«Վերնատուն» հրատարակչության լույս ընծայած «Վերջին անգամ եմ ասում» ժողովածուն Վազգեն Սարգսյանի ելույթների, հարցազրույցների, ասուլիսների ընտրանին է։ Կազմել է Կարինե Մեսրոպյանը։ Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղե՛րք» պատմվածքների եւ վերջերս լույս տեսած «Վերջին անգամ եմ ասում» հրապարակախոսական նյութերի ժողովածուներով՝ «Վերնատունը» փորձում է ամբողջացնել անցյալ դարի 80-ականներին գրականություն մուտք գործող լավագույն գրողներից մեկի եւ պետական խոշոր գործչի կերպարը։
- Առաջ անցնելով՝ տեղյակ պահեմ ընթերցողին, որ «Վերնատունը» հրատարակության է պատրաստում «Ապտակ» ժողովածուն, որտեղ կընդգրկվեն «Էս ի՞նչ եք անում, տղե՛րք»-ից դուրս մնացած պատմվածքներ՝ բացառությամբ «Հացի փորձություն» վիպակի:
Ինչպես գրականությամբ, այնպես էլ հրապարակախոսությամբ Վազգեն Սարգսյանը պատգամում է մեզ եւ ապագա սերունդներին՝ լինենք միասնական, տիրոջ հայացքով նայենք մեր երկրին, վստահենք մեր ուժերին, չապավինենք օտարին, զգանք, թե ինչպես է մեր երակներով բարձրանում մեր հզոր նախնիներից ժառանգած արյան ու հայրենի հողի ուղերձը, չկտրվենք մեր արմատներից, այլապես դատապարտված ենք… մոռացման:
- Ի՞նչ աշխատանք էր պահանջվում նյութերն ի մի բերելու համար։ Բառացի՞ են ներկայացվել դրանք, թե՞ խմբագրական աշխատանքներ, այնուամենայնիվ, արվել են:
- Այս ժողովածուն կազմելու համար անհրաժեշտ էր ի մի բերել տարբեր արխիվներում պահված եւ մամուլում հրապարակված նյութերը: Խմբագրական աշխատանք չի կատարվել, միայն քերականական աննշան շտկումներ. բոլորս էլ հիշում ենք Վազգենի հախուռն ու բռնկուն ելույթները թե՛ տարբեր ամբիոններից եւ թե՛ հեռուստատեսությամբ:

Այստեղ տեղին է խոսել «Վերնատան» խմբագիր Արմեն Սարգսյանի աշխատանքային ոճի մասին. նա հարգանք ունի տեքստի հանդեպ, բծախնդրորեն է վերաբերվում բառին, իրեն ազատակամություն թույլ չտալով՝ հավատարիմ է մնում հեղինակային տեքստին, նույնիսկ… կետադրական նշաններին, որի օրինակն առաջին ժողովածուն է: Նրա հետ տեքստերի վրա աշխատելն ինձ համար շատ հետաքրքիր է: Մենք հավատարիմ ենք մնացել Վազգենի թե՛ գրական, թե՛ հրապարակախոսական տեքստերին:
- Գիրքն ո՞ւմ է ուղղված՝ պարզ ընթերցողին, թե՞ քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին։
- Կարծում եմ՝ այս ժողովածուն հասցեագրված է «ամենքիս եւ յուրաքանչյուրիս»՝ սովորական ընթերցողից մինչեւ պետական բարձրաստիճան այր: Այսօրվա անհաստատ ու հարափոփոխ աշխարհում կատարվող բոլոր մեծ ու փոքր իրադարձություններն իրենց կնիքն են դնում ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ հատկապես մեր երկրի վրա:
- Ի՞նչն էր ամենաբարդը գիրքը կազմելիս։
– Մարդկային հոգեվիճակը՝ ցավը, ափսոսանքը: Գրքի շատ-շատ էջեր հնարավոր չէ կարդալ առանց հուզմունքի, հատկապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո…
Մեր ժողովուրդը, իրոք, կարիք ունի Վազգենի նման անհատի: Հիշենք հենց իր խոսքը.
«Անհատն է, որ ոգեւորում, իր ետեւից տանում է հասարակությանը: Մեր պատմությունը հասարակության եւ անհատի փոխըմբռնման ավելի կատարյալ փաստ, քան 1988-ին էր, չունի: Եթե ունենար, մենք վաղուց հաղթած կլինեինք»:
– Ունե՞ք կենդանի հիշողություններ Վազգեն Սարգսյանից։
– Վազգեն Սարգսյանին առաջին անգամ տեսել եմ 1987 թվականի ամռան մի օր, երբ մի խումբ գարունականներ՝ երիտասարդ գրողներ, հյուր էին եկել մեզ՝ գրողների տուն: Բոլորը տիրոջ իրավունքով ներս մտան ու տեղավորվեցին, միայն Վազգենն էր, որ ամաչկոտ ու շիկնած կանգնել էր դռների մեջ ու առաջ չէր գալիս, ինչքան էլ որ հրավիրում էինք:

Լուսանկարը` Հերման Ավագյան
Նա վաղուց (1985 թ.) Գրողների միության անդամ էր եւ այդ տարիներին «Գարուն»-ի հրապարակախոսության բաժնի խմբագիրը: Այդ ժամանակ արդեն լույս էր տեսել նրա առաջին «Հացի փորձություն» գիրքը, նույնիսկ արժանացել մրցանակի: Գրքին ծանոթ չէինք, մենք միայն «Գարուն»-ում տպագրվող նրա մտահոգություններով սուր հոդվածներին: Կա մի հետաքրքիր փաստ. 1984 թ. հունվարի 30-ից փետրվարի 1-ը Ծաղկաձորում տեղի է ունենում Հայաստանի երիտասարդ գրողների հանրապետական 8-րդ խորհրդակցությունը: Վազգենը, որ այդ ժամանակ դեռ Գրողների միության անդամ չէր, այլ «ընդամենը ֆիզկուլտուրայի գյուղական ուսուցիչ», նույնպես հրավիրվում է Ծաղկաձոր: Սակայն այն տարիներին նման խորհրդակցությունների հրավիրվում էին միայն գրողների միության անդամները: Նա գրել սկսել է 80-ականների սկզբներից: Կարծում եմ՝ միության այն ժամանակվա ղեկավարությունը մամուլում տպագրված նրա պատմվածքներում արդեն գնահատում էր նրա գրիչը, որ… ավելի լավ է ընթերցենք Վազգենին. «Գրկաբաց «Էստի համեցեք» են անում... Առաջին անգամ եմ մասնակցելու նման համաժողովի: Եվ հրավերը, ճիշտն ասած, ինձ համար շատ էր անսպասելի: Իմ խորին համոզմամբ՝ գրող կոչվելու իրավունք ունեն բացառապես այն ընտրյալները, ովքեր, ասենք, «Միրհավ»-ի մակարդակով թեկուզ մեկ գործ են գրել»:
Սակայն 80-ականների վերջերին ընդհատվեց նրա գրական գործունեությունը եւ տաղանդավոր գրողն անմնացորդ ու ինքնամոռաց մխրճվեց Արցախյան ազատամարտի հորձանուտը…
1996 թվականի դեկտեմբերի 15-ին Հրանտ Մաթեւոսյանի հետ «Զինուժ»-ի հարցազրույցն էր մեր բանակի կայացման, Վանոյի եւ Վազգենի մասին: Հասցրի գրի առնել հետեւյալը. «Ե՛ս պետք է կանգնած լինեի նրանց տեղը, եթե իրենցից ջահել լինեի: Վանո Սիրադեղյանը եւ Վազգեն Սարգսյանը այդ պաշտոններին իմ փոխարեն իրենք գնացին: 80-ականների վերջին գրականության մեջ իսկապես առաջացան այն պատասխանատու տղաները, որոնք գնացին հրեշի սեւ բերանը: Երբ այնքան բարոյազրկված ներքին գործերի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը պետք է ձեւ առնեին, նրա՛նք նետվեցին այն հանգուցային կետերը. Վանոն կարողացավ, Վազգենը կարողացավ»:
Երկրորդ անգամ նրան տեսել եմ 1990 թվականի սեպտեմբերյան մի օր, երբ Հայաստանի գրողների տունը ժամանակավորապես դարձել էր երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբ: Սովորականի պես մի օր մենք գնացինք աշխատանքի եւ տեսանք Վազգեն Սարգսյանին՝ միության մուտքի աստիճաններին նստած, իսկ մուտքը հսկում էին երկրապահի մի քանի տղաներ: Մեզ ներս չթողեցին, ինչպես նաեւ գրողների, նույնիսկ անվանի. ներս էին մտնում միայն «Գրական թերթ»-ի աշխատակիցները՝ այն էլ հատուկ անցաթղթերով՝ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ ու կնիքով: Վազգենը մոտեցավ մեզ եւ ասաց, որ միությունը փակ կլինի այնքան, մինչեւ տեղի կունենա Գրողների միության համագումարը՝ ընտրելու նոր նախագահ:

Լուսանկարը` Արմենպրեսի արխիվից
Գրողների միության համար անհանգիստ ժամանակներ էին: Արդեն քանի ամիս էր՝ միությունը նախագահ չուներ. ուզում էին միությունը վերցնել: Վազգենը երկրապահի շտաբը ժամանակավոր տեղափոխել էր գրողների տուն (ի դեպ սենյակներից մեկը մերն էր), որ այն պաշտպանի: Մենք որոշ ժամանակ չգնացինք աշխատանքի, սեպտեմբերի վերջերին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Գրողների միության 10-րդ համագումարի առաջին փուլը, որը նախագահ ընտրեց բանաստեղծ Վահագն Դավթյանին: Միայն տարիներ անց իմացանք, որ Հրանտ Մաթեւոսյանն է դիմել Վազգենին:
– Վազգեն Սարգսյանը հարցազրույցներից մեկում չորս կարգախոս է առանձնացնում (108 էջ): Թվում է՝ այսօրվա համար է ասվել։
– Ցավոք սրտի, Վազգենի բոլոր կարգախոսներն էլ արդիական են: Մի՞թե նույնքան հրատապ չեն նրա այլ դիտարկումներ եւս.
«– Ժողովո՛ւրդ, պատերազմը չի ավարտվել: Չի ավարտվել: Մենք մի քիչ թուլացանք՝ պարտվելու ենք: Զգո՛ն եղեք՝ չպարտվե՛ք:
– Սիրե՛ք, հարգե՛ք բանակը: Էս տարածաշրջանը բարդ տարածաշրջան է: Աստված գիտի՝ ինչ է լինելու: Բանակ չունեցանք՝ մեզ ոչ ոք չի հարգելու:
– Մտածե՛ք էս երկրի մասին: Մտածե՛ք էս բանակի մասին. սա է էս երկրի փրկությունը»:
– Ստացվում է ՝ ավելի շատ ոչ թե հետեւե՞լ , այլ հեռացել ենք նրա գաղափարներից։
– Հարցին միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Մենք ավելի արդար կլինենք ապագայի եւ անցյալի հանդեպ, եթե ողջամիտ լինենք մեր գնահատականների մեջ: Վազգենը ողբերգական եւ բարդ կերպար էր՝ հայրենիքի հանդեպ ունեցած եզակի սիրով:
– «Մեր ողջ պատմության ընթացքում մենք երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական հաղթանակին, էլի մեկ-երկու լիարժեք քայլ, էլի մի քիչ համբերություն, փոխադարձ հանդուրժողականություն, եւ 21-րդ դարը մերն է լինելու»։
Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ․․․
– Դարձյալ հիշենք Հրանտ Մաթեւոսյանին. «Նրա կենդանի ներկայությունը մեզ միմյանց եւ աշխարհի հանդեպ պահելու էր բոլորովին այլ կեցվածքով - նրա բացակայությունը բեկբեկում է մեր խոսքը, եւ մեր քայլը հաստատուն չէ»:
– Գրքում կան հրապարակախոսություններ, որոնք բավական հայտնի են։ Ո՞ր հրապարակախոսությունը, ելույթը կարող ենք մարգարեական անվանել։
– «Պատմության սկիզբն ու շարունակությունը»։
«Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում:
Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաեւ ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի: Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երեւանի կենտրոնում:
Եվ նրանց ոտնահետքերով պատմությունը մեռնում է:
Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի՛ մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…»։
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: