Գերմանացի փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր Ֆրիդրիխ Նիցշեի «Ողբերգության ծնունդը», «Անժամանակյա դիտարկումներ» եւ «Մարդկային, չափազանց մարդկային» երկերը տեղ են գտել «Անտարես» հրատարակչության լույս ընծայած Ֆրիդրիխ Նիցշեի երկերի հինգհատորյակի առաջին հատորում: Բնագրային թարգմանությունը բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսինն է:
«Ողբերգության ծնունդը» ներկայացվել է ամբողջությամբ, «Անժամանակյա դիտարկումներից» ընդգրկվել է երկրորդ՝ «Կյանքի համար պատմության օգուտի եւ վնասի մասին» հոդվածը, «Մարդկային, չափազանց մարդկայինից»՝ հատվածներ:

Լուսանկարը` Անտարես
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի բնորոշմամբ՝ սա թարգմանչի եւ հրատարակչի միասնական նախագիծ է, որի նպատակն է գրեթե ամբողջական Նիցշե հրամցնել մեր ընթերցողին:
«1985-ից սկսած Հակոբ Մովսեսը պարբերաբար ընթերցողին ներկայացրել է Նիցշեից թարգմանություններ: Գրքերը, որ բազմաթիվ հրատարակություններ են ունեցել Հայաստանում, մեր հինգհատորյակում կներկայանան թարգմանական բոլորովին նոր որակով, ամբողջությամբ վերախմբագրված: Ծանոթագրությունները կրկնապատկվել են, բացի այդ՝ գրքում կան ուղեկցող մեկնողական հոդվածներ եւ անոտացիաների հարուստ բաժին (Հայդեգերից, Դըլյոզից ու Ֆուկոյից մինչեւ Կարեն Սվասյան), որոնք նորություն են:
Հինգհատորյակը ամփոփում է ոչ միայն Նիցշեի ստեղծագործությունները, այլեւ Հակոբ Մովսեսի թարգմանական, նիցշեագիտական աշխատանքը»:
«Հինգ հատոր Հեսսե ենք հրատարակելու, հինգ հատոր Նիցշե, 7-10 հատոր Սարոյան, այսինքն՝անցում ենք կատարում գրողի կյանքի եւ ստեղծագործությունների ավելի ամբողջական տեղեկատվության», - հրատարակչական-թարգմանական աշխատանքի կոնցեպտին անդրադարձավ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, նշելով, որ մոտ 8-10 տարի առաջ առանձնացրել են համաշխարհային գրականության այն նմուշները, որոնք թարգմանվելու դեպքում ապագա հայաստանցի գրողին հնարավորություն կտան Նոբելյան մրցանակի հավակնել:
«Մինչ այդ՝ ուսումնասիրել ենք, թե երբ է հայ գրականությունը վերելք ունեցել: Ակնհայտ է, որ բոլոր այդ վերելքներին նախորդել է թարգմանական մեծ աշխատանք: Մենք փորձեցինք գրականության պատմության այդ կտորը վերականգնել, վերստեղծել, ու եթե կան մարդիկ, որ մեզ հետ համահունչ են մտածում (այս դեպքում՝ Հակոբ Մովսեսն է, որ մեծ աշխատանք է արել, Նիցշեին գնահատող, վերագնահատող, հանրայնացնող մարդկանցից մեկն է), նրանց տաղանդը, դիրքը, սերը փորձել` վերածել ապրանքի», - ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Հակոբ Մովսեսի եւ հրատարակչության համատեղ նախագիծը կյանքի կոչելու համար չորս տարի գրեթե ամենօրյա աշխատանք է տարվել:
«Թարգմանությունը անսպառ պրոցես է, վերջ չունի, քեզ թվում, թե դու որեւէ բան լավագույնս արել-վերջացրել ես, բայց հետո տեսնում ես, որ նորանոր հնարավորություններ են բացվել»,- ասում է Հակոբ Մովսեսը: Նիցշեի ստեղծագործությունները երկու մասից են կազմված՝ ավարտված գործեր եւ սեւագրություններ, ավարտված գրեթե բոլոր գործերը թարգմանված են, սեւագրություններից ներկայացվել են պատառիկներ: Հինգհատորյակում տեղ են գտել չորս ստեղծագործություն, որոնք առաջին անգամ են լույս տեսնում: Դրանցից մեկը՝«Կյանքի համար պատմության օգուտի եւ վնասի մասին» աշխատանքը ներկայացված է առաջին հատորում:
Թարգմանչի խոսքով՝ այն ժամանակակից պատմագրության հիմքում ընկած կարեւորագույն մեթոդիկա է առաջարկում, ինչը շատ հրատապ է նաեւ հայերիս համար, որովհետեւ պատմության եւ պատմագրության հարցում կողմնորոշվելու նոր հնարավորություններ է տալիս:

Լուսանկարը` Կարեն Անթաշյան/ Գրանիշ
Հակոբ Մովսեսն ասում է, որ Նիցշեն առաջին հայացքից է փիլիսոփա, իրականում՝ բանաստեղծ եւ գրող է: «Դա մի փիլիսոփայություն է, որը տարբեր ոճերի, տեմպերի, պաթոսների մեջ է դրված, հիմնական բարդությունը դրանց եւ դրանց նյութի հարաբերությունները ճշգրտելն է»:
Նիցշեի մահից հետո նրա ձեռագրերը համադրել ու խմբագրել է քույրը՝ երբեմն աղճատելով դրանք: Անցյալ դարասկզբին դրանք մեկնաբանվել են նաեւ գերմանական նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությամբ: Այս ամենը խորապես կեղծել է փիլիսոփայի կերպարը, բայց այժմ գրեթե ամեն ինչ իր տեղն է դրվում: Հակով Մովսեսը նշեց, որ թարգմանություններն արված են տեքստաբանական բոլոր կեղծարարություններից զերծված` իտալացի հռչակավոր ուսումնասիրող-հրատարակիչներ Ջորջիո Կոլիի եւ Մաձինո Մոնտինարիի քննական հրատարակությունից:
«Ջիորջիո Կոլին եւ Մաձինո Մոնտինարին Նիցշեի ամբողջ ժառանգությունը լույս են ընծայել 15 հատորով՝ արխիվային ձեռագրական նյութերի եւ ժամանակագրական կարգով. «Այսինքն՝ հրատարակված է շատ օբյեկտիվ Նիցշե: Իմ գրադարանում այդ 15 հատորյակն է, որից եւ արել եմ թարգմանությունները», - պատմել է Հակոբ Մովսեսը:
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: