Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-8
«Մեր երկրից վտարել ղարաբաղյան կլանը»
Մայիսի 4-ն «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իշխանությունների ներկայացուցիչներին անվանել էր «ուրիշի ձայները տանող գողեր»:
Հանդես գալով մամուլի ասուլիսում, նա ասել էր, որ «Իմպիչմենտ» դաշինքի եւ «Նոր ժամանակներ» կուսակցության հետ միասին մենք բոլոր ընտրատեղամասերում պայքարելու ենք մեր ձայների համար»։
Լուսանկարը` Ֆոտոլուր
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտարարել էր, որ «մենք պայքարելու ենք ղարաբաղյան կլանի իմպիչմենտի համար եւ պատրաստ ենք դուրս գալ փողոցներ եւ չհեռանալ այնտեղից, մինչեւ չհասնենք մեր նպատակին»:
Լուսանկարը` Ֆոտոլուր
«Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «իմպիչմենտի գաղափարը գերիշխում է բնակչության 80%-ի մոտ, եւ մենք ստացել ենք հասարակական պատվեր` մեր երկրից վտարել ղարաբաղյան կլանը»։
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-8
Ընտրությունների արդյունքները
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր ձայների 44 %, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը` 30 %, Հայ ազգային կոնգրեսը` 7 %, Ժառանգությունը, Օրինած երկիրը եւ Դաշնակցությունը`5-ական %:
Մայիսի 7-ին միջազգային դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ ընտրություններն անցել են խաղաղ, սակայն «նկատվել են նաեւ կազմակերպչական խնդիրներ եւ ընտրական գործընթացին միջամտելու դեպքեր՝ հիմնականում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից»։
Լուսանկարը` Ֆոտոլուր
Մայիսի 8-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ասել էր, որ միջազգային հանրությունը հերթական անգամ ստորադասել է Հայաստանի ժողովրդավարությունը աշխարհաքաղաքական խնդիրներին:
Նա ասել էր, որ միջազգային հանրությունը «փայփայելու է Սերժ Սարգսյանի եւ նրա վարչակազմն այնքան ժամանակ, քանի դեռ նրանից չի կորզել հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը եւ բոլոր ազատագրված տարածքների վերադարձը»:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Նույն հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «Սերժ Սարգսյանը եւ նրա վարչակազմը մայիսի 6-ին ընտրությունների ընթացքում իրականացրել են քաղաքացիական ցեղասպանություն»:
Նա ընտրական տեղամասերը համեմատել էր Դեր Զորի անապատի հետ, իսկ մայիսի 6-ը` ապրիլի 24-ի հետ:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Փաշինյանը նաեւ ասել էր, որ այն «9 հազար քաղաքացիները, ովքեր ընտրել են իրեն Մալաթիա-Սեբաստիա համայնքում մայիսի 6-ին, պարտիզանական պայքար են տարել Լֆիկական Օսվենցիմում»:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-8
Ռուսաստանը կարող է Հայաստանի ռազմաբազան օգտագործել ԻՊ-ի դեմ
Մայիսի 6-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը կարող է օգտագործվել «Իսլամական պետության» (ISIS) դեմ պայքարում։
«Ցավոք, ISIS-ը հարմարվել է Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի հյուսիսում եւ դեռ չի ուզում հանձնվել, բայց մենք նրանց անպայման կջախջախենք։ Սակայն եւ այս փուլում նրանք ակտիվություն են դրսեւորում Աֆղանստանում եւ հատկապես դրա հյուսիսային հատվածներում, որոնք անմիջապես հարում են մեր հարեւանների ու դաշնակիցների սահմաններին։ Արագ արձագանքման ստորաբաժանումները, որոնք հատկացրել են ՀԱՊԿ երկրները, միշտ պատրաստ են գործի անցնել, ինչպես նաեւ պատրաստ են ՌԴ բազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղըզստանում եւ Հայաստանում։ Քանի դեռ այդ վարակը վերացված չէ, այս առաջնայնությունները պահպանվելու են», - ասել էր Լավրովը։
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: