Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ՀՈՒԼԻՍԻ 4
Սկզբունքները պետք է «ունիվերսալ լինեն»
Հունիս 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր, որ Կոսովոյում, Կիպրոսում, Անդրկովկասում կամ Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման սկզբունքները «պետք է ունիվերսալ լինեն եւ հիմնվեն միջազգային իրավունքի եւ հակամարտության մեջ ներքաշված բոլոր ժողովուրդների շահերի հարգանքի վրա»։
«Քելբաջարը կարող է վերադարձվել միայն հանրաքվեից հետո»
Հունիսի 30-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ «անվտանգության նկատառումներից ելնելով, Քելբաջարը կարող է վերադարձվել միայն հանրաքվե անցկացնելուց եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելուց հետո»:
Նախարարն ասել էր, որ Քելբաջարի հարցը այն տարաձայնությունն է, որը վկայակոչում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 22-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում արված հայտարարության մեջ:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Նույն օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ հայերը դուրս չեն բերի զորքերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից, եթե համոզված չլինեն, որ փոխհատուցում կստանան:
«Կնպաստի արդյո՞ք հայկական զորքերի դուրս բերումը լարվածության թուլացմանը: Իհարկե, դրանում ոչ մի կասկած չկա: Այդ իսկ պատճառով այս հարցը մեր առանցքային սկզբունքների կենտրոնական տարրն է: Սակայն հայերը դուրս չեն բերի իրենց զորքերը զուտ այն պատճառով, որ մենք իրենց կասենք. «Դա կօգնի թուլացնել լարվածությունը»: Նրանք կգնան այդ քայլին այն ժամանակ, եթե փոխհատուցում ստանան, եւ մեր առանցքային սկզբունքները հենց դրան են վերաբերում», - հայտարարել էր միջնորդը:
Մեթյու Բրայզան ասել էր, որ Ղարաբաղի հետագա կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի կամ բնակչության քվեարկության անցկացումը «չափազանց կարեւոր է» հայկական կողմի համար, «եւ Ադրբեջանը հենց դա պետք է առաջարկի հայերին»:
«Դժվարությունը հետեւյալն է` ինչպես սահմանել հարաբերակցությունը հայկական զորքերի դուրս բերման կամ դրանց վերատեղակայման եւ Ղարաբաղի ապագա կարգավիճակի քվեարկության անցկացման ժամկետի միջեւ»,- բացատրել էր Բրայզան։
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ՀՈՒԼԻՍԻ 4
«Լրացուցիչ առաջարկներ»
Հուլիսի 1-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին «լրացուցիչ առաջարկներ» կներկայացվեն:
«Ես ողջունում եմ Ռուսաստանի, նրա նախագահի ներդրումը. նա մեծ ջանքեր է գործադրել այս հարցում՝ ե՛ւ Սոչիում, ե՛ւ Կազանում: Բայց, այնուամենայնիվ, դա արդյունք չտվեց, ինչն, իհարկե, ցավալի է: Սակայն, որքան ես գիտեմ, կլինեն լրացուցիչ առաջարկներ, որպեսզի հնարավոր լինի որեւէ համաձայնության հասնել այս հարցում», - ասել էր Ալեն Ժյուպեն:

Լուսանկարը` REUTERS
Հուլիսի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի կրողը, եւ այդ իրավունքը պետք է լիարժեքորեն իրագործվի»:
«Լեռնային Ղարաբաղի խնդրի համար այլ լուծում չկա», - շեշտել էր Սերժ Սարգսյանը:
Խոսելով այն մասին, որ Կազանում կայացած հանդիպմանը ադրբեջանական կողմը գոյություն ունեցող փաստաթղթին մոտավորապես 10 նոր առաջարկություն ներկայացրեց, Հայաստանի նախագահն ասել էր.
«Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ փաստաթուղթը մշակված է այն աստիճանի, որ ցանկացած փոփոխություն կպահանջի փոփոխություններ այլ տեղերում, այլ կետերում, ենթակետերում»:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ՀՈՒԼԻՍԻ 4
«Մեր ունեցած զենքը թույլ է տալիս պաշտպանել մեզ»
Հունիսի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հույս էր հայտնել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրիլի սկզբին նախաձեռնած եւ տապալած բլիցկրիգից հետո համապատասխան հետեւություններ կանի:
«Նրանք հասկացան, որ հեշտ հաղթանակի հասնել չեն կարող: Տապալված բլիցկրիգը թույլ է տալիս հետեւություններ անել, որ ավելի մանրակրկիտ մտածեն ապագայում: Նրանք գործ ունեին Արցախի Պաշպանության բանակի հետ, որն այսօր մեր տարածաշրջանում մրցունակ է իր պատրաստվածությամբ, մարտունակությամբ եւ վարպետությամբ»,- ասել էր նախարարը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր գործողությունից հետո Հայաստանի ՊՆ-ն եւ Արցախի ՊԲ-ն վերլուծություն են անում, որի եզրահանգումները թույլ են տալիս ճիշտ պլանավորում իրականացնել:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Համատեղ վերլուծությունը վկայում է, որ Հայաստանի ԶՈՒ զարգացման պլաններն այսօր համապատասխանում են ներկայիս վիճակին: Պաշտպանության համար ստեղծված բնագծերը, մեր ունեցած զենքը եւ սպառազինությունը, դրանց առկա քանակությունը թույլ են տալիս ապահովել մեր պաշտպանությունը եւ հակահարձակողական գործողությունների իրականացումը»,- ասել էր Սեյրան Օհանյանը:
Մյուս կողմից, նախարարն ընդգծել էր, որ ՀՀ ԶՈՒ-ն ունեցել է նաեւ բացթողումներ, սակայն անպատրաստ չէր:
«Եթե պատրաստ չլինեինք, ապա Ադրբեջանի զինված ուժերն ագրեսիայի ժամանակ կհասնեին իրենց նպատակներին»,- ասել էր Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Հայաստանը չի քննարկի ինքնավարությունը
Հունիսի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ հայկական կողմը բանակցությունների ժամանակ երբեւէ չի քննարկել եւ չի քննարկի Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավարության հարցը:
Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել Ղարաբաղի ինքնավարության հարցը եւ որպես օրինակ բերել Նախիջեւանը՝ ասելով, որ Պետերբուրգում կայացած հանդիպմանը նաեւ այդ մասին են խոսել:
Նալբանդյանն Ալիեւի այդ հայտարարությունը շինծու էր անվանել:
Նրա խոսքով, Ադրբեջանը փորձում է ինչ-որ կերպ իր հանրությանը ցույց տալ, որ այդ պայմանավորվածություններն ի նպաստ իրենց են եղել:
«Չեմ կարծում, որ այդ մոտեցումը օգտակար կարող է լինել բանակցային գործընթացի համար: Ժամանակին հայաշատ Նախիջեւանն այսօր ամբողջովին հայաթափված է, հայկական մշակութային ժառանգությունը` ոչնչացված, եւ դա այսօր օրինակ է բերվում Ադրբեջանի ղեկավարի կողմից որպես հեռանկար Լեռնային Ղարաբաղի համար: Սա այն վառ ապացույցներից է, թե ինչու դա չէր կարող լինել բանակցությունների առարկա ու չի էլ լինի»,- նշել էր Էդվարդ Նալբանդյանը:
Քերին կոչ է արել իրագործել ստանձնած պարտավորությունները
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 30-ին հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:
«Պետքարտուղար Քերին նախագահներին խնդրել է իրագործել ստանձնած պարտավորությունները, ներառյալ վստահության ամրապնդմանն ուղղված երկու միջոցները, որոնց մասին նրանք պայմանավորվել էին մայիսի 16 Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներում:

Լուսանկարը` REUTERS
Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը բովանդակային բանակցություններին, որոնք կարող են համապարփակ լուծման բերել եւ կոչ է արել նախագահներին շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո», - հայտնել էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: