5/10/15. ԵԽ Վարշավայի գագաթնաժողովը, Էդելսթեյնի կոչը - Mediamax.am

exclusive
10326 դիտում

5/10/15. ԵԽ Վարշավայի գագաթնաժողովը, Էդելսթեյնի կոչը


Եվրոպայի Խորհրդի Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները
Եվրոպայի Խորհրդի Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները

Լուսանկարը` REUTERS

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դէվիսը (կենտրոնում) եւ Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասկեւսկին Վարշավայի գագաթնաժողովում
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դէվիսը (կենտրոնում) եւ Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասկեւսկին Վարշավայի գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Յուլի Էդելսթեյնը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Յուլի Էդելսթեյնը

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-17

Ներգրավել ԼՂՀ-ն եվրոպական ինտեգրման գործընթացներին

Մայիսի 16-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վարշավայում կայացած Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները տեսնում է եվրոպական արժեքների հարգանքի համատեքստում:

«Հայաստանում հավատում են բաց սահմաններով Եվրոպային` առանց բռնության, առանց շրջափակումների, առանց փախստականների: Եվրոպային, որտեղ հարգվում են մարդու իրավունքները եւ ժողովուրդների ազատ ընտրության իրավունքը, որտեղ ներկան կառուցվում է անցյալի օբյեկտիվ գնահատականի վրա: Այս համատեքստում մենք տեսնում ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Իսկ ավելի հստակ` դե ֆակտո կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եվրոպական ինտեգրման գործընթացներին ներգրավելու ձեւաչափի որոնումը»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դէվիսը (կենտրոնում) եւ Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասկեւսկին Վարշավայի գագաթնաժողովում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դէվիսը (կենտրոնում) եւ Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասկեւսկին Վարշավայի գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS


Օսկանյանը մերժել է Ալիեւի առաջարկը

Մայիսի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Վարշավայում հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկությունը՝ Լեռնային Ղարաբաղին «ինքնավարության ամենաբարձր մակարդակ» տրամադրելու վերաբերյալ անընդունելի է հայկական կողմի համար:

Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել էր, որ ինքնավարությունն «անցած փուլ» է Լեռնային Ղարաբաղի հայերի համար:

«Նրանք ունեին այդ ինքնավարությունն Ադրբեջանի տարածքում խորհրդային տարիներին եւ խտրականության էին ենթարկվում ադրբեջանական իշխանությունների կողմից»,- հիշեցրել էր Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովին։

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-17

«Թուրքիան վերադարձել է նախապայմանների լեզվին»

Մայիսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ արձանագրությունների ստորագրումից հետո «Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին եւ արգելափակեց թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացումը»:

Հանդես գալով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում՝ Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ «չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք սկսեցինք գործընթացը Շվեյցարիայի միջնորդությամբ, վարեցինք բանակցությունները եւ ստորագրեցինք արձանագրությունները այն ընդհանուր փոխըմբռնմամբ, որ կարգավորման գործընթացում չեն կարող լինել նախապայմաններ»:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը Հայաստանի նախագահի նախաձեռնությունն էր:

«Այդ իսկ պատճառով Հայաստանի նախագահը որոշեց կասեցնել վավերացման գործընթացը Հայաստանում, մինչեւ Անկարան նորից պատրաստ լինի շարունակել գործընթացը առանց նախապայմանների, եւ այդ քայլը դրական ընկալվեց միջազգային հանրության կողմից»,- նշել էր ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-17

Էդելսթեյնի կոչը

Մայիսի 12-ին Իսրայելի Կնեսետի խոսնակ Յուլի Էդելսթեյնը կոչ էր արել երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հանդես գալով Իսրայելի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստին, նա շեշտել էր, որ Իսրայելն այլեւս չի կարող տեղի տալ դիվանագիտական ճնշումներին կամ «թաքնվել մշուշոտ ձեւակերպումների հետեւում»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Յուլի Էդելսթեյնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Յուլի Էդելսթեյնը

Լուսանկարը` REUTERS


«Գաղտնիք չէ, որ Իսրայելը բավական հակասական դիրքորոշում է որդեգրել Հայոց ցեղասպանության հարցում: Դիվանագիտական եւ այլ դրդապատճառներից ելնելով՝ մեր դիրքորոշումը չափազանց անվճռական ու զուսպ է եղել եւ որպես հետեւանք՝ այդ պատմական իրադարձության կարեւորությունը նվազեցվել է: Մենք՝ հրեաներս, տառապել ենք Հոլոքոստից, որի հետեւանքները մինչ այսօր տեսանելի են, եւ մենք չպետք է նվազեցնենք ողբերգության աստիճանը»,- ասել էր նա:

Յուլի Էդելսթեյնը նշել էր, որ Հայոց ցեղասպանությունը եղել է նախորդ դարասկզբի «ամենասարսափելի եւ դրամատիկ իրադարձություններից մեկը»՝ ընդգծելով, որ 1.5 միլիոն հայ ոչնչացվել է «սպանդի եւ տեղահանման միջոցով՝ ռասիզմի եւ այլատյացության հողի վրա»:

Հայաստանը մտահոգված է

Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ «ռուսական զենքի՝ Ադրբեջանում հայտնվելը մտահոգիչ է»:

«Ռուսական զենքի՝ Ադրբեջանում հայտնվելը, իհարկե, մեզ մտահոգում է։ Դա յուրաքանչյուր սուվերեն պետության խնդիրն է։ Կարծում եմ՝ ՌԴ ղեկավարությունն այդ ամենի հետ մեկտեղ վերահսկելի վիճակում է պահում մեր տարածաշրջանն ու հարեւաններին, հատկապես, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,- ասել էր Սեյրան Օհանյանը:

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին