիկ է զգում։
-Փոքրիկ Նաթալին տիկնիկագործի խանութից ընտրում է ծեր տիկնիկին։ Սրանով հեղինակը մարդասիրության օրինա՞կ է ցույց տալիս։
-Մարդասիրությունը ոչ միայն այս օրինակով, բոլոր հատվածներում է ուսուցանում։ էդուարդը սկզբում խնամված, սիրուն ճագար էր։ Օվկիանոսի հատակից կամ աղբանոցից, սակայն, նրան գտնում են՝ քրքրված հագուստով, անհրապույր, բայց դեն չեն նետում, այլ սիրում են, փայփայում։ Ծեր տիկնիկի օրինակով միգուցե հեղինակը առաջ է քաշել մեծահասակներին սիրելու, հարգելու, հոգ տանելու գիծը։ Ծեր տիկնիկն ինքն էլ սպասում էր՝ ո՞վ է լինելու իր հաջորդ տիրուհին, որ նորից կսիրի իրեն, նա նույնպես պատրաստ էր բացել սիրտը, սիրել ու սիրվել։
-«Եթե սիրելու կամ սիրվելու մտադրություն չունես, ապա ողջ ճամփորդությունն անիմաստ է»։ Ի վերջո, այս ամենը պատահեց, որովհետեւ ճագարը չգիտեր սիրել։
-Այո, առհասարակ ոչինչ չգիտեր, միայն ինքն իր արտացոլանքն էր տեսնում ճաշասենյակի մուգ պատուհաններից ու զմայլվում իր կատարելությամբ։ Բայց այս փոփոխությունների արդյունքում Թյուլեյնը սկսեց սիրել մարդկանց, լսել նրանց պատմությունները, գնահատել ունեցածը, ինչը հանգուցալուծվում է հիվանդ աղջկա հանդեպ խորը սիրով ու նվիրվածությամբ։
-Հարցազրույցներից մեկի ժամանակ մանկագիրն ասել է, որ երբ անհնարը վերածվում է հնարավորի, դա կախարդանք է… Ի՞նչն է այս գրքում անհնար, ինչո՞վ է գրավելու փոքրիկ ընթերցողին։
- Սա Հարրի Փոթեր չէ, գիրք չէ, որտեղ փայտիկով կարող եք սարեր շարժել։ Միակ կախարդանքն այն է, որ գլխավոր հերոսը կենդանի էակ չէ, խաղալիք է, բայց ունի իր ներաշխարհը, կարողանում է մտածել, զգալ։ Մնացած ամեն ինչը, որ շուրջը կատարվում էր, նույն կերպ կարող էր կատարվել իրական կյանքում։
Երեխաներին գրավում է իրադարձությունների դինամիկ զարգացումը։ Ճամփորդության ոչ մի հատված չի ձգձգվում։ Տեղանքը, տները, մարդիկ, իրավիճակները, ամեն ինչ փոխվում է ու երեխաներին տանում իր հետեւից։ Նրանք ուզում են իմանալ՝ հետո՞ ինչ եղավ ճագարի հետ։ Ասեմ, որ այս գրքի հիման վրա տարբեր երկրներում ներկայացումներ են բեմադրվել։
-ԴիՔամիլոն նաև նշում է, որ փոքրահասակ ընթերցողին մոտիվացնելու համար պետք է ընթերցանությունը չներկայացվի որպես տնային աշխատանք, այլ նվեր, հաճույք։
-ԴիՔամիլոն հաճախ է իր սոցիալական ցանցերի էջերում կամ հարցազրույցների ժամանակ շեշտում ընթերցանության կարեւորության մասին եւ, այո, նշում, որ երեխան պետք է սիրելով կարդա։ Հաճախ երեխաները սիրով չեն ընթերցում, քանի որ գիրքը նրանց փոխարեն ընտրում են ծնողները կամ ուսուցիչները։ Ինչ-որ պահից նրանք սկսում են չհավանել գրքի բովանդակությունը կամ չսիրել հերոսներին, բայց, միեւնույն է, ստիպված են կարդալ։ Բոլորովին ամոթ չէ, երբ գիրքը կիսատ ես թողնում ու փնտրում մեկ այլը՝ քեզ ու քո գրական ճաշակին ավելի համապատասխանը։ Այս առումով շատ օգտակար է գրքերի փոխանակման հնարավորություն ստեղծելը, որպեսզի գիրքդ նվիրես մեկին, ով ավելի սիրով կընթերցի այն ու ստանալ մեկ այլ գիրք, որը քեզ է ավելի դուր է գալիս։
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: