50 գլոբալ հայերը. Ռուբեն Զադոյան - Mediamax.am

exclusive
20881 դիտում

50 գլոբալ հայերը. Ռուբեն Զադոյան


Ռուբեն Զադոյան:
Ռուբեն Զադոյան:

Լուսանկարը` Ռ.Զադոյանի արխիվից:

Ռուբենը եւ նրա ռադիոկարավարվող ինքնաթիռները:
Ռուբենը եւ նրա ռադիոկարավարվող ինքնաթիռները:

Լուսանկարը` Ռ.Զադոյանի արխիվից:

Ռադիոկարավարվող ինքնաթիռները Ռուբենի գլխավոր հոբին է:
Ռադիոկարավարվող ինքնաթիռները Ռուբենի գլխավոր հոբին է:

Լուսանկարը` Ռ.Զադոյանի արխիվից:

Կնոջ եւ երեխաների հետ:
Կնոջ եւ երեխաների հետ:

Լուսանկարը` Ռ.Զադոյանի արխիվից:


Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը եւ ներկայացնում Ռուբեն Զադոյանին՝ Իրվինում Կալիֆոռնիայի համալսարանի Տեխնոլոգիաների եւ հավելվածների Կենտրոնի գլխավոր տնօրենին:

Ռուբեն Զադոյանը գիտնական է, ունի ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ հետազոտությունների եւ զարգացումների (R&D) ոլորտում: Ծնվել է Երեւանում: Ավարտելով Կամոյի անվան դպրոցը` ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Պաշտպանել է ատենախոսությունը Մոսկվայի պետական համալսարանում, ապա վերադարձել է Հայաստան: 1985-1991թթ. աշխատել է Երեւանի Լազերային տեխնոլոգիաների ինստիտուտում: 1991թ.՝ ԽՍՀՄ-ի փլուզումից մի քանի ամիս առաջ, ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատանքի է անցել Իրվինում Կալիֆոռնիայի համալսարանում (UCI): 2006թ.-ից Newport կորպորացիայի Տեխնոլոգիաների եւ հավելվածների Կենտրոնի (Technology and Applications Center) գլխավոր տնօրենն է: Ռուբեն Զադոյանն ավելի քան 60 գիտական հրապարակումների եւ 20 արտոնագրերի հեղինակ է:

1973թ. ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ՝ մասնագիտանալով քվանտային էլեկտրոնիկայի բնագավառում: 70-ականների սկիզբը մի ժամանակահատված էր, երբ երիտասարդները ներշնչվում էին գիտության եւ տեխնիկայի մեծ նվաճումներից: Ամերիկացիները ոտք դրեցին Լուսնի վրա, իսկ ԽՍՀՄ-ն «Լունոխոդ» տիեզերական սարքի միջոցով հետազոտեց Լուսնի մակերեսը: Լազերները նոր էին մտնում մեր կյանք: Շատ գրավիչ էր թվում գիտնական դառնալը եւ այդ հզոր տեխնոլոգիական առաջընթացի մեջ ներգրավվելը: Այնպես որ, դա բնական ընտրություն էր: Համալսարանում եւ աշխատավայրում ոգեւորվում էի` կողք կողքի սովորելով եւ աշխատելով այնպիսի հզոր գիտնականների հետ, ինչպիսին էր, օրինակ, պրոֆեսոր Վիլիկ Հարությունյանը: Ավարտելով համալսարանը` մոտ երկու տարի աշխատեցի Լազերային տեխնիկայի ինստիտուտում: Այնուհետեւ մեկնեցի  Ռուսաստան՝ ուսանելու Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում: Մի քանի տարի անց պաշտպանեցի ատենախոսությունս ալիքային պրոցեսների վերաբերյալ: Այնտեղ եւս ինձ բախտ վիճակվեց աշխատել այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք էին պրոֆեսորներ Սերգեյ Ախմանովը, Նիկոլայ Կորոտեեւը եւ այլոք: 

1986թ. վերադառնալով Հայաստան` վերսկսեցի աշխատանքս Լազերային տեխնոլոգիաների ինստիտուտում՝ որպես խմբի ղեկավար: Մեր խումբը մշակում էր բարձր հզորության լազերներ ռազմական նպատակների եւ, որպես կողմնակի արտադրանք, լազերային համակարգեր` արդյունաբերության մեջ օգտագործման համար:

Այնտեղ աշխատեցի մինչեւ 1991թ. մայիսը, երբ մեր բոլոր նախագծերի ֆինանսավորումը դադարեցվեց: Դրությունն արագորեն վատանում էր: Ակնհայտ էր, որ գիտության եւ տեխնոլոգիաների ֆինանսավորման մասին այլեւս խոսք լինել չի կարող, քանի որ կյանքը Խորհրդային Միությունում աստիճանաբար վերածվում էր քաոսի:

Երբ Սովետական միության գոյատեւմանը մի քանի ամիս էր մնում, Ռուբենը որոշում կայացրեց ընտանիքի հետ տեղափոխվել Միացյալ Նահանգներ:

ԱՄՆ տեղափոխվելուց մի քանի ամիս հետո սկսեցի աշխատել որպես հետազոտող-պրոֆեսոր Իրվինում Կալիֆոռնիայի համալսարանի քիմիայի վարչությունում: Ինձ հաջողվեց համագործակցել պրոֆեսոր Արա Աբգարյանի հետ, ով դարձավ իմ լավ ընկերը:


Ռուբենը եւ նրա ռադիոկարավարվող ինքնաթիռները:
Լուսանկարը` Ռ.Զադոյանի արխիվից:

Չնայած անգլերեն լեզվի ֆորմալ կրթություն չեմ ստացել, այնուամենայնիվ, բավարար չափով տիրապետում էի լեզվին: Այդ առումով ինձ օգնեց այն, որ ժամանակին թարգմանություններ էի անում Հայաստանի Առեւտրային պալատի համար, այնպես որ, երբ հայտնվեցի ԱՄՆ-ում, հաղորդակցության խնդիր չունեի: UCI-ում առաջին ամիսներին, սակայն, ցնցում էի ապրում: Մինչ այդ երբեւէ չէի եղել ամերիկյան համալսարանում եւ այդ գեղեցիկ շենքերը, մաքուր սենյակները, նոր ու ժամանակակից սարքավորումները չափազանց տպավորիչ էին: Երկար ժամեր էի ծախսում հետազոտությունների, երբեմն նաեւ Արայի հետ մասնագիտական բուռն քննարկումների վրա: Համատեղ մի քանի հոդված  հրապարակեցինք ֆեմտո-քիմիայի գծով, որը նոր զարգացող ուղղություն էր ֆիզիկական քիմիայում: Այդ հոդվածները մեջբերվում են մինչ օրս:

Համալսարանում աշխատանքիս զուգահեռ` 2000 թվականին աշխատանքի անցա Intralase Corporation-ում: Մենք մշակում էինք բժշկական սարքեր, որոնք հնարավորություն էին տալիս անցկացնել աչքի լազերային վիրահատություն (այսպես կոչված, «LASIK» վիրահատությունը): Այն ժամանակ Intralase Corporation-ը փոքր ստարտափ էր` մի քանի աշխատողներով: Մենք աշխատում էինք առանց ջանք խնայելու, որպեսզի սարքը հուսալի դարձնենք եւ ապացուցենք, որ գործընթացն անվտանգ է: 2006թ. ընկերությունն արդեն ուներ շուրջ 400 աշխատակիցներ ողջ աշխարհում: Այդ ժամանակ անցկացվել էր աչքի մոտ 3 միլիոն լազերային վիրահատություն:


Ռադիոկարավարվող ինքնաթիռները Ռուբենի գլխավոր հոբին է:
Լուսանկարը` Ռ.Զադոյանի արխիվից:

2006թ. միացա Newport Corporation-ին՝ մի գլոբալ ընկերության, որն ուներ շուրջ 3000 աշխատակից 50 երկրում: Newport-ը զբաղվում է գիտական շուկայի գործիքների մշակմամբ եւ վաճառքով: Ընկերության շրջանակներում փորձարարական եւ հետազոտական լուրջ աշխատանք է կատարվում հայտնի գիտնականների կողմից: Երբ ուսանում էի Մոսկվայում, մենք, չնայած սակավ ֆինանսական միջոցներին, պարբերաբար գնում էինք Newport-ի սարքերը եւ միշտ հիանում նրանց որակով: Իհարկե, այն ժամանակ պատկերացնել անգամ չէի կարող, որ 20 տարի անց կաշխատեմ այդ ընկերությունում եւ իմ ներդրումը կունենամ լավագույն գիտական տեխնոլոգիաների ու գործիքների մշակման ասպարեզում:

Կենտրոնը, որը հիմա ղեկավարում եմ, բաղկացած է 20 գիտնականներից ու ինժեներներից, եւ մենք մշակում ենք լազերների վրա հիմնված հավելվածներ ու սարքեր, որոնք կարող են կիրառվել տարբեր բնագավառներում: Ներկայումս աշխատում ենք երկու հիմնական ուղղություններով: Առաջինը կապված է 3D լազերային սքան միկրոսկոպիայի մեթոդների մշակման հետ: Այդ մեթոդը թույլ է տալիս իրականացնել քիմիապես ընտրովի պատկերում (chemically selective imaging), ինչը նշանակում է, որ զննվում են միայն ցանկալի մոլեկուլները: Այդ մեթոդը հնարավոր է օգտագործել քիմիոթերապիայի կողմնակի ազդեցության
քանակային գնահատման ժամանակ:

Մեր ուշադրության կենտրոնում գտնվող երկրորդ կարեւոր բնագավառը լազերային միկրոմշակումն է: Այդ սարքերը կարող են կարեւոր դեր կատարել նանոտեխնոլոգիաների ոլորտում:

Ռուբենը խոստովանում է, որ իր երեխաների վրա երբեք ճնշում չի գործադրել մասնագիտության ընտրության հարցում:

Ես եւ կինս` Լիլյան, երկու զավակ ունենք: Նրանք գերադասել են ընտրել իրենց ուղին, եւ ես երբեք որեւէ ճնշում չեմ գործադրել նրանց վրա: Հայկը մասնագիտությամբ հոգեբան է, իսկ աղջիկս՝ Լիան, մասնագիտացել է համակարգչային ինժինիրինգի գծով: Մի օր հնարավոր է աշխատի Apple-ում կամ Google-ում: Երկուսն էլ գերազանց տիրապետում են հայերեն լեզվին եւ ամեն անգամ մեծ հաճույքով են գալիս Հայաստան:


Կնոջ եւ երեխաների հետ:
Լուսանկարը` Ռ.Զադոյանի արխիվից:

Ռուբենը սերտ կապեր է պահպանում նաեւ Հայաստանի գիտական շրջանակների հետ, հաճախակի դասախոսություններով հանդես է գալիս ԵՊՀ-ում, ինչպես նաեւ ընդգրկվել է CANDLE ծրագրի գիտական խորհրդում:

Միշտ կապեր եմ պահպանել Երեւանի պետական համալսարանի հետ, որտեղ աշխատում են իմ շատ համակուրսեցիներ: Բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել, մասնավորապես, Ֆիզիկայի ֆակուլտետի Օպտիկայի ամբիոնում աշխատող պրոֆեսոր Լեւոն Մուրադյանի հետ: Միշտ փորձել եմ օգնել համալսարանին, Ֆիզիկայի ինստիտուտին եւ այլ համապատասխան հիմնարկներին ամերիկյան դրամաշնորհներ ստանալու հարցում: Կարծում եմ, իմ օժանդակությամբ 8 տարվա ընթացքում շուրջ 500 հազար դոլարի դրամաշնորհ է մտել Հայաստան:

Հայաստանում գիտական ոլորտում գլխավոր խնդիրը շարունակում է մնալ սուղ ֆինանսավորումը: Իրականում գիտությունը թանկ հաճույք է, սակայն դա ներդրում է երկրի ապագայի մեջ: Հասկանալի է, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի համար ավելի կարեւոր է ունենալ ուժեղ բանակ, բայց ապագան կախված է այսօրվա գիտական առաջընթացից: Այդ համատեքստում շատ կարեւոր է ճիշտ բաշխել առկա դրամական միջոցները: Բյուջեից դրամաշնորհներ հատկացնելու գործընթացը պետք է մրցունակ, թափանցիկ եւ արդար լինի: Գիտության պետական կոմիտեն փորձում է այդ գործընթացը հենց այդպես կառուցել: Գուցե այն կատարյալ չէ եւ բարելավման անհրաժեշտություն կա, բայց դա մեկ քայլ է ճիշտ ուղղությամբ: Գիտեմ, որ այդ թեմայի շուրջ շատ հակասական կարծիքներ կան, բայց ես հավատում եմ, որ առաջ գնալու ճանապարհը շահագրգիռ կողմերի միջեւ բաց երկխոսությունն է:

Գրեթե ամեն տարի լինում եմ հայրենիքում: Հաճախ հրավիրվում եմ տարբեր կոնֆերանսների, սեմինարների: Աշնանը կրկին կլինեմ Երեւանում եւ հանդես կգամ դասախոսությամբ Երիտասարդ գիտնականների համաժողովում: Կարծում եմ, այդպիսի շփումները հայ ուսանողների եւ արտասահմանյան գիտնականների միջեւ շատ օգտակար են Հայաստանում գիտնականների նոր սերունդ մեծացնելու տեսանկյունից: Պետք է խոստովանեմ, որ մեծ հաճույք եմ ստանում ուսանողների հետ շփումից: Հայ ուսանողները գնալով ավելի ու ավելի մրցունակ են դառնում: Ամեն այցի ժամանակ տեսնում եմ, որ սկսել են ավելի լավ տիրապետել անգլերենին: Ֆիզիկայի ֆակուլտետում սովորող բազմաթիվ ուսանողներ հեշտությամբ կարող են ընդունվել լավագույն ամերիկյան բուհեր: 

Իհարկե, երբ մտնում ես համալսարան, տեսնում ես, որ պայմանները կատարյալից հեռու են, համապատասխան սարքավորումներ չկան: Բայց անգամ այդ պայմաններում մենք ունենք բավականին մեծ թվով «հաջողության պատմություններ»: Պրոֆեսոր Մուրադյանին, օրինակ, հաջողվել է իր աշխատանքի շնորհիվ արժանանալ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի մի քանի դրամաշնորհների, որոնց հաշվին նա լավագույն սարքերն է ձեռք բերել իր լաբորատորիայի համար: Մի քանի տաղանդավոր երիտասարդ գիտնականներ արդեն հաջողությամբ ավարտել են այդ խումբը: Դա այն մոդելն է, որին պետք է հետեւեն մյուս ֆակուլտետները: 

Վերջերս միացել եմ մի խմբի, որը զբաղվում է Հայաստանում սինխրոտրոն ճառագայթման արագացուցիչի հիման վրա CANDLE միջազգային կենտրոնի ստեղծման ծրագրով: Այն ղեկավարում է Վասիլի Ցականովը: Ծրագրի գիտական խորհրդի անդամ եմ: Վերջերս ավարտվել է ծրագրի առաջին փուլը, որը ներառում էր AREAL գծային արագացուցչի կառուցումը: Վստահ եմ, որ այդ նախագիծը չափազանց մեծ օգուտ կբերի Հայաստանին: Նման խոշոր ներդրումները սարքավորումների եւ ենթակառուցվածքի մեջ կունենան երկարատեւ դրական ազդեցություն Հայաստանում գիտության զարգացման վրա: Այն կստեղծի նոր աշխատատեղեր, կներգրավի գիտնականների դրսից՝ ստեղծելով համագործակցության հիմք: Նաեւ հիմք կհանդիսանա գիտնականների նոր սերունդների դաստիարակման համար. մի բան, ինչը նախկինում արել է Ֆիզիկայի ինստիտուտը:

Արամ Արարատյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին