Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-31
«Ընդհանուր հայտարարի» գալ
Հուլիսի 30-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ էր արել մինչեւ տարեվերջ «ընդհանուր հայտարարի» գալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
«Համանախագահները պետք է մինչեւ տարեվերջ որոշեն, թե ինչ է պետք անել: Հույս ունենք, որ նրանք լուրջ եւ վճռական քայլեր կանեն իրավիճակի հստակեցման համար», - ասել էր Արազ Ազիմովը:
Արազ Ազիմովը նաեւ հայտարարել էր, որ «Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի շահերը, քան արտահայտում է Հայաստանի դիրքորոշումը»։
«Երբեմն դա դուրս է գալիս ընդունելի շրջանակներից: Համարում եմ, որ Լեռնային Ղարաբաղում ապրող խաղաղ բնակչությունն ավելի շատ ուզում է ապրել Ադրբեջանի կազմում», - ասել էր ադրբեջանցի դիվանագետը:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-31
«Կեղծ գիտական քննարկում»
Հուլիսի 25-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն ասել էր, որ «մինչ եկեղեցիների պատկանելության մասին կեղծ գիտական քննարկում է ընթանում` դրանք քանդվում են, քանի որ փաստացի սեփականատեր չունեն»:
«Հաճախ հրապարակումներում հանդիպում ենք չգիտես որտեղից վերցված հայկական կողմի «պահանջների» մասին: Հայկական կողմը պաշտոնապես խնդրել է վեց եկեղեցիներ վերադարձնել` 5 Թբիլիսիում, եւ մեկը Ախալցխայում, սակայն ինչ-որ եռանիշ թվեր են ներկայացվում, ասես մտածված` որպեսզի հասարակական կարծիքը տրամադրվի եկեղեցիների հնարավոր վերադարձի դեմ:
Սակայն հիմա գլխավոր խնդիրն այն է, որ մինչ այդ եկեղեցիների պատկանելության հարցի շուրջ կեղծ գիտական քննարկում է ընթանում` դրանք քանդվում են, քանի որ փաստացի սեփականատեր չունեն», - ասել էր դեսպանը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: