5/10/15.Մարգարյան vs Լավրով, ՀՀԿ vs Ծառուկյան, Սարգսյան vs Տեր-Պետրոսյան - Mediamax.am

exclusive
18953 դիտում

5/10/15.Մարգարյան vs Լավրով, ՀՀԿ vs Ծառուկյան, Սարգսյան vs Տեր-Պետրոսյան


Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը
Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերգեյ Լավրովը եւ Վարդան Օսկանյանը Երեւանում 2005թ. փետրվարի 17-ին
Սերգեյ Լավրովը եւ Վարդան Օսկանյանը Երեւանում 2005թ. փետրվարի 17-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լեւոն Տեր-Պետրոսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Chatham House-ում
Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Chatham House-ում

Լուսանկարը` նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը
Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-23

Հայաստանը մտահոգ է

Փետրվարի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպմանն ասել էր, որ տարածաշրջանային տրանսպորտային նախագծերն իրագործելիս, Ռուսաստանը առավելագույնս հաշվի է առնելու Հայաստանի շահերը եւ չի ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք կվնասեն դրանց:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս մասին ասել էր՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության ղեկավարի մտահոգությունն այն մասին, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում նախապատրաստվում է Ղազվին-Ռեշտ-Աստարա նոր երկաթգծի շինարարությունը` շրջանցելով Հայաստանը:

Սերգեյ Լավրովը եւ Վարդան Օսկանյանը Երեւանում 2005թ. փետրվարի 17-ին Սերգեյ Լավրովը եւ Վարդան Օսկանյանը Երեւանում 2005թ. փետրվարի 17-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանի վարչապետի մտահոգության մասին կհայտնի ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինին եւ «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Գենադի Ֆադեեւին:

Դավիթ Հարությունյանի խոստովանությունը

Փետրվարի 23-ին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խոստովանել էր, որ Հայաստանում դեռ չկան իսկապես անկախ դատարաններ, որոնք վայելում են հասարակության վստահությունը:

Միեւնույն ժամանակ, Դավիթ Հարությունյանն ասել էր, որ անցած տարիների ընթացքում դատական ոլորտի բարեփոխման ոլորտում «հսկայական աշխատանք է կատարվել եւ մեծ առաջընթաց է ապահովվել»: Նախարարի խոսքով՝ հիմնական խնդիրը բարեփոխումների արդյունքներն անդառնալի դարձնելն է:

«Մենք չենք կարող սպասել այնքան, մինչեւ մեր երկրում ժողովրդավարությունը դառնա 200 տարեկան, որպեսզի ունենանք նորմալ դատական համակարգ»,- հայտարարել էր Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ Հայաստանի ղեկավարությունն ունի քաղաքական կամք ՝ դատական համակարգի լիարժեք անկախությունն ապահովելու համար:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-23

Միայն Թուրքիայի վավերացումից հետո
 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին Լոնդոնում հայտարարել էր, որ ՀՀ Ազգային Ժողովը հայ-թուրքական արձանագրությունները կվավերացնի միայն Թուրքիայի կողմից դրանք վավերացնելուց հետո:

Հանդես գալով Միջազգային հարաբերությունների Թագավորական ինստիտուտում (Chatham House), երկրի ղեկավարն ասել էր. 
Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Chatham House-ում Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Chatham House-ում

Լուսանկարը` նախագահի մամուլի ծառայություն


«Որպես ՀՀ խորհրդարանական մեծամասնություն վայելող կուսակցության ղեկավար` ես երաշխավորում եմ, որ արձանագրությունները ՀՀ Ազգային Ժողովի կողմից կվավերացվեն միայն Թուրքիայում դրանց վավերացումից հետո»:

ՀՀ նախագահը հիշեցրել էր Թուրքիայի առաջնորդների հայտարարություններն այն մասին, որ իրենց երկրում խորհրդարանն անկախ մարմին է, եւ վավերացման գործընթացի արդյունքներն «անկանխատեսելի» են: «Այդ հայտարարությունների լույսի ներքո մեր խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումը մինչեւ Թուրքիայի համանման որոշումը տարօրինակ կթվա: Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե Հայաստանի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները, իսկ Թուրքիայի խորհրդարանը հրաժարվի դա անել»,- նկատել էր Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը նաեւ նշել էր, որ մտադիր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հրավիրել հայ-թուրքական սահմանի բացման արարողությանը, եթե այն տեղի ունենա: «Դրանով ես ցանկանում եմ Ադրբեջանի նախագահին ցույց տալ, որ հնարավոր է այն խնդիրների լուծումը, որոնք անլուծելի են թվում»,- ասում էր Սերժ Սարգսյանը

Դիվանագիտական դպրոցը
 
Փետրվարի 15-ին Երեւանում բացվել էր Դիվանագիտական դպրոցը:

Դպրոցի ստեղծմանը նպաստել էին Ռուսաստանի Դաշնությանը, ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն: Բացման արարողությանը մասնակցել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանում հավատարմագրված դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները:

Լուսանկարը` Ֆոտոլուր


•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-23

Սերժ Սարգսյանը ընդդեմ Գագիկ Ծառուկյանի

Փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես էր եկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կոշտ քննադատությամբ եւ հրամանագիր էր ստորագրել՝ նրան Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից զրկելու մասին:

Սերժ Սարգսյանն ասել էր, որ Գագիկ Ծառուկյանը՝ «տարիներ ի վեր իշխանության մեջ լինելով հանկարծ սկսել է իրեն այլընտրանք հորջորջել, ով իրականում դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում»:

«Ապա նա ոչ միայն ոչինչ չի հասկանում պետությունից, հասարակությունից, սոցիոլոգիայից ու քաղաքականությունից, այլեւ լրջորեն շփոթում է կյանքը կրկեսի հետ: Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Մենք պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից: Կիսաքայլերով մենք շատ մեծ վնաս կհասցնենք մեր երկրին, մեր տնտեսությանը եւ մեր ժողովրդին»,- ասում էր Սերժ Սարգսյանը:
Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որեւէ զարգացման ուղղակի արգելակ»,- շեշտել էր նախագահը: Նա նաեւ «ողբերգություն» եւ «զավեշտ» էր անվանել այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի:

Գագիկ Ծառուկյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի

Փետրվարի 13-ին Գագիկ Ծառուկյանը պատասխանել էր Սերժ Սարգսյանի ելույթին եւ քննադատել իշխանություններին եւ անձամբ նախագահին արտաքին եւ ներքին քաղաքական, սոցիալական եւ տնտեսական իրավիճակի համար:

«Երեկվանից ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում: Ես համոզված եմ, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով»,- հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը:

Արտակարգ համազգային հավաքի անոնս

Փետրվարի 15-ին Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից հետո, հայտարարվել էր, որ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) եւ «Ժառանգություն» կուսակցությունները կանցկացնեն «արտակարգ համազգային հավաք»:

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Փետրվարի 20-ին ՀՀ քաղաքացիների հետ միասին որոշում է կայացվելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մասին»,- ասվում էր հայտարարության մեջ:

Քոչարյանի մեկնաբանությունը

Փետրվարի 16-ին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել էր Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի բախումը:

«Չեմ կարող բացատրել, թե ինչի համար էր դա պետք նախագահին: Եթե հաշվարկն այն էր, թե Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրելով ԲՀԿ-ն կկազմալուծվի, ապա համապատասխան էֆեկտը չստացվեց: Ընդհակառակը. ընդդիմադիր դաշտում ակնառու են համախմբման հստակ նշաններ՝ բառապաշարի եւ նպատակների կտրուկ ռադիկալացմամբ: ԲՀԿ-ի վարկաբեկում նույնպես տեղի չունեցավ՝ չափազանց անհամոզիչ փաստարկների պատճառով: Ցանկացած գործողություն ԲՀԿ ղեկավարի դեմ բոլորի կողմից հիմա կգնահատվի որպես քաղաքական հետապնդում, որը զուրկ է որեւէ լեգիտիմությունից»,- ասում էր Ռոբերտ Քոչարյանը:

«Իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում եւ ԲՀԿ-ին ու ընդհանրապես՝ ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետեւանքներն անկանխատեսելի են: Ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատեւ ճգնաժամ: Մեր երկիրը առանց այդ էլ գերծանրաբեռնված է լրջագույն խնդիրներով եւ դրանց լուծումը հնարավոր է միայն հասարակության առավելագույնս լայն համախմբման, երկրի ապագայի հանդեպ մարդկանց հավատի վերականգնման հիման վրա: Տեղի ունեցածը, ցավոք, հակառակ ուղղությամբ ուժեղ ազդակ դարձավ»,- շեշտել էր Ռոբերտ Քոչարյանը:

Ծառուկյանը նահանջում է

Փետրվարի 18-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել»:

«Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որեւէ բարի տեղ չտանող ուղղություն է: Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը եւ առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ: Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»,- հայտարարել էր Ծառուկյանը:
Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Նույն օրը «Բարգավաճ Հայաստանը» չեղյալ էր հայտարարել փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը:

Տեր-Պետրոսյանի ու Սարգսյանի նամակագրությունը

Փետրվարի 11-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել Համահայկական հռչակագրի քննադատությամբ:

«Չորրորդ իշխանություն» թերթում հրապարակվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի «Խոհեր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հրապարակման առթիվ» հոդվածը:

ՀԱԿ առաջնորդը նշել էր, որ 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող հանձնաժողովը, որքան էլ այն ներկայացուցչական լինի, չի կարող արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը: Նրա խոսքով՝ հայության միասնական կարծիքը կարող է արտահայտել միայն համահայկական հանրաքվեն, «որի կազմակերպումը, հասկանալի պատճառներով, անհնար է»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ քննադատել էր հռչակագրի 3-րդ կետը, որտեղ հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին եւ կազմակերպություններին:
Լեւոն Տեր-Պետրոսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդին նվաստացուցիչ վիճակի մեջ դնող գավառամտության արտահայտություն»,- գրում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը որեւէ պետությունից եւ միջազգային կազմակերպությունից խիզախություն չի պահանջում, քանի որ միջազգային կոնվենցիաներով ամրագրված նրանց պարտավորությունն է, որի կատարման համար շնորհակալության արժանանալը նույնիսկ վիրավորական պետք է լինի նրանց համար»,- պնդում էր ՀԱԿ ղեկավարը:

Փետրվարի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը  բաց նամակ էր ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում, մասնավորապես, ասվում էր.

«Միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, ուզում եմ հանդես գալ նաեւ գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով։ Իսկ որպեսզի այդ հանդիպումը, հանուն գործի շահի, արդյունավետ լինի, կարծում եմ նաեւ, որ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։ Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրամիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին»:

Փետրվարի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել էր ՀՀ նախկին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին:

Պատասխանի մեջ, մասնավորապես, ասվում էր.

«Շնորհակալ եմ բաց նամակում արտահայտած Ձեր մտահոգության համար: Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները: Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ այն անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների եւ համայնքների ներկայացուցիչների կողմից՝ իսկապես դառնալով ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ, այլեւ որ դրա մշակման գործընթացի մասնակիցների թվում բազմաթիվ են փաստաթղթում խաչվող ոլորտների լրջագույն մասնագետներ աշխարհի բոլոր ծայրերից, մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմին ես վստահում եմ»:

Սերժ Սարգսյանը նաեւ գրում էր.

«Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ ավանդազրույցի կարիք եւ ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»:

Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումն այդպես էլ չկայացավ:

Արձանագրությունների հետկանչը

Փետրվարի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ Գալուս Սահակյանին տեղեկացրել էր հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին:

Նախագահի նամակում, մասնավորապես ասված էր.

«Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետեւողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները եւ նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության եւ պատմության խմբագրման քաղաքականությունը:Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014թ. սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար»:

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին