Գերտերությունների շահերի բախման գոտում անկախություն նվաճելու ու այն պահպանելու ֆիննական ճանապարհը թեեւ ամենեւին էլ հեշտ չէր, սակայն յուրատեսակ ուղեցույց կարող է դառնալ ինքնուրույնությունը պահպանել ձգտող փոքր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար:
Ֆինն պատմաբան Հենրիկ Մեյնանդերի «Ֆինլանդիայի պատմություն» գիրքը, որտեղ շարադրված է այս ճանապարհը ֆին ժողովրդի ձեւավորումից մինչեւ մեր օրեր, հայերեն է հրատարակվել Newmag հրատարակչության կողմից՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
Մեդիամաքսը զրուցել է Հենրիկ Մեյնանդերի հետ՝ փորձելով բացահայտել «ֆիննական հրաշքի» գաղտնիքը Հայաստանի պատմության ու ներկայիս մարտահրավերների համատեքստում:
- Պրն Մեյնանդեր, Ձեր գիրքը՝ «Ֆինլանդիայի պատմություն», թեեւ առաջին անգամ հրատարակվել է 2006 թվականին ֆինլանդական լսարանի համար, տարիների ընթացքում թարգմանվել է տարբեր լեզուներով, իսկ այսօր արդեն ունենք դրա հայերեն հրատարակությունը: Կպատմե՞ք՝ ինչպես դա տեղի ունեցավ:
- Այս հրատարակությունն իրականություն է դարձել Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարության հետ իմ համագործակցության շնորհիվ: Տարիների ընթացքում նախարարությունում մի այսպիսի միտում էին նկատել՝ գիրքը թարգմանվում էր այն երկրներում, որոնք կա´մ Ռուսաստանի հարեւանն է, կամ էլ որոշակի փորձառություն են ունեցել Ռուսաստանի հետ, ինչպես օրինակ Ֆինլանդիան եւ Հայաստանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գրքի նախաբանում ես ընդգծել եմ, որ լիովին հասկանում եմ գրքի հանդեպ հետաքրքրության պատճառը՝ Եվրոպայի հյուսիս-արեւելքում, ուժեղ Ռուսաստանի կողքին գտնվող մի աղքատ երկիր կարողացավ պահպանել իր մշակույթն ու լեզուն, ձեռք բերել ու պաշտպանել իր անկախությունը, կառուցել կայուն ու ժողովրդավարական հասարակություն:
Գիրքը թարգմանվել է անգլերեն եւ գերմաներեն, բալթյան եւ կովկասյան երկրների լեզուներով, նաեւ պարսկերեն: Պատճառն աշխարհագրական դիրքի բերումով առկա մարտահրավերներին առերեսումն է, որի փորձառությունն ունեցել են շատ երկրներ: Աշխարհագրությունը փոխել հնարավոր չէ, ուստի կարեւոր է դրա հետ հաշվի նստել:
-Ինչքանո՞վ էիք ծանոթ Հայաստանին եւ Հայաստանի պատմությանը՝ նախքան իմանալը, որ Ձեր գիրքը հրատարակվելու է հայերենով:
- Իհարկե, ընդհանուր պատկերացում ունեի Հայաստանի պատմության մասին, ծանոթ էի հայ ժողովրդի ցեղասպանությանը: Իմ հետաքրքրությունը ձեր տարածաշրջանի նկատմամբ հիմնականում կապված է երկու համաշխարհային պատերազմների հետ ու նաեւ այն հանգամանքի, որ Հայաստանի անկախության ձեռքբերումը Սովետական Միության փլուզման հետեւանք էր:
Լուսանկարը` Մեդիամաքս
ԽՍՀՄ-ի փլուզումը կտրուկ է անդրադարձել նաեւ Ֆինլանդիայի վրա: Չնայած որ Ֆինլանդիան իր անկախությունը ձեռք էր բերել դեռեւս 1917 թվականին, այն շարունակում էր մնալ Սովետական միության անվտանգային քաղաքականության հետաքրքրության գոտում: Այն, որ Ֆինլանդիան կարողացավ արագորեն միանալ Եվրոպական միությանը, ԽՍՀՄ-ի փլուզման ուղիղ հետեւանքն էր, ինչպես որ Հայաստանի անկախությունը: 2023 թվականին Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ եւ սա նորից Ռուսաստանի գործողությունների հետեւանքն է:
- Տեղեկացա, որ հայերեն հրատարակության համար լրամշակել եք գրքի վերջին գլուխն՝ ներկայացնելով Ֆինլանդիայի համար 2023-ին տեղի ունեցած պատմական այդ մեծ իրադարձությունը՝ անդամակցումը ՆԱՏՕ-ին: Արդյոք այլ փոփոխություններ արվե՞լ են հենց հայերեն հրատարակության համար:
- Որոշ մանր փոփոխություններ եւ լրացումներ եւս կան, որոնք մասնավորապես վերաբերում են վերջին տարիների զարգացումներին: Nokia ընկերության անկումից հետո Ֆինլանդիայի տնտեսությունը դեռեւս չի վերականգնվել, ինչի հետեւանքով պետական բյուջեում պակասուրդն աճում է: Հայերեն հրատարակությունում ես հակիրճ անդրադառնում եմ նրան, որ անգամ եթե Ֆինլանդիան բարեկեցիկ երկիր է, մենք կանգնած ենք տնտեսական մարտահրավերների առաջ:
- Ձեզ համար կարեւոր է, որ շարադրված պատմությունը հասկանալի լինի տվյալ հրատարակության լեզվակիր ժողովրդի համար: Այս մասին նշում եք գրքի նախաբանում: Կարծում եք հայ ընթերցողը կհասկանա՞ ուղերձները, որը ցանկանում եք փոխանցել:
- Հույս ունեմ, որ այո: Գիրքը գրելիս իմ թիրախային լսարանը Ֆինլանդիայի սերունդներն էին ու մեր սկանդինավյան հարեւանները: Հետզհետե սկսեցի հասկանալ, որ այն համապատասխանում է նաեւ այլ երկրների մարդկանց, որովհետեւ ես փորձել եմ Ֆինլանդիան համակարգված կերպով ցույց տալ ավելի լայն համատեքստում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գիրքը ոչ միայն Ֆինլանդիայի, այլեւ բալթյան տարածաշրջանի, Շվեդիայի թագավորության, Ռուսական կայսրության եւ երկու համաշխարհային պատերազմների մասին է: Այս համատեքստով ես ընդգծել եմ, որ այն, ինչ կատարվում է Ֆինլանդիայի հետ, մասամբ հետեւանք է ավելի մեծ պատկերում գործող ուժերի ազդեցության՝ ոչ միայն բացասական, այլեւ դրական հանգուցալուծմամբ: Այն, որ Ֆինլանդիան կարողացավ դառնալ պետություն եւ հռչակել անկախություն, համաշխարհային հարաբերություններից բխող հետեւանք էր: Դու կարող ես ունենալ սարսափելի, բացասական ճգնաժամեր, սակայն ի վերջո ստանալ դրական արդյունք:
- Պիտի ընդգծեմ, որ Ձեր գիրքը հայերեն է հրատարակվում Հայաստանի համար շատ ծանր ժամանակներում. հարեւան երկրների կողմից մղվող է գոյաբանական սպառնալիքներ, գերտերությունների բախվող շահեր, քաղաքական եւ ռազմական թուլություն՝ որպես հետեւանք 2020 թվականի պատերազմի եւ Արցախի կորստի: Այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ դասեր կարող է հայ ընթերցողը քաղել Ֆինլանդիայի պատմություն Ձեր շարադրանքից:
- Չեմ կարծում, որ իմ կողմից խելամիտ կլինի ձեզ խորհուրդներ տալ, սակայն ես կարող եմ որոշ եզրակացություններ մատնանշել ֆիննական փորձից:
Առաջինը, շատ կարեւոր է, որ դուք իրատեսական պատկերացում ունենաք այն մասին, թե որտեղ եք գտնվում՝ որոնք են ձեր թույլ եւ ուժեղ կողմերը, ինչպիսին են հնարավորությունները: Սրանով ես ամենեւին էլ նկատի չունեմ, որ պետք է երկչոտ լինել, այլ ընդհակառակը, պետք է կենտրոնանալ ուժեղ կողմերի վրա եւ օգտագործել դրանք:
Ֆիննական օրինակը, թե այն ինչպես կարողացավ Ռուսաստանի կազմում լինելով զարգանալ որպես պետականություն եւ, ի վերջո, անկախանալ, խելամիտ ճանապարհ է: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մեկնարկեց ռուսականացման ծրագիրը, որի դեմ ֆինները սկսեցին ընդվզել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ֆիններն արդեն պատրաստվում էին անկախանալու հնարավորությանը: Սառը պատերազմի տարիներին էլ ստիպված էին հաշվի նստել նրա հետ, որ Սովետական միությունը գերակշռող ուժ էր Եվրոպայում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆինլանդիան դաշինք կազմեց Գերմանիայի հետ: Եթե այդ քայլին չգնար, կօկուպացվեր Կարմիր բանակի կողմից: Երբեմն, ընտրության առկա հնարավորություններից ստիպված ես ընտրել այն, որի բացասական ազդեցությունն ավելի քիչ է:
Պետք է մտածել նաեւ զուգադիպությունների մասին: Մեծ քաղաքականությունում կարող է ինչ-որ բան տեղի ունենալ, որը Հայաստանի համար հնարավորություններ կբացի: Ենթադրենք, որ Պուտինի ռեժիմը կարող է տապալվել: Ինչքանով որ ես եմ հասկանում, հայ-ադրբեջանական հակամարտությունը մանիպուլացվում է Ռուսաստանի կողմից, եւ եթե այդ մանիպուլացումը չլինի, դա կարող է նոր հնարավորություն ստեղծել:
- Ձեր նշածն ընդամենը գործոններից մեկն է:
-Իհարկե, կա նաեւ Թուրքիայի գործոնը: Ձեր հավասարումներն ավելի բարդ են, քան Ֆինլանդիայինը, ես դա հասկանում եմ:
- Գրքում նշում եք, որ մի շարք ճակատագրական իրադարձություններ միանգամայն անկանխատեսելի են: Հասկանալի է, որ մեր տեսադաշտը սահմանափակ է, մենք չենք կարող հաշվի առնել բազում հանգամանքներ, բայց միեւնույն ժամանակ ինչպե՞ս է պետք գործել, որպեսզի ի վերջո այդ չկանխատեսվող իրադարձությունները դրական ազդեցություն ունենան քեզ վրա կամ առնվազն չխանգարեն:
- Հետհայացքով հեշտ է տեսնել, թե պատմության մեջ որքան շատ են տարբեր շարժիչ ուժերը, եւ հեշտ է հետո իմաստուն լինել, մինչդեռ շատ ավելի դժվար է ճիշտ ժամանակին ճիշտ որոշումների կայացումը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարծում եմ, որ կարեւոր է ձեւավորել այնպիսի քաղաքական մշակույթ, որը թույլատրում է տարակարծությունը, եւ միեւնույն ժամանակ առկա է ներքին մակարդակում գոնե նվազագույն փոխըմբռնման հասնելու ձգտում: Դա չի նշանակում, որ բոլոր ուժերը պետք է նույն կերպ մտածեն, բայց անհրաժեշտ է որոշակի փոխզիջման գալ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հարցում:
- Գրքի այն դրվագում, երբ Ֆինլանդիան հռչակում է իր անկախությունը, հետեւյալ հարցն եք բարձրացնում. «Ինչպե՞ս էր Ֆինլանդիան գոյատեւելու առանց Ռուսաստանի հսկայական շուկաների։ Անկախ պետության կարգավիճակում ինչպե՞ս էր դիմակայելու համաշխարհային մեծ հրդեհին»: Հիմա ուզում եմ Ձեզ հարցնել՝ ինչպե՞ս կարողացավ:
- Շատերն էին մտահոգված այն հանգամանքով, որ մենք կորցրինք ռուսական շուկան, որովհետեւ Ֆինլանդիայում 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի առաջընթացը պայմանավորված էր Սանկտ Պետերբուրգին մոտ լինելու, դեպի Մոսկվա, Սիբիր ու Խաղաղ օվկիանոս տանող երկաթուղիներով, որոնք տնտեսության զարգացման մեծ հնարավորություններ էին ընձեռում: Երբ սա կորսվեց, մեր արդյունաբերողները մտահոգված էին՝ ինչի դա կհանգեցնի:
Այդուհանդերձ, թե´ բախտի բերումով եւ թե´ ճիշտ որոշումների կայացմամբ իրավիճակը սկսեց փոխվել: Կենտրոնական Եվրոպան պատերազմից հետո պետք է վերակառուցվեր, եւ դրա համար նրանք կարիք ունեին ֆիննական փայտանյութի եւ ֆիննական թղթի: Ֆինլանդիային հաջողվեց նոր շուկաներ գտնել նաեւ օվկիանոսից այնկողմ:
Հաջողությանը նպաստեց նաեւ հողային մեծ բարեփոխումը, որ հնարավորություն տվեց հողի վարձակալներին շահավետ գնով հողակտոր ձեռք բերել եւ սեփական ֆերմաներ հիմնել: Սա նպաստեց ոչ միայն քաղաքական վստահության ձեւավորմանը, այլեւ գյուղատնտեսության զարգացմանը:
Մեկ այլ կարեւոր գործոն էր գյուղացիների համար անտառային տարածքների սեփականաշնորհման հնարավորությունը: Ֆինլանդիան առանձնանում է նրանով, որ անտառային տարածքների սեփականաշնորհումը խիստ բազմազանեցված է. մենք անտառային տարածքի 600 000-ից ավելի սեփականատեր ունենք 5,5 մլն բնակչության պարագայում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Իհարկե, Ֆինլանդիան եւս դասակարգային հասարակություն է, սակայն այն շատ ավելի «հարթեցված է» քան հիմնական եվրոպական երկրներում: Սրա սոցիալական հետեւանքն այն է, որ մարդկանց շատ ավելի հեշտ է նույնականացվել իրենց հայրենակիցների հետ, ինչի շնորհիվ էլ ձեւավորվում է համընդհանուր ընկալում այն մասին, թե ինչ է պետք անել անկախությունը պաշտպանելու համար:
Ֆինլանդիան միակ եվրոպական երկիրն է, որն ունի զորակոչային բանակ. տղամարդ բնակչության մեծամասնությունը ծառայում է բանակում, ինչն ունի ոչ միայն ռազմական նշանակություն, այլեւ ազգային ինքնության պահպանման:
- Պատմությունից տեսնում ենք, որ Ֆինլանդիայի անկախացման ու անկախության պահպանման ճանապարհը բացարձակ հեշտ չի եղել: Ձեր գրքում մի շարք քաղաքական իրադարձությունների կողքին նկարագրում եք նաեւ հասարակության դժվարությունները՝ սով, աղքատություն, հիվանդությունները: Ֆինլանդիայի պարագայում այս ցավալի գործոններն ի վերջո վերելքի բերեցին, ուստի ցանկանում եմ հարցնել հետեւյալը. սովը, աղքատությունը, մարդկային ողբերգությունները հուսալքության ու հանձնվելու պատճառ կարող են դառնալ, սակայն ո՞րն է այն բանալին, որ փոխակերպում է դրանք ազգային զարթոնքի:
-Հասկանում եմ Ձեզ, սա շատ հայկական հարց է: Ակնհայտ օրինակ է Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը, երբ մոտ 100 000 ֆիններ մահացան պատերազմի դաշտում եւ Ֆինլանդիան կորցրեց Կարելիան: Սա շատ մեծ հիասթափություն էր, բայց հետզհետե ֆինները սկսեցին հասկանալ այս կորստի դրական ազդեցությունը, այն է՝ Ֆինլանդիան չօկուպացվեց Կարմիր բանակի կողմից՝ դառնալով այդպիսի միակ արեւելաեվրոպական երկիրը: Մարդիկ սկսեցին ընկալել, որ դա զոհաբերությունն էր անկախությունը պահպանելու եւ բարեկեցիկ երկիր կառուցելու համար:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մյուս հարցն այն է, թե մարդիկ ինչպես ես հիշում անցյալի դրվագները: Իհարկե, այդ հիշողությունը դառն էր Կարելիայում արմատներ ունեցող եւ պատերազմում հարազատներ կորցրած ֆինների համար, սակայն այդ դառնությանը հակակշռելու եկավ այն, որ հետագա զարգացումները սկսեցին ընթանալ ճիշտ ուղղությամբ:
Հայաստանը հիմա մարտահրավերի առաջ է կանգնած, բայց դուք անկախ երկիր եք, դուք հայտնի երկիր եք, շատ հին մշակույթ ունեք, կրթված եւ քաղաքակիրթ հասարակություն եք, ուստի առկա է մեծ պոտենցիալ:
- Պիտի խոստովանեմ, որ վերջին տարիներին Հայաստանում քարոզչական այնպիսի միտում է նկատվում, որով փորձ է արվում մարդկանց համոզելու, թե մեր բոլոր դժբախտությունների պատճառը մեր ինքնությունն է, մեր պատմությունն ու մշակույթը: Ըստ այդ քարոզչության՝ անկախությունը կարող է պահպանվել, եթե մենք դադարենք լինել այն, ինչ կանք: Ուզում եմ հարցնել՝ եթե պատմության որեւէ կետում ֆին ժողովուրդը հրաժարվեր իր ինքնությունից, կլինե՞ր արդյոք այսօրվա բարեկեցիկ Ֆինլանդիան:
- 19-րդ դարում դեռեւս չկար ֆիննական ինքնության գաղափարը: Այն ստեղծվեց մտավորականների եւ առաջնորդող անհատների կողմից այն ժամանակ, երբ մեկնարկեց ռուսականացման ծրագիրը: Սակայն առանց այդ ընդհանուր գաղափարի էլ ֆին ժողովրդի շրջանում ռուսական իշխանությունների նկատմամբ բողոք կար: Ֆինլանդիայի ինտեգրումը Ռուսաստանին մի բան էր, որ ֆինները չէին կարող ընդունել:
Պետք է, անպայման, կարմիր գիծ լինի, եւ եթե այդ գիծը խախտվում է, ազգը պետք է ընդվզի: Ֆինլանդիայի պարագայում ռուսական հեղափոխությունը չէր ավարտվի Ֆինլանդիայի անկախությամբ, եթե ազգային ինքնագիտակցության գաղափարն արդեն ամուր գործոն դարձած չլիներ ֆին ժողովրդի շրջանում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Պետք է ռիսկի դիմելու պատրաստակամություն լինի ինչպես հավաքական մակարդակում, այնպես էլ անհատների: Մարդիկ պիտի պատրաստ լինեն զոհաբերության, քանի որ որոշակի դիրքորոշում ստանձնելով կարող են կորցնել աշխատանքը, ունեցվածքը եւ այլն: Այս իմաստով առանցքային է միջին խավի դերը: Էլիտան ընդհանուր հասարակության մասին չի մտածում, աշխատավոր դասակարգը չունի կարողություն կամ հնարավորություն, ուստի շատ կարեւոր է ունենալ լուսավորչական միջին խավ:
- Մենք շարունակում ենք «եփվել» մեր խնդիրների կաթսայում եւ, երբեմն, դրսից հայացքը կարող է խիստ օգտակար լինել: Ի՞նչ կարող եք խորհուրդ տալ հայ մտավորականությանը եւ քաղաքականություն մշակողներին:
- Իհարկե, Ֆինլանդիայի մարտահրավերները նույնը չեն, ինչ այսօր Հայաստանինը: Բայց այս գրքում մի բաժին ունեմ՝ «Ձմեռային պատերազմի դասերը», որը օգտակար է հասկանալ: Եվ ո՞րն է այդ դասը. պետք է միշտ հիշել, որ երբ հարցը վերաբերում է միայն Ֆինլանդիայի անկախությանը, ոչ ոք երբեւէ չի գա օգնության: Կապերի ստեղծումը կարեւոր է, բայց ի վերջո միայն քեզ վրա կարող ես հույս դնել:
Գուցե հարցնեք՝ արդյոք դա չի փոխվել այն բանից հետո, երբ Ֆինլանդիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ: Չնայած, որ շատ ֆիններ հիմա կարծում են, որ կարող են հանգիստ շունչ քաշել, սակայն իրականում դա ոչինչ չի փոխում: Եթե մեծ պատերազմ սկսվի, մենք չեք կարող վստահ լինել, որ Ֆինլանդիային կաջակցեն, շատ այլ իրավիճակներ կարող են լինել, ուստի դու պետք է միշտ քո սեփական ռազմավարությունն ունենաս:
Հենրիկ Մեյնանդերի «Ֆինլանդիայի պատմություն» գիրքը կարող եք ձեռք բերել Երեւանի գրախանութներում եւ Newmag-ի կայքում. https://newmag.am/book/history-of-finland
Հենրիկ Մեյնանդերի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: