50 գլոբալ հայերը. Վալերի Պապանյան - Mediamax.am

exclusive
21458 դիտում

50 գլոբալ հայերը. Վալերի Պապանյան


Վալերի Պապանյանը:
Վալերի Պապանյանը:

Լուսանկարը` Վ.Պապանյանի անձնական արխիվից:

Երիտասարդ ֆիզիկոսների կոնֆերանսը Նոր-Ամբերդում (Վալերի Պապանյանը՝ 2-րդը աջից):
Երիտասարդ ֆիզիկոսների կոնֆերանսը Նոր-Ամբերդում (Վալերի Պապանյանը՝ 2-րդը աջից):

Լուսանկարը` Վ.Պապանյանի արխիվից:

Stellar Award մրցանակաբաշխությունը աստղանավորդ Ջոն Յանգի կողմից (աջից):
Stellar Award մրցանակաբաշխությունը աստղանավորդ Ջոն Յանգի կողմից (աջից):

Լուսանկարը` Վ.Պապանյանի արխիվից:

«X-38» Crew Return Vehicle:
«X-38» Crew Return Vehicle:

Լուսանկարը` Վ.Պապանյանի արխիվից:

Շաթլի զննումը:
Շաթլի զննումը:

Լուսանկարը` Վ.Պապանյանի արխիվից:

Nasa Space Flight Awareness մրցանակի հանձնումը (մեջտեղում Վալերի Պապանյանի կինն է` Վազգանուշը, աջից՝ տիեզերագնաց Ալան Պոինդեքստերը):
Nasa Space Flight Awareness մրցանակի հանձնումը (մեջտեղում Վալերի Պապանյանի կինն է` Վազգանուշը, աջից՝ տիեզերագնաց Ալան Պոինդեքստերը):

Լուսանկարը` Վ.Պապանյանի արխիվից:

Վալերի Պապանյանը թոռան՝ Հովհաննեսի հետ:
Վալերի Պապանյանը թոռան՝ Հովհաննեսի հետ:

Լուսանկարը` Վ.Պապանյանի արխիվից:


Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը եւ ներկայացնում է հերթական հերոսին՝ Վալերի Պապանյանին, ով աշխատում է NASA-ում: 

Վալերի Պապանյանը ֆիզիկական եւ մաթեմատիկական գիտությունների դոկտոր է: Ծնվել է Թբիլիսիում: 1968թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ֆակուլտետը, ապա` ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան Մոսկվայում: 1974 թ-ից սկսած ավելի քան 20 տարի աշխատել է Երեւանի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, որտեղ դարձել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների լաբորատորիայի, ապա՝ գազային պլազմայի լաբորատորիայի ղեկավար: Համատեղ հետազոտություններ է անցկացրել Ռայսի համալսարանի (Հյուսթոն, Տեխաս), Լա Սապիենցա համալսարանի (Հռոմ), Պրահայի եւ Բուդապեշտի լաբորատորիաների հետ: 1996 թ-ից սկսել է աշխատել Հյուսթոնում՝ Ռայսի համալսարանում: 1999 թ-ից աշխատում է NASA-ում՝ նախ “Х-38” Crew Return Vehicle (CRV) ծրագրի զարգացման ուղղությամբ, ապա՝ Shuttle “Return to Flight” ծրագրի վրա, որտեղ աշխատել է մինչեւ 2011 թ-ը՝ շաթլների դարաշրջանի ավարտը: Այժմ աշխատում է NASA-ի Լինդոն Ջոնսոնի անվ. տիեզերական կենտրոնում՝ Տիեզերական բեկորների խմբում (Orbital Debris group at NASA Johnson Space Center):

Ծնվել եւ դպրոցն ավարտել եմ Թբիլիսիում: Դպրոցում սիրել եմ տեխնիկական առարկաները՝ ֆիզիկա եւ մաթեմատիկա: Ինձ վրա շատ մեծ ազդեցություն է թողել ուսուցիչս՝ Ալեքսանդր Անդրեասովը, ով սիրում էր կրկնել. «Խնդիրը լուծելու համար հարկավոր է այն զգալ հոգու բոլոր մանրաթելերով»:

Ինձ վրա լուրջ ազդեցություն է գործել նաեւ Յուրի Գագարինի թռիչքը տիեզերք 1961 թվականին, այդ ժամանակ սովորում էի 8-րդ դասարանում: Ես շատ նյութեր էի ընթերցում այդ թեմայով, նույնիսկ մի փոքր զեկույց կազմեցի Իոսիֆ Շկլովսկու «Տիեզերք, կյանք, բանականություն» գրքի հիման վրա: Այդ էր պատճառը, որ որոշեցի զբաղվել հրթիռների շինարարությամբ: Սակայն շուտով հրապուրվեցի տարրական մասնիկներով, քվանտային մեխանիկայով: Քվանտային մեխանիկայի մասին «Անհերքելի աշխարհի տարօրինակությունը» գրքի մի գլխում կային լուսանկարներ պատերազմի վերջին տարիներին Արագածի վրա Արտեմ Ալիխանյանի ու նրա եղբայր Աբրահամ Ալիխանովի կողմից տիեզերական կայան կառուցելու մասին (ի դեպ, քչերին է հայտնի, որ հենց վերջինս պետք է գլխավորեր ատոմային ռումբի մշակման ծրագիրը, բայց ի վերջո ընտրվեց Կուրչատովը՝ իր ռուսական ծագման շնորհիվ): Այդ ամենը նույնպես ազդեցություն գործեց ինձ վրա, եւ ես ավելի խորացա ֆիզիկայի բնագավառ, նույնիսկ հայտնվեցի Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կողմից կազմակերպված մաթեմատիկական օլիմպիադայի եզրափակչում:

Ես չէի ցանկանում մնալ Վրաստանում: Դպրոցն ավարտելուց հետո իմ առջեւ ընտրություն էր դրված՝ բուհ դիմել Երեւանում, թե Մոսկվայում: Հայրս խորհուրդ տվեց մեկնել հայրենիք՝ Հայաստան, ինչի մասին ես հետագայում երբեք չեմ զղջացել: 

Վալերի Պապանյանն ասում է, որ իր բախտը շատ է բերել, քանի որ Հայաստանում նա հայտնվել է ֆիզիկայի բոլոր ոլորտների զարգացման կիզակետում, հանդիպել է իր ողջ կյանքի ընկերներին, ինչպես նաեւ ծանոթացել է իր ապագա կնոջ հետ:


Երիտասարդ ֆիզիկոսների կոնֆերանսը Նոր-Ամբերդում (Վալերի Պապանյանը՝ 2-րդը աջից):
Լուսանկարը` Վ.Պապանյանի արխիվից:

Այն ժամանակ Ֆիզիկայի ինստիտուտը ակտիվ վերակառուցվում էր, զարգանում էին համակարգչային գիտությունները, ինժինիրինգը, գիտնական լինելը պատվաբեր եւ տարածված երեւույթ էր: Մեզ՝ լավագույն ուսանողներիս, ընտրեց ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանը: Նա լավ կապեր ուներ Մոսկվայի հետ եւ ուսանողներ էր ուղարկում այնտեղ ասպիրանտուրա: Այդպես ես հայտնվեցի Մոսկվայում՝ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտում, որտեղ 1974թ. պաշտպանեցի թեկնածուական ատենախոսություն: Մեզանից՝ հայ ուսանողներիցս շատերը վերադարձան Հայաստան, որտեղ էլ ես մեկ տարի անց ամուսնացա: Սկսեցի աշխատել Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում: Այնտեղ աշխատեղի 20 տարի՝ սկսելով որպես կրտսեր գիտաշխատող եւ դառնալով լաբորատորիայի ղեկավար, որում մենք զբաղվում էինք կարճալիքային լազերներով, գազային պլազմայով: 

Ես խորհրդային ժամանակաշրջանում լավ կապեր ունեի, այդ թվում՝ արտասահմանում. ինձ աշխատանքի էին հրավիրում Իտալիա, Չեխոսլովակիա, Հունգարիա, հրավերներ էի ստանում մասնակցելու համաժողովների, այդ թվում նաեւ ԱՄՆ-ում: Այդ տարիների ընթացքում մենք համատեղ հետազոտություններ էինք կատարում Հյուսթոնում գտնվող Ռայսի համալսարանի, Հռոմի Լա Սապիենցա համալսարանի, Պրահայի եւ Բուդապեշտի լաբորատորիաների հետ:  Գրեթե ամեն տարի ես մեկնում էի միջազգային համաժողովների, բայց երբեք չէի մտածում այնտեղ մշտական բնակություն հաստատելու մասին:

Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ հայտնվեցի ԱՄՆ-ում: Արեւելյան Եվրոպայի հրավերների համար պատասխանատու էր դոկտոր Ռոլֆ Գրոսը: Նա խորհրդային պատվիրակության ղեկավարին՝ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Նիկոլայ Բասովին խնդրել էր հրավերներ ուղարկել ոչ թե հայտնի ակադեմիկոսների, այլ երիտասարդ ու ակտիվ գիտնականների: Այդպես ես հայտնվեցի խորհրդային պատվիրակության կազմում, որը համաժողովին մասնակցելու նպատակով ուղեւորվեց առասպելական Նոր Օռլեան: Այդ համաժողովի բոլոր մասնակիցները հետագայում ընկերներ դարձան, ինչպես նաեւ երկար ժամանակ պահպանեցին իրենց կապը ամերիկյան գործընկերների հետ:

Դժվարին տարիներին՝ 1989-1996թթ., ես լաբորատորիայի գործունեությունը պահպանում էի միջազգային դրամաշնորհների հաշվին (Սորոսի հիմնադրամ, Միջազգային գիտական հիմնադրամ, Կիրառական գիտության համագործակցություն): Սակայն 1991 թվականից հետո հետզհետե ավելի ու ավելի դժվար էր մրցունակ մնալ միջազգային ասպարեզում: Համաշխարհային գիտությունը սրընթաց զարգացում է ապրում, եւ եթե դու չես աշխատում նույնիսկ մեկ ամիս (իսկ ձմռան ցուրտ ամիսներին Հայաստանում աշխատելը գրեթե անհնար էր), շատ արագ հետ ես մնում: Մենք զբաղվում էինք փորձարկումներով, բայց այլեւս անհնարին էր նոր գործիքներ ու սարքավորումներ գնել…

1996թ. ես կրկին դրամաշնորհ ստացա Միջազգային գիտական հիմնադրամից, մեկնեցի Հյուսթոն՝ Ռայսի համալսարան, որտեղ նախկինում բազմիցս եղել էի, եւ ծրագրի ավարտից հետո որոշեցի մնալ այնտեղ:

Ռայսի համալսարանում 46 տարեկան հասակում սկսվում է Վալերի Պապանյանի նոր կարիերան:


Stellar Award մրցանակաբաշխությունը աստղանավորդ Ջոն Յանգի կողմից (աջից):
Լուսանկարը` Վ.Պապանյանի արխիվից:

Հյուսթոնը հայտնի է երեք բանով՝ Լինդոն Ջոնսոնի անվ. տիեզերական կենտրոնով (Johnson Space Center, JSC), նավթարդյունաբերությամբ, ինչպես նաեւ Տեխասի բժշկական կենտրոնով: Իմ առաջին աշխատանքը նավթարդյունաբերության բնագավառում էր՝ հորատման նոր սարքավորումների մշակմամբ զբաղվող Baker Hughes ընկերությունում: Նրանք օպտիկայի եւ լազերային սպեկտրոսկոպիայի մասնագետի կարիք ունեին՝ հորատման ընթացքում հողի տակ վերլուծություններ կատարելու համար: Baker Hughes-ում ես մի քանի արտոնագիր ստացա: Բայց 1999թ. նավթի գինը հասավ կրիտիկական նվազագույն մակարդակի՝ $‌13 մեկ բարելի դիմաց, եւ ընկերությունը դադարեցրեց այդ աշխատանքները:
 
Հենց այդ ժամանակահատվածում Վալերի Պապանյանը աշխատանքի առաջարկ ստացավ NASA-ից: Նա ասում է, որ այդպիսով հրթիռների մշակմամբ զբաղվելու մանկական երազանքը (Յուրի Գագարինի՝ տիեզերք կատարած թռիչքի ազդեցությամբ) իրականություն դարձավ:

NASA-ն կառավարական կազմակերպություն է, որի ֆինանսավորումն առաջարկում է ԱՄՆ նախագահը եւ հաստատում է Սենատը: Այլ կերպ ասած, ծրագրերը շարունակվում են այնքան ժամանակ, քանի դեռ դրանք ֆինանսավորվում են, եւ հաճախ կախված են քաղաքական փոփոխություններից: NASA-ում իմ առաջին ծրագիրը, այսպես կոչված, “X-38” Crew Return Vehicle-ն (CRV) էր՝ փրկարար տիեզերանավ, որը մենք մշակում էինք Միջազգային տիեզերակայանի համար: Այդ տիեզերանավի առաքելությունը տիեզերագնացներին երկիր վերադարձնելն էր չնախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում (բախում երկնաքարի կամ տիեզերական աղբի հետ): Ես աշխատում էի մի խմբում, որը զբաղվում էր լազերային պիրոպատրոնների, որոնք օգտագործվում են պարաշյուտների կատարելագործման համար, եւ այլ կարեւոր սարքավորումների մշակմամբ: 


«X-38» Crew Return Vehicle:
Լուսանկարը` Վ.Պապանյանի արխիվից:

Ամերիկայում շատ կարեւոր է ցուցադրել մասնագիտական հմտություններդ, այլ ոչ միայն գիտելիքներդ, ինչպես Խորհրդային Միությունում էր: Դու պետք է ցույց տաս, որ կարող ես անել այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է նրանց: Ինձ հաջողվեց լուծել այն խնդիրները, որոնց նրանք բախվել էին, եւ նրանք սկսեցին հաշվի առնել իմ կարծիքը: Շատերը մտածում են, որ Ամերիկայում, պատկերավոր ասած, շոկոլադ են բաժանում, բայց դա այդպես չէ. հարկավոր է երկար ժամեր լրջորեն աշխատել: Իմ կարիերան վերելք ապրեց. ես ստացա մի քանի մրցանակ, 2001թ. կնոջս հետ որպես VIP հյուր հրավիրվեցի «Դիսքավերի» շաթլի գործարկմանը Ֆլորիդայում:

Հետո ծրագիրը փակվեց ֆինանսավորման կրճատման պատճառով: 2003թ. աղետի ենթարկվեց «Կոլումբիա» շաթլը: Ինձ` որպես օպտիկայի մասնագետի հրավիրեցին աշխատել մի խմբում, որը զբաղվում էր շաթլների մակերեսի զննմամբ`երկրի մթնոլորտ մտնելու ժամանակ վթարից խուսափելու նպատակով:

Դա նրա երկրորդ նախագիծն էր NASA-ում: Վալերի Պապանյանն այդ խմբում աշխատեց մինչեւ 2011թ.` շաթլների դարաշրջանի ավարտը:


Շաթլի զննումը:
Լուսանկարը` Վ.Պապանյանի արխիվից:

NASA-ում գիտեն, թե երբ է ծրագիրն ավարտվելու, եւ մասնագետներին նախօրոք գրանցում են այլ ծրագրերում: Այդպես ես հրավիրվեցի տիեզերական բեկորների հետազոտությամբ զբաղվող խումբ (Orbital Debris Group of the Astromaterials Research and Exploration Science Directorate at NASA): Ես աշխատում եմ ռադարների խմբում: Դրանց, ի տարբերություն հեռադիտակի, արեւի լույսն անհրաժեշտ չէ ուղեծրում օբյեկտ հայտնաբերելու համար: Դրանք ապշեցուցիչ զգայունություն ունեն: Այսպես, 2 000 կմ հեռավորության վրա ռադարը կարող է զգալ սանտիմետրերի հասնող բեկորները: Դա կատարվում է հատուկ ազդակների միջոցով, մաթեմատիկական եւ վիճակագրական մշակումներով` հզոր համակարգիչների օգնությամբ, այլ ոչ թե այնպես, ինչպես մենք սովոր ենք տեսնել ֆիլմերում (կլոր էկրանին նայող օպերատորների շնորհիվ):

Ի՞նչ է նշանակում աշխատել աշխարհում տիեզերական տիրույթի հետազոտման խոշորագույն գերատեսչությունում:

Իհարկե, մի կողմից, շատ ռոմանտիկ է աշխատել NASA-ում: Ընկալումը կախված է նաեւ այն հանգամանքից, թե որ մակարդակում ես աշխատում: Բայց, մյուս կողմից, դա մեծ պատասխանատվություն է, քանի որ գիտակցում ես, որ քո աշխատանքից կախված է մարդկանց կյանքը: Երբ մենք հետազոտում էինք շաթլների մակերեսը, գիտեինք, որ եթե բաց թողնենք ինչ-որ թերություն, դա կարող է խլել տիեզերագնացների կյանքը: Իսկ թերությունների չափսերն ու ձեւերը, որոնք մենք ուսումնասիրում էինք որոշակի հեռավորության վրա տեսանյութերով ու լուսանկարներով, կարող էին հասնել միլիմետրերի:


Nasa Space Flight Awareness մրցանակի հանձնումը (մեջտեղում Վալերի Պապանյանի կինն է` Վազգանուշը, աջից՝ տիեզերագնաց Ալան Պոինդեքստերը):
Լուսանկարը` Վ.Պապանյանի արխիվից:

Վալերիի կինը` Վազգանուշը, նույնպես ֆիզիկոս է, մոլեկուլյար ֆիզիկայի գծով թեզը պաշտպանել է Կիեւում, ներկայումս աշխատում է Հյուսթոնում գտնվող Տեխասի համալսարանում`Քաղցկեղի հետազոտման կենտրոնում: Աղջիկը` Շուշանիկը, տնտեսագիտական կրթություն է ստացել Երեւանում, «Հակամարտությունների կարգավորում» մասնագիտացմամբ մագիստրատուրան ավարտել է Նոտերդամի համալսարանում, իսկ ասպիրանտուրան` Հյուսթոնում:

Ժամանակին աղջիկս մասնակցել է Իջեւանի շրջանում հայ եւ ադրբեջանցի հասակակիցների հանդիպման ծրագրին: Ներկայումս աշխատում է որպես ավագ տնտեսագետ BBVA Compass ընկերությունում` Հյուսթոնում:
 
Որդիս` Խաչատուրը, գնացել է համակարգչային ինժեներիայի ուղղությամբ, ավարտել է Օսթին քաղաքում գտնվող Տեխասի համալսարանը, աշխատել է Dell ընկերության համար: Այժմ իրավաբանի մասնագիտություն է ուսումնասիրում էլեկտրոնիկայի եւ համակարգչային տեխնիկայի արտոնագրերի ոլորտում:


Վալերի Պապանյանը թոռան՝ Հովհաննեսի հետ:
Լուսանկարը` Վ.Պապանյանի արխիվից:

Իմ հարազատ քույրն ապրում է Հայաստանում, մենք պարբերաբար այցելում ենք նրան: Խիտ ժամանակացույցի պատճառով չեմ հասցնում ամեն տարի լինել Հայաստանում, սովորաբար այնտեղ եմ գնում 2-3 տարին մեկ: Իսկ կինս Հայաստան է մեկնում ամեն տարի:

Աշխատանքիս առանձնահատկության պատճառով չեմ կարող գիտական կապեր պահպանել պաշտոնական մակարդակով: Ոչ պաշտոնական անձնական կապեր, իհարկե, կան: Երեւանում ես միշտ հաճույքով եմ հանդիպում ԵՊՀ-ի եւ Ակադեմիայի ֆիզիկոս գործընկերներիս:
 
Ինչ-որ մեկն ասել է, որ ֆիզիկան ոչ թե մասնագիտություն է, այլ մտածելակերպ: Վալերի Պապանյանն ասում է, որ լիովին համամիտ է այդ կարծիքին` հիշելով Մոսկվայում ասպիրանտուրայի իր տարիները, որտեղ հանդիպումներն այնպիսի անհատականությունների հետ, ինչպիսին է Անդրեյ Սախարովը, հսկայական ազդեցություն են գործել նրա գիտական եւ անձնական զարգացման վրա: 

Վալերի Պապանյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին